Skip to main content

Հայաստան՝ Մարդու իրավունքների մտահոգիչ ցուցանիշ

Ոստիկանության բռնությունների համար ողջամիտ հաշվետվողականության բացակայություն

Ընտանիքում բռնությունների մասին օրենքի հանրային քննարկում, ընդունվել է 2017թ. դեկտեմբերին։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2017
(Բեռլին) – Հայաստանի կառավարությունը 2017 թվականին կարևոր քայլեր է կատարել անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար պալիատիվ խնամքի մատչելիության բարելավման ուղղությամբ, իսկ խորհրդարանն ընդունել է ընտանիքում բռնության առաջին օրենքը, սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են լուրջ բացթողումներ. այսօր հայտարարել է Human Rights Watch-ը իր 2018 թվականի Համաշխարհային զեկույցում:

Իշխանություններին չի հաջողվել պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսի 1-ին Երևանում ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաներին: Ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, հազարավոր կանայք ամեն տարի հայտնում են միջադեպերի մասին: Տեղական խմբերը հայտնում են, որ 2017 թվականի ընթացքում սպանվել են առնվազն չորս կանայք նրանց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից:

«Չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ առկա տագնապալի վիճակագրությանը, Հայաստանում չկա այն քրեականացնող հատուկ օրենսդրական դրույթ եւ կառավարությունը բավարար քայլեր չի կատարել վերապրածներին պաշտպանելու և աջակցելու համար», - ասաց Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան: «Ընտանիքում բռնության մասին վերջերս ընդունված օրենքը մի քայլ առաջ է, սակայն կառավարությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի կանայք և երեխաները պատանդ չմնան ճնշող և հաճախ կյանքին սպառնացող իրավիճակներում»:

Human Rights Watch-ը, իր 643 էջից բաղկացած Համաշխարհային զեկույցի 28-րդ հրատարակության մեջ դիտարկում է մարդու իրավունքների վիճակն ավելի քան 90 երկրներում: Ներածական ակնարկում գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը գրում է, որ հանուն մարդու իրավունքների սկզբունքների պայքարող քաղաքական առաջնորդները ցույց են տվել, որ հնարավոր է սահմանափակել ավտորիտար պոպուլիստական օրակարգը: Մոբիլիզացված հանրության և արդյունավետ բազմակողմանի դերակատարների հետ համախմբման պարագայում, այդ առաջնորդները ցույց տվեցին, որ մարդու իրավունքներին հակադրվող իշխանությունների առաջխաղացումն անխուսափելի չէ։

Human Rights Watch-ը Հայաստանում արձանագրել է նաև այլ լուրջ մտահոգություններ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ներառյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունը և խտրականությունը: Որպես դրական քայլ, կառավարությունն արմատապես վերանայեց կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող հիվանդների համար օփիոիդային ցավազրկող դեղորայքի նշանակումն ու հասանելիությունը կարգավորող խրթին համակարգը:

Հայաստանի իշխող կուսակցությունը գերակայեց 2017 թվականի խորհրդարանական և տեղական ընտրություններում: Միջազգային դիտորդները եզրակացրեցին, որ ապրիլի խորհրդարանական ընտրությունները «լավ էին կազմակերպված», սակայն «ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով», և չկարողացան բարելավել հանրության վստահությունը երկրի ընտրական համակարգի նկատմամբ:

Կառավարությունը չի կարողացել լիարժեք հաշվետվողականություն ապահովել հուլիսի 20-ին Երևանում բողոքի ցույցերի ժամանակ հիմնականում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կիրառած բռնությունների համար: Ոստիկանության որոշ ծառայողների նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, սակայն որևէ պաշտոնյայի որևէ մեղադրանք չի առաջադրվել, չնայած կիրառված որոշ մեթոդների ծանրությանը: Միևնույն ժամանակ, իշխանությունները քննություն են իրականացրել բողոքի ակցիաների մասնակիցների և ղեկավարների նկատմամբ` առնվազն 22 անձանց դատապարտելով զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություններ կիրառելու և լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտելու մեղադրանքով:

Իշխանությունները նաև արդյունավետ քննություն չեն իրականացրել հունիսին Երևանի դատարանի շենքում ոստիկանության կողմից չորս անձանց ենթադրյալ ծեծի ենթարկելու առթիվ: Նրանք այն 32 անձանցից էին, ովքեր դատվում էին 2016 թվականի հուլիսին Երևանի ոստիկանության գնդի զինված գրավման ընթացքում ենթադրյալ հանցագործությունների կատարման համար։ Անձինք հայտարարել են, որ ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրանց նկուղում գտնվող պահման խցերում: Ծեծին ենթադրաբար մասնակցած որոշ ոստիկաններ շարունակել են ծառայություն իրականացնել դատարանի դահլիճում դատավարության ընթացքում:

Հաշմանդամության կամ աղքատության պատճառով բնակելի հաստատություններում տեղակայված հազարավոր երեխաներ մատնվել են անուշադրության գերբնակեցման պատճառով: Թեև իշխանությունները որոշ հաստատություններ վերափոխել են համայնքային աջակցության կենտրոնների, գործընթացը չի ընդգրկել բոլոր հաստատությունները, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ անորոշ ժամկետով մնում են հաստատություններում որպես չափահասներ, զրկված իրենց գործունակությունից: Ֆիզիկական խոչընդոտները և խելամիտ հարմարեցումների բացակայությունը համայնքային դպրոցներում, հաճախ սահմանափակում են հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հնարավորությունը կամ թողնում նրանց առանց կրթության:

GIVING TUESDAY MATCH EXTENDED:

Did you miss Giving Tuesday? Our special 3X match has been EXTENDED through Friday at midnight. Your gift will now go three times further to help HRW investigate violations, expose what's happening on the ground and push for change.
Region / Country