Skip to main content

Հայաստան

2017թ. միջոցառումները

Ընտանիքում բռնությունների մասին օրենքի հանրային քննարկում, ընդունվել է 2017թ. դեկտեմբերին։ 

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2017

Խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն էին երկիրը նախագահականից խորհրդարանական համակարգի տանող 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Խախտումների մասին հնչող հայտարարությունների պայմաններում՝ իշխող Հանրապետական կուսակցությունը գերակշիռ ձայներ ստացավ քվեարկության ժամանակ: Իշխանությունները չկարողացան պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսին Երևանում, հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում, ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաներին: Երևանում ոստիկանության գնդի բռնի զավթման ընթացքում, ինչը պատճառ էր դարձել բողոքի ցույցերի համար, կատարված հանցագործությունների մեջ մեղադրվող 32 անձանց դատավարությունները դեռևս ընթացքի մեջ են: Չորս ամբաստանյալները հայտնել են ազատազրկման ընթացքում վատ վերաբերմունքի մասին:

Իրավապաշտպանների նկատմամբ եղել են սպառնալիքներ և ոտնձգություններ: Ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ որպես լուրջ խնդիր: Կառավարությունը խորհրդարանում ներկայացրեց ընտանիքում բռնության մասին օրենքի նախագիծը, սակայն կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերն ընդդիմացան դրան` մտավախություն ունենալով, որ այն ավելի շուտ միտված է ընտանիքների պահպանմանը, քան բռնությունների զոհերի պաշտպանությանը: Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ չեն ստանում որակյալ կրթություն և ապրում են հաստատություններում՝ առանձնացված իրենց ընտանիքներից:

Կառավարությունն արմատապես վերանայեց օփիոիդային ցավազրկող դեղորայքի նշանակումն ու հասանելիությունը կարգավորող խրթին համակարգը։ Խտրականությունը կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով, դեռևս առկա է:

Խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջազգային դիտորդները եզրակացրել են, որ ապրիլի խորհրդարանական ընտրությունները «լավ էին կազմակերպված», սակայն ընտրությունները «ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»։ Իշխող կուսակցությունը հաղթել է մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, ընտրողների մասնակցության ցածր մակարդակի և ընտրակաշառքների ու ընտրողների ահաբեկման մասին հայտարարությունների պայմաններում:

Ոտնձգություններ իրավապաշտպանների նկատմամբ

Ապրիլի 30-ին միջնակարգ դպրոցների և նախադպրոցական հիմնարկների տնօրենները դատական հայցեր ներկայացրեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության (ՀԿ) և նրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ` իրենց պատիվն ու արժանապատվությունը ենթադրաբար վնասելու համար: ՀԿ-ն հրապարակել էր ձայնագրություններ, որոնք, ըստ նրանց պնդման, ցույց էին տալիս, որ մի շարք տնօրեններ խորհրդարանական ընտրություններից առաջ հավաքագրել էին աջակիցներ իշխող կուսակցության համար: Տնօրենները հրաժարվեցին իրենց հայցերից հուլիսին:

Հունիսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ սպանության սպառնալիքներ է ստացել ֆեյսբուքյան օգտատիրոջից, ըստ երևույթին, ի պատասխան նույն օրը Սաքունցի կողմից կառավարությանը քննադատող ֆեյսբուքյան գրառմանը: Գլխավոր դատախազությունը 10 օր անց հետաքննություն սկսեց, սակայն մինչ սույն զեկույցի պատրաստումը որևէ մեղադրանք չի առաջադրվել:

Տեղական իրավապաշտպան խմբերը շարունակում են մտահոգություններ հնչեցնել Մարինա Պողոսյանի դեմ իրականացվող ոտնձգությունների, և նրա դեմ շորթման հոդվածով հարուցված կեղծ քրեական գործի համար, ում ղեկավարած «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում վաշխառուների զոհերին, ներառյալ այն վաշխառուների, որոնց շարքում են նաև այնպիսիք, ովքեր ենթադրյալ կապեր ունեն տեղական իշխանությունների հետ:

Հաշվետվողականության բացակայության իրավապահների կատարած չարաշահումների համար

Կառավարությունը չի կարողացել լիարժեք հաշվետվողականություն ապահովել 2016 թվականի հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հիմնականում խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնարարքների համար: Չնայած այն հանգամանքին, որ որոշ ոստիկաններ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որևէ մեկին քրեական մեղադրանքներ չի առաջադրվել:

Միևնույն ժամանակ, իշխանություններն ագրեսիվորեն հետապնդում էին բողոքի մասնակիցներին և ղեկավարներին: Դատապարտվել է 22 մարդ, որոնցից 11-ը՝ մեկից մինչև երեք ու կես տարվա ազատազրկման: Յոթ հոգի ստացել են պայմանական պատիժներ, երեքը տուգանվել են, իսկ մեկը և՛ տուգանվել է, և՛ ստացել պայմանական պատիժ: Շատերն իրենց մեղավոր են ճանաչել, որի հետևանքով դատերն անցել են արագացված ընթացակարգով եւ/կամ արժանացել են ավելի մեղմ դատավճիռների: Առաջադրվել են մեղադրանքներ այդ թվում նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնության կիրառման և լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու հիմքերով: Բողոքի ցույցերի մնացած մասնակիցների և կազմակերպիչների դատավարությունները դեռևս ընթացքում էին:

Երևանում 2016 թվականի հուլիսին ոստիկանության գնդի զինված զավթման ընթացքում ենթադրյալ հանցագործությունների համար դատապարտված չորս անձինք հայտնել են, որ հունիսին դատարանի շենքում ոստիկանությունն իրենց ծեծի է ենթարկել: Ոստիկանները նրանց հեռացրել էին դատարանի դահլիճից այն բանից հետո, երբ վիճաբանություն էր ծագել նրանց և ոստիկանների միջև: Նշված անձինք հայտարարել են, որ ոստիկաններն իրենց ծեծել են նկուղային հարկի պահման խցում: Իշխանությունները հարուցել են քրեական գործ, սակայն որևէ մեղադրանք չի ներկայացվել: Ծեծին ենթադրաբար մասնակցած որոշ ոստիկաններ շարունակել են ծառայություն իրականացնել դատարանի դահլիճում:

Հարձակումներ և ոտնձգություններ լրագրողների նկատմամբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լրատվամիջոցների ազատության հարցերով զբաղվող ՀԿ, արձանագրել է ֆիզիկական հարձակումներ և լրագրողների աշխատանքին միջամտություն, այդ թվում խորհրդարանական և տեղական ընտրությունների ժամանակ:

Մայիսի 11-ին չորս ոստիկաններ մուտք են գործել Civilnet.am-ի լրագրող Արփի Մախսուդյանի տուն, առանց համապատասխան որոշման` պնդելով, որ փնտրում են հանցագործության մեջ կասկածվող անձի: Մախսուդյանն արգելել է խուզարկությունը: Հետագայում ոստիկանությունը պնդում էր, որ ցանկացել են միայն հարցաքննել նրան: Մախսուդյանը կարծում է, որ ոստիկանությունը փորձել է վախեցնել նրան իր քննադատական լրագրության համար: Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանության վարքագծի վերաբերյալ, սակայն իշխանությունները արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել:

Պալիատիվ խնամք

Փետրվարին կառավարությունը հավանության արժանացրեց Պալիատիվ խնամքի ազգային ռազմավարությանը և գործողությունների ծրագրին` ուրվագծելով այդքան անհրաժեշտ բարեփոխումները անբուժելի հիվանդություններ ունեցող հիվանդներին համապատասխան պալիատիվ խնամք տրամադրելու համար: Իշխանությունները մարտին գրանցեցին բերանով ընդունման մորֆինը, իսկ նոյեմբերին արմատապես վերանայեցին դրա դեղատոմսերի դուրսգրման և ձեռքբերման անբարենպաստ և ժամանակատար ընթացակարգերը:

Երեխաների իրավունքներ

Հազարավոր երեխաներ գտնվում են հաստատություններում հաշմանդամության կամ աղքատության պատճառով: Երեխաները կարող են անտեսվել գերբնակեցման պատճառով: Կառավարությունը որոշ հաստատություններ վերափոխում է համայնքային կենտրոնների և աջակցում ընտանիքահեն խնամքին, սակայն հավասարապես չի ընդգրկել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ մնում են հաստատություններում որպես չափահաս, անորոշ ժամկետով՝ զրկված լինելով իրենց գործունակությունից:

Օրենքի համաձայն, մինչև 2025 թվականը կրթությունը պետք է դառնա ներառական, ըստ որի համայնքային դպրոցներում պետք է համատեղ ուսանեն հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները: Ֆիզիկական խոչընդոտները և խելամիտ հարմարեցումների բացակայությունը ենթադրում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները միշտ չէ, որ կարողանում են որակյալ կրթություն ստանալ բազմաթիվ համայնքային դպրոցներում: Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ շարունակում են մնալ առանձնացված հատուկ դպրոցներում կամ մեկուսացված՝ տանը, ստանալով սահմանափակ կրթություն կամ կրթություն չստանալով:

Կանանց իրավունքներ

Ըստ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալների՝ 2017 թվականի առաջին կեսին առնվազն չորս կին է սպանվել իրենց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից, և առնվազն 50-ը սպանվել են 2010-ից 2017 թվականն ընկած ժամանակահատվածում: Կոալիցիան ընտանեկան բռնության դեպքերի առթիվ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ստացել է 5299 ահազանգ։ Նույն ժամանակահատվածում ոստիկանությունը ընտանիքում տեղ գտած տարբեր տեսակների բռնությունների առթիվ ստացել է 602 բողոք և քրեական գործ է հարուցվել 142 դեպքի առթիվ: 31 դեպքում առաջադրվել է մեղադրանք:

Կոալիցիայի մի շարք ակտիվիստներ և փաստաբաններ հայտարարել են իրենց գործունեության հետ կապված ճնշումների և սպառնալիքների մասին: Չնայած կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական կազմակերպությունների երկարամյա ճնշումներին, Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի միացել Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա):

Նոյեմբերին կառավարությունը խորհրդարան բերեց ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագիծը: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները դեմ էին օրենքին՝ կառավարության կողմից վերջին պահին, առանց հանրային քննարկումների, «ընտանիքում համերաշխության վերականգնման» վերաբերյալ կատարված փոփոխությունների պատճառով, որն ըստ նրանց միտված է խրախուսելու հաշտեցումը և կարող է խաթարել տուժածների լիարժեք պաշտպանությունը:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ ենթարկվում են ոտնձգությունների, խտրական վերաբերմունքի և բռնության: ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՓԻՆՔ Արմենիա կազմակերպությունը օգոստոս ամսվա դրությամբ արձանագրել է ֆիզիկական 9 հարձակում՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով: Ոստիկանությունը մի քանի գործերով հետաքննություն է սկսել, սակայն օրենքը չի դիտարկում հակա-ԼԳԲՏ շարժառիթը որպես ծանրացուցիչ հանգամանք: Խտրական վերաբերմունքի և սեռական կողմնորոշման հրապարակային բացահայտման վախը բազմաթիվ ԼԳԲՏ անձանց համար խոչընդոտ է հանդիսանում հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնելու համար:

ՓԻՆՔ Արմենիայի տնօրեն Մամիկոն Հովսեփյանը մայիսին հայտարարել էր ֆեյսբուքում հոմոֆոբ գրառումների արշավի մասին, այդ թվում գրասենյակի և անձնակազմի վրա հարձակման կոչեր պարունակող գրառումներով, ինչը հաջորդել էր Երևանի քաղաքապետարանի կողմից ԼԳԲՏ թեմայով վիճահարույց սոցիալական գովազդների հեռացմանը: Հուլիսի սկզբին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնից մի քանի օր առաջ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը (ՀԿՄ) հրաժարվեց փառատոնի անցկացման համար տրամադրել հիմնականում օգտագործվող տարածքը: Փառատոնին չհաջողվեց ցուցադրել 40 ֆիլմ, այդ թվում երկու ֆիլմ ԼԳԲՏ թեմայով: Թեև պաշտոնապես ՀԿՄ-ն մերժումը հիմնավորեց դրանից ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած ՀԿՄ նախագահի մահվան հանգամանքով, տեղական ակտիվիստները կարծում են, որ մերժման պատճառը եղել է ԼԳԲՏ թեմայով ֆիլմերի ներառումը:

Հիմնական միջազգային դերակատարներ

Նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը (ԵՄ) ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` նպատակ ունենալով ամրապնդել քաղաքական երկխոսությունը, մեծացնել տնտեսական համագործակցությունը և խթանել բարեփոխումները, ներառյալ` մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ուղղությամբ: Մայիսին, ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության արդյունքում, ԵՄ-ն կոչ արեց ընդունել ընտանեկան բռնության և խտրականության դեմ օրենքներ, ինչպես նաև արդյունավետ հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմինների կողմից կատարված հանցագործությունների համար:

Նաև մարտ ամսին, Հայաստանը հավանության արժանացրեց Դպրոցների անվտանգության մասին միջազգային հռչակագրին` պարտավորվելով ավելին անել զինված հակամարտությունների ընթացքում ուսանողների, ուսուցիչների և դպրոցների պաշտպանության համար, այդ թվում` զինված հակամարտությունների ընթացքում դպրոցները և համալսարանները ռազմական նպատակով օգտագործումից պաշտպանելու վերաբերյալ ուղեցույցների ներդրման և կիրառման միջոցով:

Սեպտեմբերի իր այցից հետո, Միավորված ազգերի կազմակերպության առողջապահության հարցերով հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը հայտարարեց, որ թմրադեղերի շրջանառության հսկողության, նկատմամբ Հայաստանի մոտեցումը “շարունակում է լինել պատժողական եւ սահմանափակող՝ վնասելով այն մարդկանց առողջության իրավունքը, որոնք թմրադեղեր են օգտագործում են կամ պալիատիվ խնամքի կարիք ունեն”։

Մարտին տեղի ունեցած դիտարկման արդյունքում ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն բարձր գնահատեց կառավարության հանձնառությունը մինչև 2025 թվականը ներառական կրթության ներդրման և այլ քայլերի առումով, սակայն մտահոգություն հայտնեց մատչելիության բացակայության; խտրականության; հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացման; անտեսման, անմարդկային վերաբերմունքի և հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց ազատազրկման; գործունակությունից զրկելու; համայնքներում ինքնուրույն ապրելու անբավարար աջակցության; և ներառական կրթության մատչելիության խոչընդոտների վերաբերյալ:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հունվարյան եզրափակիչ դիտարկումներում արձանագրել է որոշակի առաջընթաց, սակայն քննադատել է նախնական կալանքի կիրառման չարաշահումը; վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ արդյունավետ քննության բացակայությունը; ոստիկանության կողմից անհամաչափ ուժի լայնորեն կիրառումը; ազատազրկված անձանց իրավունքների խախտումները; հարձակումները լրագրողների նկատմամբ; ընտանեկան բռնությունը; և երեխաների նկատմամբ ոտնձգությունները հաստատություններում:

Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեն իր 2016 թվականի նոյեմբերի եզրափակիչ դիտարկումներում արձանագրել է, որ իրականացվել են որոշ օրենսդրական և հայեցակարգային բարեփոխումներ, սակայն, ի թիվս այլ մտահոգությունների, նշել է հակախտրականության և գենդերով պայմանավորված բռնության կանխարգելման և արգելման վերաբերյալ համապարփակ օրենսդրության բացակայության; գենդերով պայմանավորված բռնությունների շարունակականության և հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թերներկայացման; հակաբեղմնավորիչ միջոցների և առողջապահական ծառայությունների սահմանափակ մատչելիության վերաբերյալ։