Մի տղա նստած է ճոճանակին հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մանկատան բակում, Երևան, Հայաստան:

«Ե՞րբ ես կկարողանամ տուն գնալ»

Չարաշահումներ և խտրականություն հաստատություններում գտնվող երեխաների նկատմամբ և որակյալ ներառական կրթության մատչելիության պակասը Հայաստանում

Մի տղա նստած է ճոճանակին հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մանկատան բակում, Երևան, Հայաստան:  © 2016թ. Ալեքսեյ Գոլուբևը Human Rights Watch-ի համար։

Ամփոփագիր

Գոհարն իր այժմ 13 տարեկան որդուն՝ Արթուրին, ուղարկել էր հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ գիշերօթիկ դպրոց Երևանում, որն իրենց տնից գտնվում է 120 կիլոմետր հեռավորության վրա, երբ Արթուրը 7 տարեկան էր։ Զսպելով արցունքները՝ Գոհարը բացատրում էր Արթուրի հուզական դժվարությունները, երբ նա բաժանվում էր իր ընտանիքից.

Նա հարմար չէր զգում դպրոցում և հրաժարվում էր սննդից: Դրանով նա իր բողոքն էր արտահայտում: Ամեն անգամ, երբ նա տուն էր գալիս, սնվում էր նորմալ։ Սկզբում մենք նրան տուն էինք բերում երկու շաբաթը մեկ անգամ՝ երկու կամ երեք օրով: Բայց ուսուցիչն ասաց, որ մենք չպետք է այդքան հաճախ այցելենք նրան, քանի որ ամեն անգամ, երբ նա դպրոց էր վերադառնում, ավելի էր հուզվում: Մեզ ասացին, որ վերցնենք նրան միայն երկարատև դպրոցական արձակուրդների ընթացքում։ Ես տխրում եմ այդ չորս տարիները հիշելիս: Մենք գիտեինք, որ իմ որդին դժվարություններ էր ունենում և չէր ուզում մնալ դպրոցում, բայց նաև հասկանում էինք, որ այլ տարբերակ չկար:

Արթուրը չորս տարի անցկացրեց Երևանի հատուկ դպրոցում, մինչև նրա ընտանիքը տեղափոխեց նրան տեղական հատուկ դպրոց։ Արթուրը հուզական պայքարի մեջ էր այդ անցումը կատարելիս: Գոհարը Human Rights Watch-ին պատմեց ընտանիքից հեռու գտնվելու ընթացքում նրա կրած հուզական ապրումների մասին.

Նույնիսկ տուն վերադառնալուց հետո նա վախենում էր, երբ ինչ-որ տեղ էինք գնում կամ իրեն դպրոց էինք տանում։ Նա մտածում էր, որ լքում էինք իրեն: Բավականին ժամանակ պետք եղավ նրան, որպեսզի հասկանա, որ դա մշտական չէ, և որ մենք վերադառնալու ենք շատ շուտով:»

Հայաստանում մանկատներում և այլ հատուկ հաստատություններում գտնվող երեխաների մեծամասնությունն այնտեղ են հայտնվում, որովհետև ինչպես և Արթուրը՝ հաշմանդամություն ունեն, կամ աղքատությամբ և այլ խոցելի հանգամանքների պատճառով, որոնք նրանց ընտանիքների համար դժվարացնում են իրենց երեխաների մասին հոգ տանելը: Իրականում, Հայաստանում խնամքի տակ առնված երեխաների 90 տոկոսն ունեն առնվազն մեկ ծնող: Չնայած նրան, որ իշխանությունները պարտավոր են սեփական ընտանեկան միջավայրից զրկված երեխաներին այլընտրանքային խնամքով ապահովել, երկարաժամկետ ինստիտուցիոնալ խնամքը ընտանիքակենտրոն խնամքին պատշաճ փոխարինող այլընտրանք չէ որևէ երեխայի համար, անկախ նրանից, թե նա ունի հաշմանդամություն, թե ոչ: Նույնիսկ լավագույն ռեսուրսներով հագեցած հաստատությունները չեն կարող փոխարինել ընտանիքին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ու այլ հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքը հաստատություններում կարող է լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ֆիզիկական, ճանաչողական և հուզական զարգացման համար:

Հայաստանի կառավարությունը որոշ կարևոր բարեփոխումներ է ձեռնարկում, որոնք ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը: Դրանց թվում են պետական հատուկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման և այդ երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու, համայնքահեն ծառայությունների և այլ միջոցներով ընտանիքներին աջակցելուն ուղղված միջոցառումները, մի գործընթաց, որը հայտնի է որպես բեռնաթափում։ Բեռնաթափման հիմնային բաղադրիչներից է կրթական համակարգի բարեփոխումը, որը կընդլայնի բոլոր երեխաների, այդ թվում հաշմանդամություն ունեցող` իրենց համայնքներում սովորելու հնարավորությունները:

Չնայած նրան, որ տարիներ շարունակ Սակայն, Human Rights Watch-ը մտահոգված է, որ այդ բարեփոխումները չեն իրագործի Հայաստանում բոլոր երեխաների համար համայնքում ապրելու և որակյալ կրթություն վայելելու հիմնարար իրավունքներն ապահովելու իրենց ողջ ներուժը: Human Rights Watch-ը մասնավորապես մտահոգված է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս կմնան գործընթացից և կհանդիպեն հետագա խտրականության: Human Rights Watch-ի 2016թ. իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունը պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրի հատուկ հաստատությունների փոխարեն համայնքային այլընտրանքների զարգացումն առաջնահերթություն դարձնելու համար, այլապես հատուկ հաստատություններից շարունակական կախվածության մեջ մնալու ռիսկին կհանդիպի` երեխաների, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխանի` ընտանիքներում մեծանալու իրավունքն ապահովելու փոխարեն:

իրականացված բարեփոխումները նպաստել են հաշմանդամություն ունեցող ավելի մեծ թվով երեխաների ներգրավմանը համայնքային դպրոցներում, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ այդ դպրոցներում չեն ստանում որակյալ կրթություն` իրենց ուսումն ապահովող ողջամիտ հարմարեցումների բացակայության պատճառով։ Կրթությունը հաշմանդամություն ունեցող անձանց` համայնքում լիարժեք ներառման և մասնակցության, ինչպես նաև նրանց մեկուսացմանը և բացառմանը հակազդելու նախապայման է։

Կառավարության` բեռնաթափման և ներառական կրթության քաղաքականությունը, այնպես, ինչպես այն իրականացվում է ներկայումս, խտրական է և չի երաշխավորում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները այլ երեխաների հետ հավասար հիմունքներով: Որպես ամենացայտուն օրինակ, կառավարությունը նախատեսում է համայնքահեն ծառայություններ տրամադրելու համար ոչ-գիշերօթիկ կենտրոնների վերափոխել երեք մանկատներ, որոնք հայտնի են եղել որպես ընդհանուր տիպի մանկատներ և հիմնականում ընդունել են հաշմանդամություն չունեցող երեխաների: Սակայն, իշխանությունները որևէ ծրագիր չունեն վերափոխելու կամ փակելու այն երեք այլ մանկատները, որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաները։ Այսպիսով, 2020 թվականին, երբ նախատեսվում է ընդհանուր տիպի երեք մանկատները փոխակերպել ծառայություններ մատուցող համայնքահեն հաստատությունների, մանկատներում կմնան միայն հաշմանդամություն ունեցող երեխաները: Մեծ մասը դատապարտված է ողջ կյանքը անտեղի վատնել հաստատությունում:

Հայաստանի կառավարությունը և բեռնաթափման գործընթացում նրա գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն, որպեսզի ներկայումս հատուկ հաստատություններում ապրող և այդպիսի հաստատություններ տեղափոխվելու վտանգի տակ գտնվող բոլոր երեխաների համար հավասարապես առաջնահերթություն համարվի ընտանիքի վրա հիմնված խնամքը։ Կառավարությունը պետք է նաև ապահովի որակյալ կրթության տրամադրումը հավասարապես բոլոր երեխաների համար, առանց խտրականության:

Այս զեկույցը պատրաստվել է Human Rights Watch-ի այցելած հինգ պետական մանկատների, տասը պետական դպրոցների, այդ թվում վեց հատուկ դպրոցների և չորս հանրակրթական դպրոցների և 173 անձանց հետ անցկացված հարցազրույցների հիման վրա Հայաստանի ութ քաղաքներում։ Մենք զրուցել ենք 47 երեխաների ու պատանիների և մանկատներում ապրող, հատուկ կամ հանրակրթական դպրոցներ հաճախող երեխաների 63 ընտանիքների հետ: Մենք նաև հարցազրույցներ ենք անցկացրել մանկատների, հատուկ և հանրակրթական դպրոցների տնօրենների, ինչպես նաև հաստատություններում սոցիալական աշխատողների, բժիշկների, ուսուցիչների, հոգեբանների, խնամակալների և այլ աշխատակիցների հետ։

Չարաշահումներ հաստատություններում գտնվող երեխաների և երիտասարդների նկատմամբ

Հայաստանում գոյություն ունեն երեք տեսակի պետական հաստատություններ` մանկատներ, հատուկ դպրոցներ և գիշերօթիկ հաստատություններ, որտեղ երեխաները սնվում և քնում են շաբաթվա ընթացքում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի երեխայի խնամքի պետական հաստատություններում կա մոտ 3500 երեխա, իսկ մանկատներում գտնվող 670 երեխաների 70 տոկոսը հաշմանդամություն ունի: Human Rights Watch-ի կողմից Հայաստանում այցելած հաստատությունների մեծ մասում նյութական պայմանները բավարար են եղել ապաստանելու, հագուստի, սննդի, ջեռուցման և այլ հիմնական խնամքի առումով։ Որոշ հաստատություններ ունեցել են բարձրորակ, ժամանակակից բուժական սարքավորումներ և ծառայություններ։ Սա հիմնականում միջազգային դոնորների, այդ թվում նաև անհատների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների, արտասահմանյան կառավարությունների և այլ կառույցների զգալի աջակցության արդյունքն է:

Այդուհանդերձ, դիտարկումների միջոցով իրականացված բազմաթիվ ուսումնասիրություններ արձանագրել են սահմանափակ ֆիզիկական, մտավոր, հուզական և սոցիալական զարգացում ընտանեկան միջավայրից կտրված և խնամքի հաստատություններ տեղափոխված երեխաների շրջանում։ Ինստիտուցիոնալ խնամքը սահմանվում է որոշակի հատկանիշներով, որոնք վնասակար են երեխաների համար, այդ թվում ընտանիքներից և համայնքից բաժանումը, ներփակումը նույն տարիքային և հաշմանդամության խմբերում, հակաանհատականացումը, գերբնակեցումը, խնամակալի հետ հարաբերությունների անկայունությունը, խնամակալի` օպերատիվ արձագանքելու պատրաստակամության բացակայությունը, կրկնվող` քնի և ուտելու առօրեական հաստատված ժամանակացույցը և առօրյա հիգիենայի կարգը, որը համապատասխանեցված չէ երեխաների կարիքներին և անհատական նախասիրություններին: Ուսումնասիրությունները նաև պարզել են, որ ինստիտուցիոնալ խնամքից ընտանիքներ տեղափոխված երեխաները, այդ թվում որդեգրող և խնամատար ընտանիքները, ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում:

Ի հավելումն բուն ինստիտուցիոնալացման արդյունքում երեխաներին հասցված վնասի, 2016թ. Human Rights Watch-ի հետազոտությունը արձանագրել է չարաշահումներ անգամ ռեսուրսների առումով ամենահագեցած հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների նկատմամբ, այդ թվում անհատական ուշադրության և խնամքի բացակայություն, գաղտնիության բացակայություն և հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության պակաս: Ինչպես հաստատություններում բնակվող երեխաները, այնպես էլ նրանց ծնողները հաճախ խիստ հուզական ցավ են ապրում իրենց բաժանման հետևանքով:

Բացի այդ, երեխաների` մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված ծառայությունների կենտրոնացումը հաստատություններում և ոչ թե համայնքում կարող է նպաստել իրենց երեխաներին հաստատություններ ուղարկելու բազմաթիվ ընտանիքների որոշմանը և համայնքի երեխաներին զրկել այն ծառայություններից, որոնք նրանց կարող էին անհրաժեշտ լինել։ Խնամքի հաստատությունները ներկայումս ծառայում են որպես սոցիալական ծառայությունների մատուցման հիմնական մեխանիզմ՝ Հայաստանի շատ շրջաններում: Human Rights Watch-ի հետազոտությունը պարզել է, որ հիմնական նյութական աջակցություն (սնունդ, հագուստ և այլն) և վերապատրաստված աշխատակիցներ, ովքեր երեխաներին կարող են տրամադրել վերականգնողական, կրթական և այլ ծառայություններ որպես կանոն կարելի է գտնել միայն հաստատությունների պատերից ներս, որտեղ դրանք հասանելի են միայն հաստատությունում ապրող երեխաների համար։

Այս կառուցվածքը նաև նշանակում է, որ շատ երեխաներ, ովքեր մնում են իրենց ընտանիքներում և կարող են կարիք ունենալ կամ օգուտ քաղել որոշ ծառայություններից և ռեսուրսներից, հաճախ ի վիճակի չեն օգտվել դրանցից։ Ըստ Հայաստանում երեխաների իրավունքներով զբաղվող մի փորձագետի, Հայաստանում ապրող 830,000 երեխաների մոտ կեսը կարող է օգտվել տարբերակված ծառայությունների որոշակի տեսակներից, որոնք լայնորեն հասանելի չեն համայնքներում, սակայն կենտրոնացված են հաստատություններում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունը, որը հակադրել է հաստատությունների ծախսերը Հայաստանում համայնքահեն ծառայությունների հետ,պարզել է, որ «խնամքի հաստատությունների ծառայությունները շատ թանկ են»։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եզրակացրել է, որ երեխաների համար Հայաստանում հաստատություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որը ներկայումս մեկ երեխայի համար կազմում է տարեկան 3000- 5000 ԱՄՆ դոլար, կարող է վերաբաշխվել համայնքահեն ծառայությունների և ընտանիքների ուղղակի աջակցության ուղղությամբ, և որ այս տեսակի աջակցությունը երկարաժամկետ առումով նվազ ծախսատար կլինի։

Խնամքի հաստատություններում երեխաները բաժանվում են խմբերի և, որպես կանոն, ուտում, քնում և այլ գործողություններ են կատարում այդ խմբերում: Երեխաները և երիտասարդ չափահասները, որպես կանոն, գտնվում են 10-ից 12, բայց ոչ ավել քան 17, երեխաներից բաղկացած խմբերում՝ երկու խնամակալների հսկողության ներքո։ Իրենց հոգածության ներքո գտնվող նման մեծ թվով երեխաների պարագայում անգամ առավել նվիրված և հոգատար անձնակազմի համար անհատականացված ուշադրություն և խնամք ապահովելը կարող է մարտահրավեր լինել, հատկապես շատ փոքր երեխաների կամ իրենց հաշմանդամությանը համապատասխանող որոշակի աջակցության կարիք ունեցող երեխաների դեպքում: Ինստիտուցիոնալ համակարգի հարմարության նկատառումներով երեխաներին մեծ խմբերով կազմակերպելը հանգեցնում է նաև անձնական կյանքի գաղտնիության բացակայությանը, երբ ավելի մեծահասակ երեխաները և երիտասարդ չափահասները նույն ննջասենյակում են քնում 13 այլ երեխաների հետ:

Խնամքի հաստատությունները քիչ քայլեր են ձեռնարկում երեխաներին ինքնուրույն, չափահաս կյանքի համար նախապատրաստելու ուղղությամբ: Անկախ կյանքի նախապատրաստումը բացակայում է ինչպես հաշմանդամությունունեցող, այնպես էլ չունեցող երեխաների համար, բայց դա առավելապես զգալի է հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Հաշմանդամություն ունեցող երեխաները, ում տարիքը հաստատություններում բնակվելու համար լրանում է, կարող են անորոշ ժամանակով մնալ հաստատություններում համայնքում այլընտրանքների բացակայության, ինչպես նաև18 տարեկան դարձած հաշմանդամություն ունեցող որոշ երիտասարդների գործունակության իրացումը պատկան մարմինների կողմից չապահովելու պատճառով։ Որպես հետևանք, հաշմանդամություն ունեցող երիտասարդները հաստատություններում զրկված են այն հնարավորություններից, որոնք մարդկանց մեծ մասի համար ինքնըստինքյան հասանելի են, ինչպես օրինակ բնակության վայրի ընտրության հնարավորությունը, աշխատանք ունենալ, իրենց ընտրությամբ ընկերների շրջանակի ձևավորումը, զուգընկեր կամ ամուսին գտնելը, երեխաներ մեծացնելը և իրենց ընտրությամբ մշակութային և այլ գործունեություն վայելելը:

Միջազգային իրավունքի ներքո, պետությունները պետք է երաշխավորեն, որպեսզի երեխաները չբաժանվեն իրենց ծնողներից, եթե, իհարկե, բաժանումը չի բխում երեխայի «լավագույն շահերից»։ Երեխաների այլընտրանքային խնամքի ՄԱԿ-ի ուղեցույցները սահմանում են, որ ֆինանսական և նյութական աղքատությունը երբեք չեն կարող հիմք հանդիսանալ երեխային ծնողական խնամքից զրկելու կամ երեխային այլընտրանքային խնամքի տակ առնելու համար, սակայն պետք է դիտարկվեն որպես ընտանիքին համապատասխան օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտության ազդակ։ Պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր իրավական, հայեցակարգային և ֆինանսական միջոցները՝ ապահովելու հաար համարժեք այլընտրանքային խնամքի հնարավորություններ, որոնք առաջնահերթությունը տալիս են «ընտանիքի և համայնքի վրա հիմնված լուծումներին»։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (ԵԻԿ) և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (ՀԻԿ) պարտավորեցնում են Հայաստանին ապահովել, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվեն իրենց իրավունքներից առանց խտրականության։ Այս համաձայնագրերը Հայաստանից պահանջում են հաշմանդամություն ունեցող երեխաներին համարել, մյուսների հետ հավասար հիմունքներով, իրավունքներ ունեցող հասարակության անդամներ և վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության մեջ երեխաների լիարժեք ներառմանը։ Ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից հաշմանդամություն ունենալու պատճառով և պետությունները պետք է «ներդնեն բոլոր ջանքերը ավելի լայն ընտանիքի միջավայրում այլընտրանքային խնամք ապահովելու համար, իսկ չստացվելու դեպքում, ապա՝ տվյալ համայնքի ընտանեկան միջավայրում»։

Որակյալ ներառական կրթության մատչելիության պակաս

Որպեսզի Հայաստանի կառավարության բեռնաթափման ծրագիրը հաջողության հասնի, կառավարությունը պետք է երաշխավորի համայնքահեն ծառայություններ ընտանիքների և երեխաների համար, այդ թվում` կրթության ոլորտում:

Որակյալ կրթության մատուցումը համայնքային դպրոցներում բոլոր երեխաների համար, անկախ հաշմանդամությունից, վերափոխման կարևոր բաղադրիչն է այն համակարգի, որի պարագայում հաշմանդամություն ունեցող երեխաները կամ կրթություն էին ստանում իրենց համար նախատեսված, այսպես կոչված «հատուկ դպրոցներում» և տնային մեկուսացման պայմաններում՝ դպրոցների մատչելիության խոչընդոտների պատճառով, կամ ընդհանրապես կրթություն չէին ստանում: Առանց համայնքում մատչելի, որակյալ կրթության՝ հաշմանդամություն ունեցող երեխաները խնամքի հաստատություններում շարունակական մեկուսացման մեջ մնալու վտանգի տակ են։

Կրթությունը, որի պարագայում հանրակրթական դպրոցներում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները սովորում են միասին և հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են հանրակրթական միջավայրում իրենց հաջողության հասնելու համար անհրաժեշտ հարմարեցումները, հայտնի է որպես ներառական կրթություն: Որակյալ ներառական կրթությունը կառավարությունների համար համարվում է կրթության ոլորտում համընդհանրություն և հակախտրականություն երաշխավորելու ամենահամապատասխան միջոցը: Ներառական կրթությունը չի վերաբերում միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանը. այն պետք է օգտակար լինի բոլոր երեխաներին և «կենտրոնական լինի բոլոր սովորողների համար որակյալ կրթության հասնելու և ավելի ներառական հասարակություններ զարգացնելու գործում»:

Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մինչև 2022թ. բոլոր տարրական և միջնակարգ դպրոցները (պարտադիր կրթություն՝ 1-ից 9-րդ դասարաններ) ներառական դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Ըստ Կրթության և գիտության նախարարության, 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում «հատուկ կրթական կարիքներ» ունեցող 6700 երեխաներ սովորում են ներառական կրթություն ապահովող հանրակրթական դպրոցներում: Սակայն, Human Rights Watch-ը պարզել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները, այդ թվում ներառական համարվող հանրակրթական դպրոցներում, հաճախ չեն ստանում որակյալ կրթություն մյուսների հետ հավասար հիմունքներով: Ողջամիտ հարմարեցումների բացակայությունը, այդ թվում շենքերի տարրական ֆիզիկական մատչելիությունը, վերապատրաստված` բավարար թվով աշխատակազմը, երեխաների կրթության նկատմամբ անհատականացված մոտեցման պակասը և սոցիալական զարգացման աստիճանը, խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող շատ երեխաների որակյալ կրթություն ստանալու կարողությունը:

«Ներառական» հանրակրթական դպրոցներում և հատուկ դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ դպրոց են հաճախում ընդամենը մի քանի ժամով, կամ շաբաթվա ոչ բոլոր օրերին: Չնայած, այսպես կոչված ներառական դպրոցներ հաճախելուն, հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ ներկա չեն դասերին մյուս երեխաների հետ միասին, կամ ներկա են դասարաններում, բայց լիովին ներգրավված չեն կրթական ծրագրում: Նրանց կրթությունը հաճախ բաղկացած է գլխավորապես կամ բացառապես մեկ ժամ կամ ավելի կարճ տևողությամբ` շաբաթական մեկ կամ մի քանի անգամ անցկացվող անհատական դասերից։

Ներառական համայնքային և հատուկ դպրոցներում հաճախ բավարար կադրերի պակաս կա, մասնավորապես օգնականների, ովքեր կարող են անմիջական աջակցություն ապահովել մեկ կամ մի քանի երեխաների համար: Արդյունքում, որոշ դեպքերում ծնողներից մեկը, առավել հաճախ երեխայի մայրը, ստիպված է երեխայի հետ մնալ դասարանում և աջակցել նրան: Սա կարող է խոչընդոտել երեխաների ներգրավմանը և խաթարել ընտանեկան կյանքը, այդ թվում` ծնողի վճարովի աշխատանքի անցնելու հնարավորությունը կամ մյուս երեխաների խնամքը։

Որոշ ծնողներ շարունակում են հատուկ դպրոցներ ընտրել իրենց հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ փոքր չափերի դասարանների և ավելի անհատականացված մոտեցումների որոնման արդյունքում: Հայաստանի օրենսդրությունը պաշտպանում է իրենց ընտրությամբ երեխաներին հատուկ դպրոց ուղարկելու ծնողների իրավունքը: Սակայն, այդ դպրոցները կարող են հեռու գտնվել իրենց տներից և հաճախ պահանջում են, որպեսզի երեխաները մշտապես կամ դպրոցական շաբաթվա ողջ ընթացքում ապրեն դպրոցում, նաև հնարավոր է չապահովեն որակյալ կրթություն և արգելակեն համայնքում երեխաների լիարժեք ներգրավվածությունը։ Ծնողները հաճախ նշել են երեխայի հաշմանդամության հետ կապված որոշակի վարքագիծ կամ առանձնահատկություններ, ինչպիսիք են օրինակ՝ խոսելու, գրելու, ինքնուրույն տեղաշարժվելու, երկար ժամանակ հանգիստ նստելու, կամ առանց աջակցության նստելու անկարողությունը, որոնց համար շատ դպրոցներ հարմարեցումներ չունեն, որպես իրենց երեխայի հետ դպրոցում մնալու կամ հատուկ դպրոց ընտրելու հիմնական պատճառ:

Human Rights Watch-ը նաև պարզել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են տնային ուսուցման ուղղորդվել՝ դպրոցներում, տներում և համայնքում մատչելիության խնդիրների, ինչպես նաև դպրոցների կողմից այլ ողջամիտ հարմարեցումներ չտրամադրելու պատճառով։ Տնային ուսուցման պարագայում տեղական դպրոցների ուսուցիչներն այցելում են երեխաներին տանը և շաբաթական մի քանի ժամ հիմնական գրագիտության և թվաբանության պարապմունքներ անցկացնում՝մաթեմատիկա, հայոց լեզուև ռուսաց լեզու առարկաներից, որը չի կարող համարվել որակյալ կրթություն: Այս երեխաները սովորաբար դասընկերների կամ այլ հասակակիցների հետ շատ քիչ շփում ունեն կամ ընդհանրապես չունեն։

Միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի աշակերտներին աջակցելու համար, անկախ նրանց հաշմանդամությունից, դպրոցներն ապահովեն ողջամիտ հարմարեցումներ։ ՀԻԿ-ը (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն) հայտարարել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց կրթությունը պետք է հնարավորություն տա «Յուրաքանչյուր ուսանողի ապրել, սովորել և գործել ինքնուրույն, համապատասխան աջակցությամբ՝ հաշվի առնելով անհատական կարողությունները»: ՀԻԿ-ը նաև նշում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող ցանկացած աջակցության միջոց պետք է «համահունչ լինի ներառման նպատակին։ Դրանք պետք է նախագծված լինեն այնպես, որ ամրապնդեն հաշմանդամություն ունեցող երեխաների` դասարանում մասնակցելու հնարավորությունները... այլ ոչ թե մեկուսացնեն նրանց»:

Կառավարության արձագանքը

Հայաստանի կառավարությունը մի շարք դրական քայլեր է ձեռնարկել երեխաների համար ընտանիքակենտրոն խնամքը առաջնահերթություն դարձնելու ուղղությամբ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է կառավարությանը մի ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ավելի քան 4 տարվա ընթացքում ողջ երկրի տարածքում 50 տոկոսով նվազեցնել երեխաների թիվը հաստատություններում և 22 հաստատություններ, այդ թվում մանկատներ, հատուկ դպրոցներ և գիշերօթիկ դպրոցներ, վերափոխել համայնքահեն ծառայությունների կենտրոնների։ Երեխայի իրավունքների պաշտպանության կառավարության ռազմավարական ծրագրի նոր նախագիծն ավելի հեռու է գնում՝ նշելով,որ «հաստատություններում գտնվող երեխաների ավելի քան 70 տոկոսը կտեղափոխվեն ընտանիքներ» մինչև ծրագրի ավարտը 2021 թվականին ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող ծրագիրը ներառում է իրավական բարեփոխումներ, որոնք ուղղված են հետևյալ համակարգերի վերանայմանը՝ խնամատարություն և որդեգրում, սոցիալական աշխատողներ և դեպք վարողներ, երեխաներին հաստատություններ ուղարկելու կանխարգելում, հաստատությունների վերափոխում սոցիալական աջակցություն տրամադրող կենտրոնների, վերականգնողական ծառայություններ, ցերեկային խնամք, խնամատար ընտանիքների թվի ավելացում, աջակցություն կենսաբանական ընտանիքներին՝ օգնելով նրանց հոգ տանել իրենց երեխաների մասին և ներառական կրթություն:

Հաստատությունների այլընտրանքը, ինչպիսիք խնամատարության և որդեգրման ծառայություններն են, ներկայումս մշակման փուլում գտնվելով հանդերձ, նույնպես մնում է նվազագույն մակարդակի վրա, սակայն պետք է զարգանա բեռնաթափման գործընթացին համաչափ։ Ներկայումս, ընտանեկան օրենսգրքի այն հիմնական փոփոխությունները, որոնք հնարավորություն կստեղծեն խնամատար ընտանիքներում ավելի մեծ թվով երեխաներ տեղակայելու և որդեգրումը խթանելու համար, սառեցված են կառավարությունում։ Մեկ առանցքային փոփոխությունը թույլ կտա երեխաներին, ում ծնողները չեն հրաժարվել իրենց ծնողական իրավունքներից, տեղակայել խնամատար ընտանիքների խնամքի ներքո։ Ներկայումս, ամբողջ Հայաստանում ընդհանուր առմամբ կան 23 խնամատար ընտանիքներ, իսկ բյուջետային աջակցությունը նախատեսված է ընդամենը 25 ընտանիքների համար։ Առանց ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու և այլընտրանքների համար սահմանված բյուջետային պարտավորությունների, կառավարության բեռնաթափման ծրագիրը կդադարի գործել:

Բացի այդ, համայնքների մեծ մասում, անապահով երեխաների և ընտանիքների համար նախատեսված սոցիալական ծառայությունները, այդ թվում` բացահայտված կարիքների հիման վրա ընտանիքի աջակցության տարբերակված տեսակները, դեռևս սահմանափակ են: Չնայած նրան, որ այս տեսակի ծառայությունները մշակման փուլում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրի հետ համատեղ, շատ կարևոր է, որ դրանք մշակվեն բեռնաթափման գործընթացին համաչափ արագությամբ, և հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները հավասար վերաբերմունք ստանան:

Ինչպես վերը նշվեց, չնայած նրան, որ կառավարությունը պարտավորվել է փակել մի շարք հաստատություններ, այն մինչ օրս պնդում է դրանցից մի քանիսը բաց պահելու օգտին, ինչն այդ հաստատություններից շարունակական կախվածության վտանգ է առաջացնում: Այս խնդիրը կխորանա հաստատությունների համար այլընտրանքի բացակայությամբ, ինչպիսիք են խնամատար ընտանիքներն ու որդեգրումը և համայնքահեն ծառայությունների ու ներառական կրթության բացակայությունը: Human Rights Watch-ը իր 2016թ. հետազոտության շրջանակներում պարզել է, որ հաշմանդամություն ունեցող և չունեցող որոշ երեխաներ դուրս են գրվել մի մանկատնից կամ հաստատությունից, միայն մեկ այլ մանկատուն կամ բնակելի հատուկ դպրոց տեղափոխվելու համար, շատ դեպքերում հենց այսպիսի պատճառներով:

Երեխաները, ովքեր դուրս են գալիս հաստատություններից, կարող են վերադարձվել ընտանիքներ, որոնք հնարավոր է դեռևս կանգնած են այն նույն մարտահրավերներից շատերի առջև, որոնց պատճառով տեղի է ունեցել երեխայի նախնական տեղափոխումը հաստատություն: Նրանց շատ դեպքերում կարող է էական և կայուն աջակցության անհրաժեշտ լինել, ներառյալ սոցիալական աշխատողների կամ նման մասնագետների հետ կանոնավոր շփումը և նրանց աջակցությունը։

Հիմնական առաջարկություններ հետագա քայլերի համար

Հայաստանի կառավարությունը հստակ դիրքորոշում ունի բեռնաթափման և երեխաների համար ընտանիքի վրա հիմնված խնամքին առաջնահերթություն տալու ուղղությամբ որոշակի պարտավորություններ ստանձնելու առումով: Այն նաև համարձակ խոստում է տվել բոլոր դպրոցները ներառական դարձնելու մասին՝ ազդարարելով, որ ճանաչում է հաշմանդամություն ունեցող երեխաների` համայնքում ներառված լինելու իրավունքը: Կառավարությունը պետք է լիովին և հետևողականորեն կատարի այս պարտավորությունները այնպիսի եղանակով, որը լիարժեքորեն կհարգի ընտանիքների և երեխաների իրավունքները և կբավարարի նրանց կարիքները:

Հայաստանի կառավարությունը պետք է.

  • Կանխի խնամքի հաստատություններում երեխաների նոր տեղակայումը։
  •          Հաստատի խնամքի հաստատությունների կիրառումը (բոլոր երեխաների համար` սահմանափակ բացառություններով) դադարեցնելու` հստակ ժամկետով սահմանված ծրագիր: Երեխաները չպետք է տեղակայվեն խնամքի հաստատություններում, բացառությամբ արտակարգ դեպքերի կամ քույրերից ու եղբայրներից տարանջատումը կանխելու համար, սահմանափակ տևողությամբ՝ունենալով ընտանիքի վերամիավորման կամ այլ համապատասխան երկարաժամկետ այլընտրանքային խնամքի անցելու ծրագիր, որպես երեխայի համար վերջնական լուծում։
  • Բեռնաթափման գործընթացում դադարեցնել խտրականությունը, այդ թվում երաշխավորելով, որ բեռնաթափման ազգային քաղաքականությունը ներառում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, և երեխաների նկատմամբ խտրական մոտեցում չի ցուցաբերում հաշմանդամության, հաշմանդամության տեսակի կամ աջակցության կարիքների հիման վրա։
  • Ապահովի, որ հաստատություններին հատկացվող ֆինանսական և այլ ռեսուրսներն իրականում ապակենտրոնացված լինեն և վերաուղղորդվեն համայնքահեն ծառայություններ հիմնելու նպատակին և չմնան բացառապես վերափոխված հաստատություններում։
  • Ապահովի, որ խնամատարության և որդեգրման համակարգերը լիովին ֆունկցիոնալ վիճակում լինեն մինչև երեխաների` խնամքի հաստատություններից դուրս գրվելը: Ապահովի, որ խնամատարությունը և որդեգրումը խթանող և իրականացնող համակարգերը հստակ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի խնամատար և որդեգրող ընտանիքներում հաշմանդամություն ունեցող երեխաները տեղակայվեն հաշմանդամություն չունեցող երեխաների հետ հավասար հիմունքներով։
  • Ստեղծի և պահպանի մի շարք նպատակային, մատչելի, տարաբնույթ համայնքահեն ծառայություններ դժվարին իրավիճակներում գտնվող ընտանիքների, ինչպես նաև անհատների, այդ թվում`հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար, որոնք կկանխեն հաստատություններին դիմելու անհրաժեշտությունը և կաջակցեն, որպեսզի ընտանիքներն իրենց երեխաներին տանը մեծացնեն։
  • Հատուկ ուշադրություն դարձնի այն ընտանիքների կարիքներին, որոնց երեխաները վերջերս են տուն վերադարձել հաստատություններից:
  • Բոլոր մակարդակներում իրականացնի ներառական կրթությունն այնպես, որ այն հասնի հաշմանդամություն ունեցող, այդ թվում աջակցության լուրջ կարիքներ ունեցող երեխաների`առավելագույն ներառմանը հանրակրթական դպրոցներում։
  • Նվազագույնի հասցնի դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաներին առանձին դասընթացների համար դասարաններից դուրս բերելու դեպքերը: Թեև երեխաներից ոմանք կարող են որոշակի անհատական կամ փոքր խմբերով դասերի կարիք ունենալ, այդ դասընթացները պետք է առավելապես նպաստեն երեխաների ակադեմիական և սոցիալական զարգացմանը և չպետք է փոխարինեն դասարանում երեխաների լիարժեք մասնակցությանը:
  • Դասարաններում ապահովի բավարար թվով և վերապատրաստված անձնակազմի առկայություն` բավարար ֆինանսական աջակցություն տրամադրելով ուսուցչի օգնականներին և աշակերտների օգնականների համար՝ ներառում ապահովող հարաբերակցությամբ:
  • Միջազգային դոնորները պետք է աջակցեն կառավարությանն իրականացնել այս առաջարկությունները։

Մեթոդաբանություն

Human Rights Watch-ը դաշտային հետազոտության ընթացքում 2016 թվականի ապրիլ, մայիս և դեկտեմբեր ամիսներին հարցազրույցներ է անցկացրել 173 անձանց հետ Հայաստանի ութ քաղաքներում՝ Երևան, Կապան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Հացիկ և Ճամբարակ։

Հետազոտողները զրուցել են 47 երեխաների և երիտասարդ անձանց հետ, այդ թվում՝ 8-ից 17 տարեկան 32 երեխաների և 18-ից 29 տարեկան 14 երիտասարդների հետ։ Մենք նաև զրուցել ենք մանկատներում ապրող, հատուկ դպրոցներ հաճախող կամ այնտեղ բնակվող, ինչպես նաև հանրակրթական դպրոցներ հաճախող 63 երեխաների ընտանիքների հետ։ Հարցազրույցների մեծ մասը Human Rights Watch-ը վարել է գաղտնիության պայմաններում, ներառյալ հաստատություններում անցկացված բոլոր հարցազրույցները։ Որոշ դեպքերում երեխաները և ծնողները հարցվել միմյանց ներկայությամբ։

Human Rights Watch-ն այցելել է հինգ մանկատուն և տասը դպրոց, այդ թվում՝ վեց հատուկ և չորս հանրակրթական դպրոցներ։ Այս հաստատություններ կատարված այցերի ընթացքում մենք զրուցել ենք երեխաների, ինչպես նաև թվով 31 աշխատակիցների հետ, որոնց թվում՝ տնօրենների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների, բժիշկների, խնամակալների, հոգեբանների, մեկ իրավաբանի և անձնակազմի այլ անդամների հետ։ Բոլոր դեպքերում հետազոտողները երեխաների հետ հարցազրույցները վարել են գաղտնիության պայմաններում։

Բոլոր դեպքերում, Human Rights Watch-ը տեղեկացրել է հարցվողներին հարցազրույցի նպատակի մասին, ներկայացրել, որ նրանք դրա դիմաց չեն ստանալու որևէ անձնական ծառայություն կամ օգուտ և որ մասնակցությունը հարցազրույցներին բացառապես կամավոր հիմունքներով է։ Մասնակիցները բանավոր կերպով տվել են իրենց իրազեկ համաձայնությունը հարցմանը մասնակցելու համար։

Եթե այլապես նշված չէ, մենք բոլոր երեխաների, երիտասարդ անձանց և նրանց ընտանիքների համար օգտագործել ենք կեղծանուններ` նրանց մասնավոր կյանքը պաշտպանելու համար։ Որոշ դեպքերում մենք նաև թաքցրել ենք այլ մանրամասներ, ինչպես օրինակ հաստատության անվանումը, որտեղ երեխան ապրում կամ ապրել է։ Մենք նաև չենք հրապարակել հաստատությունների որոշ աշխատակիցների անուններ ը և այլ մանրամասներ` նրանց հնարավոր ճնշումներից պաշտպանելու համար։

Human Rights Watch-ը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, երեխաների պաշտպանության մի մարզային կառույցի և Ազգային գնահատման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այս հետազոտության շրջանակներում մենք նաև ուսումնասիրել ենք պետական քաղաքականության մի շարք հայեցակարգեր, օրենքներ և ոլորտին առնչվող զեկույցներ, որոնք հրապարակվել են ՄԱԿ գործակալությունների և հռչակագրի կողմ հանդիսացող մարմինների, Եվրոպական միության և հասարակական կազմակերպությունների կողմից: 2016թ. նոյեմբերին Human Rights Watch-ը նամակներ է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին և Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով կոնկրետ հարցերի պատասխաններ: Այս նամակագրությունն առկա է այս զեկույցի հավելվածում:

Human Rights Watch-ը նաև հարցազրույցներ է վարել Միավորված ազգերի կազմակերպույան մանկական հիմնադրամի (UNICEF), Ամերիկայի միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Համաշխարհային բանկի, ինչպես նաև երեխաների իրավունքներով զբաղվող մի շարք խոշոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Հայկական Կարիտաս, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF), Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Փրկեք երեխաներին, ՍՕՍ մանկական գյուղեր և Վորլդ Վիժն կազմակերպությունների աշխատակիցների հետ։ Human Rights Watch-ը հանդիպել է նաև Հայաստան տարբեր քաղաքներից 17 տեղական հասարակական կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Երեխաների հետ հարցազրույցներն անցկացվել են հայերենով, հայերեն և անգլերեն լեզուներին վարժ տիրապետող թարգմանչի աջակցությամբ, բացառությամբ անգլերենի խորը իմացությամբ մի երեխայի հետ անգլերենով անցկացված մեկ հարցազրույցի: Ծնողների, հաստատությունների աշխատակիցների, պետական պաշտոնյաների և հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցները հիմնականում անցկացվել են ռուսերենով՝ այդ լեզվին վարժ տիրապետող հետազոտողների կողմից: Որոշ դեպքերում, այդ անձանց հետ հարցազրույցներն անցկացվել են հայերենով՝ թարգմանչի աջակցությամբ:

Համաձայն միջազգային գործիքների, «երեխա» տերմինը, այնպես, ինչպես այն կիրառվում է այս զեկույցում, վերաբերում է 18 տարեկանից ցածր անձի, իսկ «երիտասարդ անձիք» ձևակերպումը վերաբերում է 18-ից 30 տարեկան անձանց:

I. Հայաստանի խնամքի հաստատությունների նկարագիրը

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, 2016թ. ապրիլի դրությամբ, Հայաստանի խնամքի հաստատություններում եղել է մոտ 3700 երեխա; նրանց 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող:[1] Հայաստանում կան երեք տեսակի պետական խնամքի հաստատություններ` մանկատներ, հատուկ դպրոցներ և գիշերօթիկ հաստատություններ: Մանկատները բաժանվում են երկու տեսակի, ընդհանրացված՝ հաշմանդամություն չունեցող երեխաների համար, և մասնագիտացված՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:[2] Մանկատները և գիշերօթիկ հաստատությունները գտնվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության, իսկ հատուկ դպրոցները՝ Կրթության նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կամ Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ:

2016թ. մայիսի դրությամբ մանկատներում բնակվող 670 երեխաների 70%-ը հաշմանդամություն ունի:[3] Մանկատներում երեխաները և երիտասարդ չափահասները բնակվում են մշտական հիմունքներով: Դեպի տուն այցերը կամ ընտանիքի անդամների կողմից այցելությունները հազվադեպ են մանկատների երեխաների համար: Գիշերօթիկ հաստատություններում երեխաները սովորաբար անցկացնում են դպրոցական շաբաթը,սնվում և քնում այնտեղ և օրվա ընթացքում հաճախում համայնքային դպրոց: Շատ երեխաներ տուն են վերադառնում հանգստյան օրերին, չնայած որոշ երեխաներ կարող են շարունակ մնալ գիշերօթիկ հաստատություններում և տուն վերադառնալ միայն դպրոցական արձակուրդների ընթացքում։

Հատուկ դպրոցներն ամենամեծ բազմազանությունն ունեն պայմանների առումով` որոշ երեխաներ այնտեղ են բնակվում մշտական հիմունքներով, բացառությամբ դպրոցական արձակուրդների, որոշ երեխաներ բնակվում են միայն դպրոցական շաբաթվա ընթացքում, իսկ որոշ երեխաներ հաճախում են միայն դպրոցական դասերի ժամանակ։ Հատուկ դպրոցները ժառանգություն են Խորհրդային միությունից, երբ հաշմանդամություն ունեցող երեխաները գրեթե բացառապես սովորում էին ըստ իրենց հաշմանդամության տեսակի մասնագիտացված հաստատություններում: 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում կային 20 հատուկ դպրոցներ, և դրանց մի մասում ընդգրկված են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող երեխաներ: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, հատուկ դպրոցներում ընդգրկված երեխաների միայն 18 տոկոսն է գրանցված որպես հաշմանդամություն ունեցող:[4]

Խնամքի հաստատությունները, դրանցում կենտրոնացված ծառայությունների և անձնակազմի միջոցով, կառավարության համար ծառայում են որպես սոցիալական ծառայությունների մատուցման հիմնական մեխանիզմ կյանքի դժվարին պայմաններում գտնվող ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար, որի պարագայում ծառայությունները և մասնագետները կենտրոնացված են հաստատություններում` համայնքներում դրանց առկայության և մատչելիության փոխարեն: Արդյունքում, Հայաստանի խնամքի հաստատություններում ապրող հաշմանդամություն չունեցող երեխաներից շատերը կամ մեծամասնությունն այնտեղ են հայտնվել դժվարին ընտանեկան հանգամանքների, այդ թվում՝ աղքատության, գործազրկության, անհամապատասխան կացարանի, ծնողների առողջական խնդիրների, ընտանիքում առկա հաշմանդամության, միայնակ ծնողի, և այլ խնդիրների պատճառով: Դժվար ընտանեկան հանգամանքները հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին հաճախ պարտադրել են իրենց երեխաներին ուղարկել մանկատուն կամ հատուկ դպրոց, որպես կանոն ընտանիքներին աջակցող համայնքահեն ծառայությունների բացակայության պատճառով:

Ըստ 2016թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության, որն ուսումնասիրում է երեխաների զրկանքները Հայաստանում ամենատարբեր հարթություններում` այդ թվում բնակարանային, կոմունալ, հագուստի, կրթության և ժամանցի, երեխաների 64 տոկոսը զրկանքներ է կրում երկու կամ ավելի հարթություններում, իսկ գյուղական վայրերում այս ցուցանիշը հասնում է 82 տոկոսի: Միայն ֆինանսական աղքատության առումով, երեխաների 36 տոկոսը աղքատ է, իսկ 3 տոկոսը`ծայրահեղ աղքատ: Աղքատությունն առավել ուժգնորեն է ազդում երեխաների վրա. թեև երեխաները ներկայացնում են Հայաստանի ընդհանուր բնակչության միայն 22 տոկոսը, նրանք կազմում են աղքատ բնակչության 26 տոկոսը և ծայրահեղ աղքատների 30 տոկոսը:[5] ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախկին հաշվետվությունները պարզել են, որ Հայաստանի հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց եղբայրների ու քույրերի 54 տոկոսն ապրում է աղքատության մեջ:[6]

II. Երեխաների և երիտասարդ չափահասների ինստիտուցիոնալացումը և խտրականությունը բեռնաթափման գործընթացում

Հայաստանի կառավարությունը ներկայումս նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսում է վերափոխել երեխաների համար նախատեսված մի շարք պետական խնամքի հաստատություններ՝ նպատակ ունենալով նվազեցնել հաստատություններում ապրող երեխաների թիվը և վերակազմավորել այդ կառույցները համայնքահեն ծառայություններ տրամադրելու նպատակով։ Կառավարությունը ներկայումս նախատեսում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում չորս տարվա ընթացքում վերափոխել 22 խնամքի հաստատություններ, ինչպես մանրամասնորեն նկարագրված է ստորև։ Սակայն, Human Rights Watch-ի 2016թ. հետազոտությունը բացահայտել է մի շարք մտահոգություններ կապված կառավարության մոտեցումների հետ, մասնավորապես այն, որ երեք մանկատների մասով, որտեղ բնակվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ, կառավարությունը չունի վերափոխելու կամ փակելու կոնկրետ ծրագրեր և շարունակում է ներդրումներ կատարել այդ հաստատություններում։ Այս մոտեցումն ավելի է խորացնում ինստիտուցիոնալ խնամքի ներքո հաշմանդամություն ունեցող երեխաների անհամաչափ բարձր ներկայացվածության խնդիրը և կրում է խտրական բնույթ:

Չնայած նրան, որ Human Rights Watch-ի այցելած հաստատությունների մեծ մասում նյութական պայմանները համարժեք են եղել ապաստարանի տրամադրման, հագուստի, սննդի, ջեռուցման և այլ հիմնական խնամքի առումով, Human Rights Watch-ի հետազոտությունը բացահայտել է մի շարք լուրջ խնդիրներ կապված Հայաստանի հաստատությունների հետ, այդ թվում` անհատական ուշադրության և խնամքի պակասը, անձնական կյանքի գաղտնիության պակասը և մատչելիության պակասը։ Հաստատություններում ապրելը, մասնավորապես նրանց համար, ովքեր այնտեղ մնում են շարունակաբար, առաջացնում է հուզական դժվարություններ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: Կան նաև լուրջ թերություններ երեխաներին ինքնուրույն, չափահաս կյանքի համար նախապատրաստելու ուղղությամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք պարբերաբար զրկվում են որոշումներ կայացնելու իրենց գործունակության իրացման հնարավորությունից, և այսպիսով հաստատություններում մեծացող երեխաները հաճախ մնում են այնտեղ չափահաս դառնալուց հետո։ Որոշ դեպքերում անհատների շարունակական ներփակումը հաստատություններում կարող է հանգեցնել կամայական ազատազրկման:

Բացի այդ, դիտարկումների միջոցով իրականացված բազմաթիվ ուսումնասիրություններ ընտանեկան միջավայրից կտրված և խնամքի հաստատություններ տեղափոխված երեխաների շրջանում արձանագրել են բացասական ազդեցություններ ֆիզիկական, մտավոր, հուզական և սոցիալական զարգացման վրա։[7] Անկախ հաստատության պիտակից, չափից և գտնվելու վայրից, ինստիտուցիոնալ խնամքը սահմանվում է որոշակի հատկանիշներով, որոնք վնասակար են երեխաների համար: Դրանցից են`բաժանումն ընտանիքներից և լայն համայնքից, նույն տարիքային և հաշմանդամության խմբերում ներփակելը, ապաանհատականացումը, գերբնակեցումը, խնամակալի հետ հարաբերությունների անկայունությունը, խնամակալի օպերատիվ արձագանքելու պատրաստակամության բացակայությունը, կրկնվող` քնի և ուտելու առօրեական հաստատված ժամանակացույցը և առօրյա հիգիենայի կարգը, որը համապատասխանեցված չէ երեխաների կարիքներին և անհատական նախասիրություններին և երբեմն, ոչ բավարար նյութական ռեսուրսները:[8] 

Վկայությունները ցույց են տվել, որ մանկահասակ երեխաների ինստիտուցիոնալացումը վնասում է նրանց ուղեղի վաղ զարգացմանը, կարող է հանգեցնել զարգացման հապաղման և մշտական հաշմանդամության, և կարող է երկարատև ազդեցություն ունենալ նրանց սոցիալական և հուզական վարքագծի վրա:[9] Ավելի մեծահասակ երեխաների առումով, Երեխայի իրավունքների կոմիտեն նշել է. «Բավականաչափ փաստեր կան, որոնք վկայում են մեծ հաստատություններում երկար ժամկետով մնացած դեռահասների համար վատ հետևանքների մասին... Այս դեռահասները դրսևորում են ավելի ցածր կրթական առաջադիմություն, կախվածություն սոցիալական աջակցությունից, ինչպես նաև անօթևան մնալու, ազատազրկման, անցանկալի հղիության, վաղ ծնողական պարտավորություններ ստանձնելու, թմրանյութերի չարաշահման, ինքնավնասման և ինքնասպանության ավելի մեծ հավանականություն»:[10] Այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր հաստատություններից տեղափոխվել են ընտանեկան միջավայր, բարելավում են ցուցաբերել իրենց մտավոր գործունեության և կապվածության դրսևորումներում, հուզական օտարման նշանների և հոգեկան առողջության խնդիրների տարածվածության կրճատման առումով։[11]

Ինչպես մանրամասնորեն ներկայացված է ստորև, միջազգային ստանդարտները պահանջում են, որ երեխաների տեղակայումը խնամքի հաստատություններում, որպես լուծում, պետք է դիտարկել միմիայն ծայրահեղ դեպքերում, միայն կարճ ժամկետով և միայն այն ժամանակ, երբ է դա բխում է երեխայի լավագույն շահերից, և այն էլ միայն բացառիկ դեպքերում: ՀԻԿ-ը կոչ է անում կառավարություններին հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացնել լավ պլանավորված, համակարգված և հստակ ժամանակային սահմանմամբ բեռնաթափման գործընթաց և սահմանում է որոշակի պահանջներ այդ գործընթացի համար։

Երեխաներն ունեն ընտանիքում մեծանալու և առանց անհրաժեշտության իրենց ծնողներից չառանձնացվելու իրավունք: Ոչ աղքատությունը, ոչ հաշմանդամությունը չեն կարող արդարացում կամ հիմք լինել երեխաներին հաստատություններում տեղակայելու համար։ Չնայած նրան, որ կառավարությունն ընդունել է, որ պետք է հաստատություններում նվազեցնել երեխաների թիվը, այն պետք է նաև ապահովի, որ դա արվում է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար հավասար սկզբունքով:

Խտրականությունը բեռնաթափման գործընթացում

Չնայած նրան, որ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է երեխաներին դուրս բերել առնվազն 22 մանկատներից, հատուկ դպրոցներից և գիշերօթիկ դպրոցներից և վերափոխել դրանք համայնքահեն ծառայություններ մատուցող ոչ-բնակելի կենտրոնների, որևէ ծրագրեր չկան երկրի` բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված երեք մանկատները վերափոխելու ուղղությամբ: Բացի այդ, կառավարությունը բավարար չի կարևորել հաշմանդամություն ունեցող երեխաների վերադարձը իրենց ծննդյան ընտանիքներ և չի նախատեսել խնամքի այլընտրանքային լուծումներ նրանց համար: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի 2016թ. միջոցառումների ծրագիրը հաշմանդամություն ունեցող երեխաներին չի անդրադառնում ընդհանրապես։[12]

Չնայած նրան, որ մանկատների թիվը և մանկատներում երեխաների ընդհանուր թիվը նվազում է, հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնացումը մանկատներում աճում է: Մինչև 2020թ., երբ ընդհանուր տիպի երեք մանկատներն ըստ նախատեսվածի կվերափոխվեն և այդ հաստատությունների բոլոր երեխաները կանցնեն այլընտրանքային խնամքի, կմնան միայն այն մանկատները, որոնք մասնագիտացված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այլ երեխաների հետ հավասար հիմունքներով բեռնաթափման գործընթացի կազմակերպման ձախողումը խտրականություն է: Կառավարությունը պետք է անհապաղ վերանայի իր քաղաքականությունը, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք ներառվածությունը բեռնաթափման գործընթացում:

Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված երեք մանկատներից մեկն է: Տնօրենը՝ Հասմիկ Մկրտչյանը, նկարագրել է բեռնաթափման գործընթացում մանկատան ունեցած փորձը սկսած 2013թ.-ից. «2013թ.-ին կառավարությունը մի նոր ծրագիր էր սկսել մանկատներում երեխաների թիվը նվազեցնելու համար: Այդ ժամանակ առողջ երեխաները [հաշմանդամություն չունեցող երեխաները] ուղղորդվում էին այլ հաստատություններ կամ խնամատար ընտանիքներ: Այդ ժամանակ մեր մանկատան երեխաների մոտ 15 տոկոսը հաշմանդամություն չունեցող երեխաներ էին: Տարեցտարի առողջ երեխաների թիվը մանկատներում նվազում է: Նրանց հիմնականում չեն ընդունում: Միևնույն ժամանակ, հատուկ կարիքներով երեխաների թիվը մանկատներում ավելանում է»:[13] Մանկատանն այժմ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներ են գտնվում: Նա շարունակեց բացատրել, որ 2013թ. կառավարության քաղաքականության փոփոխության արդյունքում հաստատությանը հատկացվող ռեսուրսներն աճել են: - Ես ամեն տարի լրացուցիչ աշխատակազմ եմ խնդրել և նախարարությունը [Աշխատանքի և սոցիալական հարցերի] ընդառաջել է այս խնդրանքին: Այսօրվա դրությամբ, մենք ունենք գրեթե բոլոր անհրաժեշտ մասնագետները, որոնցից յուրաքանչյուրն ունի երեխաների հետ աշխատելու անհատական ​​սենյակ»:[14]

Այն երեք մասնագիտացված մանկատները, որոնք նախատեսված չեն վերափոխման, բախվում են գերբնակեցման խնդրի հետ և, որոշ դեպքերում, վարում հերթագրման ցուցակներ երեխաներին ընդունելու համար։ Ըստ Մկրտչյանի. «Հաստատությունն ունի 110 երեխա: Սա առավելագույնն է։ Մենք նախատեսված ենք 100 երեխայի համար։ Յուրաքանչյուր խմբում ունենք երկու կամ երեք երեխայով ավելի, քան պետք է ունենանք»: Միայն այդ երեխաներից 35-ն են, որ իրավականորեն առանց ծնողական խնամքի են:[15]

Երևանի մոտ գտնվող` հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված մյուս մասնագիտացված հաստատության՝ Խարբերդի մանկատան տնօրենը Human Rights Watch-ին պատմեց. «Հատկապես բարդ երեխաների [և երիտասարդների] կենտրոնացումն աճում է»: Human Rights Watch-ի կողմից 2016թ. մայիսին մանկատուն կատարված այցի ժամանակ այնտեղ 221 բնակիչ կար, այդ թվում՝ 94 երեխա և 127 երիտասարդ չափահասներ։ Բնակիչների կեսը անվասայլակով տեղաշարժվող անձիք են։ Երեսունվեց երեխա ունեն տեսողական և բազմակի հաշմանդամություն, որոնցից միայն երկուսին են սովորեցրել ձեռնափայտն օգտագործել որպես շարժունակության գործիք։[16]

Մինչ կառավարությունն ասում է, որ կարևորում է երեխաների վերադարձն իրենց կենսաբանական ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադարձնելու ջանքերը, մասնավորապես մանկատների կողմից, սահմանափակ են: Ըստ Խարբերդի մանկատան բժշկի. «Ես 15 տարվա ընթացքում միայն մեկ դեպք գիտեմ, երբ ծնողը վերցրել է իր երեխային [այս հաստատությունից] և վերադարձրել ընտանիք»:[17] Մկրտչյանը` Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենը, բացատրեց. «Մենք դեռ երեխաներ ունենք, ովքեր այստեղ են ընտանիքի [ծանր] սոցիալական պայմանների պատճառով, սակայն մենք փորձում ենք բարձրացնել այս հարցը և իրենց համար աջակցություն ստանալ հասարակական ու բարեգործական կազմակերպությունների միջոցով: Այս երեխաներն ունեն հաշմանդամություն, բայց թեթև տեսակի, և հնարավոր է, որ նրանք հատուկ դպրոցներ հաճախեն և տուն գնան հանգստյան օրերին»:[18] Նա բացատրեց, որ հաստատության աշխատակիցները միաժամանակ կարող են աշխատել միայն մոտ 10 ընտանիքների հետ, որպեսզի խրախուսեն վերամիավորումը, մասամբ այն պատճառով, որ մանկատանն ապրող երեխաների որոշ ընտանիքներ ապրում են Երևանից հեռու գտնվող քաղաքներում:[19]

Երեխաների և երիտասարդ չափահասների տեղափոխումը հաստատությունների միջև

Նույնիսկ այն պարագայում, երբ կառավարությունը հաստատությունների փակման գործընթացի մեջ է և կարևորում է ընտանիքի վրա հիմնված խնամքը, Human Rights Watch-ը հայտնաբերել է բազմաթիվ ապացույցներ մի մանկատնից կամ հաստատությունից երեխաներին զուտ միայն այլ հաստատություն տեղափոխելու նպատակով դուրս գրելու դեպքերի մասին: Հաշմանդամություն ունեցող երեխաները, ում տարիքը հաստատություններում բնակվելու համար լրանում է, կարող են մնալ պետական հաստատություններում անորոշ ժամանակով:

Ըստ Մկրտչյանի` 2016թ.-ին մանկատնից հեռացած 11 երեխաներից հինգը տեղափոխվել են Գավառի մանկատուն (երեխաներից երկուսը վերամիավորվել են իրենց եղբայրների ու քույրերի հետ, ովքեր ապրում են Գավառում), իսկ չորսը վերադարձել են իրենց ընտանիքներ: Նրանք, ովքեր վերադարձել են իրենց ընտանիքներ, ընդունվել են հատուկ դպրոցներ, որտեղ նրանք ապրում են շաբաթվա ընթացքում և տուն են գնում հանգստյան օրերին և դպրոցական արձակուրդներին։ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից 2015թ. դուրս գրված ութ երեխաներից երկուսը տեղափոխվել են այլ մանկատներ:[20]

Մկրտչյանը նաև բացատրեց, որ երեխաներին մանկատներում տեղակայելու մեծ պահանջարկ կա: Այսպիսով, անգամ այն դեպքերում, երբ հաստատությունն ի վիճակի է վերադարձնել երեխաներին իրենց ընտանիքներ կամ գտնել այլընտրանքային խնամքի լուծումներ, կամ երբ մանկատունը ուղղորդում է երեխաներին այլ հաստատություններ, թափուր տեղերն արագ համալրվում են այլ երեխաներով: Չնայած նրան, որ 2016թ. հաստատությունը լքել է 11 երեխա, փոխարենը ընդունվել է15-ը:[21] Մկրտչյանը Human Rights Watch-ին պատմել է. «Մենք փորձում ենք կազմակերպել որդեգրումը և ետ ուղարկել երեխաներին ընտանիքներ, որպեսզի ազատ տեղեր ունենանք լրացուցիչ երեխաներ ընդունելու համար։ Շատ մարդիկ են խնդրում թույլ տալ իրենց երեխաներին այստեղ բերել: Նրանք գրանցված են և սպասում են, որ տեղեր բացվեն: Հինգ ընտանիքներ կան, որ պարբերաբար զանգահարում են ինձ»։[22]

Կառավարությունը 2016թ. օգոստոսին Նուբարաշենի վարչական շրջանի, Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցից բոլոր երեխաներին տեղափոխել է, և նախատեսում է վերափոխել դպրոցը համայնքային կենտրոնի: 66 երեխաներից 15-ը տեղափոխվել են այլ հաստատություններ, այդ թվում`երեք երեխա ընդունվել են լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոց, թեև նախկին Նուբարաշենի դպրոցի բնակիչներից ոչ մեկը հաշմանդամություն չի ունեցել: 2015թ., երբ կառավարությունը փակեց Երևանի թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը (որը հայտնի է որպես Կորեայի ձոր), ընդամենը 15 երեխա վերադարձան իրենց ընտանիքներ. 34 երեխաներ տեղակայվեցին այլ հաստատություններում: Այս տեղաբաշխումներն այլ հաստատություններում, այդ թվում նաև մեկ գիշերօթիկ հաստատությունում և Կրթության նախարարության ենթակայության մեկ պետական ռազմական դպրոցում, պայմանավորված էին որոշ առումով փակման շտապողական քայլերով և իրենց ընտանիքների հետ երեխաների վերամիավորման համար մասնագիտական աջակցություն կազմակերպելու անբավարար ժամանակով:[23]

Որպես կանոն, երեխաների 6 տարեկանը լրանալուն պես պատկան մարմինները նրանց բոլորին Գյումրիի մասնագիտացված մանկատնից և Երևանի «Մանկան տնից» (ավելի հայտնի է որպես Նորքի մանկատուն) տեղափոխում են այլ մանկատներ: Գյումրիի մասնագիտացված մանկատնից հաշմանդամություն ունեցող երեխաները տեղափոխվում են Մարի Իզմիրլյանի անվան կամ Խարբերդի մասնագիտացված մանկատներ: 2016թ. մայիսին Խարբերդի մանկատան տնօրենն ասաց, որ հաստատությունը սպասում է հաշմանդամություն ունեցող 55 երեխաների, որոնք պետք է ժամանեն Գյումրիի մանկատնից:[24]

Կառավարությունն այս պահին գտնվում է Վանաձորի ընդհանրացված մանկատունը փակելու գործընթացում, որը նախատեսված է ավարտել 2018 թվականին:[25] Ըստ մի աշխատակցի, երեխաները շարունակում են ժամանել մանկատուն, չնայած նրան, որ ակնկալվում էր, որ մանկատունը պետք է նվազեցնի երեխաների թիվը։ Նա բացատրեց. «Մեզ չի թույլատրվում ունենալ ավելի քան 70 երեխա, որի պատճառով 10 երեխա ուղարկվել է Գավառի մանկատուն: Նրանք առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են։ Նրանց ուղարկելու այլ տեղ չկար»:[26]

Հայաստանում բեռնաթափման գործընթացում ներգրավված փորձագետները զգուշացնում են, որ ռազմավարությունը, ըստ որի երեխաների տեղակայումը խնամքի հաստատություններում մնում է որպես տարբերակ, կարող է պահպանել կախվածությունը ինստիտուցիոնալացված խնամքից և չնպաստել ընտանիքի վրա հիմնված խնամքի զարգացմանը։[27]

2015թ. կեսերից սկսած պատկան մարմինները սկսեցին Խարբերդիև Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատներից չափահասներին տեղափոխել հաշմանդամություն ունեցող երիտասարդ չափահասների «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոն Երևանում:[28] Կառավարությունը 2015 թվականին 80 երիտասարդ չափահասների տեղափոխել է «Ձորակ»։[29] Սամվել Խաչատրյանը՝ «Ձորակի» տնօրենը, Human Rights Watch-ին ասել է, որ 2016թ. դեկտեմբերին հաստատությունն ուներ 120 բնակիչ: Բնակիչների շարքում ընդգրկված են եղել ոչ միայն հոգեկան հաշմանդամություն ունեցող, այլ նաև հոգե-սոցիալական, մտավոր, զգայական և այլ հաշմանդամություն ունեցող անձինք։ Նախատեսված վերանորոգումները հաստատությանը թույլ կտան ընդունել մինչև 200 անձի։[30] Հատկանշական է, որ «Ձորակը» նախկինում եղել է երեխաների համար նախատեսված գիշերօթիկ հաստատություն, որը կառավարությունը փոխակերպել է 18 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված` իր տեսակի մեջ առաջին պետական հաստատության՝ մանկատների գերբնակեցման պատճառով:

 

Ռեսուրսների կենտրոնացումը հաստատություններում

Human Rights Watch-ի հետազոտությունը պարզել է, որ Հայաստանում գոյություն ունեն ծառայություններ և վերապատրաստված անձնակազմ երեխաներին վերականգնողական, կրթական և այլ ծառայություններ մատուցելու համար, բայց դրանք հաճախ մնում են խնամքի հաստատությունների պատերի ներսում և հասանելի են միայն այնտեղ ապրող երեխաների համար` համայնքում հասանելի լինելու փոխարեն։ Ծառայությունների այս կառուցվածքը առանցքային գործոն է, որը որոշ ընտանիքների դրդում է հաստատություններ ուղարկել իրենց երեխաներին։ Այն նաև նշանակում է, որ շատ երեխաների համար, ովքեր մնում են իրենց ընտանիքների հետ և կարող են անհրաժեշտություն ունենալ կամ օգտվել որոշակի ծառայություններից և ռեսուրսներից, դրանք հաճախ անհասանելի են։ Քանի որ կառավարությունը բեռնաթափման ծրագիրը չի իրականացնում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար հավասար հիմունքներով՝ ռեսուրսների շարունակական կենտրոնացումը հաստատությունների շրջանակներում անհամաչափ ազդեցություն կունենա հաշմանդամություն ունեցող երեխաների վրա:

 

Հաստատությունների համակարգը և ռեսուրսների կենտրոնացումը հաստատություններում բացասական ազդեցություն ունի բազմաթիվ երեխաների վրա, ինչպես հաստատությունների ներսում, այնպես էլ դրանցից դուրս: Ըստ երեխաների իրավունքների և հաստատություններում բնակվող երեխաների հարցերով մի փորձագետի. «Ամենափոքր խնդիրը երեխաների թվաքանակն է հաստատություններում։ Հայաստանում կա 830000 երեխա: Նրանցից մոտ 400000-ն ամենայն հավանականությամբ որևէ տեսակի ծառայության կարիք ունի, սակայն դժվարանում է դրանք ստանալ, կամ բոլորովին չի ստանում։ Գոյություն ունի երեխաների թեր-ներառում անհրաժեշտ ծառայությունների մեջ և երեխաների գեր-ներառում`հաստատություններում: Որոշ ընտանիքների կարող է անհրաժեշտ լինել շաբաթական մեկ սոցիալական աշխատողի այցելություն և դպրոցական պարագաներ: Մյուսները կարող են գումարային կամ նյութական աջակցության, անկողնային պարագաների և այլ, տարբերակված ծառայությունների կարիք ունենալ»:[31]

Օրինակ, որոշ մասնագիտացված մանկատներ ունեն իրապես բարդ սարքավորումներ և հարմարություններ, ինչը մեծ մասամբ պայմանավորված է, որպես կանոն, Հայաստանից դուրս ապրող հայերի կամ իրենց շահերը ներկայացնող խմբերի կողմից տրամադրված տեխնիկական և դրամական նվիրատվություններով: Օրինակ, Խարբերդի մասնագիտացված մանկատան մի թևը նվիրված է վերականգնողական ծառայություններին, որտեղ առկա են երեք վերականգնողական սենյակներ, սենսորային սենյակ, բարձր մասնագիտացված վերականգնողական սարքավորումներ, ինչպես նաև վերականգնողական բժիշկ։ - Ամեն տարի մենք ստանում ենք նոր վերականգնողական սարքավորումներ, - Human Rights Watch-ին պատմում էր տնօրենը։[32]

Երեխաների համար մասնագիտացված մանկատունը Գյումրիում ունի մի մեծ, ժամանակակից, փակ, տաքացվող լողավազան՝ հիդրոմերսման համակարգով:
-
Բավականին ծախսատար է ջուրը տաք պահելը։ Մենք մտածում ենք արևային ջեռուցման համակարգ տեղադրելու մասին, - տնօրենը բացատրեց Human Rights Watch-ին 2016թ. մայիսին կատարած շրջայցի ժամանակ։[33] Նորքի Մանկատունն ունի երկու բացօթյա լողավազաններ: Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն ունի փոքր փակ և բացօթյա լողավազաններ, բուժական հիդրոմերսում, ինչպես նաև բարձր մասնագիտացված աղիսենյակ, որը հալոթերապիա կոչվող բուժման մեթոդի համար է և նախատեսված է թոքերի բուժման համար, բացվել է 2016թ. նոյեմբերին և աջակցություն է ստանում միջազգային երկու հիմնադրամներից։[34]

 

Այլընտրանքների բացակայություն

Ռեսուրսների կենտրոնացումը հաստատություններում և համայնքում ծառայությունների բացակայությունը շատ ընտանիքների` իրենց հաշմանդամություն ունեցող կամ չունեցող երեխաներին խնամքի հաստատություններում տեղակայելու առանցքային պատճառ է, անգամ այն դեպքում, երբ նրանք կնախընտրեին տանը մեծացնել իրենց երեխաներին:

 

Հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներ

Օրինակ, ըստ Human Rights Watch-ի կողմից հարցված ընտանիքների և փորձագետների, տեղական համայնքներում լայնորեն չեն մատուցվում վերականգնողական ծառայություններ և կարող են գնով պայմանավորված անհասանելի լինել այն վայրերում, որտեղ դրանք մատուցվում են: Որոշ հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ «Հայ մայրերը» Երևանում և «Աստղացոլքը» Ճամբարակում, երեխաներին մատուցում են որոշ կոնկրետ վերականգնողական ծառայություններ այդ համայնքներում: Ի հակադրումն, մասնագիտացված մանկատները, ինչպես արդեն ներկայացվել է, հաճախ ունեն լավ զարգացած ծառայությունների լայն շրջանակ, որոնք հասանելի չեն այն երեխաների համար, ովքեր ապրում են համայնքում և կարող են օգտվել այդ ծառայություններից:

Սպորտային այնպիսի կառույցներ, ինչպիսիք լողավազաններն են, որոնք հատկապես կարող են առողջարար և օգտակար լինել որոշ տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ֆիզիկապես մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների համար, առկա չեն իրենց տարածքներում, կամ անհասանելի են որևէ այլ պատճառով: «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը 2016թ. հոկտեմբերին հայտնել էր, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն ասում են, որ երբեմն նրանք ստիպված են համայնքի մարզիչներին կրկնակի գին վճարել՝ իրենց հաշմանդամություն ունեցող երեխային լողալ սովորեցնելու համար:[35]

Ռոզան, ով իր` այժմ իննամյա տղային ուղարկել էր մանկատուն հինգ տարով, բացատրեց, որ իր որոշման հիմնական պատճառը վերականգնողական ծառայություններն էին։ Ռոզան մեկնաբանում է.

 

Իմ տղան քայլելու դժվարություններ ուներ։ Ես սկզբում փորձեցի նրա բուժումը կազմակերպել Վանաձորում, բայց ինձ ասացին, որ դա [իր շարժական դժվարությունները] տեղական ծառայությունների միջոցով չի կարող բուժվել։ Այսպիսով, ես նրան մանկատուն տարա։ Դժվար էր, բայց ես հասկանում էի, որ դա կարևոր է, քանի որ նա կարող էր սկսել քայլել քանի դեռ այնտեղ էր։ Այս որոշման արդյունքում, իմ երեխան հիմա կարողանում է խոսել և քայլել։ Տեղական դպրոցը չէր կարողանա նրան քայլել սովորեցնել։

Ռոզան նշեց, որ համայնքային դպրոցում, ուր այժմ հաճախում է նրա որդին, չկան մասնագետներ, ովքեր կարող են տրամադրել մասնագիտական կամ ֆիզիկական թերապիա։[36]

Միրան, 13-ամյա դստեր և աուտիզմ ունեցող 16-ամյա Հայկի մայրը, պարզաբանել է, որ 2013թ. Հայկին մանկատուն ուղարկելու իր որոշումը պայմանավորված էր համայնքում աջակցության ծառայությունների բացակայությամբ.

Իմ որդուն այնտեղ [մանկատուն] տանելը դժվար որոշում էր: Ամուսինս արտասահմանում էր` Ռուսաստանում, աշխատում էր։ Նա տուն էր գալիս միայն տարին մեկ կամ երկու անգամ: Դա իրոք դժվար է ինձ համար։ Ես մենակ եմ երկու երեխաների հետ: ... Եթե լիներ մի կենտրոն, որը կկարողանար հոգ տանել Հայկի մասին օրվա ընթացքում, թեկուզ երեք կամ չորս ժամ, ես ստիպված չէի լինի ուղարկել նրան այստեղ: Եթե նման մի կենտրոն գոյություն ունենար, ես անպայման Հայկին տուն կվերադարձնեի, որպեսզի նա մեզ հետ ապրեր:[37]

Միրան Հայկին մանկատանն այցելում է շաբաթական մի քանի անգամ և որոշ դեպքերում նրան տուն է տանում մեկ կամ երկու շաբաթով։

Լիլիթի իններորդ դասարանցի դուստրը` Անին, ով դաունի սինդրոմ ունի, 2011թ.-ից սկսած հաճախել է հատուկ գիշերօթիկ դպրոց Սյունիքի մարզում, հանրակրթական դպրոց հաճախելուց չորս տարի հետո: Դստեր ակադեմիական առաջընթացով մտահոգված՝ Լիլիթը տեղափոխել է Անիին հատուկ դպրոց: Նա գոհ է կրթության որակից, կրթական աջակցության ծառայություններից, և հատուկ դպրոցում Անիի համար կազմակերպվող արտադպրոցական աշխատանքներից։ Նա նշել է. «Բոլոր հնարավորությունները ստեղծված են դպրոցում: Դպրոցից դուրս այդ ծառայությունները կամ գործունեության այլ տեսակներ մատչելի չեն իմ երեխայի համար»:[38] Նույն դպրոցը հաճախող` աուտիզմ ունեցող 9-ամյա տղայի մայրը բացատրեց, որ դպրոցի ընտրությունն իր կողմից պայմանավորված է եղել դպրոցում առկա բուժական ծառայություններով և հասանելի կրթական աջակցությամբ, ինչպես նաև այլ հնարավորություններով, այդ թվում՝ «համակարգիչները և Lego [շինարարական բլոկներով] խաղալու հնարավորությունը»:[39]

Մի կին մեկնաբանեց, որ իր ընտանեկան հանգամանքներն են նպաստել իր` ուղեղային կաթված ունեցող գրեթե 4-ամյա որդուն Գյումրիի` փոքր երեխաների մասնագիտացված մանկատուն ուղարկելու որոշման համար. «Ես երիտասարդ եմ և իմ [նախկին] ամուսինը ... չի օգնում ինձ կամ իմ երեխային: Միայն ծնողներս են ինձ շատ մոտ: Նրանք թոշակառու են և չեն աշխատում: Ես աշխատում եմ և հոգ տանում իմ երեխայի մասին, բայց չեմ կարողանում նրա հետ լինել ամբողջ օրը։ Իմ մոր համար ևս դժվար է հոգ տանել նրա մասին: Մենք շատ ենք մտածել, թե ինչ պետք է անել և, ի վերջո, որոշել ենք նրան այստեղ բերել»:[40]

Երեխաների պաշտպանությամբ զբաղվող մի մարզային կառույցի ղեկավար մանրամասնեց մի դեպք, կապված մանկական ուղեղային կաթված ունեցող մի տղայի հետ, ով մանկատուն էր տեղափոխվել 14 տարեկանում՝ նրան և նրա ընտանիքին աջակցող ծառայությունների բացակայության պատճառով: Նա մեկնաբանեց.

Տղան անվասայլակով էր։ Նա ընկերներ ուներ դպրոցում և շատ էր կապված իր մոր հետ։ Նրա մեծանալու հետ մայրը մեծ դժվարությունների էր բախվում, որպեսզի օգնի նրան տեղաշարժվել։ Նրանք ապրում էին մի շենքում որտեղ աստիճանավանդակ կար` դժվար էր նրան վեր ու վար տանել: Նրանց ֆինանսական և սոցիալական պայմանները շատ վատն էին և նրանք ի վիճակի չէին կազմակերպել որևէ վերականգնողական ծառայություն տղայի համար կամ որևէ օգնություն նրա մոր համար։ Մանկատանը կան վերականգնողական ծառայություններ, որոնք չեն տրամադրվող դպրոցներում:[41]

Հաշմանդամություն չունեցող երեխաների ընտանիքներ

Հաշմանդամություն չունեցող շատ երեխաների ծնողներ պատմել են Human Rights Watch-ին, որ իրենք ստիպված են եղել իրենց երեխաներին հաստատություն ուղարկել աղքատության, գործազրկության, ընտանիքի այլ անդամների առողջական վիճակի կամ ընտանեկան այլ դժվարությունների պատճառով: Ծնողները նշել են, որ հաստատություններն ի վիճակի են ապահովել իրենց երեխաներին համապատասխան կացարանով և պարբերական սննդով և ապահովել, որ իրենց երեխաները հետևողականորեն դպրոց հաճախեն:

 

Սեդան, 40 տարեկան, ով Human Rights Watch-ի հետ հարցազրույցից ընդամենը երկու ամիս առաջ էր իր նորածին որդուն մանկատուն տարել, ասում էր, որ նա աշխատանք չունի, գտնվում է կացարանային անկայուն պայմաններում և զգացել է, որ չէր կարողանալու իր որդու համար ապահովել անգամ ամենատարրական խնամքը: - Առանց փողի չեմ կարող գնել դեղերը: Ես բավարար կաթ չունեմ որպեսզի ինքս կերակրեմ նրան։ Ես պետք է նաև հագուստ գնեմ նրա համար, և տակդիրներ: Ես աջակցություն չունեմ այստեղ, որպեսզի ինչ-որ բան ստանամ։ Ես աշխատում եմ, ես երկու կամ երեք տեղ կաշխատեմ, որպեսզի բավարար գումար ունենամ նրան տուն բերելու համար, - ասել է Սեդան։ Սեդան փորձում է օրական մեկ անգամ մանկատուն այցելել իր որդուն կրծքով կերակրելու համար: Նա նկարագրում էր իր զգացողությունները, երբ տեսնում է նրան. «Ես այնքան շատ խնդիրներ ունեմ, թվում է թե ամեն ինչ շատ դժվար է: Հետո ես տեսնում եմ իմ երեխային և ամեն ինչ մոռանում եմ: Արցունքներ են հայտնվում իմ աչքերում, և ես մոռանում եմ ամեն վատ բան»:[42]

Լուսինեի` առողջական լուրջ խնդիրներ ունեցող 48-ամյա այրու և նրա արդեն 15-ամյա դստեր համար Գորիսի հատուկ դպրոցը փրկություն էր։ Լուսինեն ապրում է նկուղային սենյակում` առանց զուգարանի կամ խոհանոցի և միայն մեկ մահճակալով։ Ցույց տալով մի թուղթ, որի վրա նշված էր նրա պարտքերի գումարները և պարտապանների ցուցակը՝ նա Human Rights Watch-ին ասաց.

           

Ես շատ բարդ պայմաններում եմ ապրում: Ես տեղափոխվել եմ այստեղ ութ տարի առաջ՝ աշխատանք որոնելով: Ես ունեմ ասթմա, շաքարախտ, արյան բարձր ճնշում և երիկամների հիվանդություններ։ Ես աշխատում եմ որպես փողոցի հավաքարար շաբաթական յոթ օր, բայց դա բավարար չէ նույնիսկ համեստ սննդի համար։ Ես ունեմ 400,000 դրամ ($ 838) պարտք։ Իմ աղջիկը շաբաթվա ընթացքում քնում է դպրոցում` նրան այնտեղ լավ են կերակրում։ Նրանք շատ լավ են հետևում նրան: Բայց ես ուզում եմ, որ նա ինձ հետ ապրի: Ես ուզում եմ տեսնել նրան, խոսել նրա հետ: Ես ուզում եմ, որ ես լինեմ այն մեկը, ով ի վիճակի է կերակրել նրան և հոգ տանել նրա մասին:[43]

Ասյան, 56 տարեկան, իր երկու դուստրերին, ովքեր հիմա արդեն 16 և 18 տարեկան են, ուղարկել էր մանկատուն այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել դպրոցը՝ վեց տարեկան հասակում: Գրեթե 30 տարի է, ինչ Ասյան ապրում է մի փոքրիկ, մութ, չգրանցված խրճիթում, որտեղ ջուր է հոսում, երբ անձրև է գալիս: Նա մեկնաբանեց երեխաներին մանկատուն տանելու իր որոշումը.

Ես միայնակ մայր եմ: Աղջիկների հայրը լքել է մեզ, երբ մեր կրտսեր դուստրը երեք տարեկան էր, և մենք որևէ տեղեկություն չունենք նրա մասին: Ես աշխատում էի, և չկար մեկը, որ հոգ կտաներ նրանց մասին։ Ես հարևան կամ ընկեր չունեի, ում կարող էի խնդրել։ Ես չէի ուզում նրանց մենակ թողնել տանը։ Որպեսզի կարողանայի աշխատել և չանհանգստանալ իմ դուստրերի մասին, դա էր հիմնական պատճառը, որ ես նրանց մանկատուն ուղարկեցի: Դա նաև ցավալի է եղել ինձ համար։ Շատ դժվար է ապրել առանց քո երեխաների:[44]

Գեղարքունիքի մարզում ապրող մի զույգ` Կարենը և Նինան, 2013թ.-ին ստիպված են եղել տեղափոխվել հազիվ բնակելի մեկ սենյականոց` մի ֆերմայի շինություն իրենց ընտանիքի անդամների հետ ունեցած կոնֆլիկտից հետո, ում հետ նրանք ապրում էին մոտակայքում գտնվող տանը: Նրանք ստիպված էին իրենց չորս երեխաներին, որոնք այժմ 7-ից 16 տարեկան են, ուղարկել մոտավորապես 60 կմ հեռավորության վրա գտնվող մի մասնավոր մանկատուն: Ամուսինները բացատրեցին, որ նրանք չունեն պատշաճ բնակարանային պայմաններ կամ կայուն աշխատանք.

Մենք չենք ցանկանում, որ մեր երեխաներն այնտեղ [մանկատանը] լինեն, բայց հիմա այլ տարբերակ չկա: Շատ դժվար է: Եթե մենք ունենանք անհրաժեշտ պայմանները, մենք նրանց ետ կբերենք։ Ամենից շատ մեզ բնակարան է հարկավոր, մի ապրելու տեղ: Մնացած բաները մենք ինչ-որ կերպ կլուծենք։ Մենք աշխատում ենք ցանկացած մարդու հետ, ով մեզ վճարում է և խնդրում է օգնել իր ֆերմայում: Միասին մենք կարողանում ենք վաստակել օրական 500 դրամ ($ 1.50)։ Երբեմն մարդիկ նաև մեզ ուտելիք են տալիս...[45]

Ամուսիններն այժմ իրենց խղճուկ եկամտի մեծ մասը ծախսում են իրենց երեխաներին մանկատանն այցելելու համար. «Մեր հիմնական ծախսերը սննդի և երեխաներին այցելելու ճանապարհային ծախսերն են: Մենք փորձում ենք այցելել նրանց յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ»։[46]

Երևանի «Մանկան Տան», որը նաև հայտնի է որպես Նորքի մանկատուն, տնօրենի կարծիքով նորածիններից մինչև 6 տարեկան երեխաների ծնողներն իրենց երեխաներին մանկատուն են բերում մի շարք պատճառներով. «Ո՞վ է գալիս մեզ մոտ։ Միայնակ ծնողները: Դա հաճախ այն մարդիկ են, ովքեր խարանի պատճառով փորձում են թաքցնել արտամուսնական կապից ծնված երեխային։ Ընտանիքների մոտ 80 տոկոսը, ովքեր այստեղ են բերում իրենց երեխաներին, չունեն կայուն բնակելի տարածք։ Ոմանք ծնողներ են, ովքեր երկարաժամկետ կամ կարճաժամկետ բուժման մեջ են գտնվում։ Որոշ դեպքերում երեխաները հայտնաբերվում են փողոցներում՝ ոստիկանության կողմից, կամ նրանց ծնողները բանտում [են]: Երեխաներին ընդունում ենք սկսած երկու-երեք օրականից մինչև 6 տարեկան հասակում:»[47]

Ինստիտուցիոնալացման հուզական բեռը

Հաստատություններում տեղակայված երեխաները և նրանց ծնողները շարունակաբար հայտնել են, որ իրարից բաժանված լինելը ծանր հուզական ազդեցություն է ունենում իրենց վրա: Հաստատությունների ավագ աշխատակազմը նույնպես հաստատել է, որ ընտանիքներից բաժանված լինելու պատճառով երեխաները հաճախ ցուցաբերում են հուզական և երբեմն էլ ֆիզիկական ճնշվածության ախտանիշներ: Երեխաները կարող են հրաժարվել սննդից, լաց լինել, վատ տրամադրություն ունենալ և անհանգիստ լինել։

Գոհարն իր այժմ 13 տարեկան որդուն՝ Արթուրին, ուղարկել էր 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հատուկ դպրոց Երևանում, երբ նա 7 տարեկան էր։ Զսպելով արցունքները՝ Գոհարըպատմում էր Արթուրի հուզական դժվարությունների մասին.

Նա դպրոցում հարմարավետ չէր զգում և հրաժարվում էր սննդից: Դրանով նա իր բողոքն էր արտահայտում: Ամեն անգամ տուն գալիս նա նորմալ էր սնվում։ Սկզբում մենք նրան տուն էինք բերում երկու շաբաթը մեկ անգամ՝ երկու կամ երեք օրով: Բայց ուսուցիչն ասաց, որ մենք չպետք է այդքան հաճախ այցելենք նրան, քանի որ ամեն անգամ, երբ նա դպրոց էր վերադառնում, նա ավելի հուզական էր լինում: Մեզ ասացին, որ վերցնենք նրան միայն երկարատև դպրոցական արձակուրդների ընթացքում։ Ես տխրում եմ, երբ հիշում եմ այդ չորս տարիները: Մենք գիտեինք, որ իմ որդին դժվարություններ էր ունենում և չէր ուզում մնալ դպրոցում, բայց նաև հասկանում էինք, որ այլ տարբերակ չկար:[48]

Արթուրը, ով զարգացման խանգարումներ ուներ, չորս տարի է անցկացրել Երևանի հատուկ դպրոցում, մինչև նրա ընտանիքը նրան տեղափոխել է տեղական հատուկ դպրոց։ Արթուրը հուզական պայքարի մեջ էր այդ անցումը կատարելիս: Գոհարը Human Rights Watch-ին պատմում էր ընտանիքից հեռու գտնվելու ընթացքում նրա կրած հուզական ապրումների մասին.

Անգամ տուն վերադառնալուց հետո, նա վախենում էր, երբ մենք դուրս էինք գալիս կամ նրան դպրոց էինք տանում։ Նա մտածում էր, որ լքում ենք նրան: Բավականին ժամանակ պետք եղավ նրան, որպեսզի հասկանա, որ դա մշտական չէ և, որ մենք վերադառնալու ենք շատ շուտով:[49]

Տասներկուամյա Արմինեն ապրում է Իջևանի մի գիշերօթիկ հաստատությունում, քանի որ նրա ծնողները աղքատության և գործազրկության պատճառով դժվարությամբ են կարողանում հոգ տանել իրենց չորս երեխաների մասին: Արմինեն ասել է, որ նա տուն է գնալու ամռանը և ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում գիշերօթիկ հաստատությունում և մոտակայքի դպրոցում, ուր նա հաճախում է, բայց իր ընտանիքից բաժանումը դժվար է. «Ամռան վերջում ես լալիս եմ։ Ես կարոտում մայրիկիս... Եթե ես կարողանայի ինչ-որ բան փոխել, դա կլիներ ցանկացած պահի տուն գալը. ... Ես շատ եմ մտածում տուն գալու մասին: Ես իմ ընկերներին հարցնում եմ. «Ե՞րբ ես կկարողանամ տուն գնալ»։[50]

Human Rights Watch-ի այցելած որոշ մանկատների ավագ աշխատակիցներ բացեիբաց խոստովանել են, թե ինչ հուզական դժվարություններ են ապրում երեխաները` իրենց ընտանիքներից բաժանվելիս: Մի մանկատան գլխավոր բժիշկ նկարագրում էր աուտիզմ ունեցող մի տղայի ապրումները, ում ծնողները մանկատուն էին բերել 13 տարեկան հասակում, բայց մանկատուն այցելելու և ժամանակ առ ժամանակ նրան տուն տանելու միջոցով շարունակում էին ներգրավված մնալ նրա կյանքում: - Երբ տղան առաջին անգամ եկավ այստեղ, նա չէր ուտում: Երբ նոր աշխատակազմը գալիս էր նրա հետ աշխատելու, նա լաց էր լինում։ Նա չէր հասկանում, որ իր մայրը կվերադառնա, - բացատրում էր բժիշկը։[51]

Մի մանկատան տնօրեն Human Rights Watch-ի հետ զրուցեց մանկատանը բնակվող երեխաների հուզական բարեկեցության մասին, ասելով. «Նրանք կարոտում են իրենց ընտանիքներին: Սա նշանակում է, որ նրանք շատ հաճախ վատ տրամադրություն են ունենում: Սա շատ մեծ խնդիր է»:[52] Նույն մանկատան մի բժիշկ ասաց. «Մենք ունենք երեխաներ, ովքեր կարոտում են իրենց ծնողներին և շատ վատ են զգում: Երբ տևական ժամանակ ծնողները չեն այցելում նրանց, երեխաները տխրում են, շատ են մտածում դրա մասին»:[53] Մեկ այլ մանկատան մի բժիշկ ասաց. «Ես շատ կուզենայի, որ երեխաներից ոմանք իրենց ընտանիքներում լինեին: Մենք գիտենք, որ նրանց համար դժվար է այստեղ լինելը»:[54]

III. Խնդիրներ երեխաների և երիտասարդ չափահասների համար խնամքի հաստատություններում

Անհատական ուշադրության և հոգատարության պակաս

Հայաստանի մանկատներն ունեն մեծ թվով աշխատակիցներ, սովորաբար այնքան, որքան երեխաներ և երիտասարդներ կան, կամ ավելի շատ: Սակայն, մանկատներում հաճախ ընդամենը անձնակազմի մի քանի անդամներ են, ովքեր տվյալ պահին անմիջականորեն հոգում են երեխաների կարիքները խոշոր խմբերում: Մեծ հաստատության պահպանումը և գործարկումը պահանջում է անձնակազմ, որի կազմում պետք է լինեն խոհարարներ, վարորդներ, հավաքարարներ, սպասարկող անձնակազմ, և այլոք, ովքեր ուղղակիորեն ներգրավված չեն երեխաների խնամքի գործում և այն ռեսուրսային անարդյունավետության մասն են, որը բնորոշ է խոշոր հաստատությունների պահպանմանը:

Հայաստանի մանկատներում և խնամքի այլ հաստատություններում երեխաները բաժանվում են խմբերի, սովորաբար ըստ տարիքի, թեև որոշ դեպքերում ըստ հաշմանդամության կամ երկու հատկանիշների համադրությամբ: Երեխաները, որպես կանոն, ուտում են, քնում և կատարում այլ գործողություններ իրենց խմբով: Որպես կանոն, այդ խմբերը բաղկացած են 10-ից 12 երեխայից և ունեն երկու խնամակալ։ Մասնագետները, օրինակ հոգեբանը և սոցիալական աշխատողը, որոշ դեպքերում նույնպես մասնակցում են խմբերի առօրյաին շաբաթվա ընթացքում:[55] Խնամքի տակ նման մեծ թվով երեխաներ ունենալու պարագայում, անգամ առավել նվիրված և հոգատար անձնակազմը, դժվարություններ է ունենում այն անհատականացված ուշադրությունն ու խնամքը ցուցաբերելու համար, որի կարիքն ունի յուրաքանչյուր երեխա, մասնավորապես՝ երիտասարդ երեխաները կամ այն երեխաները, ովքեր, իրենց հաշմանդամությանը համապատասխան առանձնակի հոգածության և աջակցության կարիք ունեն:

Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստել են, որ երեխայի առողջ զարգացումը կախված է խնամակալի հետ երեխայի հուզական կապ ստեղծելու կարողությունից։[56] Խոշտանգումների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ազատությունից զրկված երեխաների մասին իր հաշվետվություններում նշում է, որ երեխաները «զարգացման համար կարիք ունեն հուզական ընկերակցության և ուշադրության»։[57] Հայաստանում շատ հաստատություններ չեն տրամադրում բավարար անհատականացված խնամք և դաստիարակություն՝ երեխաների մեծ խմբերի պատճառով։

Անձնական կյանքի գաղտնիության պակաս

Հաստատության հարմարության պատճառով երեխաների կազմակերպումը մեծ խմբերով հանգեցնում է նաև անձնական կյանքի գաղտնիության պակասի։ Խարբերդի մանկատան ննջասենյակներ այցելած Human Rights Watch-ի հետազոտողները աղջիկների և երիտասարդ կանանց համար նախատեսված մի ննջարանում տեսել են ինը մահճակալ: Այլ ննջասենյակներում առկա են եղել մինչև 15 մահճակալներ, որոնցից շատերը տեղադրված էին կողք կողքի։ Վանաձորի մանկատանը Human Rights Watch-ը խոսել է աղջիկների հետ, ովքեր վեց կամ տասը այլ աղջիկների հետ կիսում էին նույն ննջարանը։ 10-ից մինչև 15 տարեկան տղաների համար նախատեսված ննջասենյակում կար 13 մահճակալ, տղաների մեկ այլ ննջասենյակում` ութ մահճակալ:

Իր ընտանիքի խոր աղքատության պատճառով գիշերօթիկ հաստատությունում արդեն վեց տարի ապրող 12-ամյա Արմինեն ասաց, որ կիսում է սենյակը վեց այլ աղջիկների հետ։ Հաստատությունում նրա համար ամենադժվար խնդիրներից մեկն այն է, որ նա իր սենյակը կիսում է շատ տարբեր մարդկանց հետ: - Ես կցանկանայի իմ սեփական սենյակն ունենալ: Ոչ մի առանձնահատուկ բան` պարզապես մյուս բոլոր սենյակների նման մի սենյակ։ Երբեմն մենք վիճում ենք միմյանց հետ և չենք ուզում քնել մեկ սենյակում: Գնալու, քնելու այլ տեղ չկա։ Միայն մեր սենյակն է:[58]

Խոշտանգումների գծով հատուկ զեկուցողը կարևորեց հաստատություններում երեխաների անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հարգման անհրաժեշտությունը։[59]

Մատչելիության պակաս

Չնայած նրան, որ իրենց երեխաներին մանկատներում կամ այլ տեսակի խնամքի հաստատություններում տեղակայելու համար ծնողների նշած պատճառներից մեկը եղել է իրենց համայնքներում մատչելիության բացակայությունը, 2016թ. ապրիլ և մայիս ամիսներին Human Rights Watch-ի այցելած դպրոցներում և մանկատներում մատչելիություն եղել է սահմանափակ կամ առհասարակ բացակայել է։ Անգամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված մանկատների և դպրոցների, այդ թվում նաև ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված միակ մասնագիտացված դպրոցի ներսում մատչելիության պակաս կա հենց հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Մատչելիության բացակայությունը հնարավորություն չի տալիս հաշմանդամություն ունեցող շատ երեխաների լիարժեքորեն իրագործել իրենց այնպիսի իրավունքները, ինչպիսիք են կրթության իրավունքը, շփվելու հնարավորությունը, անկախ լինելու և ինքնուրույն ապրելու հմտություններ սովորելու իրավունքը։

Օրինակ, ըստ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենի. «Մենք չունենք ոչ վերելակ և ոչ էլ թեքահարթակներ` մենք ստիպված ենք ինքներս տեղափոխել երեխաներին: Հաջորդ տարվա սկզբին կկառուցվի մի թեքահարթակ և վերելակ։ Նոր կառուցվածքը կօգնի աշխատակիցներին: Մենք նաև կստեղծենք մի փոքրիկ «քաղաք» կույր երեխաների համար: Այն երեխաները, ովքեր կուրություն ունեն, կսովորեն ինքնուրույն տեղաշարժվել։[60]

Խարբերդի մանկատան տնօրենը, որտեղ 221 բնակիչների կեսը տեղաշարժվում են անվասայլակով, ասաց. «Վերելակը հաճախ չի աշխատում։ Ստիպված ենք լինում հաճախակի վերանորոգել այն: Ես պետք է անընդհատ զանգահարեմ վարպետին, որպեսզի վերանորոգի այն»:[61] Նա նաև Human Rights Watch-ին ասել է, որ մանկատունը շատ քիչ մատչելի զուգարաններ և լոգասենյակներ ունի։[62] Երևանիթիվ 17 հատուկ դպրոցում, որը միակ պետական հաստատությունն է հենաշարժական համակարգի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, չկար գործող վերելակ: Միայն մեկ թեքահարթակ կար, որը երեխաներին հնարավորություն էր տալիս առաջինից երկրորդ հարկ տեղափոխվել, թեև 2016թ. ապրիլին Human Rights Watch-ի կատարած այցի ժամանակ շենքը գտնվում էր ամբողջական վերանորոգման ընթացքում։

Human Rights Watch-ը հարցազրույց է անցկացրել 11-ամյա Թագուհու հետ, ով անվասայլակով է տեղաշարժվում և մանկատանը ապրում է սկսած 6 տարեկանից։ Նա ասաց, որ մանկատանը նա հիմնականում սահմանափակված է մի փոքր տարածության մեջ, որտեղ նա ուտում, քնում, դպրոց այցելող ուսուցչի հետ դասեր է անում և շփվում է մյուսների հետ. «Ես միայն մի քիչ եմ կարողանում շարժվել իմ անվասայլակով։ Իմ ունեցածը մի պարզ անվասայլակ է: Միշտ ինչ-որ մեկն ինձ օգնում է տեղաշարժվել։ Ես հիմնականում երկու սենյակներում եմ լինում», ասել է նա Human Rights Watch-ին։[63]

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո Գյումրիում գործում է մի կենտրոն, որը համայնքում հետդպրոցական և սոցիալական աջակցություն է տրամադրում խոցելի իրավիճակներում հայտնված ընտանիքներին՝ նպատակ ունենալով. «կանխել երեխաների տեղակայումը մանկատներում և գիշերօթիկ դպրոցներում», - ինչպես նշում է կենտրոնի տնօրենը: Սակայն, այս ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների համար: - Մենք ունենք հաշմանդամություն ունեցող 8-ից 10 երեխա, բայց նրանք ի վիճակի են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները։ Մեր շենքը մատչելի չէ, - նշել է տնօրենը։[64]

Անկախ կյանք վարելու անպատրաստություն և հաշմանդամություն ունեցող չափահասների ինֆանտիլացում

Խնամքի հաստատությունների աշխատակազմը բավարար ջանքեր չի գործադրում երեխաների մոտ կյանքի հմտությունների զարգացման կամ չափահաս դառնալուց հետո ինքնուրույն կյանք վարելու ուղղությամբ նրանց նախապատրաստելու համար: Սա ազդում է ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող, բայց առավելապես հաշմանդամություն ունեցող երեխաների վրա: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող երիտասարդները զրկվում են այն հնարավորություններից, որոնք ինքնըստինքյան ենթադրվում են իրենց հասակակիցների համար, ինչպես, օրինակ՝ աշխատանք ունենալը, իրենց ընտրությամբ ընկերների շրջանակ ձևավորելը, կյանքի ընկեր կամ ամուսին գտնելը կամ երեխաներ մեծացնելը: Հաստատությունների ղեկավարները հաստատել են, որ իրենք չեն համարում, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդունակ են ինքնուրույն որոշումներ կայացնել:

Հաշմանդամություն չունեցող շատ երեխաներ հայտարարել են, որ հաստատություններից հեռանալու պահին իրենք բավարար չափով պատրաստ չեն եղել ինքնուրույն կյանք վարելու համար: Օրինակ Էլենը, ով այժմ 20 տարեկան է և սովորում է մանկավարժական համալսարանում, ընդհանուր տիպի մանկատանը ապրել է ինը տարի, քանի որ նրա այրիացած հայրը մտածել էր, որ չի կարող միայնակ մեծացնել նրան և մյուս երկու երեխաներին։ Ինչ վերաբերում է մանկատնից դուրս կյանքի համար նրա պատրաստված լինելուն, նա ասել է. «Մանկատանը մենք սովորել էինք, որ ինչ-որ մեկն ամեն ինչ անում է քո համար: Երբ մենք հեռացանք, մենք հասկացանք, որ մենք ստիպված ենք ամեն ինչ ինքնուրույն անել»։[65]

Էլմիրան, ով արդեն չորս տարի ապրում է ընդհանուր մանկատանը և վերջերս է դարձել 18 տարեկան, բացատրեց, որ իրեն տեղեկություններ կամ ուղղություն չի ցույց տրվել ինքնուրույն ապրելու մասին. «Ոչ ոք ինձ հետ ուղիղ չի խոսել, թե ինչ է իրենից ենթադրում հեռանալը: Տնօրենը բոլորիս [18 տարեկաններին] միասին կանչեց և բացատրեց, որ արդեն հնարավոր է հեռանալ մանկատնից: ... Գուցե այս ամառ ես կհեռանամ, բայց ես դեռ չգիտեմ։ Իմ 18-ը լրացել է2015թ. դեկտեմբերին։ Երբեմն ես ուզում եմ հեռանալ, իսկ երբեմն չեմ ուզում։ Ես մտածում եմ մայրիկիս հետ ապրելու մասին։Մտածում եմ միայնակ ապրելու մասին»։[66]

Էջմիածնում գործող «Մեր տունը» կազմակերպությունը մանկատներից տարիքի լրացման պատճառով դուրս գրվող հաշմանդամություն չունեցող երիտասարդ կանանց օգնում է ընդունվել բուհեր և մոտավորապես 12 երիտասարդ կանանց ապահովում անցումային խմբային բնակարանով։ Կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը նկարագրել է այս մարտահրավերները. «Երիտասարդ կանայք չգիտեն, թե ինչպես պետք է եփել կամ մաքրություն անել, պահպանել հիգիենա և նման բաներ, ինչպես նաև այլ, իրենց համար անհրաժեշտ հարցեր։ Մանկատներում ամեն ինչ արվում է նրանց համար: Այստեղ նրանք սովորում են, որ նրանք պետք է իմանան, թե ինչպես ամեն ինչ ինքնուրույն պատրաստեն»։[67]

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների անպատրաստությունն անկախ կյանքի համար, ինչպես նաև նրանց գործունակության մերժումը, ինչպես նկարագրված է ստորև, կարող է նշանակել, որ նրանք ամենայն հավանականությամբ հարկադրված կլինեն մնալ մանկատանը, որտեղ նրանք ապրում էին որպես երեխաներ, կամ տեղափոխվել հաշմանդամություն ունեցող մեծահասակների համար նախատեսված նորաստեղծ «Ձորակ» հաստատություն։

Օրինակ, ողջ կյանքը մանկատանն անցկացրած 20-ամյա Արփին, ով ունի մեղմ մտավոր հաշմանդամություն, հայտնում է, որ նա շատ քիչ էր նախապատրաստված ինքնուրույն ապրելու համար։ Նա սովորում է վարսահարդարի գործ և հստակորեն նշեց որոշ բաներ, որ նա իր համար կուզենար ինքնուրույն կյանքում: Արփին Human Rights Watch-ին պատմեց.

 

Ես այստեղ եմ մեծացել: Հիմա ես հաճախում եմ արհեստագործական ուսումնարան: Ես արդեն որոշ բաներ եմ սովորել այնտեղ: Ես, իրոք ցանկանում եմ սովորել օգտվել ավտոբուսից և ինքնուրույն գնալ ուսումնարան։ Ես մտածում եմ միայնակ ապրելու, շատ ընկերներ ունենալու և իմ սեփական բնակարանն ունենալու մասին: Ես կնախընտրեի ապրել մեկի հետ, մի ընկերոջ։ Մենք կարող էինք համատեղ ապրել այնտեղ: Ես մտածում եմ այս հաստատությունից դուրս գալու մասին, թեկուզ մի քանի օրով: Ես երազում եմ այլ մարդկանց հետ խոսելու մասին:[68]

Էդմոնդը, արդեն 20 ու կես տարեկան, ով իր ողջ կյանքն ապրել է ինստիտուցիոնալացված խնամքի տակ, ուսանում է արհեստակցական ուսումնարանում և մասնագիտանում առևտրի մեջ, ասաց, որ հաստատությունում ապրելու հետ կապված ամենամեծ դժվարությունը կայանում է նրանում, որ չես կարողանում ավելի հաճախակի դուրս գալ և առնչվել համայնքի կյանքի տարբեր բնագավառների հետ, ինչն էապես կօգներ հաստատությունից դուրս կյանքին պատրաստվելու համար: - Այն ողջ ընթացքում, որ ես այստեղ եմ եղել [17 տարի], եղել եմ նույն աշխատակազմի հետ: Երբեմն, մենք դուրս ենք գալիս։ Մենք հրավիրվում ենք տարբեր տեղեր, թատրոն, այլ միջոցառումների: Ես իսկապես սիրում եմ դուրս գալ։ Մյուս երեխաները հոգնում են, բայց ես միշտ կարիք ունեմ և ցանկանում եմ դուրս գալ:[69]

Էդմոնդն պատմեց որոշ բաների մասին, որոնք նա կցանկանար ունենալ անկախ կյանքում, բայց բացատրեց, որ մանկատան շրջանակը սահմանափակում է իր` հարաբերություններ զարգացնելու կարողությունը, սեփական ընտանիք ունենալը, աշխատելը՝ իրեն և իր ընտանիքին պահելու համար, և որ նա չի ստանում իր ընտրած կյանքով ապրելու աջակցությունը։ - Ես տուն չունեմ և աշխատանք չունեմ, և ես պետք է աշխատեի, որպեսզի հոգ տանեի իմ և իմ ընտանիքի մասին: Ընկերուհի կամ կին ունենալու համար ինձ անհրաժեշտ է այս ամենը: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը: Այնպես որ, ես մտածում եմ, որ չեմ կարող ընկերուհի ունենալ, - ասել է Էդմոնդը։[70]

Հաստատությունների ղեկավարները հաստատեցին, որ իրենք չեն համարում, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդունակ են ինքնուրույն որոշումներ կայացնել, և երիտասարդ չափահասներին հետևողականորեն անվանում են «երեխաներ», նույնիսկ այն դեպքում, երբ նրանց խնամքի տակ գտնվող անհատներն ավելի քան 18, նույնիսկ 20 և 30 տարեկան են։ Ի թիվս այլ հարցերի, նրանք ժխտում են, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ի վիճակի են ունենալ հասուն, առողջ ռոմանտիկ հարաբերություններ այլոց հետ: Ղեկավարությունը նաև չի տրամադրում համապատասխան սեռական կրթություն:

Օրինակ, մի բժիշկ Human Rights Watch-ին հայտնել է. «Քանի որ երեխաները [մտավոր և զարգացման] հաշմանդամություն ունեն, նրանք նույնիսկ չեն հասկանում ... ռոմանտիկ կամ սեռական հարաբերությունների մասին: Նրանք նույնիսկ չգիտեն նման բաների մասին և չունեն նման զգացմունքներ: Մենք չենք կարող խոսել նման բաներից երեխաների հետ ... Նրանցից ոմանք գտնվում են շատ ծանր վիճակում: Նրանք չեն հասկանում։ Ես չեմ կարծում, որ սա նրանց հետ քննարկելու հարց է»:[71] Մեկ այլ հաստատության բժիշկ նշել է. «Մենք երբեք հարաբերություններ չենք նկատել, քանի որ նրանք մի ընտանիքի պես են զգում, միմյանց մասին մտածում են որպես եղբայրներ և քույրեր: Նրանք պաշտպանում և օգնում են միմյանց: Երբեմն նրանք վիճում են։ Մենք չունենք փորձ, երբ որևէ մեկի մոտ սեռական հարաբերություններ եղած լինեն»:[72]

Քիչ համայնքային ծառայություններ են առկա, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց աջակցում են մանկատներից դուրս գրվելուց հետո անցումային շրջանում կամ անկախ, չափահաս կյանք վարելու առումով: Այն ծառայությունները, որոնք մատչելի են, իրականացվում են հասարակական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Էջմիածնում գործող «Մեր տունը», որը ծ ծառայություններ է մատուցում հաշմանդամություն չունեցող երիտասարդ կանանց համար և «Ջերմիկ անկյունը», որն աջակցում է հաշմանդամություն ունեցող չափահասներին Երևանում: Դոնորները և կառավարության մարմինները պետք է աջակցեն նմանատիպ խմբերին, այնպես, որ նրանք կարողանան ընդլայնել իրենց ծառայությունները:

Գործունակության մերժումը

Գործունակությունը անձի` օրենքով ճանաչված լիազորությունը կամ հնարավորությունն է իր անունից հաստատապես գործելու՝ հնարավորություն տալով նրան ունենալ իրավունքներ և կրել պարտականություններ, կայացնել պարտադիր կատարման ենթակա որոշումներ և ստանալ հարգանք դրանց նկատմամբ: Այն նպաստում է անձնական ազատությանը՝ հնարավորություն տալով անհատին ապահովել զբաղվածություն, ամուսնանալ, ժառանգել սեփականություն, քվեարկել, վերահսկել իր ֆինանսական գործերը, ստորագրել պայմանագիր և այլն: Այն նաև պաշտպանում է անհատին անցանկալի միջամտություններից:[73] Համաձայն Հայաստանի օրենսդրության, երեխաները չունեն լիարժեք իրավազորություն։[74]Հայաստանի օրենսդրությունը երաշխավորում է18 տարին լրացած յուրաքանչյուր մարդու լիարժեք գործունակության իրավունքը:[75]

Հայաստանում, չափահաս դառնալուց հետո, մտավոր և հոգե-սոցիալական հաշմանդամություն ունեցող անձը կարող է զրկվել գործունակությունից դատարանի որոշմամբ, որից հետո դատարանը տվյալ մարդու համար նշանակում է խնամակալ, ով որոշումներ է կայացնում նրա անունից:[76] Հայաստանում չկա որևէ մեխանիզմ մտավոր և հոգեբանական-սոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց գործունակությունից մասնակիորեն զրկելու համար։ Գործունակությունից մասնակիորեն զրկելու պատճառները ներառում են կախվածությունը ալկոհոլից, թմրամիջոցներից կամ խաղամոլությունից:[77]

Human Rights Watch-ը պարզել է, որ մտավոր և հոգե-սոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց իշխանությունները պարբերաբար զրկում են գործունակությունից, երբ նրանք դառնում են չափահաս, այնպես որ անհատի խնամակալը, որը կարող է լինել մանկատունը կամ հաստատությունը, շարունակում է կայացնել բոլոր իրավական և այլ որոշումները նրանց փոխարեն:[78] Հաշմանդամություն ունեցող անհատները, ովքեր, որպես երեխաներ, ապրում են հաստատություններում, կարող են չունենալ իրենց ապրելու վայրի կամ իրենց կյանքին առնչվող այլ բնագավառների վերաբերյալ ընտրության հնարավորություն, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք դառնում են 18 տարեկան։Հայկական իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես փաստագրել են լուրջ մտահոգություններ՝ մտավոր և հոգե-սոցիալական հաշմանդամություն ունեցող չափահասներին գործունակությունից զրկելու պրակտիկայի վերաբերյալ:[79]

Human Rights Watch-ի կողմից արձանագրված մի դեպքում, Էդմոնդը, ով 20 ու կես տարեկան է և ունի մեղմ մտավոր հաշմանդամություն, պատմել է Human Rights Watch-ին, որ իրեն հնարավորություն չի տրվում հեռանալու այն հաստատությունից, որտեղ նա ապրել է մանկուց ի վեր: - Ես չեմ կարող պատասխանել, թե ով է որոշում, որ ես այստեղ մնամ: Դուք կարող եք հարցնել տնօրենին։ Ես այստեղ եմ եղել 8 տարեկանից ի վեր, և ես կմնամ այստեղ: ... Իմ երազանքներից մեկն է, որ ես կարողանամ ինքնուրույն ապրել և իմ սեփական կյանքն ապրեմ: Երկար ժամանակ ես մտածում էի ինքնուրույն ապրելու մասին, բայց ես կորցրել եմ հույսս:[80]

Ըստ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենի, երբ երեխաները դառնում են 18 տարեկան, նրանք կարող են վերադարձվել իրենց ընտանիքներին, եթե նրանց ընտանիքներն ընդունեն իրենց: Ընտանիքները, եթե նրանք են հանդիսանում անհատի օրինական խնամակալ, կարող են նաև թույլատրել, որպեսզի իրենց չափահաս երեխաները տեղակայվեն մեծահասակների համար նախատեսված հաստատությունում։ Այն երեխաները, ում ծնողները հրաժարվել են իրենց ծնողական իրավունքներից և ում չեն որդեգրել մինչև 18 տարեկան դառնալը, «ավտոմատ կերպով տեղափոխվում են 18 տարեկանից բարձր` հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված «Ձորակ» հաստատություն»։[81] Մարի Իզմիրլյանի անվան մանկատան փոխտնօրենը նույնպես հաստատեց, որ իշխանությունները գերիշխող դեր ունեն հաստատություններում երեխայի ապագա տեղակայման մասին որոշումների կայացման մեջ։ Նա Human Rights Watch-ին պատմել է. «Երբ երեխան դառնում է 18 տարեկան, մենք տեղեկատվություն ենք ուղարկում նախարարություն [աշխատանքի և սոցիալական հարցերի] այն մասին, որ մենք ունենք այսպիսի երեխա և հայցում ենք, որպեսզի երեխան տեղափոխվի համապատասխան հաստատություն: Մենք ներկայացնում ենք տվյալներ նրանց հաշմանդամության, առողջության պատմության և մասնավոր հարցերի վերաբերյալ: ... Շատերը գնում են «Ձորակ»: Եթե ​​կան հոգեկան խնդիրներ, երեխաները կարող են ուղարկվել հոգեբուժական կենտրոններ»։[82]

 

Human Rights Watch-ի կողմից հարցված մանկատան աշխատակիցը խուսափեց պատասխանել կոնկրետ հարցերին, թե ինչպես կարող է ապահովվել մեծահասակների գործունակությունը, և թե արդյոք հաստատությունում առկա է որևէ կոնկրետ մեխանիզմ, որը ներդրված է շարունակական տեղակայման վերաբերյալ անհատի անձնական տեսակետները հաշվի առնելու համար:[83] Human Rights Watch-ին ուղղված մի նամակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաղորդում է. «Նախքան սոցիալական պաշտպանության հաստատություններ ընդունվելը՝ դիմորդներն ունենում են համապատասխան իրավական կարգավիճակ», առանց լրացուցիչ մանրամասների, ի պատասխան այն հարցին, թե պետական հաստատություններում մեծահասակներից քանիսը ունեն գործունակություն:[84]

Խարբերդի մանկատան տնօրենը պարզաբանել է, որ շատ երեխաներ, ովքեր դառնում են 18 տարեկան, մնում են հաստատությունում և նշել է, որ որևէ քայլ չի ձեռնարկվում ապահովելու նրանց գործունակության կիրարկումը, ովքեր դառնում են 18 տարեկան: - Տասնութից հետո սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվում: ... Անվասայլակով տեղաշարժվող բոլոր չափահասները մնում են այստեղ: Ինչպես նշվել է վերևում, Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրում է 127 երիտասարդ չափահաս:[85] Տնօրենը նաև նշել է, որ շարունակական ինստիտուցիոնալացման այլընտրանքների պակասը հանգեցրել է նրան, որ պաշտոնյաները որոշումներ կայացնեն երեխաներին խնամքի հաստատություններում պահելու օգտին։- Մենք մի երիտասարդ ունենք, ով հոգեկան խնդիրներ ունի: Մենք պետք է նրան այստեղ պահենք: 18 տարեկանից հետո նա պետք է գնա հոգեբուժարան: Ես չեմ կարծում, որ դա լավ է։ Ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ այլ տարբերակ լինի, - ասել է նա:[86]

Ըստ հաշմանդամություն ունեցող 120 չափահասների խնամող «Ձորակ» հոգեբուժական օգնության կենտրոնի տնօրենի. «Մարդիկ երբեք այլ տեղ չեն գնա: Նրանք կմնան այս հաստատությունում իրենց ողջ կյանքի ընթացքում»:[87]

Սոցիալական ծառայությունների բացակայությունը չպետք է արդարացում հանդիսանա 18 տարին լրացած ցանկացած անձին գործունակությունից զրկելու համար։ Կառավարությունը պետք է անհապաղ բարեփոխի մեծահասակների համար գործունակության և հոգաբարձության մասին օրենքը՝ ներդնելով որոշումների կայացման մեջ օգնող և աջակցող մի համակարգ, որը հարգում է հաշմանդամություն ունեցող անձի ինքնավարությունը, կամքը և նախասիրությունները: Կառավարությունը պետք է նաև ստեղծի իր աջակցությամբ բնակության և այլ առընչվող ծառայություններ, որոնք կերաշխավորեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք, ի թիվս այլ իրավունքների, կարողանան իրագործել իրենց ինքնավարության և համայնքում ապրելու իրավունքներից:

Ի հակադրումն դրա, ընդհանրացված մանկատան աշխատակազմը, որտեղ բնակվում են միայն հաշմանդամություն չունեցող երեխաներ, հստակ հայտարարել է, որ դառնալով 18 տարեկան՝ երեխաները ձեռք են բերում լիարժեք գործունակություն և որ մանկատունն այս առումով հարգում է օրենքը: Ըստ մի ընդհանրացված մանկատան փաստաբանի. «Օրենքի համաձայն, երբ նրանք դառնում են չափահաս, մանկատունը նրանց նկատմամբ այլևս իրավունքներ կամ պարտականություններ չունի։ Չի սահմանվում, թե որ դեպքերում մենք կարող ենք պահպանել խնամակալությունը: Նրանք համարվում են մեծահասակներ։ Մեզ մոտ ապրում են 18 տարեկանից բարձր բնակիչներ, քանի որ դա իրենց ընտրությունն է: Մենք ամեն ինչ քննարկում ենք նրանց հետ և հաշվի ենք առնում նրանց որոշումները»:[88]

Կառավարության պարտավորությունները գործունակության վերաբերյալ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում ապրելու իրավունքն անխզելիորեն կապված է օրենքի առջև հավասար ճանաչման իրավունքի և մյուսների հետ հավասար հիմունքներով գործունակության կիրարկման հետ, որը երաշխավորված է ՀԻԿ կոնվենցիայի 12-րդ հոդվածով: Հաշմանդամություն ունեցող անհատները հատկապես խոցելի են հաստատություններում տեղակայվելու իմաստով, քանի որ նրանք շատ հաճախ զրկված են իրենց կյանքին վերաբերվող էական որոշումներ կայացնելու, ներառյալ` հաստատությունից հեռանալու ընտրության իրավունքներից: Հետևաբար, երեխաների և երիտասարդների` համայնքում ապրելու իրավունքն ապահովելու համար, պետությունները պետք է նաև հարգեն նրանց` չափահաս դառնալուց հետո գործունակության լիարժեք իրացման իրավունքը։

Ըստ մարդու իրավունքների միջազգային օրենքի, յուրաքանչյուր ոք ունի օրենքով որպես իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք:[89] Այս ճանաչումը պարունակում է այն ենթադրությունը, որ անձը կարող է իր անունից կայացնել կենսական որոշումներ: ՀԻԿ-ը պետություններից պահանջում է ճանաչել, որ «հաշմանդամություն ունեցող անձինք, մյուսների հետ հավասար հիմունքներով, ունեն գործունակություն կյանքի բոլոր բնագավառներում», որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են գործել ելնելով իրենց լավագույն սեփական շահերից և, որ անհրաժեշտության դեպքում նրանց պետք է աջակցություն ցուցաբերվի իրենց գործունակությունը իրացնելու համար:[90]

Աջակցված որոշումների կայացման համակարգը պետք է լինի անհատի իրավունքների իրացմանն օժանդակող ռեժիմ, մի գործընթաց, որի միջոցով անձի կամքն ու նախապատվություններն ամբողջությամբ հարգվում են: Այս աջակցության համակարգի շրջանակներում պետությունը պետք է ապահովի երաշխիքներ` չարաշահումների կանխարգելման նպատակով: Այս երաշխիքները պետք է ապահովեն, որ տրամադրվող աջակցությունը համարժեք լինի անձի հանգամանքներին, սահմանափակ տևողություն ունենա, չառաջացնում շահերի բախում, և ենթակա լինի պարբերական և անաչառ վերանայման՝ անկախ մարմնի կողմից:[91]

Կառավարությունը պետք է վերանայի 18 տարեկանը լրացած երեխաներին և երիտասարդ չափահասներին հաստատություններում տեղակայելու իր ընթացակարգերը՝ ապահովելով, որ նման տեղակայումը չհանգեցնի ազատազրկման և պետք է հաստատի համապատասխան երաշխիքներ` նրանց ցանկացած կամայական ազատազրկումից պաշտպանելու համար:[92] Անձի ազատության և անվտանգության երաշխիքները և այդ ազատությունների ցանկացած սահմանափակում վիճարկելու իրավունքը սահմանված է ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածով և ՔՔԻՄԴ 9-րդ հոդվածով, որտեղ ասվում է. «Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգի համապատասխան, որոնք սահմանված են օրենքով»։[93] ՀԻԿ-ը հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ պաշտպանություն է ապահովում ընդդեմ ազատազրկման, մասնավորապես, հաշմանդամության առկայության հիմքով չձերբակալվելու իրավունքը։ Հետևաբար, ցանկացած ազատազրկման հիմքում պետք է լինի որոշակի հանգամանք, որը խտրականություն չի դրսևորում հաշմանդամության հիման վրա:[94]

IV. Վերափոխված կյանքեր

Human Rights Watch-ը զրուցել է ընտանիքների հետ, ովքեր կարողացել են իրենց երեխաներին տուն վերադարձնել, հաճախ երկար ժամկետով հաստատություններում ապրելուց հետո։ Այս դեպքերի թվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող երեխաները: Այլ դեպքերում, այն ծնողները, ովքեր պատրաստվում էին իրենց երեխաներին խնամքի հաստատություններ ուղարկել, անհրաժեշտ աջակցություն են ստացել հասարակական կազմակերպություններից։ Այդ օժանդակությունը ներառել է բնակարան, սնունդ, հագուստ և դպրոցական պարագաներ` իրենց երեխաներին տանը մեծացնելու նպատակով:

Human Rights Watch-ը 2016թ. մայիսին հարցազրույց է անցկացրել Մարիանայի և Գևորգի հետ, ովքեր ապրում են Երևանում, ունեն սեփական փոքր բիզնես և պատմել են իրենց դստեր՝ Ինեսայի` 2009թ. օգոստոսին, ծնվելուց անմիջապես հետո հիվանդանոցում անցկացրած ժամանակի մասին: Սկսեց Գևորգը.

Երբ Ինեսսան ծնվեց ... բժիշկն ասաց, որ նա Դաունի համախտանիշ ունի: Մեր ընտանեկան բժիշկը, ով շատ մտերիմ է մեզ, ասաց, որ երեխան երկար չի ապրի: Նա ասաց, որ դա կարող է նույնիսկ տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում... Նա ներկայացրեց մեր երեխային հանձնելու հնարավորությունները: Մեր խոսակցությունն ավարտվեց նրանով, որ մենք մի թուղթ ստորագրեցինք երեխայից հրաժարվելու վերաբերյալ: ... Դա ծնվելուց հինգ կամ վեց օր հետո էր։ Կինս առողջական բարդություններ ուներ և նա լավ չէր զգում: Հինգ տարի մենք Ինեսսայի մասին որևէ տեղեկություն չունեինք:

Մարիանան և Գևորգը շարունակեցին ներկայացնել Ինեսսային գտնելու համար 2015թ. սկզբից իրենց սկսած որոնումների մասին.

«Մեկ ու կես տարի առաջ, մեր մեծ երեխան, մեր դուստրը, ով 25 տարեկան է,ենթարկվել էր մի վատ ելքով ավտովթարի։ Ես Աստծուն աղոթեցի, որ օգնի իմ դստերը, ... և խոստացա, որ կորոնեմ Ինեսսային: ... Մենք գտանք մի բարեկամի, ում ծանոթն աշխատում էր մանկատանը: Մենք նրան խնդրեցինք օգնել մեզ: Մենք գտանք Ինեսսային այդ անձի շնորհիվ։ Նա Նորքի մանկատանն էր արդեն հինգ տարի: Նրան այստեղ էին տեղափոխել, քանի իր տարիքը լրացել էր Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Ես գնացի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն և բացատրեցի իրավիճակը. «Եթե մենք իմանայինք, որ նա կապրեր, մենք չէինք լքի նրան»։ Նրանք հասկացան մեզ և օգնեցին տուն բերենք Ինեսսային

Ինեսսային գտնելուց հետո, զույգը նրան բերեց իրենց Երևանի տուն: Հիմա, երբ արդեն նրանք վերամիավորվել են, Գևորգը նկարագրեց փոփոխությունը Ինեսսայի և իրենց համար.

Նա բոլորովին չէր քայլում: Նա սկսեց քայլել, միայն տուն գալուց հետո: ... Նա ավելի շատ է հասկանում։ Նա գիտի իր անունը: Նա կարողանում է պատասխանել: Մենք համոզված ենք, որ նա շատ բան կարող է հասկանալ: ... Ինեսսան օրհնություն է։ Եթե մենք չվստահեինք մեր ընտանեկան բժշկին, մենք երբեք չէինք թողնի նրան: Հիմա ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:[95]

Մեկ այլ դեպքում, ընտանիքներ վերադարձող երեխաների աջակցության և երեխաների տեղակայումը հաստատություններում կանխարգելող ծրագրեր իրականացնող «Առավոտ» ՀԿ-ն օգնել էր Գոհարին (36 տարեկան) և նրա մայրիկին, Գյումրիի բնակելի դպրոցից, որտեղ ապրում են 100-ից ավելի երեխաներ, իր երկու երեխաներին տուն բերելու հարցում։[96] Գոհարի երեխաներն ինը տարի ապրում էին այնտեղ։ «Առավոտը», որպես օգնություն, այս ընտանիքին տրամադրել է սնունդ, դպրոցական պարագաներ, գրքեր, կոշիկներ և հագուստ։ Ըստ Գոհարի դուստր Հռիփսիմեի, (16 տարեկան) .«Դպրոցում նորմալ էր։ Մենք խաղում էինք։ Ես ընկերներ ունեի այնտեղ։ Բայց, իհարկե, տանը լինելն ավելի լավ է։ Մենք մեր մայրիկի հետ ենք։ Այստեղ ավելի ջերմ է»:

Գոհարն ապրում է իր մոր և եղբոր հետ, ովքեր երկուսն էլ հաշմանդամություն ունեն: Ի լրումն հաշմանդամության կենսաթոշակների, ընտանիքը ստանում է 28000 ՀՀ դրամ ($58) սոցիալական նպաստ, որը նրանք հիմնականում ծախսում են կոմունալ ծառայությունների վրա։ - Երբ «Առավոտի» աջակցությունն ավարտվի, դժվար կլինի, և մենք պետք է ավելի շատ մտածենք այն մասին, թե ինչպես ենք վճարելու սնունդի համար, - ասաց նա: - Սակայն, անկախ նրանից, թե ինչքան վատ կլինի, ես նրանց ետ չեմ ուղարկի բնակելի դպրոց:[97]

Աննան, այժմ 11 տարեկան, հինգ տարի անցկացրել է մանկատանը, քանի որ նրա մայրը` Նառան, ով տարիներ շարունակ ենթարկվել էր ընտանեկան բռնությունների և ի վերջո ամուսնալուծվել, ի վիճակի չի եղել հոգ տանել նրա մասին: Նառան բացատրեց. «Իմ ամուսնալուծությունից հետո ամուսինս ինձ դուրս արեց, և ես որևէ տեղ կամ միջոց չունէի ապրելու»: 2015թ.-ի վերջին Նառան կարողացավ Աննային տուն բերել ոչ հասարակական կազմակերպություններ աջակցությամբ, որոնք տրամադրեցին սնունդ, կահույք և մի կով, որպեսզի օգնեն պահպանել իր ընտանիքը: Նառան դեռ ապրում է աղքատության մեջ և իր եկամտի հիմնական մասը վաստակում է կովի կաթը վաճառելով, ուրիշների կովերը կթելով, ինչպես նաև որոշ սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներով: «Ամենակարևորն այն է, որ իմ երեխան հիմա ինձ հետ է»։ Նառան ասաց, որ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ էր, երբ նա Աննային տուն բերեց, որպեսզի միասին ապրեն: «Դա ամենաերջանիկ Սուրբ Ծնունդն էր, որ մենք երբևէ ունեցել էինք»։[98] Ինչպես Աննան պատմեց Human Rights Watch-ին. «Ամենադժվար մասն ինձ համար [մանկատանը] այն էր, որ ես իմ մայրիկի հետ չէի։ Անցյալ տարի, Սուրբ Ծնունդին ինձ հարցրեցին. «Ի՞նչ երազանք ես պահել այս Սուրբ Ծննդյան օրը»։ Եվ ես ասացի. «Ես կցանկանայի, որ մայրս գա և վերցնի ինձ: Եվ ինձ ասացին. «Վաղը քո մայրը պիտի գա»:[99]

Մեկ այլ դեպքում, Գյումրիում ապրող` 2-ից 12 տարեկան հինգ երեխաների մայր 30-ամյա Հեղինեն Human Rights Watch-ին ասել է, որ 2015 թվականին ինքը մտածում էր իր երեխաներին գիշերօթիկ դպրոց ուղարկելու մասին։ Ընտանիքը լուրջ ֆինանսական դժվարություններ ուներ և ապրում էր հանրակացարանի տիպի շինության ննջասենյակներում, առանց ջրամատակարարման: Հեղինեն նկարագրել է ընտանիքի աղքատությունը. «Մենք շատ վատ վիճակում էինք։ Մենք գումար չունեինք դպրոցական պարագաների կամ հագուստի համար: Սնունդը մենք միայն կարողանում էինք ապառիկ վերցնել, առանց վճարելու»:[100] Երբ նրանց ամենափոքր երեխան էր ծնվել և ուներ լուրջ, անհասկանալի ցնցումներ, իրենց վիճակն ավելի վատթարացավ: - Երբ իմ աղջիկը ծնվեց, ամուսինս Ռուսաստանում էր` աշխատանք էր փնտրում, բայց նա վերադարձավ, որպեսզի օգնի նրա մասին հոգ տանել, - ասաց Հեղինեն։ Երբ նա դիմել էր մարզպետարան իր չորս ավագ երեխաներին հատուկ դպրոց ընդունելու խնդրանքով, նրանք Հեղինեին ուղղորդել էին դեպի «Առավոտ» ՀԿ: «Առավոտի» աջակցությամբ Հեղինեի երեխաներն ապրում են նրա հետ` իր ամուսնու մահից հետո տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված բնակարանում և հաճախում են դպրոց:[101]

V. Ազգային և միջազգային իրավական պարտավորություններ

Ազգային իրավական պարտավորություններ

ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող միջավայրում։[102] Երեխայի իրավունքների մասին օրենքը նախատեսում է, որ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երբ ծնողները կամ օրինական խնամակալները չեն կարողանում ապահովել համապատասխան կենսապայմաններ, կառավարությունը պետք է տրամադրի օգնություն:[103] Օրենքը նաև նշում է, որ այն դեպքերում, երբ երեխային այլընտրանքային ընտանեկան խնամք տրամադրելու հնարավորություն չկա, կառավարությունը պետք է երեխային տեղակայի մանկատանը կամ գիշերօթիկ դպրոցում։ Օրենքը նաև պահանջում է, որ խնամքի հաստատությունները ստեղծեն «ընտանեկան մթնոլորտին մոտ» կենսապայմաններ:[104]

Հայաստանի օրենսդրությամբ սահմանվում է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու առաջնահերթությունը պետք է տրվի ընտանիքին՝ այդ երեխաների կարիքները հոգալու և նրանց մեծացնելու համար ընտանիքներին տրվող աջակցությամբ: Օրենքը նաև նախատեսում է մի շարք հիմնական երաշխիքներ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես, ի թիվս այլ երաշխիքների` կրթություն, առողջապահություն, կացարան և անվճար իրավաբանական ծառայություններ:[105]

Սոցիալական ծառայությունների մատուցումն առաջնորդվում է մի քանի սկզբունքներով, այդ թվում՝ «մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ»։ Ազգային օրենսդրությունը հիմնվում է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են հակախտրականությունը և երեխաների գերակայումը սոցիալական ծառայություններում։ Նպաստների համակարգը դրամական փոխանցումների և այլ օժանդակող ծառայությունների համակցված համակարգ է՝ հիմնված բալային մեթոդի վրա, որը յուրաքանչյուր ընտանիքի համար սահմանում է անապահովության բալ: Սոցիալական ծառայության հիմնական տեսակները ներառում են՝ խորհրդատվություն, վերականգնողական ծառայություններ, բնաիրային աջակցություն, կացարան, խնամք, իրավաբանական օգնության, կենսաթոշակներ և այլ դրամական աջակցություն, զբաղվածության ծառայություններ և այլ սոցիալական ծառայություններ։[106] Ծառայությունները նպատակաուղղված են մարդու կամ ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը և «կյանքի դժվարին իրավիճակները» կանխելուն կամ թեթևացնելուն:[107] Սոցիալական աջակցության 2014թ. օրենքը ներկայացնում է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների» մի համակարգ, որը պետք է մատուցի համապարփակ, համակարգված ծառայություններ՝ անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքների համապարփակ գնահատման հիման վրա։ Օրենքը ներկայացնում է սոցիալական գործի վարչարարության գաղափարը ևկարևորում է սոցիալական աշխատողների դերը:[108]

Հայաստանում աղքատության և երեխաների շրջանում զրկանքների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2016թ. ուսումնասիրությունն առաջարկել է ամրապնդել սոցիալական աջակցությունն ինչպես հասցեականության, այնպես էլ քանակային առումով, որպեսզի արդյունավետ լուծումներ տրվեն երեխաների զրկանքներին:[109]

Հաշմանդամություն ունեցող երեխաներ

Հայաստանի օրենսդրությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնական և մասնագիտական կրթությունը, զբաղվածությունը, սոցիալական վերականգնում ստանալու և հանրային կյանքում լիարժեք մասնակցելու հնարավորությունը։[110] Գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներն իրավունք ունեն ստանալ սոցիալական կենսաթոշակային վճարումներ անկախ կարիքից[111], ինչպես նաև անվճար բժշկական օգնության և վերականգնողական ծառայություններ։[112] Փորձագետները թերություններ են հայտնաբերել այդ ծառայությունների փաստացի առկայության և մատուցման մեջ։[113]

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծն այժմ առկախ է խորհրդարանում: Այն մի շարք կարևոր փոփոխություններ է նախատեսում հաշմանդամություն ունեցող անձանց` իրավունքների վրա հիմնված պաշտպանության իրավակարգավորման մեջ:[114] Նոր օրենքը մատչելիության պահանջ է դնում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաև սոցիալական ներառման, և կարևորում է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները։ Օրենքը նաև նպատակ ունի ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունենան իրենց ընտրությունը կատարելու ազատությունը, այդ թվում՝ «բնակավայրի, կրթության, մասնագիտության, զբաղվածության, [և] սոցիալական ու բժշկական օգնությանը նտրության ազատություն»: Փորձագետներին շարունակում է մտահոգել, որ օրենքի նախագիծը չի նշում օրենքի կիրարկումը վերահսկող լիազոր մարմին, ինչպես նաև չի սահմանում պատժամիջոցներ օրենքի խախտման համար:[115] Կառավարությունը պետք է ապահովի օրենքի համապատասխանությունը ՀԻԿ-ին:[116]

Միջազգային իրավական պարտավորություններ

Որպես Երեխայի իրավունքների կոնվենցիայի մասնակից պետություն, Հայաստանը պարտավորված է ճանաչել յուրաքանչյուր երեխայի` իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացմանը համապատասխան կենսակապայմաններ ունենալու իրավունքը։ Երեխայի ծնող(ներ)ը կամ նրա համար պատասխանատու այլ անձինք առաջնահերթ պատասխանատվություն ունեն ապահովելու երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ։ Մասնակից պետությունները, ազգային պայմաններին համապատասխան և իրենց միջոցների շրջանակներում, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն ծնողներին ու մյուսներին աջակցելու համար և անհրաժեշտության դեպքում պետք է տրամադրեն նյութական աջակցություն և իրականացնեն աջակցության ծրագրեր, մասնավորապես՝ սննդի, հագուստի և կացության խնդիրներին ուղղված։[117]

Պետությունները պետք է նաև ապահովեն, որ երեխաները չառանձնացվեն իրենց ծնողներից, եթե այդ բաժանումը չի բխում երեխայի «լավագույն շահերից»։[118] ՄԱԿ-ի երեխաների այլընտրանքային խնամքի մասին ուղենիշները մեկ անգամ ևս փաստում են, որ ֆինանսական և նյութական աղքատությունը երբեք չպետք է լինի միակ հիմնավորումը երեխային ծնողական խնամքից զրկելու, երեխային այլընտրանքային խնամքի տակ առնելու, կամ նրա վերաինտեգրումը կանխելու համար, այլ պետք է դիտարկվի որպես ազդանշան՝ տվյալ ընտանիքին համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:[119] Պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ օրենսդրական, հայեցակարգային և ֆինանսական միջոցները, որպեսզի ապահովեն համապատասխան այլընտրանքային խնամքի տարբերակներ, որոնք առաջնահերթությունը տալիս են «ընտանիքի և համայնքի վրա հիմնված լուծումներին»։[120]

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (ԵԻԿ) և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (ՀԻԿ) Հայաստանին պարտավորեցնում են ապահովել, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվեն իրենց իրավունքներից առանց խտրականության: Այս համաձայնագրերը պահանջում են Հայաստանից հաշմանդամություն ունեցող երեխաներին համարել մյուսների հետ հավասար հիմունքներով իրավունքներ ունեցող` հասարակության անդամներ և վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության մեջ երեխաների լիարժեք ներառմանը։[121]

ՀԻԿ-ը սահմանում է. «Ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով:» և պահանջում է, որպեսզի այն դեպքում, երբ անմիջական ընտանիքն ի վիճակի չէ հոգ տանել հաշմանդամություն ունեցող երեխայի մասին, պետությունները «ներդնեն բոլոր ջանքերը ընդլայնված ընտանիքով, իսկ դրա անհնարինության դեպքում համայնքի ընտանեկան միջավայրում այլընտրանքային խնամք ապահովելու համար»:[122] Պետությունները պետք է նաև «կանխեն հաշմանդամություն ունեցող երեխաներին թաքցնումը, լքումը, արհամարհանքը և խտրականության ենթարկումը»։ Այս քայլերի շրջանակներում պետությունները պետք է «պարտավորվեն ապահովել վաղ և համապարփակ տեղեկատվություն, ծառայություններ և աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար»:[123]

Երեխայի իրավունքների կոմիտեն` ՄԱԿ-ի փորձագիտական մարմինը, որը վերահսկում է պայմանագրի իրականացումը, հայտարարել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները «լավագույն հոգածություն և խնամք են ստանում իրենց սեփական ընտանիքի միջավայրում»:[124] Կոմիտեն նաև կոչ է արել պետություններին ծրագրեր մշակել հաշմանդամություն ունեցող երեխաներին հաստատություններից դուրս բերելու, իրենց կենսաբանական կամ ընդլայնված ընտանիքներին վերադարձնելու կամ խնամատարության հանձնելու համար, և երեխաներին տանը մեծացնելու համար՝ընտանիքներինհամակարգված աջակցություն տրամադրելու նպատակով:[125] Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հանդես է եկել երկրներին ուղղված գործողությունների առաջարկություններով՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդ անձանց հասարակության մեջ լիարժեք ներառման, բեռնաթափման և հաշմանդամություն ունեցող երեխաների համար համայնքային կյանք ապահովելու համար:[126]

VI. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ կրթություն երաշխավորելու ձախողումը

Ներառական կրթության երաշխավորումը հաշմանդամություն ունեցող երեխայի համար լավագույն հնարավորությունն է հասարակության լիարժեք մասնակիցը դառնալու համար։[127]

Հանրակրթական և մասնագիտացված դպրոցներում առկա մի շարք լուրջ թերություններ հաշմանդամություն ունեցող շատ երեխաներին թույլ չեն տալիս մյուսների հետ հավասար հիմունքներով վայելել որակյալ կրթության հնարավորությունները, ինչպես պահանջում էՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Այս խնդիրները խտրական վերաբերմունքի դրսևորման արտահայտություն են հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Դպրոցները հազվադեպ են ապահովում համապատասխան ողջամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխայի ուսուցումը խթանելու համար, ինչպես մանրամասնված է սույն գլխում:

Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մինչև 2022թ. բոլոր տարրական և միջնակարգ դպրոցները (պարտադիր կրթություն, 1-ից 9-րդ դասարաններ) ներառական դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Ներկայումս Հայաստանի 1384 դպրոցներից 284-ը համարվում են «ներառական»։[128] Առաջ շարժվելով՝ կառավարությունը մոտենում է ներառման հարցին մարզ առ մարզ սկզբունքով՝ պահանջելով տվյալ մարզի բոլոր դպրոցներից ընդունել և կրթել բոլոր երեխաներին:[129] Դպրոցները ստանում են լրացուցիչ ֆինանսավորում դպրոցում ընդգրկված հաշմանդամության ունեցող յուրաքանչյուր երեխայի համար:[130] Ըստ Կրթության նախարարության, 2016-2017թթ. ուսումնական տարում «հատուկ կրթական կարիքներ» ունեցող 6700 երեխաներ ընդգրկված են ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներում: Ընդհանուր առմամբ հատուկ դպրոցներում ընդգրկված է 2134 երեխա:[131]

«Ներառական» հանրակրթական և հատուկ դպրոցներ ընդունված հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ կարող են դպրոց հաճախել ընդամենը օրական մի քանի ժամով կամ դպրոցական շաբաթվա ոչ բոլոր օրերին: Չնայած այսպես կոչված «ներառական դպրոցներ» հաճախելուն, հաշմանդամություն ունեցող երեխաները ներկա չեն լինում դասերին մյուս երեխաների հետ միասին, կամ ներկա են լինում դասերին, բայց չեն մասնակցում ուսումնական ծրագրին: Նրանց կրթությունը հաճախ կազմված է շաբաթական մեկ կամ մի քանի անգամ տեղի ունեցող` գլխավորապես կամ բացառապես մեկ ժամանոց կամ ավելի կարճատև հանդիպումներից դպրոցում ներգրավված մասնագետների հետ (որպես կանոն՝ լոգոպեդ, հոգեբան, սոցիալական աշխատող)։ Ոչ բավարար թվով անձնակազմի պարագայում, այդ թվում նաև այսպես կոչված ներառական համայնքային դպրոցներում և որոշ հատուկ դպրոցներում ծնողը` սովորաբար երեխայի մայրը, ստիպված է երեխայի հետ մնալ դասարանում` նրան աջակցելու համար:

Հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ աշխատող մի շարք ՀԿ-ներ լուրջ մտահոգություններ են հայտնել առ այն, թե ինչպես է իրականացվում ներառական կրթությունն իրենց համայնքներում: Ըստ «Փյունիկ» հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Աբրահամյանի, «Այսօրվա դրությամբ, ներառական կրթությունը միայն ինտեգրումն է, բայց ոչ հավասար հնարավորությունները: Սա մեր կենտրոն այցելող ծնողների կարծիքին է: ... Հիմնական մտահոգությունն այն է, որ իրենց երեխաները չեն ստանում այն աջակցությունը, որը նրանց անհրաժեշտ է ուսումնական առաջադիմության համար։ Նրանք գնում են դպրոց և պարզապես շփվում երեխաների հետ: Նրանք դուրս են մնում դասարանային աշխատանքից»:[132] Մեկ այլ փորձագետ ասել է. «Դպրոցներն ասում են, որ իրենք ներառական են և պատրաստ են ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաների, սակայն նրանք պատրաստ չեն»:[133]

Ըստ «Ունիսոն» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանի, «Իրականում դպրոցները մատչելի չեն ցանկացած հաշմանդամություն ունեցող երեխայի համար, այլ միայն թեթև հաշմանդամություն, որպես կանոն թույլ մտավոր կամ զարգացման հաշմանդամություն, ունեցող երեխաների համար: Դպրոցների ներառականությունը պարզապես դասերին հաճախելու հնարավորությունն է: Երեխաները հաճախում են ծնողների հետ և միայն շփվում իրենց ծնողների, այլ ոչ ուսուցիչների կամ երեխաների հետ: Մենք չենք տեսնում մատչելի հարմարեցումներ դպրոցների ներսում, օրինակ զուգարաններում կամ մարզասրահներում: Մոտեցումը մտահոգիչ է մեզ համար, երբ այն կենտրոնանում է «ողորմության և հանդուրժողականության», այլ ոչ հավասարության վրա: Մենք դրա արտացոլումը տեսնում ենք ԶԼՄ-ներում, երբ ներառական կրթությունը ներկայացվում է որպես «բարեգործական գործունեություն»։ Կառավարությունն ավելի շատ կենտրոնացած է մասշտաբների և հնարավորինս կարճ ժամանակահատվածում մեծ թվով այսպես կոչված ներառական դպրոցների հասնելու վրա»։[134]

Human Rights Watch-ը նաև պարզել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները Հայաստանում կարող են ընտրել տնային ուսուցումը՝ դպրոցներում, տներում, համայնքում մատչելիության խնդիրների, ինչպես նաև դպրոցների կողմից ողջամիտ հարմարեցումներ չտրամադրելու պատճառով։ Տնային ուսուցման պարագայում տեղական դպրոցների ուսուցիչները այցելում են երեխաներին տանը և շաբաթվա ընթացքում մի քանի ժամ դասավանդում տարրական գրագիտություն և թվաբանություն՝ մաթեմատիկա, հայոց լեզու և ռուսաց լեզու, ինչը չի կարող համարվել լիարժեք, որակյալ կրթություն: Որպես կանոն, այս երեխաները շատ քիչ են շփվում կամ ընդհանրապես չեն շփվում դասընկերների կամ այլ հասակակիցների հետ։ Հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ լիովին դուրս են մնում կրթական համակարգից՝ դպրոցներում և իրենց համայնքներում մատչելիության բացակայության, տնային ուսուցման համար դպրոցների կողմից ուսուցիչներ ապահովելու ձախողման, ինչպես նաև իրենց երեխաների ու ընտանիքի դեմ խարանի և խտրականության մասին ծնողների մտավախությունների պատճառով:

Ողջամիտ հարմարեցումների բացակայություն

Ծնողները, երեխաները և փորձագետները հետևողականորեն նշել են ներառական դպրոցներում, ինչպես նաև որոշ հատուկ դպրոցներում սովորող երեխաների համար մատչելիության և ողջամիտ հարմարեցումների բացակայության մասին: Կառավարության կողմից ողջամիտ հարմարեցումների տրամադրման ձախողումը խտրականություն է:

Ֆիզիկական մատչելիության բացակայությունը

Human Rights Watch-ի կողմից հարցված շատ անձիք բացատրել են, որ տարրական ֆիզիկական մատչելիությունը գրեթե բոլոր դպրոցներում խոչընդոտում է որակյալ կրթություն ստանալու երեխաների կարողությանը: Երեխաները հաճախ ապավինում են այլ աշակերտների, ծնողների և ուսուցիչների աջակցությանը` շենքեր մուտք գործելու և տեղաշարժվելու համար: Որոշ դեպքերում, ֆիզիկական արգելքները երեխաներին ընդհանրապես թույլ չեն տալիս հաճախել դպրոց կամ լուրջ մարտահրավերներ են ստեղծում դպրոց հաճախող երեխաների համար: Կառավարությունը դպրոցներում ֆիզիկական մատչելիություն ապահովելու վերաբերյալ համապարփակ մոտեցում չունի: Ներառական կրթությունը խթանող և հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ընտանիքներին աջակցող «Հույսի կամուրջ» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Թադևոսյանը ասաց. «Դպրոցներում ֆիզիկական մատչելիությունը լավագույն դեպքում սկսվում և ավարտվում է [մուտքի] թեքահարթակներով»:[135]

Հինգերորդ դասարանի աշակերտ Մարին ունի ֆիզիկական հաշմանդամություն, որն ազդել է նրա ֆիզիկական աճի վրա և խանգարում է նրան քայլել ու ամբողջությամբ օգտագործել իր ձեռքերը։ Չնայած նրան, որ նա հաճախում է ներառական դպրոց և արձանագրում է ակադեմիական առաջընթաց, դպրոցն ունի բավականին ցածր ֆիզիկական մատչելիություն: - Դպրոցում ամենալավը իմ գիտելիքների աճն է, - ասել է նա Human Rights Watch-ին։ Մարին իր դպրոցում հաղթել է լեզվի և մաթեմատիկայի մրցույթներում: Այնուամենայնիվ, Մարին անգամ պարզապես իր դպրոցական օրն անցկացնելու համար է ստիպված զգալի խոչընդոտներ հաղթահարել: Դպրոցում որևէ տեղ չկան թեքահարթակներ, վերելակներ կամ շարժասանդուղքներ: - Դժվար է վեր ու վար շարժվել աստիճաններով: Ինձ վեր ձգելու համար ես օգտվում եմ բազրիքներից: Ինձ համար չափազանց դժվար է դա անել միայնակ, ուստի իմ դասընկերներն են օգնում ինձ: Նրանք տանում են իմ պայուսակը և բռնում իմ ձեռքը։[136] Մարին նաև խուսափում է առավոտյան որևէ բան ուտելուց կամ խմելուց, քանի որ դպրոցում իր համար փոքրիշատե մատչելի միակ սանհանգույցը տղաների սանհանգույցն է, որի երկու հարկ ներքև է գտնվում այն հարկից, որտեղ տեղի են ունենում իր դասերը:

Լուիզան, 18 տարեկան, տեղաշարժվում է անվասայլակով և սովորում է Գյումրիի մի ներառական դպրոցում: Երկար տարիներ Արեգակի (հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին ծառայություններ մատուցող տեղական կենտրոն, որը գործարկվում է Հայկական Կարիտասի կողմից) կողմից իրականացված ծրագրերին մասնակցելուց հետո, չորս տարի առաջ Լուիզան կենտրոնի օգնությամբ սկսեց դպրոց հաճախել։ Լուիզան ուրախ է, որ դպրոցում է և նրան հատկապես դուր է գալիս, որ սովորում է հայերեն և ունի ընկերներ: - Ես շատ ընկերներ ունեմ դպրոցում և չորս տարիների ընթացքում կարողացել եմ սիրել նրանց, և նրանք էլ ինձ են սիրում, - ասել է նա: Նա երազում է դառնալ անգլերենի ուսուցիչ կամ համակարգչի մասնագետ։

Սակայն, Լուիզան զգալի խոչընդոտներ պետք է հաղթահարի իր երազանքներին հասնելու համար, քանի որ դպրոցը, ուր նա հաճախում է, մեծ առումով անմատչելի է նրա համար։ Ինչպես նա բացատրեց,

Ես կարող եմ տեղաշարժվել միայն իմ անվասայլակով։ Բոլորն ինձ օգնում են` ուսուցիչները, աշակերտները, բայց հիմնականում աշակերտները։ Դժվար է, երբ չկա մեկը, որ ինձ օգնի։ Մի թեքահարթակ կա կառուցված ինձ համար դպրոցում, որն օգնում է հասնել դպրոցի այն հատվածը, որտեղ ես անում եմ իմ ներառական [անհատական] դասերը, բայց դա շատ նեղ է, և ինձ համար դժվար է դրա վրա բարձրանալը։ Երբ մյուս աշակերտները դուրս են գնում խաղալու, ես սպասում եմ դասարանում...[137]

Աիդան, 23 տարեկան, քայլելու հետ կապված դժվարություններ սկսեց ունենալ 17 տարեկանում ստացած լուրջ վիրուսային վարակից հետո, երբ նա նոր էր դարձել բուժքույրական գործի ուսանող Գյումրիի պետական բժշկական քոլեջում: Նա շենք մտնելու համար ամեն օր ապավինում էր իր ընկերների օգնությանը, քանի որ չէր կարողանում բարձրանալ շենքի դրսի 10 աստիճաններով, որտեղ բազրիք չկար: Նա ասում էր, որ ներսում տեղաշարժվելն ավելի հեշտ էր, քանի որ նա կարողանում էր օգտվել բազրիքներից՝ ինքն իրեն աստիճաններով վեր ձգելու համար: Քոլեջի ներսում որևէ վերելակներ կամ թեքահարթակներ չկային: Չնայած նրան, որ նա կարողացել է ավարտել իր ուսումը, դժվարությունները բավականին շատ էին։ - Քոլեջի ֆիզիկական պայմանները, հատկապես աստիճանները, մի մեծ, ամենօրյա խնդիր էր ինձ համար, - ասել է Աիդան։[138]

Նարինե Մանուկյանը` հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցող կազմակերպության տնօրենը, բացատրեց, որ ծնողները երեխաների ուսումը հեշտացնելու համար ժամանակ առ ժամանակ երբեմն լուծում են մատչելիության որոշ խնդիրներ: Սակայն, ծնողների կողմից նմանատիպ քայլի դիմելու անհրաժեշտությունը նրանց վրա է դնում մատչելիության խնդիրներ լուծելու բեռը և կարող է արտացոլել հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուսների հետ հավասար հիմունքներով կրթելու դպրոցների պատրաստակամության բացակայությունը: Նա բացատրեց. «Մենք ի վիճակի ենք լուծում տալ խնդիրներին: Օրինակ, ծնողները խնդրում են տնօրեններին առաջին հարկ տեղափոխել դասարանները: Բայց դա չպետք է այդպես լինի։ Դա ամեն օր դառնում է հիշեցման նման մի բան, որ դպրոցը մեր երեխային այլ կերպ է տեսնում»։[139]

Պատշաճ սանիտարական հանգույցների բացակայություն

Հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ծնողները բազմիցս նշել են այսպես կոչված ներառական դպրոցներում պատշաճ սանիտարական հանգույցների, մասնավորապես մատչելի զուգարանների բացակայությունը որպես երեխաների կրթության խոչընդոտ: Օրինակ Լուիզան, 18 տարեկան, ով տեղաշարժվում է անվասայլակով և հաճախում է ներառական դպրոց, ասել է. «Ես դպրոցում զուգարանից չեմ օգտվում: Ինձ համար դա անհնար էր: Ես տանից դուրս գալու պահից սկսած ամբողջ օրվա ընթացքում տակդիրներ եմ կրում: Տանը և Արեգակ կենտրոնում [հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար] ես կարող եմ օգտվել զուգարանից»:[140]


Գոհարը Human Rights Watch-ին պատմել է, որ իր երկու երեխաները, Արթուրը՝ 13 տարեկան և Հեղինեն՝ 9-ը տարեկան, հաճախում են տեղական հատուկ դպրոց շաբաթական երկու օր, ընդամենը երկու-երեք ժամով, որտեղ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաներ անհատական դասեր են անցնում հատուկ կրթության ուսուցչի, լոգոպեդի և հոգեբանի հետ: Արթուրի և Հեղինեի համար դպրոց հաճախելուն խոչընդոտող խնդիրներից մեկը մատչելի սանհանգույցների կամ երեխաներին սանհանգույցից օգտվելու համար օգնող որևէ մեկի պակասն է։ Գոհարը բացատրեց. «Հեղինեն դպրոցում ամբողջ օրը մշտապես տակդիր է կրում: Ես Արթուրին տանն օգնում եմ օգտվել զուգարանից մինչև դպրոց գնալը և երբ նա տուն է վերադառնում: Եթե նա դպրոցում ասում է, որ ուզում է օգտվել զուգարանից, նրան ասում են, որ զուգարան չկա, որպեսզի նրան տանեն»:[141]

Հարմարեցումների բացակայություն զգայական հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Տիգրանը, 8 տարեկան, ով լսողական հաշմանդամություն ունի, սովորում է ներառական դպրոցում Գորիսում: Սակայն, Տիգրանը առաջին դասարանի դասասենյակում իր հասակակիցների հետ միասին չի սովորում: Իր հաշմանդամության համար հարմարեցումների բացակայության պատճառով Տիգրանը շաբաթվա ընթացքում ստանում է միայն մի քանի ժամ անհատական ուսուցում: Տիգրանի մայրը Human Rights Watch-ին պատմեց.

Առաջին ամսվա ընթացքում նա դասասենյակում անց էր կացնում օրական երկու ժամ, բայց շատ քիչ բան էր կարողանում լսել ասվածից։ Նա ցանկանում էր սովորել և մասնակցել, սակայն չէր լսում: Դա նրան տխրեցնում էր և նա լաց էր լինում։ Այժմ նա միայն հաճախում է անհատական դասերի, օրական 45 րոպե՝ լոգոպեդի և հոգեբանի մոտ: Նա միայն այդ 45 րոպեների ընթացքում է դպրոցում լինում:[142]

Նույն դպրոցում մեկ այլ երեխա, Անահիտը, 12 տարեկան, ով նույնպես ունի լսողության խնդիրներ, ինքն իրեն սովորեցրել է կարդալ ըստ շուրթերի և, մոր հավաստմամբ, կարողանում է կարդալ և գրել առանց դժվարության։ Սակայն, կրթական ոչ ճկուն ակնկալիքների պատճառով Անահիտը ետ է մնացել հումանիտար առարկաներից և պատմությունից, քանի որ նա չի կարողանում բանավոր հաղորդակցվել, որպեսզի դասարանում պատասխանի հարցերին: Դպրոցը չի ապահովում այլընտրանքային մեթոդ, ինչպես օրինակ գրավոր պատասխաններն են, որպեսզի նա կարողանա պատասխանել հարցերին:[143]

Ըստ Երևանի ներառական դպրոցի մի աշխատակցի, դպրոցում չկան երեխաներ, ովքեր խուլ են, և ժեստերի լեզուն տարբերակ չէ. «Մենք չենք օգտագործում ժեստերի լեզուն` այն դպրոցական ծրագրերում չկա: Այն կարող է միայն որպես առանձին առարկա դասավանդվել։»[144]

Ըստ Գյումրիում գործող` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ագաթ» կազմակերպության տնօրենի, Շիրակի մարզում ևս ժեստերի լեզվի ուսուցման պակաս կա։ Դասարանների հիմնական մասը կենտրոնացած է բանավոր ուսուցման վրա, ինչը հավելյալ դժվարություն է խուլ կամ լսողության սահմանափակումներ ունեցող երեխաների համար: - Դուք Շիրակի մարզում չեք կարող ժեստերի լեզվի ուսուցում գտնել դպրոցներում: Դրա համար մարդիկ պետք է գնան Երևանի միակ դպրոցը, որն ուսուցանում է ժեստերի լեզու: Մեր մարզում ծնողները չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել Երևան: Արդյունքում, այստեղ խուլ մարդկանց շրջանում գրագիտության մակարդակը ցածր է կամ բացակայում է։ Մեր շահառուներից ոմանք անգամ դպրոց չեն գնացել, - ասաց նա Human Rights Watch-ին։[145]

Որոշ դեպքերում ներառական դպրոցները կիրառում են հարմարեցումներ լսողության հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նարինեն, ով 12 տարեկան է և ունի լսողության դժվարություններ, Human Rights Watch-ին պատմել է Վանաձորի ներառական դպրոցում իր ստացած հարմարեցումների մասին: - Ես հաճախում եմ ներառական դպրոց` այն մոտ է մեր տանը։ Ուսուցիչը միշտ ինձ շարքի առջևում է նստեցնում։ Երբեմն, երբ ես չեմ հասկանում, թե ինչ է հանձնարարված գրել, ուսուցիչն ինձ հետ խոսում է դանդաղ կամ հանձնարարություններն ինձ տալիս է գրավոր: Ես խնդրում եմ ուսուցչիս ստուգել իմ աշխատանքը: Ինձ միշտ աջակցում են, լավ է, - ասել է Նարինեն։[146]

Ըստ §Ունիսոնի¦ տնօրեն Արմեն Ալավերդյանի, ներառական դպրոցները չնչին առաջընթաց են ապահովել կույր երեխաներին կրթելու գործում, օրինակ, մատչելի ուսումնական նյութի մատուցման առումով։ Նա բացատրեց. «Կույր երեխաների համար միակ իրական տարբերակը հատուկ դպրոց հաճախելն է: Նրանք կարող են հաջողության հասնել համալսարան հաճախելու առումով: Համալսարաններում սովորող բոլոր կույր ուսանողները հատուկ դպրոցներից են:»[147]

Այլ ողջամիտ հարմարեցումների բացակայություն

Էլմիրան ապրում է Երևանի կենտրոնում իր 11 տարեկան որդու՝ Գորյանի հետ, ով ունի մանկական ուղեղային կաթված։ Էլմիրան ունի ուսուցչի որակավորում, բայց Գորյանի մանուկ հասակից սկսած նա չի աշխատել, քանի որ տանը խնամում էր որդուն ամբողջ օրը: Նա նկարագրեց դպրոցում ողջամիտ հարմարեցումների բացակայությունը.

Ես նրան 6 տարեկանում ընդունել եմ տեղական դպրոց և խնդրել եմ տնային ուսուցում տրամադրել։ Նա չի կարողանում հանգիստ նստել [իր հաշմանդամության պատճառով]: Նա անընդհատ շարժվում է։ Նույնիսկ եթե ես նրա հետ եմ, պարզապես անհնար է պատկերացնել դպրոց գնալը։ ... Մենք չունենք անվասայլակ, որը հարմար կլիներ նրա համար: Ես պետք է անընդհատ պահեմ նրան։ Ես ստիպված եմ նրան աստիճաններով վեր ու վար տանել: Դա շատ դժվար է: Ամեն տարի դպրոցի ղեկավարությունը հրավիրում է նրան դպրոցում սովորելու: Դպրոցում կան այլ հաշմանդամություն ունեցող երեխաներ, բայց առկա են զուտ նվազագույն պայմաններ: Ո՞վ է նստելու նրա հետ։ Այնքան բան կա, որ նա չի կարողանում անել: Դժվար է, և որքան նա մեծանում է, այնքան ավելի է դժվարանում։ Ես ուզում եմ օգնել իմ երեխային, որպեսզի նա կարողանա թեկուզ մի փոքր ավելի անկախ լինել:[148]

Ինչպես նշված է վերևում, Գոհարի երեխաները, Արթուրը՝ 13 տարեկան, և Հեղինեն՝ 9 տարեկան, հաճախում են տեղական հատուկ դպրոց ընդամենը երկու-երեք ժամով, շաբաթական երկու օր։ Նրանք դասարանում չեն մասնակցում, քանի որ դպրոցը չի կարողացել ապահովել համապատասխան հարմարություններ նրա երեխաների համար ովքեր հանգիստ նստելու դժվարություններ ունեն: - Իմ երեխաներն ի վիճակի չեն երկար ժամանակ հանգիստ նստել, այնպես որ նրանք որևէ առարկա չեն սովորում, - ասաց նա:[149]

Յուլիանան 13 տարեկան է և սովորում է Երևանում` հանրակրթական դպրոցի յոթերորդ դասարանում: Նա ունի հաշմանդամություն, որն ազդում է իր մկանային համակարգի, այդ թվում երկար ժամանակ մատիտ կամ գրիչ բռնելու նրա կարողության վրա: Սակայն, Յուլիանան կարող է հեշտությամբ օգտվել համակարգչից: - Դպրոցում համակարգիչ կա, դա հարմար է: Մկնիկը կառավարելը դժվար է, բայց տպելն ինձ համար հեշտ է, - ասել է նա:[150] Սակայն Մարիամը՝ Յուլիանայի մայրը, հայտնել է, որ դպրոցը թույլ չի տալիս Յուլիանային օգտագործել համակարգիչն իր տնային աշխատանքների կամ քննությունների համար: Այս պարզ հարմարեցումն ապահովելու անկարողության, ինչպես նաև Յուլիանայի կրթության նկատմամբ անհատական մոտեցման պակասի հետևանքով տուժում է Յուլիանայի առաջադիմությունը։[151] Մարիամի խոսքերով.

Յուլիանան գրում է այնքան, որքան կարողանում է, բայց դա շատ քիչ է: Արդյունքում, նա ետ է մնացել իր դասընկերներից: Դպրոցը երբեք այլ տարբերակներ չի առաջարկել: Նա իրականում գնում է դպրոց պարզապես այնտեղ ժամանակ անցկացնելու համար։ Նրանք իրեն ձեռքի աշխատանքներ են հանձնարարում, օրինակ՝ գործել, իր գրասեղանի մոտ անելու համար, կամ երբեմն ինչ-որ կարդալու բան, որպեսզի նա չձանձրանա կամ չհոգնի դասերին ոչինչ չանելով։ Ուսուցիչները միայն ասում են. «Թույլ տվեք նրան անել այն, ինչ նա կարողանում է անելԴասարանում 37 երեխա կա։ Նրանք բնավ չեն կարող կենտրոնանալ իմ դստեր վրա։[152]

Անհատական ուսուցման մոտեցման բացակայություն դասարանում

Human Rights Watch-ը պարզել է, որ Հայաստանում շատ դպրոցներ չեն ցուցաբերում անհատական մոտեցում երեխաների կրթությանը, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ հիմնված նրանց կարիքների և ուսուցման անհատական ոճերի և հետաքրքրությունների վրա: Սահմանափակ ջանքեր են գործադրվում երեխաների ուսուցումը հեշտացնելու նպատակով ողջամիտ հարմարեցումներ տրամադրելու ուղղությամբ, օրինակ` մատչելի ուսումնական նյութերի, ուսուցման հարմարեցված մեթոդների և հարմարեցված ուսումնական ծրագրերի միջոցով:

Սա վատթարացվում է դպրոցներում մինչև 36 կամ 37 երեխայի հասնող դասարանների չափերի պատճառով, որտեղ միայն մեկ ուսուցիչ է ներկա լինում, ինչպես նկարագրում են երեխաները, ծնողներն ու դպրոցի աշխատակիցները: Շատ քիչ դպրոցներում կան օգնականներ, ուսուցչի ասիստենտներ, կամ այլ հարակից մասնագետներ, ովքեր պատասխանատու են կրթական գործընթացում երեխաների մասնակցությունը խթանելու, վարքային խնդիրներին կառուցողական լուծումներ ապահովելու, անհատական խնամք տրամադրելու և այլ օժանդակ գործառույթներ կատարելու համար, բայց արտոնագրված ուսուցիչներ չեն: Ինչպես նկարագրված է վերը, հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են ժամանակ անցկացնել դասասենյակում, բայց պարբերաբար դուրս են բերում դասարաններից անհատական դասերի համար։

Սովորելու դժվարություններ ունեցող 12 տարեկան Ռուզաննան, ով հաճախում է ներառական դպրոց Գորիսում, դասարանի չափի և սահմանափակ անհատական ուսուցման վերաբերյալ պարզաբանել է, որ աշակերտների մեծ թիվը և այլ աշխատակազմի բացակայությունը դասարանում խոչընդոտում է ներառական միջավայրում իր ուսմանը։ Նա կրթական աջակցություն ստանում է միայն դասարանից դուրս. «Ես վեցերորդ դասարանում եմ սովորում: Իմ դասարանում 36 երեխա կա` բոլորը մեկ դասասենյակում: Յուրաքանչյուր առարկայից կա միայն մեկ ուսուցիչ։ Դասերը շատ դժվար են ինձ համար։ Մասնագետ ուսուցիչները դասերի համար ինձ տանում են մի առանձին սենյակ, և մենք աշխատում ենք միասին»:[153] Նույն դպրոցի կենսաբանության ուսուցիչը Human Rights Watch-ին ասել է. «Ամեն ինչից ավելին ես կցանկանայի, որ լիներ ինչ-որ մեկը, ով կկարողանար անմիջապես դասարանում աջակցել որոշակի կարիքներ ունեցող երեխայի: Հատուկ կրթության ուսուցիչները միաժամանակ այդքան շատ դասարաններում չեն կարող լինել։ Անկախ նրանից, թե որքան եմ ես դա ուզում, ես միայն սահմանափակ աջակցություն կարող եմ տրամադրել յուրաքանչյուր երեխայի։ Ես 32 երեխա ունեմ իմ դասարանում»:[154]

Դպրոցում երեխաների հետ մնացող ծնողներ

Human Rights Watch-ը զրուցել է համայնքային ներառական դպրոցներում ընդգրկված երեխաների բազմաթիվ ծնողների հետ, ովքեր ողջամիտ հարմարեցումների բացակայության պատճառով մնում էին դպրոցում իրենց երեխաների հետ՝ նրանց կրթական կարիքներին աջակցելու և դասարանում լիարժեք ներգրավման նպատակով: Զրուցել ենք նաև որոշ ծնողների հետ, ում երեխաները հաճախում են հատուկ դպրոցներ և ովքեր նույնպես իրենց երեխաների հետ են մնում օրվա ընթացքում: Սակայն, մի շարք ծնողներ հայտնել են, որ իրենք իրենց երեխաներին հատուկ դպրոցներ են տարել, որոնք որպես կանոն ունեն ավելի փոքր դասարաններ և ավելի մասնագիտացված աշխատակազմ, որպեսզի իրենց երեխաների համար ապահովեն կրթական միջավայր, որտեղ չի պահանջվում ծնողի մշտական ներկայությունը։

Մարինեի 15-ամյա որդին՝ Էդմոնդը, ով ունի աուտիզմ, սովորում է ներառական դպրոցի յոթերորդ դասարանում, Երևանում, որտեղ նա սկսել է հաճախել երկրորդ դասարանից: Բավարար անձնակազմի բացակայության պատճառով Մարինեն ստիպված է Էդմոնդի հետ մնալ ողջ ընթացքում: Նա նկարագրել է իր դերը.

Անգամ հիմա ես նրա հետ եմ մնում դպրոցում: Ես միշտ նրա հետ եմ: Նա անհատական դասեր ունի մասնագետների հետ, բայց մնացած ժամանակի ընթացքում ես միշտ նրա հետ եմ: Ես վստահ չեմ, որ նա կսովորի, եթե ես այնտեղ չլինեմ: Նա կարող է կանգնել ու շրջել սենյակում, դուրս գալ դասարանից։ Ես այնտեղ եմ վերահսկողության համար... Մենք գալիս ենք շաբաթական երկու օր` երեք դասաժամ: Իմ կարծիքով, մեզ լրացուցիչ մասնագետ կամ ուսուցիչ է պետք: Իհարկե, ես նրան կթողնեի դպրոցում, եթե լիներ մեկը, ով նրա կողքին կլիներ՝ նրան հանձնարարություններ տալու և օգնելու համար։ Դա գերազանց կլիներ։[155]

Ելենան, ում որդին`15-ամյա Հայկը, մտավոր հաշմանդամություն ունի, Human Rights Watch-ին բացատրեց, որ տեղի ներառական դպրոցում մեկ տարի սովորելու ընթացքում ամբողջ օրն իր որդու հետ մնալը հանգեցրել է նրան, որ փոխարենը նա որդուն հատուկ դպրոց է ուղարկել։ Ելենան ասաց.

Ես ամբողջ օրը դպրոցում եմ եղել` մինչև դասերի ավարտը։ Ուսուցչուհին ասել էր, որ չի կարող անհատապես աշխատել իմ որդու հետ, քանի որ դասարանում ևս 30 երեխա կար։ Ես ստիպված էի օգնել նրան ամեն ինչում՝ զուգարան գնալիս, ուտելիս, բաճկոնը հանելիս։ Հատուկ դպրոցում ես չեմ բախվում նման խնդիրների հետ:[156]

Անուշի որդին՝ 12-ամյա Հակոբը, մանկական ուղեղային կաթված ունի և հիմա ստանում է տնային ուսուցում, քանի որ Գյումրիում իրենց հարևանությամբ գտնվող դպրոցը նրա համար ողջամիտ հարմարեցումներ չունի: Նա բացատրեց. «Ես շատ կցանկանայի նրան դպրոց տանել և փորձել եմ դա անել, բայց չկարողացա։ Եթե ես նրան տանեի այնտեղ, ես պետք է նրա հետ լինեի ամբողջ ընթացքում, ինչն անհնար էր: Ես անում եմ տան բոլոր գործերը, ճաշ եմ եփում, մաքրում եմ, հոգ եմ տանում իմ մյուս երեխայի և ամուսնուս մասին»:[157]

Անգամ այն ժամանակ, երբ նա Հակոբի հետ մնում էր դպրոցում, մատչելիության բացակայության պատճառով Անուշը չէր կարողանում նրան հասցնել դպրոցի շենքի բոլոր հատվածները, և Հակոբը դուրս էր մնում դպրոցական միջոցառումներից շատերից, որոնցում ներգրավված էին նրա դասընկերները: Անուշը նկարագրեց դժվարությունները.

Ես ստիպված էի ... ուղեկցել նրան [դպրոցում], այդ թվում նաև դեպի զուգարան. Զուգարան տանող աստիճաններ կային, որոնք ես չէի կարող բարձրանալ նրա հետ: Շախմատի դասարանը երկրորդ հարկում էր, և ես նրան չէի կարող վեր բարձրացնել, քանի որ միայն աստիճաններ կային այնտեղ... Բուֆետը մեկ այլ հարկում էր, և Հակոբը չէր կարողանում հասնել այնտեղ:

Անուշի ներկայությունը նաը խանգարում էր, որպեսզի ուսուցիչը Հակոբի հետ համապատասխան հարաբերություններ կառուցեր՝ որպես ուսումնական գործընթացի մաս: - Ուսուցիչը պատրաստ չէր [սովորեցնել Հակոբին]: Նա չգիտեր, թե ինչպես պետք է շփվի Հակոբի հետ, և միշտ կանչում էր ինձ, որպեսզի օգնեմ իրեն:[158]

Անուշը կարծում էր, որ նրա երկու որդիները պետք է հավասար վերաբերմունք և հնարավորություններ ստանան՝ առանց իր մշտական աջակցության դպրոց հաճախելու համար:


- Դպրոցում պետք է վերելակ լինի... զուգարանները նույնպես պետք է հարմարեցվեն: Ներառական դպրոցը պետք է նշանակի այնպիսի դպրոց, ինչպիսին այն մեր մյուս որդու համար է: Նա հաճախում է դպրոց, և ես կարող եմ ուտելիք պատրաստել և կերակրել նրան, երբ նա տուն կգա:[159]

Human Rights Watch-ի կողմից այցելված ներառական դպրոցներից մեկի հոգեբանն ասել է. «Ինչպես տեսնում եք, դպրոցը մատչելի չէ։ Մենք ունենք մեկ երեխա` առաջին դասարանցի աշակերտ, ով անվասայլակով է։ Մենք [աշխատակազմը] ... օգնում ենք նրան տեղաշարժվել շրջակայքում, և ծնողներից մեկը` սովորաբար մայրը, մնում է որպեսզի օգնի և աջակցի նրան, եթե նա դրա կարիքն ունենա»:[160]

Օգնականներ որոշ դպրոցներում

Որոշ դպրոցներում կան օգնականներ, ովքեր աշխատում են երեխաների հետ` հոգալու համար նրանց հիմնական կարիքները, բայց ոչ կրթական գործընթացներում: Օրինակ, Երևանի թիվ 20 ներառական դպրոցի հոգեբանն ասաց. «Մենք ունենք մեկ օգնական, ասիստենտ: Նա օգնում է երեխաներին զուգարան գնալ: Երեխաներն, ըստ էության, կարող են ինքնուրույն գնալ, բայց նա կարող է աջակցել նրանց և ապահովել նրանց անվտանգությունը: Նա նաև օգնում է որոշ երեխաների ավտոբուս [հասարակական] նստել: Նա մոտ 10 երեխաների է օգնում»:[161] Արմավիրի թիվ 5 ներառական դպրոցի տնօրենը նշել է, որ իրենք ունեն 13 աշխատակիցներ, ովքեր կցված են «ներառական ծրագրի» 63 երեխաների հետ աշխատելու համար: Նրանց թվում են երեք խնամակալներ, ովքեր, ի թիվս այլ խնդիրների, աջակցում են տարբեր դասարաններ հասնելու և սնվելու համար օգնության կարիք ունեցող երեխաներին։ Սակայն, այս աջակցող անձնակազմը դասարանում չի մնում երեխաների հետ:[162]

Ներառական կրթության փորձնական ծրագրի և ֆինանսավորման նոր ընթացակարգերի ներքո, Հայաստանի հյուսիս-արևելյան Տավուշի մարզի 84 դպրոցներ ստացել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ուսուցիչների օգնականների, ինչպես նաև հատուկ կրթության ուսուցիչների ներգրավման համար։ Ըստ «Հույսի կամուրջ» կազմակերպության ներկայացուցիչ Սուսաննա Թադևոսյանի, սա առանցքային քայլ է եղել ներառական կրթության ուղղությամբ մարզի առաջընթացի առումով:[163]

Ավագ դպրոցի և բարձրագույն կրթության հնարավորությունների բացակայություն

Human Rights Watch-ի կողմից հարցված բազմաթիվ ծնողներ մտահոգություն են հայտնել իններորդ դասարանով եզրափակվող պարտադիր կրթությանը հաջորդող` բարձր տարիքի երեխաների համար ուսման հնարավորությունների բացակայության առումով։ Անահիտը տասներկուամյա աղջիկ է, ով սովորում է Գորիսում գործող ներառական դպրոցում։ Չնայած նրան, որ Անահիտի մայրն իր դստերը նկարագրում է որպես «շատ պայծառ և խելացի» երեխա, նա իններորդ դասարանից հետո սահմանափակ հնարավորություններ է տեսնում իր դստեր համար։ Նա բացատրեց. «Դպրոցը շարունակվում է մինչև իններորդ դասարանը, ապա անցում է կատարվում ավագ դպրոցի համակարգին։ Ես վստահ չեմ, որ [Անահիտը] կկարողանա ավագ դպրոց գնալ։ Նա չի կարողանա արտահայտվել և հասկանալ բարդ թեմաները։ Գուցե դրա փոխարեն նա կարող է կար անել, նկարել, կամ նման մի բան»։[164] Միլենան, ում 16-ամյա աղջիկը սովորում է հատուկ դպրոցում, ասել է. «Ես չգիտեմ, թե ինչ է լինելու իններորդ դասարանից հետո։ Մտավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար մեր քաղաքում հնարավորություններ չկան։ Նրան անհրաժեշտ են անկախ ապրելու հմտություններ, աշխատանքի ուսուցում։ Նման վերապատրաստումներ իրականացնող մասնագետներ այստեղ չկան»։[165]

Գեղանուշը նկարագրեց, թե ինչպիսի երկընտրանքի առջև է նա կանգնած է իր մտավոր հաշմանդամություն ունեցող որդու հարցում, ով առաջինից մինչև իններորդ դասարանները սովորել է Կապանի հատուկ դպրոցում։ - Իմ որդին գրեթե ավարտում է իններորդ դասարանը։ Հիմնական խնդիրն ինձ համար այն է, թե ինչ է նա անելու ավարտելուց հետո։ Ես չգիտեմ ուր տանել նրան։ Մեր տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայություններ մատուցող կրթական ուսումնարաններ չկան։ Որևէ քոլեջ կամ ԲՈՒՀ նրան չի ընդունի։ Ես զգում եմ, որ իմ միակ ընտրությունը Երևան տեղափոխվելն է և նրան մի հաստատություն [որը կընդունի նրան] տանելն է, - պարզաբանել է Ելենան։[166]

Վարսիկի որդին՝ Հոսեփը, ունի Ասպերգերի համախտանիշ և սովորում է ներառական դպրոցում` Երևանում։ Չնայած նրան, որ Հոսեփն իր դասարանի մակարդակին համապատասխան, իսկ որոշ առարկաներից, օրինակ՝ անգլերենից, նաև գերազանց առաջադիմություն է ցուցաբերում, Վարսիկը Human Rights Watch-ին պատմել է, որ նա Հոսեփի համար ապագայում քիչ տարբերակներ է տեսնում։ - Իններորդ դասարանից հետո, ես չգիտեմ։ Նա ուժեղ է մաթեմատիկայից, գուցե կարող է ինչ-որ բան անել համակարգչով։ Ես ավելի հակված եմ մտածել [միջին մասնագիտական] դպրոցի մասին, որոշ վերապատրաստման դասընթացների, այլ ոչ թե ավագ դպրոցի մասին։ Ես լսել եմ, որ ավագ դպրոցն արդյունավետ չէ [հաշմանդամություն ունեցող երեխաների համար], - ասաց Վարսիկը։[167]

Հակոբ Աբրահամյանը «Փյունիկից» ասաց. «Երեխաների մեծանալու հետ մեկտեղ, ծնողները անհանգստանում են նրանց համար առկա հնարավորությունների առումով։ Նրանք չգիտեն երեխաների հետ ինչ անել իններորդ դասարանից հետո։ Թերևս մոտ 10-15 տոկոսն է շարունակում մինչև տասներկուերորդ դասարանը։ Ամենից հաճախ հենց հաշմանդամություն ունեցող երեխաներն են, որ դուրս են մնում հիմնական կրթությունից»։[168]

Երևանի ներառական դպրոցի հոգեբան Սոֆիա Հարսոփյանը հաստատեց. «Կրթական համակարգի բացերից մեկն այն է, որ մենք չգիտենք, թե հաշմանդամություն ունեցող երեխան ինչ է ստանալու իններորդ դասարանի վերջում։ Մի քանի տարի առաջ, կար մի գործընթաց, ըստ որի երեխաները կարող էին վկայական ստանալ առանց քննություններ հանձնելու։ Վկայականը կարող էր օգտագործվել միայն միջին մասնագիտական քոլեջների համար։ Այն բարձրագույն կրթության հնարավորություն չէր տալիս։ Դպրոցն ավարտող երեխաները միջին մասնագիտական քոլեջներում ինտեգրման խնդիրներ են ունենում։ Այդ մակարդակում ներառական կրթություն չկա»։[169]

Քրիստինեի 18-ամյա որդին՝ Սահակը, մտավոր հաշմանդամություն և խոսքի դժվարություններ ունի։ Հատուկ դպրոցում մինչև իններորդ դասարան սովորելուց հետո, արդեն երրորդ տարին է ինչ Սահակը սովորում է Երևանի համար 2 հատուկ միջին մասնագիտական հաստատությունում, որտեղ նա ապրում և այգեգործություն է ուսումնասիրում։ - Ես կցանկանայի, որ նա նորմալ կյանք ունենար... Մեր պլաններ ունենք, որ եթե նա մի լավ մասնագիտություն ստանա, կկարողանա ինքն իրեն պահել և միգուցե օգնել հոգ տանել մեր մասին`մեր ծերության ժամանակ, - ասաց Քրիստինան։ Մասնագիտական հաստատությունն անվճար է և առաջարկում է նաև այլ առարկաներ, այդ թվում՝ ատաղձագործություն, գորգագործություն, վարսահարդարում և ավտոմեխանիկա։[170]

Կրթություն և ապագա

Հաշմանդամություն ունեցող երեխաները նկարագրեցին բովանդակալից մասնագիտական կյանքի և հասարակության մեջ ներդրում ունենալու իրենց հույսերն ու երազանքները։ Ռիտան (16 տարեկան), ով ունի թույլ մտավոր հաշմանդամություն և սովորում է հատուկ դպրոցի ութերորդ դասարանում, ուր նա մշտապես հաճախել է, Human Rights Watch-ին ասաց. «Ես ցանկանում եմ գնալ համալսարան։ Ես կցանկանայի դառնալ բժիշկ, որպեսզի կարողանայի հոգ տանել մարդկանց մասին։ Իմ հարևանը բժիշկ է»։[171]

Նինան, ով 16 տարեկան է, ունի մանկական ուղեղային կաթված և պարտադիր կրթությունն ավարտել է տնային ուսուցման միջոցով, բացատրեց. «Ես ուզում եմ սովորել ժեստերի լեզուն և աշխատել ու օգնել նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն։ Ես կաջակցեի մարդկանց, ովքեր չեն խոսում, անգամ լրատվական ընկերություններում»։[172] Նրա մայրը ցանկություն հայտնեց, որ Նինան զբաղվի նաև այլ գործունեությամբ, սակայն տեղեկացված չէր առկա հնարավորությունների մասին։ Նա պատմեց Human Rights Watch-ին. «Նա ոչինչ չունի անելու։ Դա խնդիր է դառնում, քանի որ նա ցանկանում է զբաղված լինել։ Ես չեմ մտածել նրա ուսումը շարունակելու մասին։ Բայց, ես տեսնում եմ, որ նա ուզում է լրագրող դառնալ, հանդիպել և շփվել շատ մարդկանց հետ։ Ես պատրաստ եմ աջակցել նրան ինչ էլ որ նա կցանկանա և կկարողանա անել»։[173]

Խարան և խտրականություն

Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ և նրանց ծնողները նշել են խարանը որպես որակյալ ներառական կրթություն ստանալու խոչընդոտ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները նկարագրել են ոտնձգությունների և ահաբեկման դեպքեր իրենց երեխաների նկատմամբ, ովքեր հաճախում են հանրակրթական դպրոցներ։ Այլ ծնողներ հրաժարվել են իրենց երեխաներին ուղարկել հանրակրթական դպրոցներ, կամ դպրոց ընդհանրապես, կամ իրենց երեխաներին ուղարկել են հատուկ հաստատություններ՝ խարանից վախի պատճառով։ Հաշմանդամություն ունեցող երեխաների որոշ ծնողներ հայտնել են հաշմանդամութան այլ տեսակներ, հատկապես մտավոր կամ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին։

Միևնույն ժամանակ, որոշ դպրոցների ուսուցիչներ հաստատել են, որ ներառական կրթությունը օգնել է կոտրել կարծրատիպերը երեխաների, ծնողների և ուսուցիչների մոտ։ Ըստ մի ուսուցչի. «Մեզ կարող էին զարմացնել հաշմանդամություն ունեցող երեխաները։ Դա մի բան էր, որը մենք չէինք հասկանում։ Բայց հիմա կարծրատիպերը կոտրվում են։ Երեխաները նույնիսկ ուշադրություն չեն դարձնում մեկ այլ երեխայի հաշմանդամությանը։ Ոչ ոք չի վախենում»։[174]

Ըստ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD), կառավարությունները պարտավոր են «պայքարել կարծրատիպերի, նախապաշարմունքների և հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող վնասակար ավանդույթների դեմ ... կյանքի բոլոր բնագավառներում և բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց ունակությունների և ներդրումների վերաբերյալ իրազեկվածությունը», ինչպես նաև «հարգալից վերաբերմունք սերմանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նկատմամբ կրթական համակարգի բոլոր մակարդակներում, այդ թվում երեխաների մեջ, դեռ վաղ հասակից» ։[175]

Մարգարիտան, ում երկու երեխաներն ունեն լսողական և խոսակցական դժվարություններ, նկարագրել է խարանի և ահաբեկման դեպքեր, որոնց իր դուստրը` Նելլին, ենթարկվել է մի հեռավոր մարզի մանկապարտեզ հաճախելու ընթացքում։ - Ուսուցիչները բարի և ուշադիր էին նրա նկատմամբ, բայց մթնոլորտը բարդ էր։ Մյուս երեխաները ծիծաղում էին նրա վրա և ծաղրում էին նրան, երբ նա փորձում էր խոսել։ Իսկ այն, թե ինչպես էին որոշ ծնողներ նայում նրան, կարելի էր կարծել, որ նա ինչ-որ տարօրինակ բան է…, - ասել է Մարգարիտան։[176]

Ըստ Տիգրանուհու, ում՝ Դաունի սինդրոմ ունեցող ոդին (այժմ 23 տարեկան) սովորել է հանրակրթական դպրոցում, նա և նրա որդին ուսման առաջին տարիներին դպրոցական համայնքում շատերի կողմից են արժանացել թշնամական վերաբերմունքի։ Ի վերջո, որդուն դպրոցում պահելու իր հետևողականության և նրան ներառելու դպրոցի ջանքերի շնորհիվ, մթնոլորտը բարելավվեց։ Տիգրանուհին բացատրեց. «Խնդիրներ կային ծնողների և երեխաների հետ։ Սկզբում շփումը դժվար էր։ Որոշ ծնողներ ինձ նույնիսկ ասում էին. «Ինչո՞ւ եք բերել նրան այստեղ»։ Մի քանի տարի անց, սակայն, նույն ծնողն ինձ ասաց. «Դուք շատ լավ որոշում եք կայացրել նրան այս դպրոց բերելով»»։[177]

Որոշ ծնողներ իրենց երեխաներին հատուկ դպրոց ուղարկելու որոշումը բացատրում էին խտրականության վախով և այն հանգամանքով, որ իրենց երեխան տարբերվում էր իր հասակակիցներից։ Օրինակ, մի մայր Human Rights Watch-ի հետ հարցազրույցում բացատրեց, որ աուտիզմ ունեցող իր 9-ամյա որդու հետ հեռավոր գյուղից տեղափոխվել է Գյումրի, որպեսզի նա այնտեղ հաճախի մասնագիտացված դպրոց, տեղական ներառական դպրոց ուղարկելու փոխարեն։ Նա ասաց. «Քանի որ նա հաշմանդամություն ունեցող երեխա է, լավ չի խոսում և լավ չի լսում, չեմ կարծում, թե խելամիտ կլիներ նրան գյուղի դպրոց ուղարկելը։ Այստեղ իմ որդին գալիս է և շփվում իր նման երեխաների հետ։ Այնտեղ նա տարբեր կլինի»։[178]

Մի մայր, ով Դաունի համախտանիշ ունեցող իր 16-ամյա որդուն՝ Նարեկին, Գյումրիում հատուկ դպրոց տանելու համար տաքսիով յուրաքանչյուր ուղղությամբ անցնում է 20 կիլոմետր, բացատրեց, որ նա վախենում է, որ իր կրտսեր որդին ոտնձգությունների կենթարկվեր, եթե Նարեկը նույն դպրոցը հաճախեր։ - Իմ կրտսեր որդին 14 տարեկան է և սովորում է գյուղի դպրոցում։ Ես մտածում եմ, թե ինչպես կզգային այլոց, եթե Նարեկն այդ դպրոցում լիներ։ Վախենում եմ, որ կրտսեր որդուցս կարող էին զգուշանալ։ Ես պարզապես փորձում եմ անել լավագույնը իմ երկու երեխաների համար։[179]

Human Rights Watch-ը հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների շրջանում արձանագրել է խարանի դեպքեր այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ։ Օրինակ, Վոլոդյան, ով ապրում է Ճամբարակում, Հայաստանի արևելյան մասում, Human Rights Watch-ին ասել է, որ հարազատները հատուկ դպրոց էին խորհուրդ տվել Երևանում, որպես պոտենցիալ դպրոց իր որդու համար, ով ունի չախտորոշված հաշմանդամություն, որն ազդում է նրա ուսման և վարքագծի վրա։ Վոլոդյան ասաց. «Ես այցելել եմ այդ հատուկ դպրոցն ամռանը։ Ես չգիտեի, որ այնտեղ կարող էին լինել հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Կային երեխաներ անվասայլակներով։ Ես չէի ուզում, որ իմ որդին այդ երեխաների շրջապատում լիներ։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք փորձել։ Կինս չորս ամիս որդուս հետ ապրեց Երևանում, երբ նա հաճախում էր այս դպրոցը։ Բազմաթիվ երեխաներ կային այնտեղ խնդիրներով»։ Վոլոդյային դուր չէր եկել, որ իր որդին ընդօրինակում էր այլ տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների որոշակի վարքագծեր։[180]

Այլ ծնողներ թաքցրել են իրենց երեխաներին տանը և փորձել են այնպես անել, որ այլոք չիմանան, որ իրենք հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն, ինչը որոշ ծնողների դրդել է իրենց երեխաներին մանկատներ ուղարկել, հրաժարվել իրենց երեխաներին դպրոց ուղարկելուց կամ տնային ուսուցում ընտրել։ Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող մի ՀԿ-ի տնօրեն Human Rights Watch-ին տեղեկացրել է, որ նա Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող ընտանիք է ճանաչում, որը թույլ չի տվել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող իր 14-ամյա դստերը որեւէ կրթություն ստանալ։ -Մայրն իր դստեր համար անգամ տնային ուսուցման չի դիմել։ Ընտանիքը չի ցանկացել դա։ Նրանք ամաչում էին աղջկա հաշմանդամությունից։[181]

Նելլին, ով 20-25 տարեկան է և ամուսնալուծված է, Human Rights Watch-ին