Ամեն տարի Հայաստանում քաղցկեղի պատճառով մահանում է մոտ 8,000 մարդ: Նրանցից շատերի կյանքի վերջին օրերն անցնում են սոսկալի ցավի մեջ:
Հայաստանի Հանրապետությունը, սակայն, կարևոր քայլ է կատարում նրանց տառապանքին վերջ դնելու ուղղությամբ. Կառավարությունը վերջերս հաստատել է պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության ծառայությունների ներդրման ազգային ռազմավարությունը, որը հիմնականում վերաբերում է ցավը և ֆիզիկական այլ ախտանշաններն ամոքելուն և հոգեսոցիալական օժանդակություն է նախատեսում կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններ ունեցող անձանց համար: Ռազմավարությամբ նախատեսվում են քաղաքականության, կրթության և դեղորայքի հասանելիության բարեփոխումներ, ինչպես նաև ամրագրվում են պատասխանատու պետական կառույցները:
2015 թվականի հուլիսին «Հյումն Րայթս Վոտչ» կազմակերպությունը հրապարակեց զեկույց, որում ներկայացվեց չամոքվող ցավի ազդեցությունը և օժանդակության ծառայությունների բացակայության ազդեցությունը քաղցկեղով հիվանդ մարդկանց վրա Հայաստանում: Ես հարցազրույցներ անցկացրեցի բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր մահամերձ էին և ահավոր ցավի մեջ: Նրանց թվում էր Լյուդմիլան՝ մանկապարտեզի 61-ամյա նախկին դաստիարակչուհին: Նրա բառերը խորապես անձնական էին.
«Ցավը վրա է հասնում անակնկալ, և սկսում եմ բղավել և այլ մարդ եմ դառնում… Երբ ցավը սկսվում է, չեմ կարողանում խոսել… Ցավի բռնկումներ եմ ունենում ամեն գիշեր… Ցավն անմարդկային է, մարդ արարածի համար՝ անտանելի»:
Նրա կենսափորձը բացառություն չէր:
Երբ առողջացնող բուժումն այլևս արդյունավետ չէ, քաղցկեղի բարդացած փուլերում ապրող անձանց Հայաստանում պարզապես տուն են ուղարկում: Մոռացության մատնվելով առողջապահական համակարգի կողմից իրենց կյանքի թերևս ամենախոցելի շրջանում, կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններ ունեցող մարդիկ առերեսվում են ցավին, վախին և տանջանքին՝ զուրկ մնալով մասնագիտական օժանդակությունից: Նրանց անհրաժեշտ օժանդակությունն ամոքիչ բժշկական օգնությունն է:
Սուր ցավի ամոքման հիմնական դեղամիջոցը՝ մորֆինը, թանկարժեք չէ և հեշտ է ընդունել, սակայն Հայաստանում մորֆինի կարիք ունեցողների ընդհանուր թվի 3 տոկոսից պակաս մասն են այն ստանում: Պատճառն` այն գրեթե անհաղթահարելի խոչընդոտներն են, որոնք կառավարությունը ստեղծել է մորֆինի նշանակման և բացթողման առնչությամբ:
Հայաստանի կառավարությունը վաղուց է ընդունել ամոքիչ բժշկական օգնության անհրաժեշտությունը, սակայն ափսոսալի է, որ պաշտոնատար անձանցից երեք տարի պահանջվեց ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը մշակելու և հաստատելու համար:
Ռազմավարության մեջ գիտակցվում է ցավ ամոքող դեղերի հասանելիությունը սահմանափակող իրավական ակտերը փոփոխելու անհրաժեշտությունը, և Կառավարությունը նախատեսում է վերանայել դրանք 2018 թվականին: Հայաստանում, սակայն, քաղցկեղով ապրող հազարավոր հիվանդներն արդեն բավականաչափ երկար են սպասել:
Հայաստանի իշխանությունները պետք է հրատապ կերպով փոփոխեն իրավական դաշտը և անհապաղ ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը, որպեսզի քաղցկեղով հիվանդ անձինք կարողանան ստանալ այն բուժումն, որն իրենց անհրաժեշտ է, և որի հասանելիությունը իրենց իրավունքն է: