Skip to main content

Հայաստան. Ոստիկանական բռնությունների համար չկա հաշվետվողականություն

Ցուցարարները կրում են երկարատև պատիժներ, բայց նրանց նկատմամբ կիրառված բռնությունը մնում է անպատիժ

(Բեռլին) – Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ չափազանց և անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն, Human Rights Watch-ն այսօր հայտարարել է իր 2017թ. Համաշխարհային զեկույցում:

2016թ. հուլիսին իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել մայրաքաղաք Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ անհիմն քրեական գործեր հարուցելով նրանց դեմ և նրանցից ոմանց զրկելով ձերբակալված անձանց հիմնական իրավունքներից:

«Վեց ամիս անց, մենք դեռևս սպասում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն հուլիսին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահները», - ասել է Գեորգի Գոգիան, Human Rights Watch-ի, Հարավային Կովկասի հարցերով տնօրենը։ «Իշխանությունները չեն հապաղել բազմաթիվ ցուցարարների հետապնդելու հարցում, բայց կարգազանց ոստիկանների նկատմամբ նույն խստությամբ չեն իրականացրել արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում»:

Ցուցարարները խաղաղ երթով շարժվում են Երեւանի կենտրոնում, 30-ը հուլիսի 2016թ. © 2016թ. Գեորգի Գոգիա / Human Rights Watch

Human Rights Watch-ի՝ 687 էջից բաղկացած Համաշխարհային զեկույցի 27-րդ հրատարակությունը դիտարկում է մարդու իրավունքների իրավիճակն ավելի քան 90 երկրներում: Իր ներածական ակնարկում գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը գրում է, որ ավտորիտար պոպուլիստների նոր սերունդը ձգտում է տապալել մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը՝ իրավունքները դիտարկելով որպես մեծամասնության կամքի խոչընդոտ: Հանուն նրանց, ովքեր զգում են, որ համաշխարհային տնտեսությունը նրանց ետ է թողել և գնալով ավելի են վախենում բռնի հանցագործություններից, քաղաքացիական հասարակության խմբերը, լրատվամիջոցները և հանրությունը վճռորոշ դերակատարում ունեն՝ վերահաստատելու համար այն արժեքները, որոնց հիման վրա կառուցված է մարդու իրավունքները հարգող ժողովրդավարությունը:

Human Rights Watch-ը նաև բացահայտել է մարդու իրավունքների այլ լուրջ խնդիրներ Հայաստանում, այդ թվում ընտանեկան բռնության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնության և խտրականության, ինչպես նաև ցավազրկող դեղորայքի մատչելիության անհարկի սահմանափակումները՝ կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Հիմնականում խաղաղ բնույթ կրող բողոքի ցույցերը բռնկվեցին արմատական ընդդիմադիր զինյալների խմբի, «Հիմնադիր խորհրդարանի», կողմից հուլիսի 17-ին Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, որի ընթացքում սպանվել էր մեկ ոստիկան և պատանդ էին վերցվել մի քանիսը: Մինչ զինյալները կհանձնվեին հուլիսի 31-ին, հանրային աջակցությունը նրանց հանդեպ և դժգոհությունն իշխանություններից վերաճեց մի լայն բողոքի շարժման։

Ոստիկանության արձագանքը դաժան է եղել որոշ դեպքերում: Հուլիսի 29-ին ոստիկանությունը կիրառել է խլացուցիչ նռնակներ ոստիկանության գրավված գնդի հարևանությամբ հավաքված խաղաղ բազմության նկատմամբ՝ ցուցարարներին և լրագրողներին պատճառելով առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ և բեկորային վնասվածքներ: Ոստիկանները և նրանց հետ գործող անհայտ քաղաքացիական հագուստով մարդիկ, հարձակվել են ցուցարարների վրա, հարվածներ հասցրել բռունցքներով, ոտքերով և օգտագործել փայտե մահակներ ու երկաթե ձողեր՝ ծեծելով որոշ ցուցարարների և ձերբակալելով շատերին:

Հուլիսին և օգոստոսին, իշխանությունները կրկին կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց:

Իշխանություններն առանց հապաղելու հետաքննություն էին սկսել ոստիկանության դրսևորած հակաիրավական վարքագծի առնչությամբ, սակայն հետաքննությունը հանգեցրել է սահմանափակ պատասխանատվության։ Իշխանություններն աշխատանքից ազատել են Երևանի ոստիկանապետին «ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը չկանխելու» համար։ Ոստիկանության 17 այլ ծառայողներից ոմանց լիազորությունները կասեցվել են, մյուսներին հայտարարվել է նկատողություն, սակայն ոչ մի քրեական գործ չի հարուցվել որևէ պաշտոնատար անձի նկատմամբ: Դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Երևանի փոխոստիկանապետին «հասարակական կարգի գերազանց պահպանության» համար ոսկե մեդալով, ով հուլիսի 29-ին մասնակցել է ընդդեմ ցուցարարների իրականացված ոստիկանական գործողություններին:

Քրեական գործերն ընդդեմ բազմաթիվ ցուցարարների և բողոքի ցույցերի կազմակերպիչների շարունակվում են: Առնվազն յոթ մարդ դատապարտվել է ազատազրկման մեկից մինչև երեք ու կես տարի ժամկետով: Նրանցից մեկը նաև տուգանվել է: Առնվազն հինգ այլ մարդ ստացել են պայմանական կալանք և մեկը միայն տուգանվել է։ Մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Այս 13 ամբաստանյալներից բոլորն ընդունել են իրենց մեղքը՝ մասամբ ստանալով երաշխիքներ, որ իրենց նկատմամբ կկիրառվի ավելի նվազ պատիժ քան օրենքով սահմանված առավելագույնն է։

«Ոստիկանության բռնությունների համար հաշվետվողականությունն էական է հանրային վստահության վերականգնման համար, այն դեպքում, երբ մարդիկ զգում են, որ Հայաստանում կառավարությունն ականջալուր չի լինում նրանց մտահոգություններին», - հայտարարել է Գոգիան։

GIVING TUESDAY MATCH EXTENDED:

Did you miss Giving Tuesday? Our special 3X match has been EXTENDED through Friday at midnight. Your gift will now go three times further to help HRW investigate violations, expose what's happening on the ground and push for change.
Region / Country