Skip to main content

Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են կասետային ռումբեր

Դադարեցրեք արգելված զենքի օգտագործումը, վնասազերծեք և ոչնչացրեք պաշարները

Սանիտարական տեխնիկա, սալիկներ և այլ կենցաղային իրեր պարունակող խանութ է այրվել Ստեփանակերտում 2020թ․ հոկտեմբերի 3-ի գիշերը՝ քաղաքի հրթիռակոծումից հետո: © 2020 Իրազեկ քաղաքացիների միավորում

Ադրբեջանը շարունակաբար օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հաղորդել է Human Rights Watch-ը այսօր: 2020թ․-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կտրուկ սրվել են ռազմական գործողությունները Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների միջև: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամ երկրների միջնորդությամբ ձեռք բերված մարդասիրական հրադադարի պահպանման երկու պայմանավորվածությունները չկարողացան դադարեցնել մարտերը: Ըստ բոլոր կողմերի իշխանությունների Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումների արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել:

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես խիտ բնակեցված տարածքներում, խոսում է քաղաքացիների անվտանգության անտեսման մասին», - ասել է Սթեֆն Գուսը՝ Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրենը և Կասետային զինամթերքի կոալիցիայի ղեկավարը: «Կասետային զինամթերքը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի որևէ մեկի կողմից, հատկապես քաղաքներում՝ խաղաղ բնակչությանը հասցվող կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է՝ արդյոք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է մշտապես տարբերակել կոմբատանտներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական օբյեկտները՝ քաղաքացիականներից: Որպես այդպիսին, արգելվում են անխտրական հարձակումները՝ ներառյալ հարձակումները, որոնք օգտագործում են այնպիսի մարտական մեթոդ կամ միջոց, որը հնարավոր չէ ուղղել դեպի որոշակի իրավաչափ ռազմական թիրախ: Human Rights Watch–ը բազմիցս է դիմել Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլտվությունը դեռևս չի տրվել:

Human Rights Watch-ը ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև չպայթած զինամթերք, Ստեփանակերտի որոշ հատվածներում, Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոնում, որին Ադրբեջանում անվանում են Խանքենդի: Human Rights Watch-ը նաև ուսումնասիրել է հրթիռի, պայթյունի հետևանքների և զինամթերքի մնացորդների, ինչպես նաև չպայթած զինամթերքի լուսանկարները Հադրութ քաղաքում: Human Rights Watch-ը զրուցել է նաև հարձակումներին ականատես վեց մարդու հետ: Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրել են հայկական կողմին այս հակամարտությունում կասետային զինամթերք օգտագործելու մեջ, սակայն Human Rights Watch-ը ինքնուրույն չի ստուգել այդ պնդումները:

Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch-ին հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի թաղամասում: 

© 2020 Planet Labs

69-ամյա մի կին, ով գտնվում էր շենքի չորրորդ հարկի իր բնակարանում, հարևանությամբ այն տեղանքի, որտեղ Human Rights Watch-ը ուսումնասիրում էր M095 հրթիռների հարվածների բազմաթիվ բնորոշիչ հետևանքները, ասաց, որ շենքը սկսեց ցնցվել առավոտյան ժամը 7:15-ի սահմաններում. «երեխաները սկսեցին գոռալ և բոլորը խուճապահար էին, երբ ռումբերը սկսեցին ցած ընկնել: Բացեցինք պատուհանները և տեսանք, որ մեքենաներն այրվում են: Մենք տեսանք, որ նրանց մոտ կային փոքրիկ վարդագույն մասնիկներ, որոնց պատճառով նրանք այրվում էին, ուստի մենք վազեցինք դեպի նկուղ»:

Նա ասաց, որ մի շարք զինամթամթերքներ չեն պայթել, և որ հարևանները դրանք ծածկել են մանկական խաղահրապարակից բերված ավազով, մինչև հաջորդ օրը արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եկել, վնասազերծել են դրանք և հեռացրել: Նա ասաց, որ պայթյունների հետևանքով կոտրված ապակինները վիրավորել են հարեւանությամբ գտնվող մի շարք մարդկանց: Մեկ այլ բնակիչ Human Rights Watch-ին ասաց, որ վնասվել են տասնյակ մեքենաներ:

Հոկտեմբերի 12-ին Human Rights Watch-ը այցելել է այնտեղ և բացի զինամթերքի բնորոշիչ հետևանքներից, Human Rights Watch-ը նկատել է նաև մի քանի վնասված և այրված տրանսպորտային միջոցներ և մոտակա բնակարանների և բակում գտնվող խանութների բազմաթիվ կոտրված ապակիներ: Այնուամենայնիվ, տվյալ զինամթերքի կողմից տարածքին հասցված ճշգրիտ վնասը անհայտ է, քանի որ մոտավորապես նույն վայրում դրան անմիջապես հետևել է այլ հարձակում՝ այլ տեսակի զինամթերքով:

Առնվազն մեկ այլ LAR-160 կասետային հրթիռ արձակվել է նույն տարածքից գրեթե մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Human Rights Watch-ը դիտարկել է LAR-160 հրթիռի մնացորդները, M095 զինամթերքի հարվածների բնորոշիչ հետևանքները, վարդագույն կայունացման ժապավենների մնացորդները և զինամթերքի բեկորները: Բազմաթիվ շենքեր, մասնավոր բիզնեսի և շուկաների տարածքներ տարբեր աստիճանի վնասներ են կրել հարձակման արդյունքում:

Ստեփանակերտի խանութներից մեկի մոտակայքում իսրայելական արտադրության M095 հրթիռի տարբերակիչ, օղակաձև պատրաստված բեկորները: © 2020 Human Rights Watch
Ստեփանակերտի խանութներից մեկի մոտակայքում իսրայելական արտադրության M095 հրթիռի տարբերակիչ, օղակաձև պատրաստված բեկորները: © 2020 Human Rights Watch

Human Rights Watch-ը զրուցել է հասարակական խմբի մի աշխատակցի հետ, ով խանութում հրդեհ է նկատել այս երկրորդ թաղամասում տեղի ունեցած հարձակման արդյունքում, երբ նա այցելել է տարածք մոտավորապես ժամը 23:20-ին, հոկտեմբերի 3-ին: Human Rights Watch-ը ստուգել է նաև այս ականատեսի կողմից արված լուսանկարի վավերականությունը, որը, ըստ լուսանկարի մետատվյալների, նկարահանվել է հոկտեմբերի 3-ին, ժամը 23:20-ին:

LAR-160 սերիայի իսրայելական արտադրության հրթիռի իրանը Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում: © 2020 Human Rights Watch

Հոկտեմբերի 4-ին «Re։public of Artsakh» Տելեգրամ ալիքում տեղադրված տեսանյութը արձանագրել է հերթական կասետային զինատեսակի հրթիռը Ստեփանակերտի Հակոբ Հակոբյան փողոցում: Human Rights Watch-ը զրուցել է երկու հոգու հետ, ովքեր ապրում են Հակոբ Հակոբյան փողոցում և ականատես են եղել հարձակմանը: 55-ամյա մի բնակիչ ասաց, որ հարձակման ժամանակ ինքը գտնվում էր իր չորրորդ հարկի բնակարանում: Նա ասաց, որ պայթյունների մի մասը տեղի են ունեցել տանիքում և պատռել են շենքի վերին մասում գտնվող ջրատար խողովակները, ինչի արդյունքում վերին հարկերից ջուր է հոսել: Արդյունքում անջատվել է շենքի ընդհանուր ջրամատակարարումը:

Ստեփանակերտում, Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր մասնաշենքի մոտակայքում, M095 երկակի նշանակության հրթիռի հարվածի բնորոշիչ հետքի օրինակը գետնին՝ իր վարդագույն գույնի ժապավենի հետ միասին: © 2020 Human Rights Watch.

Փրկարար ծառայությունները մի քանի օր անց կարողացան մաքրել զինամթերքը շենքի տանիքից և ջրամատակարարումը վերականգնվել է, բայց գրոհից ի վեր շենքում էլեկտրականություն չկար: Էլեկտրական ցանցի աշխատանքին ծանոթ անձը Human Rights Watch-ին ասաց, որ իրենք աշխատում են այդ տարածքում էլեկտրաէներգիան վերականգնելու ուղղությամբ, բայց առայժմ կարող են միայն էլեկտրաէներգիա տրամադրել նկուղներին և ապաստարաններին:

«Ղարաբաղ Տելեկոմի» մերձակայքում գտնվող մասնավոր տրանսպորտային միջոցի վնասը իսրայելական արտադրության երկակի նշանակության M095 զինատեսակից, որն արտադրում է հալված մետաղի հրթիռ՝ տրանսպորտային միջոցներն ու նյութերը ոչնչացնելու համար: © 2020 Human Rights Watch

Human Rights Watch-ը չի հայտնաբերել որևէ ռազմական տեխնիկա կամ հենակետեր երեք թաղամասերում, որտեղ տեղի են ունեցել հարձակումները: Նույնիսկ եթե այդպիսիք եղել են, հաշվի առնելով կասետային զինամթերքի ավերիչ հետևանքները, դրանց օգտագործումը բնակելի քաղաքացիական պայմաններում չի թույլատրվում ըստ պատերազմի կանոնների:

Բանվորները փորձում են վերականգնել վնասված էլեկտրական լարերը Ստեփանակերտում` «Ղարաբաղ Տելեկոմ»-ի շենքի հարևանությամբ, որը շրջապատված է բնակելի շենքերով: © 2020 Human Rights Watch

Human Rights Watch-ը նաև ուսումնասիրել է անմիջապես Հադրութ քաղաքից ուղարկված 35 լուսանկար և մեկ տեսանյութ մի տան մեջ և շրջակայքում LAR-160 հրթիռի և դրա պայթուցիչի ազդեցության, մնացորդների և M095 զինատեսակի մնացորդները պայթյունից հետո, ինչպես նաև չպայթած զինամթերքի մասին: Ըստ նյութերի մետատվյալների, դրանք արվել են հոկտեմբերի 3-ին: Human Rights Watch-ը ստուգել և հավաստիացել է, որ տեսանյութը և լուսանկարները արվել են Հադրութ քաղաքում: Հոկտեմբերի 4-ին «Ազատ Եվրոպա» ռադիոյի / «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից YouTube-ում վերբեռնվեց տեսանյութ, որը ցույց էր տալիս նույն տունը և մնացորդները:

Իսրայելական արտադրության LAR-160 սերիայի հրթիռի մնացորդը, որը հարվածել է Հադրութ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի տանը: © 2020 Իրազեկ քաղաքացիների միություն
Հադրութ քաղաքի բնակավայրերից մեկում հայտնաբերված M136 R պայթուցիչ, որն օգտագործվում է իսրայելական արտադրության LAR-160 սերիայի հրթիռի հետ: © 2020 Իրազեկ քաղաքացիների միություն

Կասետային զինամթերքն արգելվել է դրանց լայնամասշտաբ և ավերիչ ազդեցության և խաղաղ բնակչությանը սպառնացող երկարաժամկետ վտանգի պատճառով: Կասետային զինատեսակը սովորաբար պայթում է օդում և տասնյակ, նույնիսկ հարյուրավոր փոքր ռումբեր է ուղարկում ֆուտբոլի խաղադաշտի չափ տարածքի վրա: Կասետային ենթառումբերը հաճախ չեն կարողանում պայթել նախնական հարվածից՝ թողնելով չպայթած ռումբեր, որոնք գործում են որպես ականներ:

Իսրայելական արտադրության M095 երկու չպայթած ռումբ, որոնցից մեկը պայթյունավտանգ է․ Հադրութ քաղաքի բնակելի տարածք՝ քաղաքի վրա հարձակման արդյունքում: © 2020 Իրազեկ քաղաքացիների միություն

Կլաստերային զինամթերքի մասին 2008 թվականի կոնվենցիան համապարփակորեն արգելում է կասետային զինամթերքը և պահանջում է դրանց ոնչնչացում, ինչպես նաև զոհերին օգնություն: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանագիրը վավերացրած 110 պետությունների մեջ չեն մտնում: Երկուսն էլ ասում են, որ չեն կարող միանալ պայմանագրին, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը: Երկուսն էլ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ առանց հապաղելու Կլաստերի զինամթերքի մասին կոնվենցիային միանալու համար, ասում է Human Rights Watch-ը:

Անկախ պայմանագրով սահմանվող որոշակի պարտավորություններից` հակամարտության բոլոր կողմերը Ժնևի կոնվենցիաներով և միջազգային սովորութային իրավունքի ուժով պարտավոր են պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք զինված ուժերից պահանջում են մշտապես տարբերակել կոմբատանտներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական օբյեկտները և քաղաքացիական անձանց: Արգելվում է նաև իրականացնել ավերիչ հարձակումներ կամ հարձակումներ, որոնք չափազանց մեծ վնաս են հասցնում քաղաքացիական անձանց՝ ակնկալվող կոնկրետ ռազմական առավելության դիմաց:

«Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կրկնվող օգտագործումը պետք է անհապաղ դադարեցվի, քանի որ դրանց շարունակական օգտագործումը նպաստում է գալիք տարիներին խաղաղ բնակչության համար վտանգի մեծացմանը», - ասել է Գուսը:

Լրացուցիչ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում կասետային զինամթերքով հարձակումների մասին

Human Rights Watch-ը Ստեփանակերտում և Հադրութում հայտնաբերել է իսրայելական արտադրության LAR-160 սերիայի կլաստերային հրթիռների մնացորդները և չպայթած M095 կրկնակի նշանակության զինամթերք: Յուրաքանչյուր հրթիռ կրում է 104 ենթառումբ, և յուրաքանչյուր զինամթերք հագեցած է ինքնաոչնչացման մեխանիզմով: Այս երկիր-երկիր մակերեսային հրթիռներն ու կայանքները Ադրբեջանը ստացել է Իսրայելից 2008-2009 թվականներին: Ոչ Հայաստանում, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների մոտ չեն արձանագրվել կլաստերային զինամթերքի կուտակման մասին տվյալներ, սակայն նրանք ունեն բազմալար հրթիռային կայանքներ, որոնք ունակ են տեղ հասցնել այդ ռումբերը:

Human Rights Watch-ը յուրաքանչյուր վայրում հայտնաբերել է իսրայելական արտադրության M095 երկակի նշանակության ենթառումբեր: Երբ այս ենթառումբերը գործի են դրվում պայթուցիչի ազդեցությունից, այն արտադրում է մահացու մետաղական ձուլածո բեկորներ և հալված մետաղի շիթ՝ ուղղված տրանսպորտային միջոցների և նյութերի ոչնչացմանը: Human Rights Watch-ը Ստեփանակերտի երեք թաղամասերում ուսումնասիրել է M095 զինամթերքի, ինչպես նաև վարդագույն նեյլոնե կայունացման ժապավենների մնացորդների հարյուրավոր բնորոշիչ հետևանքներ:

Հոկտեմբերի 13-ին Human Rights Watch-ը այցելել է այն տեղանքը, որտեղ վկան նկատել և լուսանկարել է այրվող խանութը հոկտեմբերի 3-ին ժամը 23:20-ին և դիտարկել է նույն այրված շենքը, որը տեսանելի էր լուսանկարում և առնվազն երեք վարդագույն կայունացման ժապավեններ շենքից մի քանի մետր հեռավորության վրա, ինչպես նաև բազմաթիվ բնորոշիչ հետևանքներ, որոնք համապատասխանում էին M095 ենթառումբերին: Human Rights Watch-ը շենքից 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել է LAR-160 հրթիռի մնացորդներ և դիտարկել հարվածի հետևանքները շենքի տանիքին, որոնք համապատասխանում էին կինետիկ վնասներին: Համաձայն հասանելի արբանյակային պատկերների, հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում: Հոկտեմբերի 8-ին պատկերները ցույց են տալիս շենքի վնասը, որը համընկնում է կրակի հետ:

Հակոբ Հակոբյան փողոցում հարձակման ժամանակ առնվազն երեք առանձին հրթիռների տարբերակիչ ձայնը, որոնք ցրում են բեռնված ռումբերը, և դրանց հետագա պայթյունները լսվում են հարձակման տեսանյութում, որը ենթադրաբար նկարահանվել է մեքենայի վահանակի վրայից: Հոկտեմբերի 12-ին Human Rights Watch-ն այցելել է այն տեղանքը, որտեղ նկարահանվել է տեսանյութը և հաշվել ավելի քան 100 բնորոշիչ հետևանքներ նույն փողոցում: Human Rights Watch-ը նաև դիտարկել է բազմաթիվ զինատեսակների հետևանքներ անմիջապես հարակից փողոցներում, գրասենյակային և բնակելի շենքերի տանիքներին՝ 100 մետր շառավղով: Հոկտեմբերի 13-ին կայացած առանձին այցի ընթացքում Human Rights Watch-ը հայտնաբերեց LAR-160 սերիայի հրթիռի մնացորդները՝ հարձակման տեսանյութը նկարահանելու վայրից 100 մետր հեռավորության վրա: Human Rights Watch-ը նկատել է էլեկտրական լարերին, երեխաների խաղահրապարակներին, տրանսպորտային միջոցներին, ձեռնարկություններին, տներին, գլխավոր փոստային բաժանմունքին և Ղարաբաղ Տելեկոմի շենքին հասցված վնասները: 

GIVING TUESDAY MATCH EXTENDED:

Did you miss Giving Tuesday? Our special 3X match has been EXTENDED through Friday at midnight. Your gift will now go three times further to help HRW investigate violations, expose what's happening on the ground and push for change.
Region / Country