Skip to main content
A collage of eight images showing damage to schools

Պատերազմի դասերը

Հարձակումներ դպրոցների վրա Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում

Photos by Dmitri Beliakov, Tanya Lokshina, and Bill Van Esveld for Human Rights Watch

Առաջին երեխաները զոհվեցին պատերազմի առաջին օրը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին արկի պայթյունից զոհվեց Վիկտորիա Գևորգյանը: Նա ընդամենը 9 տարեկան էր: Արկը ընկել էր Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի իր տան բակում: Նույն օրը, Ադրբեջանի Նաֆթալան քաղաքում, արկից զոհվեցին 13-ամյա Շահրիյար Գուրբանովը և նրա զարմիկ 14-ամյա Ֆիդան Գուրբանովան և ընտանիքի երեք այլ անդամներ, երբ նրանք գտնվում էին իրենց տան բակում:

Հաջորդ վեց շաբաթների ընթացքում, ըստ զեկույցների, ավելի քան 150 խաղաղ բնակիչ է զոհվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող մարտերում: Վիկտորիան, Շահրիյարը և Ֆիդանը զոհվածների մեջ միակ երեխաները չեն. զոհվել են ևս 10 ադրբեջանցի երեխաներ: Հակամարտությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպեց լքել իրենց տները, առնվազն ժամանակավորապես:

Մարտերի ընթացքում և դրանից հետո Human Rights Watch-ի հետազոտողներն այցելել են Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից վերահսկվող տարածքներում հարձակման ենթարկված վայրեր՝ պարզելու, թե արդյոք զինված ուժերը կատարում են միջազգային պատերազմական օրենքներով ստանձնած պարտավորությունները՝ խաղաղ բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար: Մենք հարցազրույցներ ենք վարել ականատեսների հետ, ուսումնասիրել լուսանկարներ և տեսանյութեր, որոնք արվել են իրական ժամանակում, տեղի բնակիչների կողմից, բջջային հեռախոսներով կամ հրապարակվել են ԶԼՄ-ներում, և ուսումնասիրել ենք արբանյակային լուսանկարները` մեր եզրակացություններին հանգելու համար: Մենք հանդիպել և հաղորդակցել ենք Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի de facto համապատասխան իշխանությունների հետ[1]:

Այս զեկույցն անդրադառնում է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած մարտերի ընթացքում դպրոցների հետ տեղի ունեցածին և բացահայտում հակամարտության որոշ հետևանքները դպրոցական երեխաների համար:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վնասվել կամ ավերվել են առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում երկուսը ՀՀ-ում, և 54 ադրբեջանական դպրոց, ինչպես նաև տասնյակ մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և արհեստագործական դպրոցներ:

Երկու կողմերում էլ դպրոցները փակվել էին 2020 թվականի մարտին՝ Covid-19 համավարակի պատճառով: Նրանք դեռ նոր էին բացվել սեպտեմբերի կեսերին, բայց կրկին փակվեցին, երբ սկսվեցին մարտերը: Շատ դպրոցներ վերափոխվեցին տեղահանվածների ապաստարանների: Լեռնային Ղարաբաղում որոշ դպրոցներ օգտագործվել են նաև որպես ռազմական հիվանդանոցներ և զորանոցներ. որոշները թալանվել են տեղի բնակիչների և հայկական ռազմական ուժերի կողմից:

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի դպրոցները դեռևս հիշում են 1988թ. սկսված և 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո թափ առած հակամարտության ընթացքում հակառակորդի կողմից կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունները: Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք երկուսն էլ Խորհրդային Միության հանրապետություններ էին, վերանկախացան որպես պետություններ՝ հակամարտելով տարածքների շուրջ, որը հանգեցրեց մեկ միլիոնից ավելի խաղաղ բնակիչների բռնի տեղահանմանը:

Լեռնային Ղարաբաղը, որը էթնիկ հայկական մեծամասնությամբ անկլավ է Ադրբեջանում, անկախություն է հռչակել 1991 թվականին, սակայն այն չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որևէ պետության կամ բազմակողմ կազմակերպությունների կողմից: Մինչև 1994թ. հրադադարի ռեժիմը, էթնիկ հայկական ուժերը վերահսկողություն էին հաստատել Լեռնային Ղարաբաղի անկլավի շրջակայքում գտնվող ադրբեջանական յոթ շրջանների վրա՝ ստեղծելով անվտանգության բուֆերային գոտի և ցամաքային կապ Հայաստանի հետ:

Քարտեզում պատկերված է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը եւ նրա շրջակայքը։ Հակամարտության կողմերից մեկի վերահսկողության տակ գտնվող տարածքները նշված են տարբեր աղբյուրների, այդ թվում `Eurasianet, ICG -ի և BBC- ի տվյալների հիման վրա: Քարտեզը տրամադրվում է միայն տեսողական հղումների նպատակով և չի ենթադրում տարածքի նկատմամբ որևէ իրավական կամ քաղաքական պահանջների ճանաչում © 2021 John Emerson / Human Rights Watch

Հոկտեմբերի 2

Ադրբեջանի Թարթառ քաղաքը, որը գտնվում է քարավանների հնագույն ճանապարհի վրա, մարտերի ընթացքում հայկական կողմից արձակված հրթիռների և ծանր հրետանու հասանելիության միջակայքում էր: Գլխավոր փողոցի վրա գտնվող գրեթե բոլոր խանութների ցուցափեղկերը փշրված էին, երբ մենք այցելեցինք: Այն ժամանակվա արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ մարտական գործողությունների ժամանակ Թարթառ քաղաքը լի էր ռազմական տրանսպորտային բեռնատարներով և շուրջ բոլորը տեղակայված էին ռազմական դիրքեր:

Այդուհանդերձ, Human Rights Watch-ը հանգեց այն եզրակացությանը, որ հայկական ուժերի կողմից քաղաքի ներսում խիտ բնակեցված քաղաքացիական տարածքների վրա հարձակման համար ոչ ճշգրիտ, պայթուցիկ սպառազինության համակարգերի բազմակի կիրառումը եղել է անխտրական և, հետևաբար՝ անօրինական:

Հոկտեմբերի 2-ին մի բնակիչ տեսանկարահանել է փոշի և բեկորներ, որոնք բարձրանում են վայրկյաններ անց այն բանից հետո, երբ լսվում է, թե ինչպես է հայկական դիրքերի կողմից արձակված հրետանու արկը մխրճվում Շիխարխի մանկապարտեզի մեջ, որը կառուցվել է 1990-ականներին պատերազմից տեղահանված մարդկանց համար: Human Rights Watch-ը ստուգել է տեսանյութը՝ այն համադրելով արբանյակային պատկերներին:

Հոկտեմբերի 3

Հաջորդ օրը երեք հրետանային արկեր դիպան Թարթառի թիվ 1 դպրոցի կենտրոնին՝ քերծվածքներ առաջացնելով կարմիր աղյուսե պատերի և բակի սալաքարերի վրա, ջարդելով պատուհանների շրջանակներն ու ապակիները, վնասելով դասարանները և փշրելով դիմացի մանկապարտեզի պատուհանները:

Երբ մենք ուսումնասիրում էինք վնասը, դպրոցի պահակը մեզ ասաց, որ դպրոցում գրանցված է եղել 1300 աշակերտ՝ նախքան մարտերի պատճառով փակվելը:

School No. 1 in Tartar city. © 2020 Bill Van Esveld / Human Rights Watch

Լեռնային Ղարաբաղի (հայերը անվանում են Արցախ) բազմաթիվ խաղաղ բնակիչներ ասում են, որ անկլավում կամ հարակից շրջաններում չկար որևէ տեղ, որտեղ նրանք իրենց ապահով զգային ադրբեջանական գնդակոծություններից: Կանանց և երեխաների մեծ մասը տարհանվել էր Ստեփանակերտ (Ադրբեջանը Խանքենդի է անվանում), անկլավի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը, այնուհետև Երևան, Հայաստանի մայրաքաղաք կամ Հայաստանի այլ բնակավայրեր:

Երբ իրենց գյուղը ենթարկվեց ադրբեջանական զինուժի գնդակոծություններին, 51-ամյա Նարինե Խաչատուրյանը վերցրեց իր երկու դուստրերին, որոնցից մեկն ընդամենը 10 տարեկան էր, և փախավ Ստեփանակերտ՝ իր հույսով ավելի անվտանգ ծնողների բնակարան:

Հոկտեմբերի 4


Ստեփանակերտն իրականում հեռու էր անվտանգ լինելուց: Գնդակոծության պատճառով ընտանիքը մնաց բազմաբնակարան շենքի նկուղում ՝ մնացած բնակիչների հետ միասին, իսկ Նարինեն բարձրանում էր բնակարան՝ իր ծնողների և երեխաների համար ուտելիք պատրաստելու համար: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 8-ին, երբ նա ընթրիք էր պատրաստում, «հանկարծ, լսվեց այս շառաչյունը և ամենուր ապակիներ էին թռչում»[2]:

Այդ նույն հարձակումը մեծապես վնասեց Ստեփանակերտի թիվ 10 դպրոցը՝ փողոցի հակառակ կողմում:

Հակամարտության ընթացքում մոտակա հիմնական էլեկտրական ենթակայանը թիրախավորող հարձակումները առնվազն վեց անգամ հարվածել են դպրոցին, ինչի արդյունքում շարքից դուրս են եկել տասնյակ դասարաններ և ընդհատվել է դպրոցի էլեկտրական հոսանքի և ջրի մատակարարումը:

Մենք եզրակացրեցինք, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ազդեցության զինամթերք է կիրառել, այդ թվում՝ սկզբունքորեն ոչ ճշգրիտ հրետանային հրթիռներ, որոնց հարվածները կարող են լինել անխտրական և, հետևաբար՝ անօրինական:

Satellite image recorded on October 8, 2020 shows at least 10 impact sites over an area of 300 meters radius from the electrical substation in Stepanakert attacked on October 4. Some of these strikes directly hit the main control building the transformers and sub transmission lines in the substation and several affected residential and commercial buildings in the vicinity. Others landed on the courtyard of School Number 10. Satellite image © 2020 Planet Labs

Ինչպես Թարթառի թիվ 1 դպրոցը, այնպես էլ Ստեփանակերտի թիվ 10 դպրոցն ունեցել է 1300 աշակերտ: 2021 թվականի մարտի սկզբի դրությամբ դպրոցի միայն մեկ երրորդն էր կրկին շահագործվել: [3]

Հակամարտության ընթացքում Ստեփանակերտում հրետակոծության ենթարկված այլ դպրոցներից են թիվ 12 դպրոցը, թիվ 1 մանկապարտեզը, երաժշտական դպրոցը և Հայ ավետարանական ընկերակցության մանկապարտեզը, ինչպես մեզ հայտնել են տեղական դե ֆակտո իշխանությունները:[4]

Հոկտեմբերի 4-ի հարձակումից հետո Նարինեն և նրա 10 և 25 տարեկան երկու դուստրերը, որոնք երկուսն էլ ունեն բազմակի հաշմանդամություն, կրկին փախել են: 2021 թվականի փետրվարի դրությամբ նրանք ապաստանում էին Երևանում, խուլերի համար նախատեսված մի դպրոցում՝ հակամարտությունից տեղահանված մի քանի այլ ընտանիքների հետ միասին:[5]

A crater and damage to the Shikharkh secondary school on the outskirts of Tartar city. © 2020 Tanya Lokshina / Human Rights Watch


Հոկտեմբերի 5

Թարթառում հարված է հասցվել թիվ 5 դպրոցին, որը թիվ 1 դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է: Հարձակման հետևանքով ոչնչացվել են դասարանները, էլեկտրալարերը, պատուհանները և համակարգիչները, որոնք ուսուցիչներն օգտագործում էին առցանց դասեր անցկացնելու համար, դպրոցի տնօրենն ասաց հարցազրույցում:

Հոկտեմբերի կեսերին տեղի ունեցած մեկ այլ հարձակում, որն իրականացվել էր առնվազն երեք հրետանային արկով, վնասեց Շիխարխի միջնակարգ դպրոցը և ջարդեց փողոցի մյուս կողմում գտնվող երաժշտական դպրոցի հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհանները, - ասաց 30-ամյա Ջավադ Աղաևը, ում բնակարանը գտնվում է դպրոցի հարակից փողոցի դիմաց:[6]

Նոյեմբերի սկզբին, երբ Թարթառում հանդիպեցինք բարձրաստիճան պետական պաշտոնյայի, ով խնդրեց չհրապարակել իր ինքնությունը, կրում էր մոխրագույն և կանաչ-շագանակագույն քողարկող համազգեստ: Նա մեզ տարավ Թարթառի կենտրոնի մարզային վարչական համալիրի տակ գտնվող բունկեր, որտեղ նա բարձրաձայն կարդաց պատերազմի ենթադրյալ վնասների երկար ցուցակը: Նրա խոսքով, տասնչորս պետական դպրոց, երեք մանկապարտեզ և մեկ արհեստագործական դպրոց վնասվել կամ ավերվել են, իսկ 17 խաղաղ բնակիչ զոհվել է, իսկ տարածաշրջանի 114000 բնակիչներից 10000-ը տեղափոխվել են:[7] Մենք կարողացանք այցելել և ճշտել հինգ հարձակումները, որոնք վնասել են տարածաշրջանի դպրոցները:

Smerch artillery rocket and other munition remnants, collected at the regional administrative complex in Tartar city. © 2020 Bill Van Esveld / Human Rights Watch
Map 2. Satellite imagery analysis of damaged sites and military positions established during October 2020 in the city of Tartar, as of October 23, 2020. Satellite imagery © 2020 CNES / Airbus
A military truck parked behind School No 1 in Tartar city. © 2020 Tanya Lokshina / Human Rights Watch

Նոյեմբերի 8-ին մենք թիվ 1 դպրոցի հետնապատի ետևում կայանված ադրբեջանական մեկ ռազմական բեռնատար գտանք:

Բժիշկ Կ. Մամեդովան, ով անասնաբուժություն է դասավանդում Ադրբեջանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյանջայի գյուղատնտեսական համալսարանում, հոկտեմբերի 5-ին գրանցել էր ճշգրիտ ժամանակը, գիշերը ժամը 2:37[8], երբ վնասվեց իր նախկին՝ թիվ 4 միջնակարգ դպրոցը։

A crater caused by an artillery rocket, across the road from the back entrance to School No. 4 in Ganja. © 2020 Bill Van Esveld / Human Rights Watch

Դպրոցի հետևի մուտքի հակառակ փողոցին ընկած հրետանային հրթիռը ռուսական արտադրության «Սմերչ» էր («Տորնադո»), ըստ ականազերծման ազգային գործակալության տվյալների` 7,6 մետր երկարությամբ, որը կրում էր 258 կիլոգրամ բարձր պայթուցիկ նյութ: Պայթյունի հետևանքով կոտրվել էին դպրոցի հետևի թևի պատուհաններն ու դռները, ճեղքվել դասասենյակները և ջարդվել բակի հակառակ կողմի պատուհանները:

Պահակի խոսքերով, դպրոցում գրանցված են 3200 աշակերտ։

Հոկտեմբերի 8


Ականատեսները մեզ պատմեցին, որ առավոտյան ժամը 11-ին մեկ այլ «Սմերչ» հրթիռ է ընկել Բարդայի թիվ 5 միջնակարգ դպրոցի բակում: Դպրոցը փակ էր իր 1500 աշակերտների համար, բայց պատսպարում էր մարտական գործողությունների հետևանքով իրենց տներից տեղահանված 300 մարդու, ինչպես նաև 15 ուսուցիչներ և այլ աշխատակիցներ, - ասաց դպրոցի տնօրեն Թեյմուր Համիդովը: Հինգ մարդ վիրավորվել էր: Ըստ երևույթին, հրթիռն արձակել էր իր մահաբեր մարտագլխիկը նախքան գետնին հարվածելը, և կիսով չափ թաղվել էր, իսկ պոչի լողակները «ցցված էին օդում երեք մետր բարձրության վրա», - ասել է Համիդովը:[9]

Հոկտեմբերի 14


Առավոտյան ժամը 10-ին երկու ծանր հրետանային արկ ընկավ Դյույարլի գյուղի դպրոցի բակ՝ Թարթառ քաղաքից երկու կիլոմետր հարավ-արևելք: Երրորդ արկը դիպավ տանիքին՝ պայթեցնելով հինգ դասարաններ և հրկիզելով շենքը:[10]

The school in Duyarli village (Tartar). © 2020 Bill Van Esveld / Human Rights Watch

57-ամյա ուսուցչուհի Արզու Գուլիևան տանն էր, փողոցի հակառակ կողմում: Արկերի բեկորները ծակել էին նրա տանիքը: Նրա ամուսինը փորձել էր զանգահարել հրշեջ ծառայություն, սակայն հարձակման հետևանքով հեռախոսն անջատված էր, «ուստի նա բղավեց անցնող մեքենայի ուղղությամբ՝ որպեսզի կանչի հրշեջներին», - ասաց նա[11]:

Բնակիչներն ու հրշեջները նոր էին հավաքվել կրակի դեմ պայքարելու համար, երբ ընկավ չորրորդ հրետանային արկը: Տեղացի մի ներկայացուցիչ նշեց վիրավորված 7 խաղաղ բնակիչների անունները:

44-ամյա Նամիգ Սուլեյմանովը, որի կինը դպրոցի ուսուցիչ է, մեզ ցույց տվեց երկու փոքր խառնարաններ դպրոցի տարածքում, որտեղ մենք գտանք հրետանային արկերի բեկորներ: Դպրոցի հետևում մենք տեսանք գետնին L-անման խրամատ, դա ռմբապաստարան էր, - ասաց Սուլեյմանովը[12], որը փորվել էր մարտերի ընթացքում դպրոցը քաղաքացիական հրշեջների համար որպես հենակետ օգտագործելու ծրագրի շրջանակներում, այնպես որ նրանք պաշտպանված լինեն հրետակոծությունից: Հարձակման պատճառով ծրագիրը չեղարկվել էր:

A bomb shelter and remnants of an artillery shell in the yard of the Duyarli school (Tartar). © 2020 Bill Van Esveld / Human Rights Watch

Դյույարլիի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը, ամենայն հավանականությամբ, մեծացրել են հայկական կողմի հարձակումներից քաղաքին հարվածներ հասցնելու ռիսկը: Հոկտեմբեր ամսվա արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ադրբեջանական 10 կրակակետեր կային Դյույարլիից հարավ-արևելք ընկած դաշտում, որոնցից մեկը՝ տնից ընդամենը 10 մետր հեռավորության վրա: Կար նաև երեք ծանր հրետանի՝ 800 մետր դեպի արևմուտք, չորս հրթիռահրետանային կայանք՝ 1,5 կիլոմետր դեպի հյուսիս, և ևս երկու հրթիռահրետանային կայանք՝ 2,5 կմ դեպի հարավ-արևմուտք:

Այդուհանդերձ, այդ ռազմական օբյեկտների առկայությունը ոչ բացատրում և ոչ էլ արդարացնում է դպրոցի ծանր հրետանային ռմբակոծությունները: Դպրոցի և քաղաքացիական բնակչության ցանկացած միտումնավոր թիրախավորում կհամարվի ռազմական հանցագործություն:

Հայաստանի իշխանությունները ևս հայտնում են, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է Վարդենիս քաղաքի մերձակա Սոթք և Կուտ գյուղերի երկու միջնակարգ դպրոց, և մեզ հայտնեցին, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորվել է 14-ամյա մի տղա՝ այլ քաղաքացիների հետ Սոթքի մոտ գտնվող գյուղատնտեսական դաշտում կարտոֆիլ հավաքելու ճանապարհին:[13]


Հոկտեմբերի 15


Լեռնային Ղարաբաղի Կարմիր Շուկա (ադրբեջաներեն՝ Qırmızı Bazar) գյուղի միակ դպրոցը «մեծ վնասներ էր կրել»,-ասաց կրթության նախարարության պաշտոնյան:[14] Հայկական ուժերը հոկտեմբերին սկսեցին դպրոցն օգտագործել որպես վիրավոր զինվորների դաշտային հիվանդանոց, ըստ հարևան գյուղի մի բուժքրոջ:[15] Գյուղում տեղակայված ցուցանակը, որի վրա գրված էր «Հիվանդանոց», ցույց էր տալիս դպրոցը: Ամենավատ վնասը հնարավոր է հասցվել էր հոկտեմբերի 15-ին, գյուղի վրա հարձակման ժամանակ: Երբ մենք այցելեցինք նոյեմբերին, դպրոցի առաջին հարկը, ինչպես նաև բակը պատված էին վնասված զրահաբաճկոններով, արյունոտ համազգեստներով, լաթերով և պատգարակներով: Բակում տեսանք նաև հրետանու բազմաթիվ բեկորներ, իսկ դպրոցի շենքի բոլոր պատուհանները կոտրված էին:

Հոկտեմբերի 17


Գիշերը մոտ ժամը 01:30-ի սահմաններում երկու Սկադ-Բ բալիստիկ հրթիռ ընկավ Ադրբեջանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյանջայում, զոհվեց 21 մարդ: Հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով ավերվել էին Մուխթար Հաջիև թաղամասի տները, ինչպես նաև վնասել 250 մետր հեռավորության վրա գտնվող թիվ 10 մանկապարտեզը և թիվ 29 միջնակարգ դպրոցը: Այն նույնիսկ ջարդել էր թիվ 18 դպրոցի պատուհանները` հարվածի վայրից 850 մետր հեռավորության վրա:[16] Հարձակման հետևանքով զոհվեցին տասը քաղաքացիական անձինք իրենց տներում, որոնցից 4-ը երեխաներ էին, ովքեր թիվ 29 դպրոցի աշակերտներ էին. 11-ամյա Օրխանն ու նրա 6 տարեկան քույրը՝ Մարիամը, ինչպես նաև նրանց քույրն ու մայրը. 13-ամյա Արթուրը, ում տատիկը որդեգրել էր նրան. և 14-ամյա Նիգարը, ով սպանվել էր ընտանիքի չորս այլ անդամների հետ միասին:[17]

Map 1. Satellite imagery analysis of the attacks documented by Human Rights Watch and potential military objects visible during October 2020, in Ganja city. Satellite imagery © 2020 Planet Labs

Դպրոցի բակը պատված էր ապակու բեկորներով, փայտե պատուհանների կոտրատված շրջանակներով և մի քանի ջարդված աթոռներով ու գրասեղաններով: Դպրոցի վարչական աշխատակիցը, ով ուսումնասիրում էր վնասը, մեզ ասաց, որ դպրոցը կապը կորցրել է այն աշակերտների հետ, որոնց տները քանդվել են, «և անհնար է գտնել, թե որտեղ են նրանք, ուստի մենք չենք կարող նրանց համար ապահովել հեռավար ուսուցում», ինչպես աշխատակազմը փորձում էր կազմակերպել այլ աշակերտների համար:[18]

© 2020 Dmitri Beliakov for Human Rights Watch


Սդադ-Բ հրթիռները կարող են կրել գրեթե 1000 կիլոգրամ պայթուցիկ նյութ: Արտադրված նախկին Խորհրդային Միությունում, 1960-ականների սկզբին, հրթիռներն ունեն հարյուրավոր մետրերի շեղման շառավիղ: Նման զենքերը փոխհատուցում են իրենց անճշտությունը` ավերածություններ հասցնելով լայն տարածքներում: Հայ առաջնորդները պնդում էին, որ թիրախավորում են Գյանջայի ռազմական օբյեկտները, և մեր արբանյակային լուսանկարների վերլուծությունը հաստատեց, որ կային որոշ ռազմական օբյեկտներ, սակայն, այնուամենայնիվ, խիտ բնակեցված քաղաքում նման անխտրական զենքի կիրառումը անօրինական էր:


Հոկտեմբերի 19


«Շփման գիծը», որը բաժանում էր հայկական և ադրբեջանական զինված ուժերին 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ավարտից հետո, անցնում է Ադրբեջանի Աղդամի տարածքով:

Այդ գծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Բիրինչի Բահարլի բնակավայրը, որը կառուցվել է 1990-ականներին տեղահանված մարդկանց համար: Հոկտեմբերի 19-ի կեսօրին մոտ 10 «Գրադ» («Կարկուտ») տեսակի հրթիռների համազարկը, որը նախատեսված է հետևակի և ռազմական տեխնիկայի ոչնչացման համար, հարվածեց և լուրջ վնաս հասցրեց գյուղի թիվ 1 դպրոցին, որն ըստ բնակիչների, նախքան մարտերի սկսելը, ուներ 180 աշակերտ:[19]

Եվս երկու հրթիռ ընկավ դպրոցի մանկապարտեզի վրա՝ մոտ 100 մետր հեռավորության վրա, որը վերանորոգվել էր 2020 թվականի սկզբին և ուներ 35 աշակերտ:[20]

*********************
Մարտունի քաղաքում, Ստեփանակերտից 40 կիլոմետր դեպի արևելք, Միհրան Ջիվանյանը, ով այն ժամանակ թիվ 2 դպրոցի տնօրենն էր, մեկն էր այն մի քանի խաղաղ բնակիչներից, ովքեր չէին հեռացել պատերազմի ընթացքում: «Էլեկտրականություն չկար, մարդիկ չկային, դժվար էր», - ասաց նա:

Տարբեր օրերի, ադրբեջանական հրետանային կրակը կենտրոնանում էր քաղաքի տարբեր հատվածների վրա, ինչն ըստ Ջիվանյանի հատկապես սարսափելի էր, քանի որ այն այնքան «անկանխատեսելի էր»:[21]

Հայաստանի իշխանությունները մեզ հայտնեցին, որ հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում թիվ 2 դպրոցը շարունակաբար գնդակոծության է ենթարկվել:[22] Փաստորեն, ամենայն հավանականությամբ, ամենամեծ վնասը պատճառվել է հոկտեմբերի 19-ին «Գրադ» հրետանային հրթիռների կործանարար համազարկից, որը նաև լուրջ վնաս հասցրեց քաղաքի «Մշակույթի տանը» տեղակայված երաժշտության և արվեստի դպրոցին, որը գտնվում է անմիջապես թիվ 2 դպրոցի հրապարակի մյուս կողմում։ Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (ՄԻՄԳ) հետ այցելող հետազոտողների խումբը հազիվ է խուսափել հարձակումից:[23] Թիվ 2 դպրոցը կրկին հարվածի ենթարկվեց նոյեմբերի 8-ին՝ հրադադարից ընդամենը երկու օր առաջ, - ասաց Ջիվանյանը:

Ջիվանյանը, ամփոփելով նոյեմբերի 10-ի դեպքերը, նշեց՝ «Մեկը [Գրադ հրթիռ] դիպել է տանիքին և ներս ընկել առաստաղից, երեքն ընկել են դպրոցի բակում, երկուսը հարվածել են ցանկապատին, մեկը՝ գետնին, դպրոցի նկուղի մուտքի կողքին»։ Երկրորդ հարկը մեծապես վնասվել էր, նոյեմբերի 23-ի մեր այցելության ժամանակ մենք տեսանք առնվազն երեք Գրադի մնացորդներ, երկուսը՝ դպրոցի բակում և մեկը՝ երկրորդ հարկի միջանցքում: Անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր շենքերի պատուհանները կոտրված էին և զգալի կառուցվածքային վնասներ էին հասցված, ներառյալ մանկապարտեզի, գրադարանի և թաղապետարանի շենքերին:

 

Հոկտեմբերի 23


Քանի որ Ասկերանը, Լեռնային Ղարաբաղի շրջաններից մեկի կենտրոնը, Ստեփանակերտից 15 կիլոմետր հյուսիս, ենթարկվել էր հրետանային ինտենսիվ գնդակոծության, տեղի Արվեստի և երաժշտության դպրոցի նկուղը վերածվել էր ժամանակավոր հիվանդանոցի: Բժիշկներն ու խնամքի կարիք ունեցող բնակիչները, ինչպես նաև հարձակումներից պատսպարվել ցանկացող մարդիկ այնտեղ էին, երբ երեկոյան ժամը 18:30-ին հրթիռը հարվածեց շենքի հետևից երկու մետր հեռավորության վրա գտնվող մեքենային, ինչպես ասաց տեղացի կրթական ոլորտի մի պաշտոնյա:[24]

Դպրոցի շենքը սարսափելի վնասներ է կրել: Զարմանալի է, որ նկուղում ոչ ոք չի վիրավորվել:

Նոյեմբերի 2


Ադրբեջանի Աղդամի շրջանի Մահրիզլի գյուղում, որը նույնպես գտնվում է Հայաստանի հետ այն ժամանակվա «շփման գծից» ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավոտյան ժամը 6-ին արկ է ընկել քաղաքի միակ դպրոցի հիմնական և նախակրթական դասարանների վրա` պայթելով պատերի մեջ և ավերելով դռները, պատուհանները և գրասեղանները:[25] Հոկտեմբերի 10-ի հրետանային հարձակումն արդեն հասցրել էր հարվածել դպրոցի բակին: Դպրոցն ուներ մոտ 300 աշակերտ և 35 հոգանոց անձնակազմ:

Mahrizli village school (Aghdam). © 2020 Tanya Lokshina / Human Rights Watch

Հրադադարից հետո


Նոյեմբերի 9-ին, ադրբեջանական ուժերի կողմից Շուշա քաղաքը, որը հայերն անվանում են Շուշի և վերահսկում էին 1990-ականներից, գրավելու հաջորդ օրը, Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ստորագրեցին Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարի հայտարարությունը՝ վերջ տալով բոլոր ռազմական գործողություններին:

Հրադադարի պայմանների համաձայն՝ Ադրբեջանը հետ վերցրեց Լեռնային Ղարաբաղի 15 տոկոսը և նախկինում օկուպացված մյուս բոլոր յոթ շրջանները:

Առնվազն երկու հազար ռուս զինվորականներ, որպես խաղաղապահներ, տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում, որտեղ նրանք պետք է մնան առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Բնակիչները լքել են այն տարածքները, որոնք նախատեսվում էր հանձնել Ադրբեջանին: Որոշ քաղաքներում բնակիչները մեկնելուց առաջ այրել են տներ և այլ ենթակառուցվածքներ: Լեռնային Ղարաբաղի / Հայաստանի ռազմական և տեղական իշխանություններն ակնհայտորեն նույնպես ներգրավված էին այրման գործում:

Նոյեմբերի 22-ին մենք եղանք Քելբաջար շրջանի Եղեգնուտ գյուղում, որտեղ դպրոցը դեռ այրվում էր: Զինվորական մեքենաները կայանված էին այրված շենքի դիմաց, իսկ չորս զինծառայողներ ապամոնտաժում էին դաշտային խոհանոցը և դպրոցի բակում հավաքում էին բաճկոններ, որոնք լի էին հայկական ռազմական սննդի բաց պաշարներով: Այրված դպրոցներ տեսանք նաև Քնարավան և Չարեկտար գյուղերում:

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորում էր մոտ 24,000 աշակերտ:[26] Նոյեմբերի դրությամբ, այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, ինչպես նաև արվեստի 4 դպրոց և 4 մարզադպրոց մոտ 1750 աշակերտի համար, գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության ներքո:[27]

Հրադադարից հետո անվտանգության նկատառումներով հեռացած խաղաղ բնակիչները սկսեցին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք մնում են Հայաստանի վերահսկողության տակ: Հայ խաղաղ բնակիչները, ովքեր նախկինում ապրում էին այժմ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, մնում են տեղահանված Հայաստանում կամ տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից վերահսկվող տարածքներ: Այս շրջանների դպրոցները, աշակերտների համար վերաբացվելու առումով, բախվեցին բազմաթիվ խոչընդոտների: Դպրոցները ծառայել են որպես ժամանակավոր կացարաններ տեղահանված խաղաղ բնակիչների համար, ինչպես նաև զորանոցներ այն զորքերի համար, որոնք կռվում էին հայկական կողմի համար: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվեցին, սակայն որոշ դպրոցներ գործնականում դատարկ մնացին անվտանգության նկատառումներից ելնելով: Վերադարձող անձնակազմը պարզեց, որ շատ դասարաններ թալանվել են:

Հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող Մարտունիում, ականանետերից, ինչպես նաև «Գրադ» տեսակի հրթիռներով նոյեմբերի սկզբին հինգ անգամ հրետակոծվել է թիվ 1 դպրոցը՝ ըստ աշխատակազմի: Պատուհանները փշրված էին, տանիքը վնասված, դասարանն ամբողջությամբ ավերված, իսկ հավաքների դահլիճի առաստաղը փլուզվել էր, իսկ Գրադի մնացորդներ մնացել գետնին: Բայց մինչ վերանորոգումը կսկսվեր, Արցախի 2 -րդ (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) պաշտպանական ստորաբաժանման զինվորները, որոնք պատերազմի ժամանակ տեղակայված էին Մարտունուց դուրս, նոյեմբերի 10-ին տեղափոխվեցին դպրոց:

Նոյեմբերի այցելության ժամանակ մենք տեսանք, որ զորքերը տեղակայված են դասարաններում և հարևան մանկապարտեզում, իսկ ռազմական մեքենաները և զենքերը դպրոցի բակում: Դեկտեմբերի 19-ի դրությամբ նրանք լքել էին տարածքը:[28]

«Հենց նրանք դուրս եկան սենյակից, մենք շտապեցինք այնտեղ, որպեսզի սկսենք մաքրել: Մենք փաստացի նրանց դուրս էինք հանում, քանի որ այնքան էինք ցանկանում վերաբացվել», որովհետև 200 աշակերտ վերադարձել էին քաղաք, ասում է դպրոցի աշխատակիցը: Պատերազմի հասցրած վնասներից բացի, հինգ շաբաթ որպես զորանոց օգտագործվելուց հետո, «շենքը գտնվում էր տխուր վիճակում, ինչպես կարող եք պատկերացնել: Բոլոր մաքրման աշխատանքներն ու բոլոր փոքր վերանորոգումները մենք ինքներս ենք կատարել», - ասաց աշխատակիցը:

Անձնակազմը պարզել էր, որ անհայտ անձինք թալանել են դպրոցը: «Մեր համակարգիչները գողացվել են, բոլորը», ներառյալ ութ պլանշետ և երկու նոութբուք, որոնք նոր էինք ստացել և դեռ գտնվում էին իրենց տուփերում երբ պատերազմը սկսվեց, - ասաց աշխատակազմի աշխատակիցը: «Քիմիայի լաբորատորիայի սարքավորումները գողացել էին: Մեր Xerox մեքենաները գողացել էին, ինչպես նաև մեր հեռախոսները»:

Չնայած ամեն ինչին, թիվ 1 դպրոցը վերաբացվեց դեկտեմբերի 21-ին: Փետրվարի կեսերին 544 նախկին աշակերտներից վերադարձել էր 464-ը, ինչպես նաև 93 նոր աշակերտ, որոնց նախկին համայնքները այժմ գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ:[29]

Թիվ 2 դպրոցը նույնպես վերաբացվեց, թեև առանց համակարգիչների կամ սպորտային սարքավորումների: Նրա 430 ուսանողներից գրեթե բոլորը վերադարձան, և սպասվում էին լրացուցիչ նոր, տեղահանված աշակերտներին, ինչպես նշեց նախկին տնօրեն Միհրան Ջիվանյանը, ով ավելի բարձր պաշտոնի էր անցել հրադադարից հետո։ «Մենք կունենանք ավելի շատ աշակերտներ, քան ունեինք մինչ պատերազմը», - ասաց նա:[30]

Children returned to School No. 2 in Martuni by January 2021. © 2021 Tanya Lokshina / Human Rights Watch

Կարմիր Շուկայի դպրոցը, որը հայկական զինված ուժերը վերածել էին վիրավոր զինվորների հոսպիտալի, վերաբացվել է հունվարին:

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ «որևէ ռազմական օբյեկտ չի գտնվել այն տարածքներում կամ մերձակայքում ... որոնք թիրախավորվել են ադրբեջանական զինուժի կողմից, ներառյալ դպրոցներն ու մանկապարտեզները, և… ո՛չ դրանք, ո՛չ դրանց պատկանող գույքը չեն օգտագործվել ռազմական նպատակների համար»:[31] Կարմիր Շուկայի դեպքում, չնայած նրան, որ բոլոր հիվանդանոցները պաշտպանված են միջազգային իրավունքով և երբեք չեն կարող լինել օրինական ռազմական թիրախ, ապակողմնորոշիչ է ենթադրել, որ զինված ուժերը հակամարտության ընթացքում չեն օգտագործել դպրոցական գույքը:

Հրադադարից հետո արձանագրվեցին նաև դպրոցների ռազմական օգտագործման մի քանի խնդրահարույց դեպքեր: Երբ նոյեմբերի վերջին այցելեցինք լեռնային քաղաք Բերձոր (Ադրբեջանը այն կոչում է Լաչին), օրինակ՝ թիվ 1 դպրոցը օգտագործվում էր որպես զորանոց: Այն վնասվել էր նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան հրթիռակոծության հետևանքով: Քաղաքը տարհանվեց, քանի որ ադրբեջանական ուժերը գտնվում էին «ճանապարհի երկու կողմերում», - մեզ ասաց կրթության ոլորտի մի ներկայացուցիչ:[32] Ըստ հրադադարի պայմանների, դեկտեմբերին Ադրբեջանը կրկին վերցրեց վերահսկողությունը:

Որոշ դպրոցներ, որոնք մնացել են հայկական կողմին, փակվել են ադրբեջանական ուժերին մոտ լինելու պատճառով, իսկ մյուսները վերաբացվել են, բայց գրեթե դատարկվել էին, քանի որ ծնողները վախենում էին իրենց երեխաներին հետ ուղարկել:[33]

Հետպատերազմյան իրականության երկու կողմն էլ հարվածել են Թաղավարդ լեռնային գյուղին, որը նախկինում գտնվում էր հայկական վերահսկողության ներքո: Գյուղի վերին հատվածը նախկինում ուներ 600 բնակիչ և իր դպրոցը, սակայն մարտական ​​գործողությունների ժամանակ բնակիչները փախել էին: Այն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դպրոցը չի գործում: Ներքին Թաղավարդ տանող ճանապարհի կեսից քարերի մի կույտ ներկայացնում է բաժանարար գիծը, որտեղ ադրբեջանական և հայկական ռազմական դիրքերը գտնվում են 50-60 մետր հեռավորության վրա, բայց ոչ մի ռուս խաղաղապահ:

The Tahgavard schoolyard. © 2021 Tanya Lokshina / Human Rights Watch

Ներքին Թաղավարդը մնում է Հայաստանի վերահսկողության տակ, սակայն նրա 700 բնակիչներից քչերն են վերադարձել, և 52 աշակերտներից ընդամենը չորսն էին դպրոց վերադարձել, փետրվարին մեզ ասաց տնօրեն Մարգարիտա Սահակյանը: «Բոլորը վախեցած են: Իսկ գիշերը կրակոցներ են հնչում ... Մեր զինվորականներն ու նրանց զինվորականները գոռում են, միմյանց անուններ են տալիս, հետո սկսում են կրակել »:[34] Դպրոցը վնասվել է երկու ականանետերի հրետակոծությունից՝ մեկը մուտքի մոտ և մեկը հետևի մասում, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած հարձակման հետևանքով: Նրանք տանիքի, դռան և պատուհանների «էական» վերանորոգումներ էին կատարել, - ասաց Սահակյանը, բայց «ինչ-որ մեկը գողացավ մեր համակարգիչը և մեր գրոհային հրացանը, որոնք ռազմագիտության հրահանգիչը փակի տակ էր պահում իր աշխատասենյակում»: Աշխատակիցների հանդիպմանը, որը ընթացքում էր, երբ մենք փետրվարի 20-ին դպրոց գնացինք, անձնակազմն ասաց, որ դպրոցին անհրաժեշտ է տեղական իշխանությունների կամ ռուսական ուժերի օգնությունը, հատկապես «դպրոցի պարիսպի պարագծով մետաղյա պատ կառուցելու համար, որի դեպքում երեխաներն առնվազն ապահով կզգան դպրոցի բակում խաղալիս»[35]: Մենք հայտնաբերեցինք ականանետի բեկորներ:

Ամբողջ Լեռնային Ղարաբաղում իշխանությունները ստիպված են եղել իրականացնել կրթական տրիաժ` դպրոցներին հասցված մեծ վնասների, տեղահանված երեխաների հոսքի և ամիսներ շարունակ կորցրած ուսուցման հարցը լուծելու անհետաձգելի անհրաժեշտության պատճառով: Նրանք կարողացան վերանորոգել և վերաբացել վնասված դպրոցները, սակայն չունեին միջոցներ վնասված մանկապարտեզները բացելու համար՝ Ասկերանի շրջանի[36] Այգեստան և Շոշ գյուղերում և Ստեփանակերտում, որտեղ թիվ 2 դպրոցի միայն մի մասն է դեռ օգտագործելի: «Մենք չկարողացանք բացել նախադպրոցական դասարաններ 178 երեխաների համար», - ասում է Ռայա Մուսայելյանը` Ստեփանակերտի կրթության նախարարությունից: Այլ դպրոցները ստիպված էին երկու հերթափոխով դասեր մտցնել՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, վնասների պատճառով և այն երեխաներին տեղավորելու անհրաժեշտության պատճառով, որոնց դպրոցները այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:[37] Մարտակերտի շրջանում (Ադրբեջանը կոչում է Աղդարա), որտեղ 31 դպրոցներից 9-ը վնասվել են, 3300 նախկին աշակերտներից գրեթե բոլորը վերադարձել են, բայց նաև երեխաներ՝ տեղահանված Մարտունիից, Ասկերանից, Շուշի(ա)ից և այլ տարածքներից, - ասաց կրթության նախարարության տեղացի ներկայացուցիչը:[38]

Մարտակերտ քաղաքում, որտեղ մենք նույնպես տեսանք անօրինական հարձակումների ապացույցներ հիվանդանոցների վրա, հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 7-ին հրետակոծվեց թիվ 1 դպրոցը, որտեղ սովորում էին մոտ 700 աշակերտներ:[39] Բոլոր պատուհանները փշրված էին, դռներն ու պատուհանների շրջանակները դուրս էին թռել, իսկ պատերն ու առաստաղները ճաքել էին: «Դա հին շենք է», - ասաց տնօրեն Ռոզա Հարությունյանը՝ մատնացույց անելով փայտի վառարանները[40]: «Որոշ դասարաններում մենք վախենում էինք, որ առաստաղը կփլվի մեր գլխին, ուստի մենք կարողանում էինք դասավանդել միայն շենքի մի հատվածում: Բավական տարածք չկա, և մենք այժմ դասավանդում ենք երկու հերթափոխով»: 

Դպրոցը նույնպես թալանվել էր: «Այնքան բան գողացվեց՝ կաթսաներ և տապակներ, կահույք, շրջանաձև սղոց, էլեկտրական գայլիկոն, խոտհնձիչ», - ասաց մի աշխատակից, ով լսել էր, թե որտեղ են հայտնվել իրերի մի մասը: «Որոշ բաներ, լավ, դրանք մեր զինծառայողները տարել են իրենց շտաբ: Հասկանում եմ, նրանց այդ բաները պետք էին, բայց ոչինչ հետ չի վերադարձվել: Իսկ որոշները գողացել են տեղի բնակիչները»:[41]

 

School No. 1 in Martakert. © 2021 Tanya Lokshina / Human Rights Watch

Մարտերից հետո՝ նոյեմբերի վերջին, Ադրբեջանին հանձնված տարածքներից տեղահանվածները ժամանակավորապես ապաստան են գտել դասարաններում: Նրանք հետագայում տեղափոխվեցին, և հունվարին վերջապես սկսվեցին երկար պլանավորված վերանորոգումները դպրոցում, որոնք դադարեցվել էին մարտերի պատճառով:[42] Բայց կա մեկ այլ, ավելի երկարաժամկետ մարտահրավեր. Ռուս խաղաղապահ զորքերը բազա են հիմնել հարևան մարզադաշտում, ներառյալ առնվազն յոթ մեծ վրան-հանրակացարան:

Հունվարի 20-ին ռուս խաղաղապահները զորավարժություններ անցկացրին Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում, և Մարտակերտում նրանք հարկ չհամարեցին նախազգուշացնել դպրոցին: «Հանկարծ լսվեց սարսափելի աղմուկ, և երեխաները վազում էին ու բղավում, որ կռիվը նորից սկսվել է», - ասաց աշխատակիցներից մեկը: «Զինված անձնակազմին փոխադրող մեքենան փաստացի մտավ դպրոցի բակ: Զինվորները կրակում էին գրոհային զենքերից. ասես դժոխքի դարպասները բացվեցին»:[43] Ավելի ուշ հրամանատար սպաներն ասացին, որ նախապես կտեղեկացնեն զորավարժությունների մասին: Նրանք նաև դպրոցին նվիրեցին պատուհանների ապակիները, որոնցով կփոխարինվեն մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական գնդակոծության ենթարկված պատուհանները, - ասաց աշխատակիցը: «Դրանք շատ էին, [մեզ] բավարար՝ կոտրված պատուհանների մեծ մասը փոխարինելու համար: Նրանք իրենց հիվանդանոցն ունեն այդ բազայում և ասում են, որ մենք կարող ենք օգտվել դրանից, եթե կարիքը լինի: Բայց, գիտեք, այդ բոլոր զինծառայողների, նրանց զենքերի, տեխնիկայի ներկայությունից երեխաներից ոմանք վախեցած են»։[44]

Մարտակերտի թիվ 2 դպրոցը ներառում է երեք փոքր մասնաշենք, որոնք կառուցվել են ավելի քան մեկ դար առաջ: Նրանցից մեկը ցարի ժամանակ ծառայում էր որպես զորակոչային հավաքակայան՝ նկուղային կայազորային բանտով: Այժմ, նրանց շրջապատող հաստ քարե պատի մեջ բացվածք կա, որն առաջացել է «Գրադ» հրթիռի հարվածից՝ ըստ տեխնիկական սպասարկման աշխատողի, ով ասել է, որ գտել է զինամթերքի մնացորդները: Պայթյունի վնասը համընկնում է Գրադի հարձակման հետ, որի հետևանքով մասնաշենքերից մեկի առաստաղը փլուզվել է. անձրևն ու ձյունը փչացրեցին այն, ինչ մնացել էր ներսում: «Ահա այնտեղ ուսուցանում էինք առաջին դասարանցիներին, և [շենքը] ուներ գրադարան, գիտական լաբորատորիա և մեր մարզասրահը», - ասաց դպրոցի տնօրեն Մելսիդա Կարդումյանը:[45]

A shell went through the fence of School No 2 in Martakert. © 2021 Tanya Lokshina / Human Rights Watch

Առաջին դասարանի դասասենյակները տեղափոխվեցին, բայց կորցրեցինք գրադարանը, լաբորատորիան և մարզադահլիճը: Այս դպրոցը նույնպես թալանվել էր: «Լաբորատորիայի և մարզադահլիճի բոլոր սարքավորումները չկան, գողացվել են: Մենք այլևս նույնիսկ ցատկելու պարան չունենք», - ասաց աշխատակիցներից մեկը:[46] Փետրվարի վերջին աշակերտների մեծ մասն ու 22 նոր տեղահանված երեխաներ էին գրանցվել, և ակնկալվում էր, որ ևս 35 նախկին աշակերտներ կվերադառնային Հայաստանից: «Նրանք պարզապես չեն տեղավորվի, այնպես որ մենք պետք է դասերը կազմակերպենք երկու հերթափոխով: Այն, ինչ մեզ իսկապես պետք է, նոր դպրոցն է՝ ռմբապաստարանով: Այս մեկը չունի ամրացված նկուղ», - ասաց Կարդումյանը: Ինչպես շատ բնակիչներ, նա չի հավատում, որ հրադադարը մշտական կլինի:


Հետագա ճանապարհը


Ադրբեջանը 2,2 մլրդ մանաթ (1,29 մլրդ ԱՄՆ դոլար) է հատկացրել վեցշաբաթյա պատերազմի ավարտին իր վերահսկողության տակ վերցրած տարածքների վերականգնման համար, այդ թվում՝ նախնական 7 մլն մանաթ (4.1 մլն ԱՄՆ դոլար) վնասված դպրոցների վերանորոգման համար: Ադրբեջանի կրթության նախարարը մեզ ասաց, որ հույս ունի համագործակցել միջազգային հանրության հետ` «երեխաների համար հարմար քաղաքներ» կառուցելու համար:[47] Մնում է տեսնենք, թե արդյո՞ք Ադրբեջանի կառավարությունը, որտեղ այսօրվա երիտասարդության ավելի փոքր մասն է համալսարան գնում, քան իրենց ծնողների սերունդը, կարո՞ղ է իրականացնել այս բարձր կրթական հույսերը: Տարածքը աղտոտված է ականներով և ենթակառուցվածքների մեծ մասը ավերվել է: 1990-ականներից ի վեր ականների զոհերի ավելի քան քառորդը եղել են երեխաներ:

Մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերն էլ պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն:

Ըստ հաղորդումների, ամերիկյան ռազմական ստրատեգները ուսումնասիրում են Թուրքիայի և Իսրայելի անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների դերը մարտադաշտում Ադրբեջանի հաջողության հասնելու գործում: Զեկույցներն առ այն, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են դպրոցներին և վիրավորել մի երեխայի, մատնանշում են ռազմի դաշտի անհաջողությունները ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչը նման կործանարար ազդեցություն է ունեցել կրթությանը վրա:[48]

Հայաստանում, որտեղ կառավարությունը հրապարակային քննադատության է արժանացել հրադադարի համաձայնագրի համար, սակայն հաղթել է հունիսյան ընտրություններում, իշխանությունները պետք է հետաքննեն, կամ առնվազն ընդունեն և փորձեն շտկել դպրոցների ռազմական օգտագործման և թալանի հետևանքները: Հայաստանը մեկն է այն 111 երկրներից, որոնք հավանություն են տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարևորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ: Մի շարք դպրոցների վնասներ և ավերածություններ ականանետներից, ծանր հրետանային արկերից, Գրադ և Սմերչ հրթիռներից և բալիստիկ հրթիռներից ընդգծում են լայն մակերեսով ոչնչացման պայթուցիկ զենքի կիրառման սահմանափակման անհրաժեշտությունը:

Armenian soldier on the playground next to School #1 in Martuni, which the military used as a dormitory in November-December 2020.  © 2020 Dmitri Beliakov for Human Rights Watch

Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր այն դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Եթե իր ուժերն առգրավել են դպրոցական գրառումներ կամ այլ գույք այն տարածքներում, որտեղ նա վերահսկողություն է հաստատել, ապա դրանք պետք է փոխանցի հայկական կողմի իշխանություններին[49]: Եվ նա պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին:

Հակամարտությունը և դրա հետևանքները, ներառյալ փոխհրաձգությունները նոր անկայուն շփման գծի երկայնքով, ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու գլոբալ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հրավիրեն մարդու իրավունքների մշտադիտարկման միջազգային անկախ մեխանիզմի տեղակայումը 2020 թվականի կոնֆլիկտից տուժած տարածքներում՝ մարդու իրավունքների խախտումները փաստագրելու եւ մարդու իրավունքների վիճակի, առաջացող խնդիրների ու վտանգերի մասին կանոնավոր հանրային հաշվետվություն ներկայացնելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային գործընկները պետք է հանդես գան տեղում նման մշտադիտարկման ներկայություն հաստատելու մասին հրապարակային կոչով։

 

[1] Այս զեկույցում առկա բոլոր հղումները Լեռնային Ղարաբաղի տեղի պաշտոնյաներին պետք է ընթերցել այն իմաստով, որ նրանք ներկայացնում են de facto իշխանությունները։

[2] Human Rights Watch-ի հարցազրույցը, 28-ը փետրվարի, 2020թ.

[3] Հայաստանի Կրթության, Արդարադատության նախարարությունների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նամակը Human Rights Watch-ին, 1-ը մարտի, 2021թ.

[4] Նույն տեղում

[5] Human Rights Watch-ի հարցազրույցը, 28-ը փետրվարի, 2020թ.

[6] Human Rights Watch-ի հարցազրույցը, Շիկիխախ, 8-ը նոյեմբերի, 2020թ.

[7] Human Rights Watch-ի հարցազրույցը, Թարթառ, 8-ը նոյեմբերի, 2020թ.

[8] Human Rights Watch-ի հարցազրույցը, Գյանջա, 7-ը նոյեմբերի, 2020թ.

[9] Human Rights Watch-ի հարցազրույցը, Բարդա, 9-ը նոյեմբերի, 2020թ.

[10] Առանձին Human Rights Watch-ի հարցազրույցները Գուլիևայի, Նամիգ Սուլեյմանովի, և տեղացի ներկայացուցչի հետ, Դյույարլի, 8-ը նոյեմբերի, 2020թ.

[11] Human Rights Watch-ի հարցազրույցը, Դյույարլի, 8-ը նոյեմբերի, 2020թ.

[12] Human Rights Watch-ի հարցազրույցը, Դյույարլի, 8-ը նոյեմբերի, 2020թ.

[13] Հայաստանի Կրթության, Արդարադատության նախարարությունների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նամակը Human Rights Watch-ին, 1-ը մարտի, 2021թ.

[14] Human Rights Watch-ի հարցազրույցը Ռայա Մուսայելյանի հետ, Կրթության և գիտության վարչության պետ, Արցախի կրթության նախարարություն, Ստեփանակերտ, 18-ը փետրվարի, 2021թ.

[15] Human Rights Watch-ի հարցազրույցը մի բուժքրոջ հետ, նոյեմբեր 2020թ․; դիտարկումներ Կարմիր Շուկա այցելությունից; և հարցազրույց Արցախի Կրթության նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանի հետ, Ստեփանակերտ, 18-ը փետրվարի, 2021թ.:

[16] Human Rights Watch-ի հարցազրույցը թիվ 29 դպրոցի փոխտնօրենի հետ, Գյանջա, 7-ը նոյեմբերի, 2020թ.

[17] Նույն տեղում

[18] Նույն տեղում

[19] Human Rights Watch-ի առանձին հարցազրույցը՝ բնակիչներ Յուսիֆ Իսմայիլովի, Կամիլ Ալիևի և տեղացի ներկայացուցիչ Բիրինչի Բահարլիի հետ, 10-ը նոյեմբերի 2020թ.

[20] Նույն տեղում

[21] Human Rights Watch-ի հարցազրույցը Միհրան Ջիվանյանի հետ, այն ժամանակ թիվ 2 դպրոցի տնօրեն, իսկ հետագայում նշանակվեց տեղական Կրթության նախարարության ներկայացուցիչ Մարտունի, 18-ը փետրվարի 2021թ.:

[22] Հայաստանի Կրթության, Արդարադատության նախարարությունների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նամակը Human Rights Watch-ին, 1-ը մարտի, 2021թ.

[23] Human Rights Watch-ի հարցազրույցները ՄԻՄԳ-ի հետազոտողների հետ, 28-ը նոյեմբերի, 2020թ.

[24] Human Rights Watch-ի հարցազրույցը Դավիթ Մայիլյանի, Գրիգոր Մարտիրոսյանի, Ռուզաննա Իսրայելյանի հետ, Կրթության վարչություն, Ասկերան, 19-ը փետրվար, 2021թ.

[25] Հարձակումները և ժամանակահատվածները՝ ըստ պետական պաշտոնյա Ռովշան Գարաևի հետ հարցազրույցի, Մահրիզլի, նոյեմբեր 2020թ.

[26] Հայաստանի Կրթության, Արդարադատության նախարարությունների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նամակը Human Rights Watch-ին, 1-ը մարտի, 2021թ.

[27] Նույն տեղում; նաև, Human Rights Watch-ի հարցազրույցը Կրթության նախարարության տեղական ներկայացուցչի հետ, Ստեփանակերտ, 18-ը փետրվարի, 2021թ.

[28] Զորքերը դուրս են եկել թիվ 1 դպրոցից դեկտեմբերի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում: Human Rights Watch-ի հարցազրույցը դպրոցի աշխատակցի հետ, Մարտունի, 18-ը փետրվարի 2021թ.:

[29] Human Rights Watch-ի հարցազրույցը Մարտունու թիվ 1 դպրոցի աշխատակցի հետ, 18-ը փետրվարի 2021թ.։

[30] Human Rights Watch-ի հարցազրույցը Միհրան Ջիվանյանի հետ, տեղական Կրթության նախարարության ներկայացուցիչ, նախկինում թիվ 2 դպրոցի տնօրեն, Մարտունի, 18-ը փետրվարի 2021թ.:

[31] Հայաստանի Կրթության, Արդարադատության նախարարությունների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նամակը Human Rights Watch-ին, 1-ը մարտի, 2021թ.

[32] Human Rights Watch-ի հարցազրույցը Ռայա Մուսայելյանի հետ, Կրթության և գիտության վարչության պետ, Արցախի կրթության նախարարություն, Ստեփանակերտ, 18-ը փետրվարի, 2021թ.

[33] Նույն տեղում.

[34] Human Rights Watch-ի հարցազրույցը Մարգարիտա Սահակյանի հետ, դպրոցի տնօրեն, Թաղավարդ, Մարտունու շրջան, 20-ը փետրվարի, 2021թ.

[35] Human Rights Watch-ի հարցազրույցը դպրոցի անձնակազմի հետ, Թաղավարդ, 20-ը փետրվարի 2021թ.

[36] Human Rights Watch-ի հարցազրույցը Դավիթ Մայիլյանի, Գրիգոր Մարտիրոսյանի, Ռուզաննա Իսրայելյանի հետ, Կրթության վարչություն, Ասկերան, 19-ը փետրվար, 2021թ.

[37] Human Rights Watch-ի հարցազրույցը Ռայա Մուսայելյանի հետ, Ստեփանակերտ, 18-ը փետրվարի 2021թ.

[38] Human Rights Watch-ի հարցազրույցը Դավիթ Լալայանի հետ, Արցախի Կրթության նախարարության պաշտոնյա, Մարտակերտ, 19-ը փետրվարի 2021թ.

[39] Հայաստանի Կրթության, Արդարադատության նախարարությունների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նամակը Human Rights Watch-ին, 1-ը մարտի, 2021թ.

[40] Human Rights Watch-ի հարցազրույցը թիվ 1 դպրոցի աշխատակցի հետ, Մարտակերտ, 19-ը փետրվարի 2021թ.

[41] Human Rights Watch-ի հարցազրույցը թիվ 1 դպրոցի աշխատակցի հետ, Մարտակերտ, 19-ը փետրվարի 2021թ.

[42] Human Rights Watch-ի հարցազրույցը Դավիթ Լալայանի հետ, Արցախի կրթության նախարարության պաշտոնյա, Մարտակերտ, 19-ը փետրվարի 2021թ.

[43] Human Rights Watch-ի հարցազրույցը թիվ 1 դպրոցի աշխատակցի հետ, Մարտակերտ, 19-ը փետրվարի 2021թ.

[44] Նույն տեղում

[45] Human Rights Watch-ի հարցազրույցը թիվ 2 դպրոցի տնօրեն Մելսիդա Կարդումյանի հետ, Մարտակերտ, 19-ը փետրվարի 2021թ.

[46] Human Rights Watch-ի հարցազրույցը թիվ 2 դպրոցի աշխատակցի հետ, Մարտակերտ, 19-ը փետրվարի 2021թ.

[47] Human Rights Watch-ի հարցազրույցը Էմիլ Ամրուլլայևի հետ, Ադրբեջանի կրթության նախարարություն, Բաքու, 5-ը նոյեմբերի 2020թ.

[48] Հայաստանի Կրթության, Արդարադատության նախարարությունների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նամակը Human Rights Watch-ին, 1-ը մարտի, 2021թ.
[49] Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 116.0.8-րդ հոդվածն արգելում է «առանց ռազմական անհրաժեշտության հարձակումը ... կրթական ... օբյեկտների վրա ... որոնք ռազմական թիրախ չեն» որպես ռազմական հանցագործություն: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության 2021 թ. սեպտեմբերի 1-ի նամակը Human Rights Watch- ին: Անվտանգ դպրոցների հռչակագրին միացող պետությունները պարտավորվում են նաև սահմանափակել դպրոցների և համալսարանների ռազմական օգտագործումը:

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.