Skip to main content

Հայաստան. Ոստիկանական անհամաչափ ուժի կիրառում բողոքի ցույցի ընթացքում

Խլացուցիչ նռնակներ, ծեծ: Վիրավորվել են ցուցարարներ և լրագրողներ:

(ք. Երևան) – 2016թ. հուլիսի 29-ին Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել է ցույցը լուսաբանող լրագրողների վրա, ասվում է Human Rights Watch-ի այսօրվա հայտարարության մեջ: Ոստիկանությունն օգտագործել է խլացուցիչ նռնակներ, որոնք վնասվածքներ են հասցրել տասնյակ ցուցարարներին և որոշ լրագրողներին, ոմանց ծանր վնասվածքներ պատճառելով: Բացի այդ, ոստիկանությունը ծեծել է լրագրողների և ցուցարարների, ինչպես նաև ձերբակալել տասնյակ մարդկանց:

Հուլիսի 29-ին Հայաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել ոստիկանության գործողությունների առիթով:

«Հայաստանում ցուցարարների վրա ոստիկանության հարձակումների առիթով հուլիսի 29-ին սկսված հետաքննությունը պետք է լինի արագ և հանգամանալի», - ասել է Գեորգի Գոգիան, Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրենը: «Թեև ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու պարտավորություն ունի, իրենց տեսակետները խաղաղ ճանապարհով արտահայտելու համար հավաքված ժողովրդի դեմ բռնություն կիրառելու քարտ-բլանշ նրանք չունեն»:

Ցույցերը Հայաստանում ընթանում էին հուլիսի 17-ից սկսած, երբ արմատական ​​ընդդիմադիր խմբի մի քանի զինված ներկայացուցիչներ գրավեցին Երևանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը` սպանելով մեկ ոստիկան և վերցնելով մի քանի պատանդներ և կառավարությունից պահանջելով քաղաքական զիջումներ: Նախքան զինյալների հանձնվելը հուլիսի 31-ին, հանրային աջակցությունը նրանց համար վերածվել էր բողոքի լայն շարժման Երևանում:

Ոստիկանության և ցուցարարների միջև մի քանի անգամ տեղի ունեցան բախումներ, սակայն հուլիսի 29-ի գիշերը ոստիկանությունը չափազանց և անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ամբոխը ցրելու համար: Այլ ցույցերը տեղի ունեցան առանց միջադեպերի կամ ոստիկանության միջամտության:

Human Rights Watch-ը զրուցել է տուժածների և բռնության վկաների հետ: Նրանցից մի քանիսը հայտնել են, որ երեկոյան ժամը 11-ին մոտ, ոստիկանությունը մեծ արագությամբ նռնականետերի կիրառմամբ արձակել է խլացուցիչ նռնակներ, ինչպես նաև նետել ձեռքի օգտագործման բազմաթիվ խլացուցիչ նռնակներ Էրեբունի շրջանի ՊՊԾ գնդի մոտ հավաքված խաղաղ բազմության վրա: Ընկնելիս նռնակներն արտանետել են թանձր ծուխ և արձակել բարձր ձայն` մի քանի վայրկյանով շոկի մեջ գցելով շատ մարդկանց: Նռնակներն այնուհետ պայթել են` մոտակայքում կանգնած մարդկանց ոտքերին պատճառելով առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ և բեկորային վնասվածքներ:

Human Rights Watch-ը Երևանի հիվանդանոցներից մեկում զրուցել է մի քանի տուժած լրագրողների և ցուցարարների հետ: 25 տարեկան «Սուրենը», ում անունը փոխված է իրեն պաշտպանելու նկատառումներով, նոր էր միացել ցույցին, երբ խլացուցիչ նռնակն ընկել է նրա ոտքերին: Նա կարճ ժամանակով կուրացել է թանձր ծխի պատճառով և սուր ցավ է զգացել գլխում: Երբ նա փորձել է փախչել, նկատել է, որ իր տաբատի փողքերը գրեթե ամբողջությամբ այրվել են, իսկ ոտքերը ծածկված էին արյամբ: Սուրենի երկու ոտքերին առկա են 30 կտրվածքներ և առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ: Բժիշկները նրա ոտքերից հեռացրել խլացուցիչ նռնակի հինգ պլաստիկ բեկորներ: Հարցազրույցի պահին նա չէր կարողանում նորմալ քայլել:

Բժիշկներից մեկը Human Rights Watch-ին ասել է, որ նա բուժել է մի երիտասարդի, ում աչքը վնասվել էր խլացուցիչ նռնակի բեկորներից: Բժիշկները ստիպված էին հեռացնել աչքը: Բժիշկը նաև տեղեկացրել է, որ տեսել է այրվածքներով և բեկորային վերքերով 20-25 տուժածների, ում վնասվածքները ակնհայտորեն առաջացել էին խլացուցիչ նռնակներից:

Լրագրողներն ու ցուցարարներն ասել են, որ թեև ոստիկանությունը հայտնել է բողոքի առաջնորդներին, որ ամբոխը պետք է ցրվի, ոստիկանությունը որևէ խելամիտ ջանք չի գործադրել բազմությանը ցրվելու կոչ անելու, կամ ուժ կիրառելու իրենց ծրագրերի մասին նախազգուշացնելու համար: Նախքան խլացուցիչ նռնակների կիրառմանը դիմելը` ոստիկանությունն ամբոխի վերահսկման այլ միջոցներ չի օգտագործել:

Հուլիսի 30-ին հրապարակած հայտարարության մեջ ՀՀ ոստիկանությունը պնդում է, որ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, որի նպատակն էր հեռու պահել մարդկանց ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի տարածքից, և որ ոստիկանության գործողությունները եղել են անհրաժեշտ: Ըստ իշխանությունների, զանգվածային անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու հիմքով սկսվել է հետաքննություն, որի շրջանակներում ձերբակալվել է 23 մարդ:

Հարցազրույցների մասնակիցները Human Rights Watch-ին պատմել են, որ ամբոխը չէր փորձում անցնել արգելապատնեշը, երբ ոստիկանները սկսեցին նետել խլացուցիչ նռնակներ: Իրադարձությունների վերաբերյալ Human Rights Watch-ի կողմից ուսումնասիրված տեսանյութը հաստատում է ստացված վկայությունը:

Human Rights Watch-ը նշում է, որ չնայած նրան, որ ոստիկանությունը կարող էր իրավացիորեն փորձել կանխել ցուցարարների չափազանց մոտեցումը ոստիկանության գնդի տարածքին, նրանք այնուամենայնիվ պարտավոր էին պաշտպանել մարդու իրավունքները և հարգել ուժի կիրառման ստանդարտները:

Անվտանգության ուժերը չպետք է խլացուցիչ նռնակներ կրակեն ուղղակիորեն դեպի բազմությունը: Չնայած այն հանգամանքին, որ նռնակները տեխնիկապես մահաբեր չեն, նրանց բեկորներն ակնհայտորեն կարող են առաջացնել լուրջ վնասվածքներ, ծանր վնաս հասցնելով խաղաղ ցուցարարներին և կողմնակի դիտորդներին` առանց խտրականության: Որոշ նռնակներում պարունակվող պոլիստիրոլը կարող է հալվել նռնականետով արձակման ժամանակ ստեղծված ջերմությունից և առաջացնել լուրջ այրվածքներ: Human Rights Watch-ը փաստագրել է, որ շատ ցուցարարներ ունեցել են առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ:
Ոստիկանությունը մի քանի լրագրողների հորդորել է հեռու գնալ հիմնական ամբոխից, պնդելով, որ դա անհրաժեշտ է նրանց անվտանգության համար: Լրագրողների մեծ մասը հետևել է հորդորին, սակայն այդուհանդերձ վիրավորվել են պայթող նռնակներից: Լրագրողները նշել են, որ ոստիկանությունը մի քանի խլացուցիչ նռնակներ է կրակել իրենց ուղղությամբ: Տեսանյութը հիմնավորում է այդ վկայությունները:

Ամբոխի ուղղությամբ խլացուցիչ նռնակներ արձակելուց և նետելուց անմիջապես հետո, համազգեստավոր ոստիկանները և նրանց հետ գործող քաղաքացիական հագուստով անհայտ անձինք վազել են դեպի ցուցարարները և ձերբակալել շատերին:


Բացի այդ, ոստիկանությունն ու անհայտ տղամարդիկ բռունցքներով, ոտքի հարվածներով և փայտե մահակներով ծեծել են որոշ լրագրողների և ցուցարարների, վնասել կամ առգրավել լրագրողների սարքավորումներ: Lragir.am լրատվական կայքի օպերատոր Մարութ Վանյանը պատմել է Human Rights Watch-ին, որ երկու անհայտ տղամարդիկ բռնել են նրա թևերից ու քարշ տվել դեպի ոստիկանության ետնագիծ, հայհոյել նրան և բղավել, թե «Ի՞նչ էիր նկարահանում»: Ութից տասը անհայտ տղամարդկանց մի խումբ այնուհետ ծեծի է ենթարկել Վանյանին` փայտե մահակներով խփելով թևերին, մեջքին, ոտքին և ոտքով հարվածել նրա ստամոքսին, երբ նա փորձել է ուսապարկով պաշտպանել իր գլուխը:


Վանյանը հարձակվողներին ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը և բազմիցս կրկնել է, որ ինքը լրագրող է, բայց նրանք չեն արձագանքել: Հարձակման պահից ի վեր նա չի տեսել իր տեսախցիկը կամ մյուս սարքավորումները: Վանյանը լուսաբանում էր ցույցերը հուլիսի 17-ից սկսած, առանց միջադեպերի: «Ես նախկինում շատ եմ նկարահանել ոստիկանության գործողություններ», - ասել է նա: «Ես այդ գիշեր զգացողություն ունեի, որ նույնը կլինի, այսինքն, քանի որ մենք լրագրողներ ենք, մենք պաշտպանված կլինենք: Բայց այդ գիշեր [հուլիսի 29-ին] տպավորությունն այնպիսին էր, որ միտումնավոր հարձակում է տեղի ունենում լրագրողների վրա»:

«Ոստիկանությունը չպետք է միջամտի լրագրողների օրինական աշխատանքին, առավել ևս հարձակվի նրանց վրա և պատժի նրանց իրենց աշխատանքը կատարելու համար», - նշում է Գոգիան:

Իշխանությունները պարտավոր են հարգել մարդու հիմնարար իրավունքները, ոստիկանության գործողությունների ընթացքում ուժի կիրառման ստանդարտները` ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ցույցերի ցրման ժամանակ: Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները ոստիկանությունից պահանջում են օգտագործել ոչ բռնի միջոցներ, ինչպիսիք են տարածքը ազատելու պահանջները` նախքան ուժ կամ հրազեն կիրառելը: Ոստիկանությունը պետք է հավատարիմ մնա ուժի չափավոր էսկալացիայի սկզբունքին: Ուժի գործադրման ժամանակ իրավապահ մարմինները պետք է զսպվածություն ցուցաբերեն և գործեն առաջացած սպառնալիքին համաչափ` ձգտելով նվազագույնի հասցնել վնասը և վնասվածքները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես համարում է, որ իշխանությունները պետք է ցուցաբերեն բարձր հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, նույնիսկ այն հավաքների, որոնք իշխանությունները համարում են չարտոնված կամ ապօրինի:

Ֆիզիկական հարձակումները, ներառյալ բռունցքներով ծեծը, ոտքով հարվածները կամ փայտե մահակների օգտագործումն անզեն ցուցարարների և լրագրողների նկատմամբ երբեք չեն կարող համարվել ուժի իրավաչափ կիրառում և խախտում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելքը:

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հարուցել է հետաքննություն հուլիսի 29-ի գիշերն իրականացված ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Ոստիկանությունը նաև հայտարարել է ներքին ծառայողական հետաքննություն:

Իշխանությունները պետք է ապահովեն, որ ցանկացած հետաքննություն լինի համակողմանի և արդյունավետ և հանգեցնի ոստիկանական բռնությունների համար մեղավորների, այդ թվում նաև հրամաններ արձակողների պատասխանատվության ենթարկմանը, նշում է Human Rights Watch-ը: Իշխանությունները պետք է լիարժեք հաշվետվություն ներկայացնեն կիրառված ողջ զինամթերքի և ոստիկանության հետ գործող քաղաքացիական հագուստով անձանց դերի վերաբերյալ: Իշխանությունները պետք է նաև լիովին վերանայեն ուժի կիրառմանն առնչվող բոլոր օրենքները, կանոնակարգերը և ուղեցույցները, ինչպես նաև իրավապահ մարմինների արձագանքը հասարակական կարգի պահպանության խնդիրներին, որպեսզի ապահովեն իրավակարգավորման շրջանակների և վերապատրաստումների համապատասխանությունը մարդու իրավունքների ստանդարտներին: Իրավապահները ծառայության ընթացքում պետք է մշտապես ինքնությունը հաստատող փաստաթղթեր/համազգեստ կրեն, քանի որ սա կարևոր է հաշվետվողականության տեսանկյունից:

«Եթե բողոքի ցույցերը Երևանում շարունակվեն, ոստիկանությունը չպետք է օգտագործի անհամաչափ ուժ խաղաղ ցույցերի դեմ», նշում է Գոգիան: «Խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը երբեք չի կարող արդարացված լինել»:

Մանրամասն հիմնավորումները ներկայացվում են ստորև`

Human Rights Watch-ը հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը հարցազրույցներ է անցկացրել Երևանում, հուլիսի 29-ին ոստիկանության գործողություններից տուժածների և վկաների հետ, այդ թվում, ոստիկանության գործողություններից տուժած  ութ անձանց հետ, որոնցից վեցը լրագրողներ են եղել: Շատերն են հայտնել, որ փողոցում, մոտակա տներում, շտապօգնության բաժանմունքում և հիվանդանոցում տեսել են այլ տուժածների:

Human Rights Watch-ը նաև հարցազրույցներ է անցկացրել Սարի թաղի իրադարձությունների ականատես հինգ բնակիչների հետ, որտեղ ոստիկանները բռնի կերպով ցրել են ցուցարարներին, մեկ բժիշկի հետ` ով հիվանդանոցում բուժել է տուժածներին, բողոքի ցույցերի մեկ առաջնորդի և ցույցերի ձերբակալված առաջնորդների հինգ փաստաբանների հետ: Human Rights Watch-ի փորձագետն այցելել է Սարի թաղի այն հատվածը, որտեղ բռնի կերպով ցրվել է բողոքի ցույցը և տեղում ուսումնասիրել խլացուցիչ նռնակների մնացորդները: Human Rights Watch-ը նաև ուսումնասիրել է հուլիսի 29-ի իրադարձությունների տեսանյութերն ու լուսանկարները և ծանոթացել պաշտոնական հայտարարություններին: Human Rights Watch-ը դեռ պետք է հանդիպի իշխանությունների հետ` հուլիսի 29-ի բռնությունները քննարկելու և բացահայտումներով կիսվելու նպատակով:

Զարգացումները մինչև ոստիկանական բռնությունները

Մի քանի հարյուր ցուցարարներ հուլիսի 29-ին, երեկոյան ժամը 10-ի մոտակայքում, հավաքվել էին Երևանի Էրեբունի վարչական շրջանի երկու վայրերում: Շատերը հավաքվել էին ավելի վաղ Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում և երթով շարժվել դեպի Էրեբունի վարչական շրջան, մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության անցնելով: Երկու ցույցերն էլ եղել են այն նույն թաղամասում, որտեղ զինված խումբը հուլիսի 17-ին գրավել էր ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը: Ցուցարարների մի խումբը հավաքվել էր Սարի Թաղի հարևանությամբ, որը գտնվում է ոստիկանության ՊՊԾ գնդից վեր տեղակայված մի բլրի վրա և ունի բազմաթիվ փոքր, նեղ, ոլորապտույտ փողոցներ: Մեկ այլ խումբ հավաքվել էր Խորենացու փողոցում, ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի մուտքի մոտակայքում, որտեղ հուլիսի 17-ից սկսած մի քանի ցույցեր էին անցկացվել:

Հուլիսի 29-ի գիշերը, ոստիկանության հատուկ ջոկատները սաղավարտներով, վահաններով և մահակներով հանդերձավորված, բողոքի ցույցերի երկու տարածքներում էլ ձևավորվեցին արգելափակող պատնեշներ: Երկու տարածքներում էլ առկա էին այլ հագուստով ոստիկաններ, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անհայտ տղամարդիկ, որոնցից շատերը կրում էին սև վերնաշապիկ ու սև տաբատ, և գործում էին ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ: Ոստիկաններից և քաղաքացիական հագուստով մարդկանցից ոմանք կրում էին դիմակներ:

Ոստիկանական բռնություններ Սարի թաղում ցույցերի մասնակիցների և լրագրողների նկատմամբ

Սարի թաղում բազմության կուտակմանը զուգընթաց, ցույցի առաջնորդները մոտ 20 րոպե փորձում էին բանակցել ոստիկանության պաշտոնյաների հետ, որպեսզի ցուցարարներին թույլատրվեր մնալ այնտեղ: Ոստիկանությունը մերժել է` ցույցի առաջնորդներին հայտնելով, որ խումբը հինգ րոպե ունի ցրվելու համար: Ոստիկանությունն առաջարկել է, որ մարդիկ հավաքվեն մեկ այլ վայրում, օրինակ` Ազատության հրապարակում:

Ինչպես նախորդ ցույցերի ժամանակ, այս անգամ ևս, լրագրողները, այդ թվում նաև օպերատորները, որոնցից շատերն ուղիղ հեռարձակում էին իրականացնում, կանգնել էին ոստիկանական արգելապատնեշի և ցուցարարների միջև: Լրագրողները հայտնում են, որ մոտավորապես երեկոյան ժամը 11-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անհայտ անձը, ով ըստ երևույթին աշխատում էր ոստիկանության հետ, զգուշացրել է նրանց տեղափոխվել մի կողմ, ավելի անվտանգ վայր` ցուցարարների դեմ ոստիկանության գործողություններից զերծ մնալու համար: Շատերը ենթարկվեցին զգուշացմանը:

Ոստիկանությունն այնուհետ բռնի կերպով բերման ենթարկեց ցույցի առաջնորդ, Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին և սկսեց խլացուցիչ նռնակներ արձակել ամբոխի մեջ և լրագրողների ուղղությամբ: Ցուցարարները և լրագրողները սկսեցին փախչել: Տուժողները և վկաները նկարագրել են տեսարանը որպես քաոսային, խուճապի մատնված մարդկանցով, ովքեր խլացուցիչ նռնակների հետևանքով տեսնելու և լսելու դժվարություններ ունեին: Լայնորեն հասանելի տեսանյութը փաստացի հիմնավորում է այդ հայտարարությունները:

Ցույցի շատ մասնակիցներ ու լրագրողներ խլացուցիչ նռնակների պայթյունի հետևանքով ոտքերի մասում նռնակների բեկորներից ստացել էին վնասվածքներ, ինչպես նաև առաջին և երկրորդ կարգի այրվածքներ:

Երևանի հիվանդանոցներից մեկի բժիշկը հայտնել է, որ հիվանդանոցի ղեկավարությունը ետ է կանչել նրան արձակուրդից` վիրավորների բուժմանն օժանդակելու նպատակով: Նա նշել է, որ հիվանդանոցում բուժվում են վնասվածքներ ստացած 20- 25 անձինք, որոնցից բոլորն ունեցել են այրվածքներ և այլ կտրվածքներ իրենց ոտքերին: Նա նշել է, որ պլաստիկ բեկորների հետևանքով առաջացած մի քանի սանտիմետր խորությամբ վերքեր է տեսել: Նա հայտնել է, որ հիվանդանոցում հեռացված ամենախոշոր բեկորն ունեցել է երեք սանտիմետր երկարություն:

Human Rights Watch-ն ուսումնասիրել է երկու տեսակի խլացուցիչ նռնակների մնացորդները, որոնցից մեկը պատրաստված է եղել կարծրացված պոլիստիրոլից և ներկված մոխրագույնով: Երբ խլացուցիչ նռնակների հիմնական մասը պատրաստված է լինում այս նյութից, պոլիստիրոլը կարող է հալվել արձակման ժամանակ առաջացած ջերմությունից և առաջացնել լուրջ այրվածքային վերքեր:

Հարձակումներ լրագրողների, ցուցարարների վրա

Ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անհայտ տղամարդիկ ձերբակալում էին ցուցարարներին, ոմանց ծեծի ենթարկում, ինչպես նաև ծեծում լրագրողներին և վնասում կամ վերցնում նրանց սարքավորումները: Տուժածները հայտնել են այնպիսի բռնությունների մասին, ինչպիսիք են` քարշ տալը, բռունցքներով հարվածելը և փայտե մահակներով ծեծի ենթարկելը: Տուժածները ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ իրենց դեմքերին, ձեռքերին, թևերին, ուսերին, մեջքին և ոտքերին:

Ռոբերտ Անանյան, Ա1+ լրագրող

Անանյանը, Ա1+ լրատվական գործակալությունից, հայտնել է, որ նա աշխատել է տեղում և իրականացրել է Սարի թաղի ցույցի ուղիղ հեռարձակում: Նա նշել է, որ ոստիկանական արգելապատնեշը փակել էր ճանապարհը: Նա տեսել է, թե ինչպես է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ցույցի ղեկավարներին ասում, որպեսզի վերջիններս ցույցը ցրեն հինգ րոպեի ընթացքում, բայց առանց որևէ հրապարակային հայտարարություն անելու: Մոտ 15 րոպե անց, ոստիկանությունը հորդորել է լրագրողներին հեռանալ տարածքից, քանի որ ինչ-որ բան պետք է տեղի ունենար. «Սա միակ նախազգուշացումն էր, որ մենք ստացել ենք, և երկու րոպե անց սկսեցին պայթեցնել խլացուցիչ նռնակները: Դրանք այնքան շատ էին, որ հնարավոր չէր փախչել»: Անանյանը նույնպես ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, ներառյալ բազմաթիվ կապտուկներ երկու ձեռքերին և խլացուցիչ նռնակների բեկորային վերքեր, որոնք նա ստացել էր ոտքերին:

Թաղամասի բնակիչներից մեկն Անանյանին, ով արյունահոսության ուներ, տեղափոխել է հիվանդանոց: Մեքենայում էին նաև երկու այլ լրագրողներ, այդ թվում` մեկ այլ լրատվամիջոցի օպերատոր ոտքերի բեկորային վնասվածքով, և տեղի մեկ այլ բնակիչ: Մոտ 800 մետրից հետո, ոստիկանները կանգնեցրել են մեքենան և ստիպել է լրագրողներին դուրս գալ, ձերբակալել են վարորդին և բնակչին, և տարել նրանց: Անանյանն ու օպերատորը հանդիպել են այլ լրագրողների հետ, կանչել շտապօգնություն, որն էլ նրանց տեղափոխել է հիվանդանոց:

Երբ Human Rights Watch-ը հիվանդանոցում այցելել էր Անանյանին է, նա չէր կարողանում քայլել` ոտքի վնասվածքների պատճառով:

Դավթի Հարությույնյան, 1in.am կայքի օպերատոր

Հարությունյանը, ով առցանց լրատվական գործակալության օպերատոր է, հուլիսի 29-ին Սարի թաղում աշխատում էր կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանի հետ: Նա նաև հիշեց ոստիկանության նախազգուշացումը լրագրողներին մի կողմ տեղափոխվելու մասին, քանի որ ինչ-որ բան էր նախաօատրաստվում: Այնուհետև նա լսել է խլացուցիչ նռնակների պայթյունները:

- Ոստիկանությունը սկսեց մահակներով հարվածել իրենց վահաններին և շարժվել առաջ դեպի ցուցարարները` նետելով խլացուցիչ նռնակներ: Նրանք հանում էին անվտանգության օղակն ու նռնակը նետում ուղիղ դեպի ցուցարարները: Նռնակներն առաջացնում էին բեկորներ, ինչից և ես վիրավորվեցի: Ես դեռ նկարահանում էի, երբ հարձակումը սկսվել էր, սակայն աջ ոտքիս բեկորային հարվածն ստանալուց հետո միայն մի քանի մետր կարողացա շարժվել:

Հարությունյանը շարունակում էր նկարահանել, բայց մի քանի քաղաքացիական հագուստով անձինք սկսեցին ծեծել նրան փայտե մահակներով, կոտրելով նրա տեսախցիկը, հետապնդելով նրան, և շարունակելով վիրավորել նրան:

- Քանի որ ես նկարահանում էի ցրման ընթացքը, քաղաքացիական հագուստով տղամարդիկ սկսեցին ինձ ծեծել, նախ փայտե մահակներով հարվածելով կոտրեցին իմ տեսախցիկը և ապա ծեծեցին ինձ: Ես չգիտեմ, թե նրանք ովքեր էին: Ես փորձեցի փախչել, սակայն նրանք հետևեցին ինձ: Ես վազեցի դեպի այլ լրագրողների ուղղությամբ, սակայն տղամարդիկ բռնեցին ինձ, նրանք քաշեցին իմ ՄԱՄՈՒԼ տարբերանշանը և իմ տեսախցիկի մարտկոցներով պայուսակը: Նրանցից մեկը փորձեց հարվածել իմ գլխին մահակով, բայց ես ծածկեցի իմ գլուխը ձեռքով, և փոխարենը հարվածներ ստացա ձեռքերիս: Հետո ես կռացա` ծածկելով գլուխս, սակայն նրանք շարունակում էին հարվածել ինձ մեջքից:

Հարությունյանը կարողացել է փախչել և ապաստան գտնել մի բնակչի տանը: Շտապօգնությունն այնուհետ տարավ նրան հիվանդանոց: Նա ուներ բազմաթիվ կապտուկներ մեջքին, կողքերին, վերջույթներին և ձեռքերին:

Մարիամ Գրիգորյան, 1in.am լրագրող

Գրիգորյանի հարցազրույցն անցկացվել է Հարությունյանից առանձին: Նա նշել է, որ այլ լրագրողների նման, իրենք նույնպես հետևեցին ցուցարարներին Ազատության հրապարակից դեպի Էրեբունի վարչական շրջան` ապահովելով ուղիղ լուսաբանումը: Գրիգորյանը նաև նշել է քաղաքացիական հագուստով մեծաթիվ անհայտ տղամարդկանց ներկայությունը տեղում` նրանց որակելով որպես ատլետիկ կազմվածքով տղամարդկանց, ովքեր կրում էին սև վերնաշապիկ և տաբատ, որոնցից մեկը զգուշացրել է լրագրողներին մի կողմ քաշվել, քանի որ ինչ-որ բան էր տեղի ունենալու: Նա ասել է, որ ոստիկանությունը սկսել է գործողությունը ցույցի առաջնորդներից մեկի` Մարտիրոսյանի ձերբակալումից հետո`

- Նրանք [ոստիկանությունը] սկսեցին նետել խլացուցիչ նռնակներ հանրության ուղղությամբ, նախքան դեպի ամբոխը շարժվելը ... Շուտով նետեցին դէպի այն տարածքը, որտեղ լրագրողներն էին հավաքվել: Նռնակներից մեկը պայթեց իմ դիմաց: Ես ոչինչ չէի կարող տեսնել կամ լսել: Ես կարծում էի, թե մեռած եմ: Հետո հասկացա, որ կարողանում եմ շարժել իմ ձեռքերը, և միայն ոտքս էի դժվարանում շարժել, և ես հասկացա, որ ես կենդանի եմ:

Նա ուներ բեկորային վերքեր վերին ձախ ազդրի և աջ կոճի մասում: Նա կորցրել էր Հարությունյանին տեսադաշտից, երբ վազել և ապաստան էր գտել մի բնակչի տանը: Ներսում նա տեսավ մի քանի այլ մարդկանց, ովքեր արյունահոսություն ունեին, ըստ երևույթին նաև բեկորային վերքերից: Գրիգորյանը հետագայում հոսպիտալացվեց մի քանի ժամով, քանի որ բժիշկները հեռացրեցին մեկ պլաստիկ բեկոր ու վիրակապեցին նրա կոճը:

Գրիգորյանին ասել է, որ ցույցի տարածքից հեռանալիս նա տեսել է գետնին պառկած մի երիտասարդի, ում դեմքը ծածկված էր արյան մեջ: Նա փորձել է օգնել նրան փախչել տարածքից, սակայն երիտասարդն ասել է, որ չափազանց մեծ ցավեր ունի և չի կարող կանգնել: Հիվանդանոցում Գրիգորյանը նաև խոսել է մի երիտասարդ կնոջ հետ, ով հայտնել է, որ ինքը մասնակցել է ցույցին և այրվածքներ ստացել երկու ոտքներին, ձեռքերին և մեջքին:

Անուշավան Շահնազարյան, ազատ լրագրող

Շահնազարյանը նույնպես գնացել էր Սարի թաղ հուլիսի 29-ին և նկարահանում էր այլ լրագրողների մոտակայքում, երբ քաղաքացիական հագուստով մարդը, ով ակներևաբար համագործակցում էր ոստիկանության հետ, խոսել էր նրա և այլ լրագրողների հետ: Շահնազարյանը ներկայացրել է, թե ինչ է պատահել այնուհետ`

Մենք բոլորս [լրագրողները] մի կողմ շարժվեցինք: Իսկ այն, ինչ ես տեսա հետո ոստիկանության կողմից, ագրեսիվություն էր և հայհոյանքների այնպիսի տեսակ էր, որ ես երբեք չէի տեսել այլ ցույցերի ժամանակ: Ոստիկանությունը սկսեց գործարկել [խլացուցիչ] նռնակներ: Դրանցից երեքը կամ չորսն ընկան այնտեղ, որտեղ մենք էինք կանգնած, որտեղ բոլոր լրագրողները միասին էին: Յոթ հոգով [լրագրողներ և օպերատորներ] վազեցինք և թաքնվեցինք թփերում: [...]

Մենք տեսանք, որ մեկ օպերատոր ... բեկորներ ուներ իր ոտքերին և մենք նրան տարանք մոտակա տուն և փորձեցինք օգնել նրան և հասցնել հիվանդանոց: ... Ես էլ եմ վիրավորվել: Ես այրվածքներ և կտրվածքներ եմ ստացել խլացուցիչ նռնակի պայթյունից: Ես գնացի հիվանդանոց, քանի որ իմ ականջը ցավում էր: Հիմա ավելի լավ է: Ես նաև շատ վատ այտուցվածք ունեի իմ դեմքի ձախ կողմում, ծնոտի երկայնքով:

Մեր մտած տան պատշգամբից երևում էր, թե ինչպես էին ամբողջությամբ սև հագած քաղաքացիական հագուստով տղամարդիկ բռնում մարդկանց, ովքեր թաքնվել էին շրջակայքի ծառուղիներում և անցումներում: Նրանք փախչում էին և թաքնվում: Այդ մարդիկ ծեծեցին նրանցից առնվազն 10-ին և ապա նրանց նետեցին ոստիկանական մեքենաները և տեղափոխեցին ոստիկանական պատնեշի ետնամաս:

Հայկական և միջազգային ԶԼՄ-ները հաղորդել են հուլիսի 29-ին այլ լրագրողների և ցուցարարների ծեծի ենթարկելու մասին, այդ թվում` Radio Free Europe / Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայության երեք լրագրողների:

Ոստիկանության բռնությունները Խորենացու փողոցում

Մարատ Յավրումյան, Երևանի պետական ​​համալսարանի դասախոս

Human Rights Watch-ը զրուցել է 37 տարեկան Յավրումյանի հետ, ով ձերբակալվել է Խորենացի փողոցում զուգահեռաբար անցկացվող ցույցի ժամանակ, հիմնական բողոքի ցույցի վայրից մի քանի թաղամաս հեռավորության վրա, և ուսումնասիրել է նույն իրադարձության տեսագրությունը: Յավրումյանը գնացել էր Խորենացու փողոց իր 15-ամյա դստեր հետ: Երբ նա եկավ, այնտեղ ընդամենը մի քանի մարդ կար, սակայն ժամը 10-ին մոտ ամբոխն աճել էր արդեն մի քանի հարյուրի: Նա նշել է, որ ցույցի վայրում առկա էր ոստիկանության ծանրակշիռ ներկայություն և որ մարդկանց հավաքվելու ընթացքում ոստիկանությունը բարձրախոսով հայտարարել է, որ ցույցը ապօրինի է և բոլորը պարտավոր են հեռանալ 15 րոպեի ընթացքում: Ոստիկանությունը տվել է ևս մեկ զգուշացում մի քանի րոպե անց:

Յավրումյանը նշել է, որ ինքը չի կարողացել լավ լսել հայտարարությունը և մոտեցել է ոստիկանական արգելապատնեշին, որպեսզի լավ հասկանա, թե ինչ են նրանք ասում, սակայն երկրորդ հայտարարությունից անմիջապես հետո ոստիկանությունը շարժվել է դեպի ամբոխը: Նա նշել է, որ նախ և առաջ ոստիկանությունը չորս կամ հինգ անգամ կրակ է բացել, որը լուսավորվել է օդում, իսկ հետո սկսել հարձակումը ցուցարարների վրա` ծեծելով և կալանավորելով նրանցից մի քանիսին:

Նա հայտարարել է, որ ինքը չի կարող արագ վազել, քանի որ մութ էր, և նա անհանգստանում էր իր դստեր անվտանգության համար: Փոխարենը նրանք որոշեցին սպասել փողոցի մի անկյունում և նախատեսում էին տուն գնալ: Սակայն, մի քանի ոստիկաններ մոտեցան նրանց`

- Երբ ես տեսա, որ նրանք շարժվում էին իմ ուղղությամբ, ես ձեռքերս վեր պարզեցի, ասելով, որ մենք տեսնում ենք ձեզ և պատրաստվում ենք հեռանալ: Ես դստերս հետ եմ, հեռու մնացեք ինձնից: Մի՛ դիպչեք մեզ: Բայց նրանք սկսեցին ձերբակալել ինձ, քարշ տալ ինձ, իմ ձեռքերն ու ոտքերն այնպես պահելով, որ դեմքով ներքև էի նայում: Ես բղավում ու հայհոյում էի` ասելով նրանց, որ ինձ բաց թողնեն, բայց նրանք սկսեցին ոտքով հարվածել ինձ ներքևից: Նրանցից մի քանիսն ինձ ծեծում էին, հայհոյում, կոտրեցին իմ քիթը և շպրտեցին ինձ ոստիկանական մեքենայի մեջ:

Ոստիկանությունը Յավրումյանին տեղափոխել է Նոր-Նորքի ոստիկանական բաժանմունք, որտեղ ևս մոտ 25 այլ կալանավորների էին բերման ենթարկել: Նա խնդրել է ոստիկանությանը շտապօգնություն կանչել, քանի որ նա գիտեր, որ իր քիթը կոտրված էր: Շտապօգնությունը եկել է մոտ մեկ ու կես ժամ անց, և բժշկական անձնակազմը պնդում էր, որ նրան պետք է հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանությունը հրաժարվել է թույլ տալ նրան հեռանալ առանց երեք անորոշ փաստաթղթերի տակ ստորագրելու: Թեև Յավրումյանը չէր կարդացել փաստաթղթերը, նա պարտադրված էր զգացել ստորագրել դրանք, որպեսզի կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը:

Նա տեղափոխվել է հիվանդանոց հուլիսի 30-ին, գիշերը ժամը 2-ին մոտ, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն կոտրված քթի համար և բազմաթիվ կարեր են դրվել ձախ այտի ներսում և բերանի կողմում:

Ոստիկանությունը չի կալանավորել Յավրումյանի դստերը, ով փորձել է օգնության հասնել իր հորը: Ոստիկանությունը հրել է նրան և տարել Յավրումյանին: Անցորդներից մեկն օգնել է նրա դստերը, որպեսզի վերջինս տուն հասնի:

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.

Region / Country