Այս շաբաթվա վերջին բուլղարացի 30-ամյա լրագրող Վիկտորյա Մարինովայի բռնաբարության և սպանության մասին ստացված լուրը մտահոգություններ է առաջացնում լրատվամիջոցների ազատության խնդրահարույց վիճակի վերաբերյալ: Բուլղարական իշխանությունների համար այն նաև վառ հիշեցում է` կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարն առաջնահերթ դարձնելու մասին: Փոխարենը, իշխանությունները մտահոգիչ քայլեր են ձեռնարկում` փորձելով խուսափել այդ պայքարի մեջ Եվրոպայում կիրառվող ամենաարդյունավետ գործիքից:
Բուլղարիայի Սահմանադրական դատարանը լուրջ հարված հասցրեց բուլղարացի կանանց վիճակին, երբ հուլիսի վերջին հակասահմանադրական ճանաչեց կանանց նկատմամբ բռնության դեմ տարածքաշրջանային համապարփակ պայմանագիրը: Որոշումն անմիջապես դատապարտվեց Բուլղարիայի ավելի քան 40 ակտիվ խմբերի և նշանավոր մարդկանց կողմից: Այն պետք է դատապարտվի նաև եվրոպական կառույցների կողմից:
Բուլղարիան ԵՄ անդամ հանդիսացող այն ութ երկրներից մեկն է, որը չի վավերացրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Փետրվարին խորհրդարանի անդամները պահանջեցին ստուգել կոնվենցիայի համապատասխանությունը Բուլղարիայի սահմանադրությանը, քանի որ կային պնդումներ առ այն, որ Կոնվենցիայում ամրագրված գենդերային հավասարության կոչերը նպատակ ունեն խթանել նույնասեռականությունը, և զգուշացումներ որ այն կարող է «հարցականի տակ դնել բուլղարական հասարակության ավանդական արժեքները»:
Ութ ձայնով ընդդեմ չորսի Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ «գենդեր» տերմինի` որպես սոցիալական կառուցվածքի օգտագործումը հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը, որը սահմանում է «սեռի» երկակի` արական և իգական հասկացությունը, որը «որոշվում է անձի ծննդյան պահին»:
Չնայած Բուլղարիայի Սահմանադրությունը պաշտպանում է սեռի վրա հիմնված խտրականությունից, դատարանը հայտնում է, որ սա «չի նշանակում, որ երկու սեռի նկատմամբ հավասար վերաբերմունք պետք է ցուցաբերվի», քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել կենսաբանական տարբերությունները: Ինչպես գրել է մի իրավաբան` «դատարանը բառացիորեն նվազեցրել է կանանց դերը մինչ ծննդաբերելու ֆունկցիան»:
Եվրոպական կառավարությունների կողմից ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում վախի զգացում հարուցող փաստարկներ` հոմոֆոբ և սեքսիստական օրակարգերը տարածելու համար: Գենդերային հիմքով բռնության կանխարգելման եւ հակազդման ջանքերը հաճախ դառնում են նման քաղաքականությունների զոհերը։ Սա վտանգավոր խաղ է, և Եվրամիության և Եվրոպայի խորհրդի ղեկավարները պետք է կտրականապես մերժեն այն:
Եվրոպական այն պետությունները և հաստատությունները, որոնք ստեղծել եւ աջակցել են Ստամբուլյան կոնվենցիային, պետք է խորապես մտահոգվեն այն փաստով, որ բուլղարական դատարանները և քաղաքական գործիչները խեղաթյուրում են կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին ուղղված պայմանագրի ջանքերը: Նման կոպիտ աղավաղումներն սևացնում են այն կազմակերպություններին, որոնք փորձում են արձագանքել կամ կանխել կանանց նկատմամբ ընտանեկան և ցանկացած այլ տիպի բռնությունները, ինչպես նաև աջակցել բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Այս խեղաթյուրումները վերջ են դնում բռնության և, ընդհանրապես, կանանց նկատմամբ խտրականության վերաբերյալ քննարկումներին, ինչպես նաև ամրապնդում են այն գաղափարը, որ ընտանեկան բռնությունն անձնական հարց է և նույնիսկ ընդունելի է:
Այս տեսակետները խստորեն հակասում են Եվրամիության և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, հավասարության և արժանապատվության արժեքներին: Նրանք նաև անհամատեղելի են Բուլղարիայի կողմից տասնամյակներ առաջ վավերացրած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խտրականության արգելքի երաշխիքի հետ:
Բուլղարացի կանայք վճարում են կանանց իրավունքների մասին այս կարգի թյուրըմբռնումների գինը: 2017թ.-ին Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտն իրականացրել է կանանց նկատմամբ բռնության տարածվածության, դրսևորման և չբացահայտման աստիճանի վերաբերյալ հետազոտություն, որի արդյունքների համաձայն Եվրամիության 28 անդամ պետությունների ցուցանիշներից ամենավատ ցուցանիշները գրանցվել են Բուլղարիայում: 2016 թ.-ի հետազոտության համաձայն` բուլղարացի կանանց ավելի քան 30 տոկոսը հաղորդել է ընտանեկան կամ այլ տեսակի գենդերային բռնության ենթարկվելու մասին:
Արդեն ակնհայտորեն զգացվում է Բուլղարիայում կայացրած որոշման շղթայական ազդեցությունը: Որոշմանը հետևեց Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի հայտարարությունն այն մասին, որ գենդերային անհավասարության դեմ պայքարի հարցում ուսուցիչներին աջակցություն տրամադրելու ծրագիրը դադարեցվում է: Ըստ հաղորդումների, Կրթության և գիտության նախարարությունն արդեն իսկ դադարեցրել է գենդերային հարցի, բռնության և կարծրատիպերի վերաբերյալ դպրոցներում անցկացվող հետազոտությունը:
Հավասարության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի բացահայտ անտեսումը պետական պաշտոնյաների կողմից տարածում է գտնում ողջ տարածաշրջանում: Երբ փետրվարին Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվեց վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, կարճ ժամանակ անց Սլովակիան հետևեց նրա օրինակին: Խորվաթիայի կառավարությունը վավերացրեց Կոնվենցիան հունիսին, սակայն միայն «գենդեր» տերմինի օգտագործման վերաբերյալ բողոքներից հետո: Լեհաստանի իշխող PiS կուսակցությունը սպառնաց դուրս գալ Կոնվենցիայից այն հիմքով, որ վերջինս վտանգում է ավանդական լեհական մշակույթը և արժեքները, այդ թվում` կանանց «բնական դերը» հասարակության մեջ: Օգոստոսին Հունգարիայի իշխող Fidesz կուսակցությունը արգելեց գենդերային հետազոտությունները բարձրագույն կրթության համակարգում:
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարելու անկարողությունը վնասում է ոչ միայն կանանց, այլ նաև ամբողջ հանրությանը և միլիոններ է արժենում ազգերին: Իսկ գենդերային հավասարության խթանումը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի առանցքային տարրն է:
Հունվարին Բուլղարիայում ստեղծված «հակա-գենդերային» և հակա-կոնվենցիոն հռետորաբանության թեժ մթնոլորտում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն նամակ է հղել Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին: Նամակում ասվում է, որ պնդումներն առ այն, որ Կոնվենցիան փորձում է ապակայունացնել ընտանիքները, ակնհայտորեն կեղծ են; փոխարենը, այն ուղղված է «ընտանիքների քայքայման հիմնական պատճառի, այն է` բռնության դեմ» պայքարելուն: Նամակում շեշտվում է, որ «Ստամբուլյան կոնվենցիան ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին և որևէ այլ թաքնված խնդիրներ կամ նպատակներ չի հետապնդում»:
Այս հայտարարությունը տեղին էր, քանզի հիշեցնում էր մեկ ընդհանուր եվրոպական նպատակի` կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու մասին: Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը նպաստել է իշխանությունների կողմից արդեն բռնկած ապատեղեկատվական քարոզարշավների կրակի տարածմանը, ինչը կարող է ծանր նստել եվրոպացի կանանց և ԼԳԲՏԻ անձանց համար։
Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը և Եվրամիության անդամ երկրները պետք է անհապաղ դատապարտեն Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, ակտիվորեն փարատեն այդ որոշումն ուղեկցող առասպելները և լուրջ միջոցներ ձեռնարկեն` Եվրոպայում հռչակված հիմնական արժեքների ակնհայտ անտեսման երևույթը վերացնելու ուղղությամբ: Սեռական ոտնձգության և սպանության այս ցնցող լուրի ֆոնի վրա բուլղարական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ցույց տալու համար, որ նրանք հանձնառու են պայքարելու կանանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորման դեմ: