Անահիտ Չիլինգարյան

Սեպտեմբերի 28-ի երեկոյան, մարզային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ Վանաձորում, Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, հորդառատ անձրևի պայմաններում իրականացվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, ինչից հետո նա մեկնել էր հետաքննելու:

Ավետիսյանի խոսքերով, նրա ժամանելուց և հարցադրումներ անելուց քիչ անց, շինարարական ընկերության ղեկավարը նրան ասել է հեռանալ և, որ ճանապարհային աշխատանքը նրա գործը չէ: Ավետիսյանն ասաց, որ երբ նա հրաժարվել է հեռանալ, ղեկավարն իր մի քանի գործընկերների հետ միասին նրան գետնին են գցել, ոլորել նրա ձեռքերը մեջքի մասում և քարշ տվել գետնի վրայով՝ պահանջելով նրա հեռախոսը: Ավետիսյանն ասաց, որ նրանք խլել են իր հեռախոսը և ջնջել շինարարական աշխատանքների տեսագրությունը: Ի պատասխան Human Rights Watch-ի հարցմանը, ղեկավարը հերքել է նշված մեղադրանքները:

Այդ երեկոյան Ավետիսյանը դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը: Քննիչները քրեական հետախուզություն են նախաձեռնել և մեղադրանքներ են ներկայացրել ընկերության ղեկավարին` լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Սակայն, ըստ Ավետիսյանի, մեղադրանքներում ոչինչ չի ասվում, ղեկավարի և այլ աշխատակիցների կողմից նրա նկատմամբ կատարված ֆիզիկական հարձակման մասին:

Հայաստանում լրագրողների նկատմամբ հարձակումները հազվադեպ չեն և ընդգծում են այն մարդկանց խոցելիությունը, ովքեր աշխատում են լրատվական դաշտում:

Մեկ շաբաթ անց մեկ այլ միջադեպում, Armday.am առցանց լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ուսումնասիրում էր մի վեճ կապված Շատին գյուղի տեղական հիվանդանոցի հետ: Ֆահրադյանն ասաց, որ երբ կենտրոնում սկսել է բժշկին հարցեր տալ կոռուպցիոն մեղադրանքների մասին, բժիշկը և հիվանդանոցի բուժքույրը փորձել են խլել իր տեսախցիկը: Երբ նա հրաժարվել է ջնջել իր տեսանյութը, նրան ստիպողաբար տարել են հիվանդանոցային մի սենյակ՝ սպառնալով պահել նրան այնքան մինչև չկատարի պահանջը: Ֆահրադյանին հաջողվեց դուրս գալ սենյակից10 րոպե անց՝ ոստիկանություն կանչելուց հետո: Քննիչները քրեական գործ հարուցեցին, սակայն մինչ օրս որևէ մեղադրանք չի առաջադրվել: Human Rights Watch-ի հարցումները հիվանդանոցի աշխատակիցներին մնացել են անպատասխան:

Արտաքին դիտորդները մտահոգություն են հայտնել Հայաստանում լրագրողների համար ստեղծված պայմանների առթիվ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում մտահոգություն է հայտնել լրագրողների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Նա ընդգծել է անվտանգ աշխատանքային պայմանների անհրաժեշտությունը, հատկապես հանրային իրադարձությունների կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանման ժամանակ:

Այս դեպքերը Հայաստանում լրագրողների նկատմամբ իրականացված բազմաթիվ հարձակումներից երկուսն են, ովքեր պարզապես փորձել են իրենց աշխատանքը կատարել: Իշխանությունները պետք է ապահովեն, որ ԶԼՄ-ների աշխատակիցները կարողանան իրենց աշխատանքը կատարել առանց վախի կամ հարձակման ենթարկվելու։ Այս և նմանատիպ միջադեպերի արդյունավետ, անկողմնակալ հետաքննությունը Հայաստանի իշխանությունների կողմից կարող էր համարվել լավ սկիզբ: