Riot police and barbed wire block protestors from marching down Baghramyan Street in downtown Yerevan on July 30, 2016. 

© 2016 Giorgi Gogia/Human Rights Watch

(Երևան, 31-ը հուլիսի, 2017թ.) Human Rights Watch-ն այսօր հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը չի կարողացել լիարժեք հաշվետվողականություն ապահովել մեկ տարի առաջ ոստիկանության կողմից հիմնականում խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների համար: Միևնույն ժամանակ, իշխանությունները մեղադրանք են առաջադրել առնվազն 32 ցուցարարների՝ մեղավոր ճանաչելով նրանցից 21-ին, որոնցից 11-ը դատապարտվել են ազատազրկման:

2016 թվականի հուլիսյան մի քանի գիշերների ընթացքում, մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցան հիմնականում խաղաղ, հակակառավարական ցույցեր: Որոշ ցույցերի ժամանակ իշխանություններն անհամաչափ ուժ կիրառեցին՝ հարձակվելով բազմաթիվ ցուցարարների, ինչպես նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալեցին բողոքի ցույցերի բազմաթիվ առաջնորդների և հարյուրավոր մասնակիցների՝ ոմանց նկատմամբ հարուցելով չհիմնավորված քրեական գործեր: Որևէ պաշտոնատար անձ չի դատապարտվել:

«Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց ոստիկանական բռնություններից տուժած անձինք դեռևս սպասում են արդարադատության և հաշվետվողականության», - նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան: «Հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ էապես խարխլված է, դրա վերականգնման համար արդյունավետ հաշվետվողականության գործընթացն անհրաժեշտություն է»:

Բողոքի ցույցերը սկիզբ առան այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսի 17-ին, Երևանում, Հիմնադիր խորհրդարան արմատական ընդդիմադիր խմբի զինված անձինք բռնությամբ գրավեցին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը։ Ըստ մեղադրանքի նրանք սպանել են երեք ոստիկանի և պատանդներ վերցրել: Նախքան զինյալների հանձնվելը հուլիսի 31-ին, հանրային աջակցությունը նրանց և դժգոհությունը կառավարության նկատմամբ վերածվեց բողոքի լայն շարժման՝ մայրաքաղաքում գրեթե շուրջօրյա ցույցերի անցկացմամբ:

Ոստիկանության արձագանքը որոշ դեպքերում բավականին ծանր էր: Գրավված ոստիկանության գնդի հարևանությամբ հուլիսի 29-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում, ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների ուղղությամբ արձակվել են խլացուցիչ նռնակներ` որոշ ցուցարարների և լրագրողների պատճառելով առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ և բեկորային վնասվածքներ: Ոստիկանությունը պատշաճ կերպով չի նախազգուշացրել կամ փորձել օգտագործել ամբոխը ցրելու այլ՝ ավելի մեղմ միջոցներ: Ոստիկանությունը և նրանց հետ գործող քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների և որոշ լրագրողների վրա, հարվածել նրանց բռունցքներով, ոտքերով և ծեծել նրանց փայտե մահակներով և երկաթյա ձողերով:

Հուլիսի 17-ից 31-ը ոստիկանությունը կամայականորեն ձերբակալել է հարյուրավոր ցուցարարների և ծեծի ենթարկել բազմաթիվ ազատազրկվածների, որոշ դեպքերում դաժանաբար: Ոստիկանությունը թույլ չի տվել որոշ ազատազրկվածների ստանալ շտապ բուժօգնություն իրենց վնասվածքները խնամելու համար: Ոստիկանությունը որոշ անձանց պահել է մինչև 12 ժամ առանց ձերբակալումը պատշաճ ձևակերպելու, այդ թվում` մի ամբողջ գիշեր մարզադահլիճում պահելով ավելի քան 100 հոգի: Իշխանությունները բազմաթիվ ձերբակալված անձանց զրկել են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում` իրենց ընտրությամբ անհապաղ փաստաբան հրավիրելու և հարազատներին իրենց ազատազրկման և գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հնարավորությունից:         

Human Rights Watch-ը նշում է, որ իշխանություններն անհապաղ հետաքննություն են սկսել ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ, սակայն հետաքննությունը հանգեցրել է սահմանափակ պատասխանատվության: Իրավապահ մարմինների ծառայողներից որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:

Որոշ ոստիկաններ ենթարկվել են կարգապահական տույժերի, որոնց շարքում եղել են նաև աշխատանքից ազատման դեպքեր: 2016 թվականի օգոստոսի սկզբին իշխանություններն աշխատանքից ազատել են Երևանի ոստիկանապետին` «ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնի հարձակումները կանխել չկարողանալու» համար, իսկ առնվազն 17 այլ պաշտոնյաների նկատմամբ կիրառել նկատողություն հայտարարելու կամ լիազորությունների կասեցման պատժամիջոցները: Ներքին քննություն անցկացնելուց հետո ոստիկանությունը մի քանի գործեր ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, իրավապահ մարմինների կողմից կատարված հանցագործությունների քննության համար պատասխանատու պետական մարմին:

Այդուհանդերձ, 2016 թվականի դեկտեմբերին, նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալին, ով հուլիսի 29-ին մասնակցել էր ցուցարարների դեմ ոստիկանության իրականացրած գործողություններին՝ «հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

«Գովեստի արժանացնելը պաշտոնյային ոստիկանության գործողություններում նրա դերակատարության համար, որի ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ և լուրջ վնասվածքներ են ստացել ցուցարարներն ու լրագրողները, լուրջ հարցեր է առաջացնում հաշվետվողականության առումով կառավարության հանձնառության վերաբերյալ», - ասել է Գոգիան:

Հայաստանի իշխանություններն ագրեսիվորեն հետապնդել են բողոքի մասնակիցներին և ղեկավարներին: Դատապարտված 21 անձանցից 11-ը ազատազրկվել են մեկից երեք ու կես տարի ժամկետով, յոթի նկատմամբ պատիժը կիրառվում է պայմանականորեն, 3-ը տուգանվել են: Մեղադրյալներից շատերն իրենց մեղավոր են ճանաչել՝ մասամբ արագ դատավարության կամ օրենքով սահմանված առավելագույն պատժից ավելի մեղմ դատավճռի ակնկալիքով, կամ երկուսը միասին, ինչպես նշել են նրանց փաստաբանները: Մեղադրանքների շարքում եղել են զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն կիրառելը և լրագրողի աշխատանքին խոչընդոտելը:

10-ը ցուցարարների դատավարությունը դեռևս շարունակվում է: Նրանք մեղադրվում են հուլիսի 19-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կյանքին սպառնացող բռնություն գործադրելու մեջ:

Ակնկալվում է, որ շուտով կմեկնարկի հուլիսի 29-ի բողոքի առաջնորդներից Անդրեաս Ղուկասյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ցույցերի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Առնվազն չորս այլ անձինք, որոնք հատկապես ակտիվ էին հուլիսի 29-ի բողոքի ցույցերում, հետաքննվում են նույն ենթադրյալ հանցագործության համար:

Ղուկասյանը մեկ տարի գտնվում է նախնական կալանքի տակ: Այդ ընթացքում իշխանությունները նրան լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրել, կապված ոստիկանության գնդում զինյալներին աջակցելու և նրանց միանալու նրա ենթադրյալ մտադրության հետ:

«Կառավարությունը պետք է հանրությանը հասանելի դարձնի ցանկացած վստահելի ապացույց, որը կհիմնավորի բողոքի ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջադրված լուրջ քրեական մեղադրանքները», - ասել է Գոգիան: «Իշխանությունները չպետք է ձգտեն ցուցարարներին հետապնդել և երկարաժամկետ ազատազրկման դատապարտել նրանց՝ իրենց հնչեղ, բայց խաղաղ ակտիվիզմի համար»: