(Երևան) - Հայաստանի իշխանությունները կամայականորեն ձերբակալել են հիմնականում ընթացող խաղաղ բողոքի ցույցերի հետ կապված տասնյակ անձանց և ծեծի ենթարկել նրանցից շատերին, ասվում է Human Rights Watch-ի կողմից այսօր տարածած հայտարարության մեջ: Իշխանությունները նաև չարդարացված քրեական մեղադրանքներ են առաջադրել բողոքի ցույցի բազմաթիվ առաջնորդների և որոշ մասնակիցների նկատմամբ և զրկել նրանց ազատազրկված անձանց տարրական իրավունքներից:
«Հայաստանի իշխանությունների արձագանքը Երևանում ընթացող հիմնականում խաղաղ բողոքի ցույցերին եղել է անհամաչափ և դաժան», - նշում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ջեյն Բյուքանանը: «Որոշ ցույցերի ընթացքում գրանցված լարված մթնոլորտը արդարացում չէ մարդկանց կամայականորեն կալանավորելու, ծեծելու և նրանց նկատմամբ անհամաչափ քրեական մեղադրանքներ առաջադրելու համար»:
2016թ. հուլիսի 17-ից սկսած Հայաստանի մայրաքաղաք Երևանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել գրեթե ամեն գիշեր այն բանից հետո, երբ արմատական ընդդիմադիր խմբի մի խումբ զինված անձինք գրավել են Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը` սպանելով մեկ ոստիկանի և պատանդ վերցնելով մի քանիսին: Մինչև զինյալների հանձնվելը հուլիսի 31-ին, նրանց հանդեպ հանրային աջակցությունը և իշխանությունների հանդեպ դժգոհությունը վերաճել է բողոքի մի լայն շարժման Երևանում:
Բողոքի ցույցերը հիմնականում կրել են խաղաղ բնույթ, որոշ ցուցարարների կողմից բռնության առանձին միջադեպերով հանդերձ: Բողոքի ցույցերին ոստիկանությունը որոշ դեպքերում արձագանքել է անհամաչափ ուժի կիրառմամբ և լայնամասշտաբ կամայական կալանքներով: Human Rights Watch-ը հարցազրույցներ է անցկացրել կամայական կալանքների և ոստիկանության ծեծի զոհերի, ձերբակալությունների և չարաշահումների ականատեսների, ինչպես նաև ձերբակալված անձանցից շատերի իրավաբանների հետ:
Ոստիկանությունը ծեծի է ենթարկել (որոշ դեպքերում դաժանաբար) բազմաթիվ ձերբակալվածների, իսկ որոշ դեպքերում նրանց թույլ չի տվել շտապ բժշկական օգնություն ստանալ իրենց վնասվածքների համար: Օրինակ, հուլիսի 18-ին ոստիկանությունը Երևանի Ազատության հրապարակում ձերբակալել է 26-ամյա ակտիվիստ Անդրանիկ Ասլանյանին և ոստիկանական մեքենայի ետնամասում դաժան ծեծի ենթարկել նրան և երկու այլ տղամարդկանց: Ոստիկանները ոտքերով և բռունցքներով հարվածել են Ասլանյանին, խփել են նրա գլխին, դեմքին, մեջքին և ոտքերին, թքել նրա վրա և սեղմել նրա դեմքը իրենց կոշիկներին` նրան նվաստացնելու համար: Նրան այնուհետև պահել են երեք ժամ նախքան հիվանդանոց տեղափոխելը, չնայած նրան, որ նա և այլ անձիք շտապ բժշկական օգնություն են խնդրել և ունեցել են դրա կարիքը:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություններ է սկսել ոստիկանության դրսևորած վարքագծի առթիվ, և այդ հետաքննությունները պետք է լինեն արագ և համակողմանի և հանգեցնեն հակաօրինական վարքագիծ դրսևորած ոստիկանների պատասխանատվության ենթարկմանը, ասում է Human Rights Watch-ը: Օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Human Rights Watch-ին հայտնել է, որ ծառայությունը հուլիսի 29-ի ոստիկանանական գործողությունների, ինչպես նաև բողոքի ցույցերի մյուս գիշերների ընթացքում ոստիկանների դրսևորած վարքագծի վերաբերյալ հետաքննություն է սկսել, և որ քննիչները դեռևս չեն բացահայտել որևէ կասկածյալների կամ կատարել որևէ ձերբակալություն իրավապահ մարմինների շրջանում:
Ոստիկանությունը հուլիսի 17-ից սկսած հարյուրավոր մարդկանց է ձերբակալել, սակայն իրավապահ մարմինները դեռևս հրապարակայնորեն չեն հայտնել, թե կոնկրետ քանի անձ է կալանավորվել, որտեղ են նրանք պահվել, նրանցից քանիսն են ազատ արձակվել, կամ թե նրանցից քանիսն են կալանքի տակ և քանիսի նկատմամբ է քրեական մեղադրանք առաջադրվել: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Human Rights Watch-ին հայտնել է, որ հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում իշխանությունները ձերբակալել են առնվազն 220 անձանց, և նրանցից մոտ 45-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:
Ոստիկանությունը կարող է ձերբակալել բռնարարքներ կատարող կամ հասարակական կարգն ապահովող օրենքները խախտող ցուցարարներին: Սակայն, կալանքը համարվում է կամայական, եթե այն չի համապատասխանում կալանավորումը կարգավորող իրավական շրջանակին և հիմնված չէ անձի կոնկրետ վարքագծի վրա, այլ փոխարենը կիրառվում է ի պատասխան անձի կողմից իր օրինական իրավունքների կամ միջազգային իրավունքով երաշխավորված ազատությունների իրականացմանը:
Որոշ դեպքերում ոստիկանությունը ձերբակալվածներին մինչև 12 ժամ պահել է առանց կալանավորումը փաստագրելու: Համաձայն Հայաստանի օրենսդրության, ոստիկանությունը պետք է կալանքը փաստաթղթավորի երեք ժամվա ընթացքում կամ ազատ արձակի կալանավորին: Առնվազն երկու դեպքերում ոստիկանությունը ներքին զորքերին պատկանող տեղամասի սպորտային դահլիճում ավելի երկար ժամանակով պահել է մարդկանց մեծ խմբեր, մի դեպքում ավելի քան 100 մարդ:
Իշխանությունները բազմաթիվ կալանավորված անձանց ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու: Նախնական կալանքի տակ գնտվող մոտավորապես 45 անձանցից շատերին քրեական մեղադրանք է առաջադրվել իբր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար, որը ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում: Որոշ դեպքերում իշխանությունները քաղաքական ակտիվիստներին առաջադրել, կամ սպառնացել են առաջադրել մեղադրանքներ ապօրինի զենք-զինամթերք կրելու համար: Այդպիսի երկու դեպքերում կալանավորները պնդում են, որ ոստիկանությունն ինքն է զենք տեղադրել նրանց մոտ:
Իշխանությունները ձերբակալվածներից շատերին զրկել են իրենց տարրական իրավունքներից, այդ թվում` իրենց ընտրությամբ անհապաղ փաստաբան հրավիրելու և հարազատներին իրենց կալանավորման և գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հնարավորությունից: Որոշ դեպքերում մարդիկ հուսահատ կերպով փնտրել են իրենց հարազատներին նախքան պարզելը, որ նրանք ձերբակալված են: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու հիմքով մեղադրանք է առաջադրվել բողոքի ցույցի հնչեղ առաջնորդներից ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի, ինչպես նաև Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, ովքեր բոլորն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ավագ անդամներ են: Նշված անձանց փաստաբանները տեղեկացրել են Human Rights Watch-ին, որ առաջադրված բոլոր դեպքերում մեղադրանքների առաջնային հիմքը ոստիկանության վկայությունն է: Ականատեսները և փաստաբանները հայտնել են Human Rights Watch-ին, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ոստիկանությունը ծեծի է ենթարկել Ղուկասյանին և Սանասարյանին և զրկել նրանց առաջնային բժշկական օգնությունից:
Օգոստոսի 1-ին և 2-ին դատարանները երկու ամիս ժամկետով նախնական կալանք են սահմանել չորս առաջնորդների նկատմամբ, վճռելով, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել փախուստի և գրավի դիմաց արձակվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը կամ այլ հանցանք կատարել: Առաջնորդների փաստաբանները հայտնեցին, որ քննիչները չեն տրամադրել կալանքի անհրաժեշտությունն արդարացնող կոնկրետ փաստեր, այլ պարզապես թվել են մերժման համար անհրաժեշտ բոլոր հնարավոր իրավական հիմքերը: Առանց բացատրություններ ներկայացնելու` դատավորները մերժել են պաշտպանության բոլոր միջնորդությունները` վկայակոչելով միայն հանցագործության ծանրությունը և դրա համար նախատեսված պատժամիջոցը:
Ըստ մարդու իրավունքների օրենսդրության, որևէ անձի կալանավորման արտոնումը որոշելու համար դատական իշխանությունները պետք է առնվազն բավարար ապացույցներ ունենան հարուցելու համար ողջամիտ կասկած առ այն, որ տվյալ անձը հանցագործություն է կատարել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի որոշումները պարտադիր են Հայաստանի համար, բազմիցս պարզաբանել է, որ նախնական կալանքի անհրաժեշտությունն արդարացնելու համար դատարանը պետք է կոնկրետ փաստեր և մեղադրյալին առնչվող անձնական հանգամանքների վերաբերյալ ապացույցներ ունենա և չի կարող հիմնվել «ընդհանուր և վերացական» պատճառների վրա:
«Բողոքի ցույցերի այս չորս առաջնորդներին կալանավորելու համար որևէ ողջամիտ հիմք իշխանությունների կողմից չի ներկայացվել», - ասել է Բյուքանանը: «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն գրավի դիմաց` մինչև քննության ավարտը և արդար դատաքննության անցկացումը»:
Իշխանությունները նաև մերժել են նրանց հեռախոսազանգեր կատարելու և ընտանիքի անդամների հետ տեսակցության հնարավորությունը, պնդելով, որ ընտանիքի անդամների կամ այլոց հետ շփումները կարող են խոչընդոտել նախաքննությանը: Համաձայն ՀՀ օրենսդրությանը, կալանավորները շաբաթական մեկ հեռախոսազանգ կատարելու և երկու շաբաթը մեկ անգամ ընտանիքի անդամների հետ տեսակցելու իրավունք ունեն:
Համաձայն ՀՀ օրենսդրության, «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» հանցագործությունը ենթադրում է, որ անկարգությունները ուղեկցված են «բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացման կամ վնասման միջադեպերով, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կիրառմամբ կամ իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցուցաբերելով»: Հուլիսի 29-ի բողոքի ցույցի առաջնորդներին և մասնակիցներին այս հանցագործության մեջ մեղադրելը անհամաչափ և չարդարացված է, քանի որ, թեև ժամանակ առ ժամանակ ցույցը լարված էր, այն հիմնականում կրում էր ոչ բռնի բնույթ, ասում է Human Rights Watch-ը: Նման չափազանցված մեղադրանքները, որոնք հիմնավորված չեն իրական փաստերով, թվում է, թե միտված են ցուցարարներին վախեցնելու և իշխանությունների դեմ բողոքելու նրանց խոսքի և հավաքների ազատության իրավունքների իրականացումը կանխելուն, այլ ոչ օրենքը և կարգը պահպանելուն:
Նախնական կալանքի տակ գտնվողների մեծամասնությունը պահվում են Նուբարաշենի նախնական կալանավայրում, որն ունի լուրջ գերբեռնվածության խնդիր: ՀՀ արդարադատության նախարարության հովանու ներքո գործող` Ձերբակալված և կալանավորված անձանց պահման պայմանները դիտարկող մոնիտորինգի խմբի անկախ փորձագետներից մեկը Human Rights Watch-ին տեղեկացրել է, որ շինությունը նախատեսված է 840 դատապարտյալների համար, սակայն հունվարին այնտեղ պահվել են 942 կալանավորներ: Վերջին բողոքի ցույցերից հետո նախնական կալանքի չափազանց կիրառումը և տասնյակ նոր կալանավորների առկայությունը կարող է էլ ավելի սրել գերբեռնվածության խնդիրը: Իրավաբաններից մեկը տեղեկացրեց, որ հուլիսի 20-ի բողոքի ցույցերի առնչությամբ ձերբակալված իր պաշտպանյալը պահվում է 14 այլ դատապարտյալների հետ նույն խցում, ովքեր քնում են հերթափոխով, քանի որ խցում կա ընդամենը 12 մահճակալ:
Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների բազմաթիվ հռչակագրեր, այդ թվում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիան և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, որոնք պահանջում են ապահովել արդյունավետ քննություն և համապատասխան քրեական պատասխանատվության և պատժի ենթարկել այն պաշտոնյաներին, ովքեր թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ, ներառյալ` վատ վերաբերմունք:
«Իշխանությունների կողմից բողոքի ցույցի առաջնորդների կալանավորումը և ձերբակալված անձանց զրկումը տարրական իրավունքներից անարդարացիորեն պատժիչ բնույթ ունեն և կարծես նախատեսված են ուղերձ փոխանցելու այլոց առ այն, որ դժգոհության հրապարակային արտահայտությունը կարող է վիթխարի ռիսկեր պարունակել», - նշում է Բյուքանանը:
Մանրամասները ներկայացվում են ստորև`
Human Rights Watch-ը հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 4-ը Երևանում հարցազրույցներ է վարել հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծեծի և կամայական կալանքի 12 զոհերի հետ: Human Rights Watch-ը նաև հարցազրույցներ է անցկացրել ութ փաստաբանների հետ, ովքեր ներկայացնում են այն անձանց, ում նկատմամբ հուլիսի բողոքի ակցիաների առնչությամբ քրեական գործեր են հարուցվել: Մեղադրվողներից մի քանիսը նաև ոստիկանական բռնություններից տուժածներ էին։ Human Rights Watch-ը հարցազրույց է անցկացրել նաև առանց մեղադրանքի առաջադրման ազատ արձակված երկու անձանց փաստաբանի, ինչպես նաև բողոքի ցույցերի հետ կապված հանցագործություններում մեղադրվող երկու տղամարդկանց հարազատների հետ:
Ծեծ և ուշացած բժշկական օգնություն
Անդրանիկ Ասլանյան
Երևանի Ազատության հրապարակում հուլիսի 18-ին ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա ակտիվիստ Անդրանիկ Ասլանյանին, դաժան ծեծի ենթարկել նրան մի ոստիկանական մեքենայի մեջ, ապա տեղափոխել նրան ոստիկանության ներքին զորքերի թիվ 1033 տեղամասի մարզասրահ: Ասլանյանն ասաց.
Չորս ոստիկան բռնեցին ինձ, ոլորեցին ձեռքերս մեջքիս ետևում և երկու այլ տղամարդկանց հետ միասին մտցրեցին ինձ ոստիկանական մի մեքենայի մեջ: Դռները փակելուց հետո նրանք սկսեցին ծեծել մեզ՝ հարվածներ հասցնելով ոտքերով, բռունցքներով, խփելով իմ գլխին, ոտքերին, դեմքին և մեջքին։ Նրանք ինձ ձեռնաշղթաներ հագցրեցին սեղմելով այնպիսի ուժգնությամբ, որ դրանք խրվեցին մաշկիս մեջ։ Ինձ նետել էին մեքենայի հատակին, դեմքով դեպի հատակը և շարունակում էին ծեծել։ Նրանք թքում էին մեզ վրա՝ էլ ավելի ստորացնելու նպատակով։ Այնուհետ ոստիկաններից մեկն իր կոշիկը խրեց իմ դեմքի տակ, մի քանի անգամ խփեց, իսկ հետո բռնեց գլուխս և մոտեցրեց այն իր կոշիկներին՝ փորձելով շուրթերս սեղմել նրանց վրա: ... Ես ասում էի, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն այս ամենի համար, և ամեն անգամ, երբ ես այդ մասին ասում էի, նրանք էլ ավելի էին ծեծում ինձ: ... Ես մեջքիս և դեմքիս ողջ երկայնքով կապտուկներ ունեի, այտուցումներ, ինչպես նաև մի մեծ ուռուցք գլխիս ետնամասում: Մարմնիս բոլոր մասերը ցավում էին:
Ոստիկանությունը Ասլանյանին տարել է ներքին զորքերի տեղամաս Դավիթ Սանասարյանի և մի երրորդ ակտիվիստի հետ միասին, ովքեր նույնպես ծեծի էին ենթարկվել։ Տեղամասի մարզասրահում ոստիկանները նրանց կանգնեցրել են մի շարքով, դեմքով դեպի պատը, խուզարկել են նրանց և առգրավել նրանց բջջային հեռախոսները նախքան ձեռնաշղթաներից ազատելը։ Ոստիկաններից մեկն Ասլանյանին առաջարկել է մի փաստաթուղթ ստորագրել, որտեղ նշվում էր, որ նա չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Ասլանյանը հրաժարվել է։
Չնայած Ասլանյանի` բժշկական օգնություն ստանալու բազմաթիվ խնդրանքներին, ոստիկանությունը շտապօգնություն է կանչել ընդամենը երեք ժամ անց: Ասլանյանը և Սանասարյանը բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել են հիվանդանոց:
Հաջորդ օրը, Հատուկ քննչական ծառայությունը զրուցել է Ասլանյանի հետ` իր հանդեպ ոստիկանության վերաբերմունքի վերաբերյալ: Քննիչը նրան նաև ուղարկել է դատաբժշկական քննության: Մի քանի օր անց Ասլանյանը Հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել առ այն, որ հարուցվել է քրեական հետաքննություն, բայց առանց որևէ մանրամասների:
Դավիթ Սանասարյան
Ասլանյանը նշել է, որ թեև իր դեմքը սեղմված էր մեքենայի հատակին, նա գիտեր, որ ոստիկանները նաև հարվածում ու ծեծում էին Սանասարյանին, ով նույնպես մեքենայում էր: Ասլանյանն ասաց. «Երբ մենք հասանք տեղամաս, ոստիկանները Դավիթին քարշ տալով դուրս հանեցին, գցեցին նրան գետնին և շարունակեցին ծեծել նրան: Չորս կամ հինգ ոստիկան հարվածում էին նրան ոտքերով և բռունցքներով այնպես, որ ինչ-որ պահի Դավիթը կորցրեց գիտակցությունը»:
Արա Պետրոսյանը, մեկ այլ ցուցարար, նույնպես պահվում էր ներքին զորքերի տեղամասում հուլիսի 18-ին: Նա խոսել է Սանասարյանի հետ և փորձել օգնել նրան: Պետրոսյանը տեսել է, թե ինչպես է ոստիկանությունը Սանասարյանին մարզասրահ բերել ձեռքերը մեջքի ետևում ձեռնաշղթաներով կապված վիճակում և նետել նրան գետնին, և ապա տեսել է, թե ինչպես է նա կորցնում գիտակցությունը: Պետրոսյանը ասել է.
Մենք ուզում էինք օգնել, բայց նրանք [ոստիկանությունը] թույլ չէր տալիս մեզ: Ոստիկանությունը ոչինչ չէր անում: Մինչ նա մոտ 5-10 րոպե պառկած էր գետնին, ոստիկանությունը մի քանի անգամ ստուգեց նրա զարկերակը: Դավիթը գիտակցության եկավ, բայց հազիվ էր խոսում: Նա ջուր խնդրեց, ասաց, որ սրտխառնոց ունի: Մենք վախենում էինք, որ նա ուղեղի ցնցում է ստացել: Ոստիկաններն ասացին, որ գուցե նա պարզապես որևէ վատ բան է կերել: Տեղամասի բժիշկը ստուգեց նրա արյան ճնշումը և զարկերակը և հայտնեց, որ Դավիթը լավ է: Դավիթը պառկած էր գետնին` իր պայուսակը գլխի տակ: Երեք ժամ անց շտապօգնությունը Դավիթին տարավ հիվանդանոց:
Արսեն Թադևոսյան
Ոստիկանությունը հուլիսի 21-ին ծեծի է ենթարկել 30-ամյա ակտիվիստ Արսեն Թադևոսյանին՝ կոտրելով նրա ծնոտը: Թադևոսյանը հուլիսի 20-ին ժամը 10-ին գնացել էր Խորենացու փողոց, դեպի ոստիկանության գրավված գնդի տարածք, ոստիկանության և որոշ ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո: Նա հայտնեց Human Rights Watch-ին, որ այլ ակտիվիստների հետ միասին նա փորձում էր հանդարտեցնել ամբոխը՝ հետագա բախումներից խուսափելու համար: Գիշերվա ժամը 3-ից քիչ անց ակտիվիստները տարածքում նկատել են ոստիկանների թվի աճ: Թադևոսյանը նշում է, որ մոտավորապես նույն ժամանակ մեկ այլ խումբ ցուցարարներ ժամանեցին, ըստ երևույթին հարբած, և որ նրանք իրենց ագրեսիվ էին պահում` հայհոյելով թե ոստիկաններին, թե ցուցարարներին: Ոստիկանությունը ոչինչ չարեց նրանց մեկուսացնելու համար, բայց փոխարենը բողոքի ողջ ցույցը անօրինական որակեց և բարձրախոսի միջոցով հայտարարեց, որ ամբոխին ցրվելու համար տրվում է 15 րոպե ժամանակ: Ոստիկանությունը ևս մեկ հայտարարություն արեց հինգ րոպե անց, ապա արագ առաջ շարժվեց։ Երկու ոստիկաններ բռնեցին Թադևոսյանին, ոլորեցին նրա ձեռքերը, տարան նրան ոստիկանական արգելապատնեշի ետնամաս ու ծեծեցին, ասաց նա: Ոստիկանությունը նրան տեղափոխեց Երևանի ոստիկանության Շենգավիթի բաժին մոտավորապես առավոտյան ժամը 4-ին։ Արդեն ժամը 10-ին մոտ էր, երբ շտապօգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց: Նա նշում է՝
Չորս ոստիկաններ սկսեցին ծեծել ինձ։ Նրանք հարվածում էին իմ գլխին և բռունցքներով խփում դեմքիս՝ երկու տեղերում ջարդելով ծնոտս: Նրանք հարվածում էին անդադար: Այն բանից հետո, երբ ծնոտս կոտրվեց, ես ձեռքս երեսիս դրեցի, ասելով. «Մի հարվածեք իմ գլխին, խնդրում եմ, մի հարվածեք»: Բայց նրանք շարունակեցին ինձ ավելի ուժգին ծեծել: Ինչ-որ պահի ես կորցրեցի գիտակցությունս, հետո ուշքի եկա մեկ այլ հարվածից առաջացած այրող ցավից. Նրանք ոտքերով և բռունցքներով հարվածներ էին հասցնում ողջ մարմնիս, կողոսկրներիս, մեջքիս, ամենուր:
Երբ նրանք վերջացրեցին ծեծելը, ուզում էին ինձ մի ոստիկանական մեքենա նստեցնել։ Ես բռնել էի ծնոտս և արնահոսում էի: Առաջին երկու անցնող ոստիկանական մեքենաների մեջ տեղ չկար, քանի որ նրանք լիքն էին այլ կալանավորներով: Ոստիկանությունը շարունակեց ինձ ծեծել մինչև նրանք տեղ գտան երրորդ մեքենայի մեջ և ինձ տարան երեք այլ կալանավորների հետ:
Ես մտածեցի, որ ծեծի մասն ավարտվել էր, բայց երբ ժամանեցինք ոստիկանության բաժանմունք, ոստիկանները մի տեսակ միջանցք ձևավորեցին մեքենայից մինչև բաժանմունք ընկած տարածքում` մոտ 5-ից 6 մետր երկարությամբ, և շարունակեցին մեզ հարվածներ հասցնել այդ հատվածով անցնելու ընթացքում: Ծեծը շարունակվեց նաև ներսում, երբ նրանք շարքով կանգնեցրեցին մեզ պատի երկայնքով, խուզարկեցին, վերցրեցին մեր հեռախոսները և մի քանի անգամ հարվածեցին մեզ բռունցքներով:
Ես բոլորին ասում էի, որ իմ ծնոտը կոտրված է, դեմքս այտուցված էր և արյունահոսում էր: Ես այնպիսի ցավեր ունեի, որ գոռում է ցավից: Ոստիկաններն ինձ ասում էին, որ ես չափազանցնում էի, թեև շատ ակնհայտ էր, որ ծնոտս կոտրված և ողջ դեմքս այտուցված էր:
Թադևոսյանին ստորագրել էին տվել մի շարք փաստաթղթեր, որոնք նա չէր կարդացել: «Ես այնպիսի ցավերի մեջ էի, որ պարզապես ստորագրում էի այն ամենն, ինչ ինձ նրանք [ոստիկանությունը] տալիս էին, այն հույսով, որ նրանք շտապօգնություն կկանչեին», - ասաց նա: Բժիշկները հիվանդանոցում Թադևոսյանին խնամք են տրամադրել ծնոտի ձախ կողմում և կզակին մոտ ստացած բազմաթիվ կոտրվածքների, ինչպես նաև ուղեղի ցնցումի համար:
Ժամը 2-ին կամ 3-ին, Թադևոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից և ետ գնացել դեպի ոստիկանության Շենգավիթի բաժին՝ իր բջջային հեռախոսը վերցնելու նպատակով: Մի քանի ժամ սպասելուց հետո քննիչը ձերբակալել է Թադևոսյանին զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով և հրահանգել է տեղափոխել նրան ժամանակավոր կալանավայր: Թադևոսյանի մոտ շարունակվել են սուր ցավերը և նա կրկին բժշկական օգնություն է խնդրել, սակայն ոստիկանությունը հրաժարվել է շտապօգնություն կանչել:
Ժամանակավոր մեկուսարան բերվելուց հետո, ծառայողներից մեկը շտապօգնություն է կանչել, որը Թադևոսյանին տեղափոխել է տեղի հիվանդանոց: Մեկ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Թադևոսյանին տեղափոխել են Էրեբունու բանտային հիվանդանոց, որտեղ նրա բուժումն անց է կացվել ոստիկանության հսկողության տակ: Հուլիսի 23-ին Թադևոսյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ որևէ գործ չի հարուցվել։
Human Rights Watch-ը Թադևոսյանի գործում փաստագրել է բազմաթիվ ընթացակարգային խախտումներ։ Ոստիկանությունը թույլ չի տվել նրան զանգահարել իր ընտանիքի անդամներին մինչև կալանքի երկրորդ օրը: Թադևոսյանը ձերբակալվել է կասկածյալի կարգավիճակով, առանց իր ընտրությամբ փաստաբան ունենալու հնարավորության: Նրան նաև պարտադրել են ստորագրել փաստաթղթեր, որոնք նա չէր հասկանում:
Իրավապահ մարմինների ծառայողների գործած հանցագործությունների քննության համար պատասխանատու գործակալության, Հատուկ քննչական ծառայության, քննիչը հարցաքնել է Թադևոսյանին մի քանի օր անց՝ օգոստոսի 1-ին և քննության մեջ նրան շնորհել զոհի կարգավիճակ:
Անդրիաս Ղուկասյան
Հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանին, Human Rights Watch-ին տեղեկացրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Ձերբակալման ընթացքում ոստիկանները Ղուկասյանին գցել են գետնին և ծեծի ենթարկել՝ մահակներով մեծաթիվ հարվածներ հասցրելով նրա մարմնին և ոտքերին։ Փաստաբանը նշել է, որ տեսել է Ղուկասյանի կապտուկները, երբ կալանքի վայրում այցելել է նրան հուլիսի 30-ին։ Փաստաբանը հայտնել է, որ Ղուկասյանը մշտական ցավեր ունի իր ծնկների և մարմնի այլ մասերում և օգնության կարիք ունի քայլելիս։ Նա չորս միջնորդություն է ներկայացրել քննիչին, որպեսզի Ղուկասյանին տեղափոխեն հիվանդանոց՝ ռենտգեն ուսումնասիրության համար, բայց չի ստացել պատասխան կամ որևէ բացատրություն մինչև օգոստոսի 1-ը, երբ իշխանությունները թույլ տվեցին նրան տեղափոխել հիվանդանոց ռենտգեն ուսումնասիրության և բուժզննման համար:
Արմեն Օգանեսյան
Human Rights Watch-ը զրուցել է ցուցարար Արմեն Օգանեսյանի շահերը ներկայացնող փաստաբանի հետ, ով ձերբակալվել էր հուլիսի 29-ին՝ երբ ոստիկանությունը բռնությամբ ցրել էր ցուցարարներին: Օգանեսյանն օգնել էր Ա1+ լրատվական գործակալության լրագրող Ռոբերտ Անանյանին վիրակապել իր բեկորային վերքը, որն առաջացել էր ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու համար կիրառված խլացուցիչ նռնակներից։ Երբ մի տեղացի բնակիչ առաջարկել էր մեքենայով հեռացնել լրագրողին դեպքի վայրից, Օգանեսյանը նույնպես նստել էր այդ մեքենան։ Մի քանի հարյուր մետրից հետո ոստիկանները կանգնեցրել են մեքենան, դուրս բերել վարորդին ու Օգանեսյանին և սկսել ծեծել նրանց:
Ոստիկանները բռունցքներով և ոտքերով հարվածներ են հասցրել Օգանեսյանին և խփել նրան մահակներով՝ առաջացնելով բազմաթիվ կապտուկներ նրա ձախ ականջին և ոտքին, ինչպես նաև այտուցք գլխի ետնամասում: Մեկ ոստիկան փորձել է խեղդել նրան՝ գրեթե հասցնելով գիտակցության կորստի։ Human Rights Watch-ը ևս մեկ անգամ առանձին փաստագրել է Օգանեսյանի կալանքի հանգամանքները՝ Անանյանի հետ անցկացված հարցազրույցի միջոցով:
Ոստիկաններն Օգանեսյանին տարել են Նոր-Նորքի ոստիկանական բաժանմունք, որտեղ նա ձերբակալվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով և տեղափոխվել Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարան։ Օգանեսյանը չի կարողացել օգտվել իր ընտրությամբ փաստաբանի ծառայությունից մինչև հաջորդ օրվա, հուլիսի 30-ի, ժամը 4-ը։ Նա ազատ է արձակվել օգոստոսի 1-ին` մեղադրանքն ապացուցող հիմքերի բացակայության պատճառով:
Human Rights Watch-ը նաև առանձին փաստագրել է, թե ինչպես են ոստիկանները ծեծում լրագրողներին և ցուցարարներին հուլիսի 29-ի ցույցը ցրելու ընթացքում:
Կամայական ձերբակալումներ և պատշաճ ընթացակարգի խախտումներ
Իշխանությունները կանոնավոր կերպով զրկել են կալանավորված անձանց իրենց ազգականին կամ սիրելիներից մեկին իրենց ձերբակալման մասին իրազեկելու և իրենց ընտրությամբ փաստաբանի ծառայություններից անհապաղ օգտվելու հնարավորությունից, որոնք ձերբակալվածի հիմնարար իրավունքներն են և կարևոր երաշխիքներ են դաժան վերաբերմունքի կանխման և արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար: Մի շարք դեպքերում ոստիկանությունը նաև խախտել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանվող պահանջը՝ երեք ժամվա ընթացքում կալանքը փաստաթղթավորելու կամ կալանավորված անձին ազատ արձակելու վերաբերյալ:
Առնվազն երկու դեպքերում, հուլիսի 18-ին և հուլիսի 28-ին, ոստիկանությունը կամայականորեն բերման է ենթարկել անձանց և պահել է նրանց Երևանում գտնվող` ներքին զորքերին պատկանող տեղամասերում։ Ոստիկանությունն արգելել է փաստաբանների մուտքը, թույլ չի տվել ձերբակալված անձանց իրենց գտնվելու վայրի մասին տեղեկացնել իրենց հարազատներին և արգելել է սնունդ ստանալ. - ասել են կալանավորվածները։ Որոշ մարդիկ հայտնել էն, որ ծեծի են ենթարկվել դեպի տեղամաս տեղափոխվելու ճանապարհին:
Ոստիկանությունը ձերբակալվածներին պահել է նաև Երևանի և հարակից ոստիկանական բաժանմունքներում: Որոշ դեպքերում, քաղաքացիական հագուստով անհայտ տղամարդիկ, ովքեր վարել են քաղաքացիական ավտոմեքենաներ, կալանավորել են մարդկանց և տարել նրանց ոստիկանական բաժանմունքներ:
On July 18, the authorities held over 100 people for at least 12 hours in a gymnasium at interior troop base no. 1033. Among them was a political activist, Albert Bagdasaryan, 56. Police had detained Bagdasaryan during a gathering of people on July 17 on Korenatsi Street, near the captured police station. Bagdasaryan said:
Հուլիսի 18-ին իշխանություններն ավելի քան 100 մարդու առնվազն 12 ժամ պահել են թիվ 1033 ներքին զորքերի տեղամասի մարզասրահում։ Նրանց մեջ էր նաև քաղաքական ակտիվիստ, 56-ամյա Ալբերտ Բաղդասարյանը։ Ոստիկանությունը Բաղդասարյանին ձերբակալել է հուլիսի 17-ին՝ Խորենացու փողոցում, գրավված ոստիկանության բաժանմունքի մոտակայքում, մարդկանց հավաքի ժամանակ: Բաղդասարյանը նշել է՝
Երկու կամ երեք ոստիկան բռնեցին ինձ, գլուխս ներքև հրեցին և խցկեցին ինձ մի մեքենայի մեջ։ Նրանք կոպիտ էին վարվում։ Նրանք չներկայացան: Արագ սլացանք դեպի տեղամաս։ Մեկ շարք կանգնած, ավտոման զենքերով զինված առնվազն 10 տղաներ հսկում էին մեզ։ Նրանք մեզ ոչինչ չասացին, ոչինչ չբացատրեցին:
Ձերբակալվածների մեջ կային նաև կանայք և աղջիկներ: Նրանք մեզ տվեցին ջուր, բայց ոչ որևէ սնունդ... Մի պահ ոստիկաններից մեկը սկսեց ագրեսիվ տոնով հայհոյել մեզ: Մենք բորբոքվեցինք և ուզում էինք հակադարձել, բայց մի ավելի ավագ սպա միջամտեց և դադարեցրեց հայհոյանքը:
Պետրոսյանը, ով ձերբակալվել էր հուլիսի 18-ի երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, նկարագրեց նույն տեղամասում տեղի ունեցած կալանքը ՝
Բողոքի ցույց էր: Ես գնացել էի ընկերներիս հետ։ Ցույցը խաղաղ նպատակ էր հետապնդում: Ես տեսա, թե ինչպես որոշ ոստիկաններ Դավիթ Սանասարյանին շատ կոպիտ ձևով ոստիկանական մեքենա մտցրեցին։ Մենք վազեցինք և փորձեցինք օգնել նրան... Ես փորձեցի Դավիթին մեջքից բռնել, սակայն ոստիկանները շրջապատեցին ինձ և չորս այլ մարդկանց հետ նստեցրին ոստիկանական մի փոքր մեքենայի մեջ:
Նրանք մեզ տարան [ներքին զորքերին պատկանող] մի տեղամաս, ոչ թե ոստիկանական բաժանմունք: Այնտեղ դիմակներով, ավտոմատներով և մահակներով տղաներ կային: Նրանք մեզ կանգնեցրին դեմքով դեպի պատը, ձեռքերը վեր պարզած... Մոտավորապես 40 րոպե անց նրանք մեզ ջուր տվեցին և թույլ տվեցին ծխել: Այնուհետև թույլ տվեցին նստել: Ես ազատ արձակվեցի երկու ժամ հետո:
Ներքին զորքերի թիվ 1033 տեղամասում պահվող երեք այլ տղամարդկանց փաստաբանը հաստատեց դեպքերի այս նկարագրությունը՝
Հուլիսի 30-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանությունը Պետրոսյանին կրկին բերման ենթարկեց ոստիկանության գրավված գնդից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ոստիկանությունը դրանից մոտ մեկ ժամ առաջ բռնությամբ ցրել էր ցուցարարներին։ Մենք թվով մոտ 30-ն էինք: Մենք չէինք մասնակցել [բողոքի հիմնական ցույցին]: Մեզ մոտեցան երեք կամ չորս ոստիկանական մեքենա: Մենք սկսեցինք վազել: Նրանք գոչեցին «կանգնե՛ք» և վազեցին մեր ետևից։ Նրանք ձերբակալեցին մեզ բավականին ագրեսիվ ձևով: Նրանք հարվածեցին գլխիս և իմ եղբորը մեքենայի մեջ մտցրեցին լուրջ ուժի գործադրմամբ: Մեքենան փոքր էր, և նրանք մեզնից շատերին էին ներս խցկել մեքենայի ետնամասում, այնպես որ հազիվ էինք կարողանում նստել: Նրանք չբացատրեցին, թե ուր են մեզ տանում։ Նրանք հայհոյում էին մեզ մեքենայում և հրամայում լուռ մնալ։
Մեզ տարան ինչ-որ շենքի բակ: Չգիտեմ, թե որտեղ էր դա: Այնտեղ բազմաթիվ ոստիկաններ կային։ Մի ոստիկան վերցրեց իմ հեռախոսը, և ես այն ետ չեմ ստացել։ Նրանք մեզ դուրս քաշեցին մեքենայից և մտցրեցին մեկ այլ ոստիկանական մեքենա։ Նրանք մեզ տարան Մալաթիայի [թաղամասի] ոստիկանական բաժանմունք: Ինձ այնտեղ պահեցին շուրջ 12 ժամ, մոտավորապես կեսօրին թույլ տվեցին, որ գնանք: Իմ եղբորը պահում էին են մեկ այլ քաղաքի`Էջմիածնի ոստիկանական բաժանմունքում: Նրան ազատ արձակեցին մոտավորապես նույն ժամին։ Մի տղա [ով ձերբակալվել էր մեզ հետ միասին], և գտնվում էր մեկ այլ մեքենայի մեջ, ճանապարհին ծեծի էր ենթարկվել։ Ոստիկանը հարվածել էր նրան իր ծնկով և կոտրել կողոսկրը:
Այնտեղ գնտվելու ողջ ընթացքում, ես չէի կարողանում որևէ հեռախոսազանգ կատարել։ Իմ հեռախոսը նրանց մոտ էր։ Որոշ տղաներ խնդրել էին զանգահարել, սակայն ոստիկաններն ասել են՝ «Ոչ, ոչ մի դեպքում»: Նրանք սպառնում էին մեզ և ասում, որ այլևս չմասնակցենք ցույցերին, ասում էին՝ «Եթե կրկին բռնվեք, ձեզ համար շատ վատ կլինի»:
Եղիշե Պետրոսյանի կալանավորումը
Հայտնի կոմպոզիտոր և երաժիշտ Եղիշե Պետրոսյանի փաստաբանը Human Rights Watch-ին հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Պետրոսյանին և տասնյակ այլոց հուլիսի 28-ին, Խորենացու փողոցում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Ոստիկանությունը ձերբակալվածներին նստեցրել է ավտոբուսներ և տարել Դավիթաշեն թաղամասի ներքին զորքերի թիվ 1032 տեղամաս: Փաստաբանը, ով խոսել էր Պետրոսյանի հետ, ասաց, որ ոստիկանությունը կալանավորներին 10 ժամ պահել է զինված ոստիկանների հսկողության տակ: Ոստիկանությունը չի տրամադրել սնունդ և բավարար ջուր և արգելել է փաստաբանների մուտքը կալանավորների մոտ: Ոստիկանությունը կալանավորներին ազատել է նույն օրվա գիշերվա և հուլիսի 29-ի վաղ առավոտյան ժամերին:
Սոսո Մարգարյանը
Սոսո Մարգարյանը, 23 տարեկան, հուլիսի 20-ի երեկոյան մասնակցել է Խորենացու փողոցում տեղի ունեցած բողոքի ցույցին։ Մոտավորապես ժամը 10-ին որոշ ցուցարարներ բախվեցին ոստիկանության հետ: Մարգարյանի փաստաբանը հայտնեց, որ ուշ երեկոյան ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է նետել ամբոխի մեջ՝ այն ցրելու նպատակով, և դրանցից մեկը պայթել է Մարգարյանի մոտակայքում՝ վիրավորվելով նրա ոտքերը։ Փախչելու ընթացքում նա քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ, ովքեր փորձում էին ձերբակալել որոշ ցուցարարների։ Մարգարյանը գնացել է տուն, որտեղ նա ինքնուրույն մշակել է իր վերքերը: Հաջորդ առավոտյան, հուլիսի 21-ին, ոստիկանությունը ձերբակալել է Մարգարյանին իր աշխատավայրում և տարել նրան ոստիկանության բաժանմունք:
Իշխանությունները Մարգարյանին հնարավորություն չեն տվել իրազեկելու իր ընտանիքին իր կալանավորման վերաբերյալ կամ պահանջել փաստաբան իր ընտրությամբ: Փոխարենը, նրանք նշանակել են հանրային պաշտպան՝ պնդելով, որ նրանք պարտավոր են շտապ կերպով իրականացնել բազմաթիվ ընթացակարգային քայլեր և ժամանակ չեն ունենա սպասել, թե երբ կժամանի իր նախընտրած փաստաբանը։ Մարգարյանի հարազատները բավականին դժվարությամբ են պարզել նրա գտնվելու վայրը՝ տեղեկանալով այդ մասին միայն հուլիսի 22-ին:
Հուլիսի 23-ին, շաբաթ օրը, փաստաբան Արա Զախարյանը, ում Մարգարյանի ընտանիքը վարձել էր նրա շահերը ներկայացնելու համար, իշխանություններից խնդրել է թույլ տալ հանդիպել Մարգարյանի հետ: Սակայն, քննիչը պնդել է, որ Մարգարյանին ժամանակավոր պահման վայրում շաբաթ կամ կիրակի օրերին հնարավոր չէ այցելել: Երկուշաբթի օրը, հուլիսի 25-ին քննիչը պնդել է, որ ինքը շատ զբաղված է։ Համաձայն ՀՀ օրենքի, քննիչը պետք է ներկա լինի, որպեսզի հաստատի կալանավորի կողմից փաստաբանի ընտրությունը:
Զախարյանը առաջին անգամ Մարգարյանին հանդիպել է միայն հուլիսի 26-ի կեսօրին՝ նրա ձերբակալումից ավելի քան հինգ օր հետո: Դատարանն արդեն երկու ամսվա նախնական կալանք էր սահմանել Մարգարյանի համար: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
«Կարեն»
Կարենը, ում անունը փոփոխված է անվտանգության նկատառումներից ելնելով, ձերբակալվել է հուլիսի 29-ին, նախքան Սարի թաղում ոստիկանության կողմից ցուցարարներին բռնությամբ ցրելը: Նրա փաստաբանը հայտնեց, որ ժամը 10-ին մի քանի ոստիկաններ Կարենին քարշ են տվել դեպի ոստիկանական արգելապատնեշի ետնամաս, քաշքշել նրան, նստեցրել ոստիկանական մեքենան և տարել են Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք: Կարենին հաջողվել է զանգահարել կնոջը և պատմել նրան իր կալանքի մասին՝ նախքան ոստիկանության կողմից նրա բջջային հեռախոսի առգրավումը: Իրավապահ մարմինները նրան փոխանցել են Էրեբունու` ձերբակալված անձանց ժամանակավոր պահման վայր՝ զանգվածային անկարգությունների մեջ կասկածյալի կարգավիճակով։ Կարենը պաշտոնապես երեք գիշեր է անցկացրել կալանքի տակ: Չնայած իր փաստաբանի համառ ջանքերին, նրան արգելել են մուտք գործել իր պաշտպանյալի մոտ այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
Փաստաբանը ժամանակավոր կալանավորման վայրի դրսում էր գտնվում հուլիսի 30-ին և 31-ին, այն բանից հետո, երբ Կարենի կինը խնդրել էր նրան ներկայացնել Կարենին: Փաստաբանը բազմիցս զանգահարել է քննիչներին՝ խնդրելով մուտք գործել իր հաճախորդի մոտ, որի համար, իրենց առաջին հանդիպման ժամանակ, անհրաժեշտ է քննիչի ներկայությունը: Քննիչները նախ ասել են, որ որևէ քննիչ չի կարող ներկայանալ ժամանակավոր պահման վայր՝ հանդիպման համար: Այնուհետև քննիչները դադարել են պատասխանել իր զանգերին։ Փաստաբանը հետագայում պարզել է, որ քննիչը ստիպել է Կարենին համաձայնել ընդունել իշխանության կողմից նշանակված փաստաբանին։ Կարենի կնոջը թույլատրվել էր այցելել նրան օգոստոսի 1-ին` նրան ազատ արձակելուց ընդամենը մի քանի ժամ առաջ:
Ենթադրյալ կեղծ ապացույցների տեղադրում՝ զենք կրելու մեղադրանք առաջադրելու նպատակով
Արմեն Միքայելյան
Իշխանությունները ձերբակալել են Արմեն Միքայելյանին բողոքի ցույցից հետո` հուլիսի 27-ին, մոտավորապես առավոտյան ժամը 2:30-ին: Նա պնդում է, որ նրա մոտ զենք են տեղադրել նրան ձերբակալելիս: Միքայելյանը անդամակցում է «Սասնա Ծռեր» ոչ ֆորմալ խմբին, որի անդամները հուլիսի 17-ին բռնությամբ գրավել էին ոստիկանության Էրեբունի բաժանմունքը: Միքայելյանը չի մասնակցել գրավմանը: Նրա կինը պատմել է Human Rights Watch-ին, որ երբ ինքը, Միքայելյանը, վերջինիս ծնողները և քույրը հեռացել են ոստիկանության բաժանմունքի մոտակայքում տեղի ունեցող բողոքի ցույցից, մգեցված ապակիներով և առանց համարանիշների երկու քաղաքացիական ավտոմեքենաներ կանգ են առել ընտանիքի մոտ: Քաղաքացիական հագուստով ութ անձինք առանց ներկայանալու բռնել են Միքայելյանին, ստիպողաբար նստեցրել մեքենաներից մեկը և տարել Երևանի ծայրամասում գտնվող ոստիկանության բաժին: Մյուսները բռնի կերպով պահել են Միքայելյանի կնոջը և հորը` ըստ երևույթին միջամտելու փորձերը կանխելու նպատակով:
Միքայելյանի փաստաբանը, ով նրան կալանավայրում հանդիպել է հուլիսի 27-ի ավելի ուշ առավոտյան, ասել է, որ Միքայելյանը պատմել է նրան, որ ոստիկաններն ատրճանակ են դրել նրա մոտ, երբ նա ձեռնաշղթաներով նստած էր ոստիկանական մեքենայում: Միքայելյանի կինը պատմել է Human Rights Watch-ին, որ բողոքի ցույցի ժամանակ Միքայելյանը կրում էր ամառային վերնաշապիկ և ազատ ջինսե տաբատ, որն իր մոտ ատրճանակ թաքցնելը շատ դժվար կդարձներ: Միքայելյանը մեղադրվել է ապօրինի զենք կրելու մեջ և երկու ամսով տեղափոխվել Նուբարաշենի նախնական կալանքի վայր:
Ալբերտ Բաղդասարյան
Ալբերտ Բաղդասարյանը` քաղաքական ակտիվիստը, ով ձերբակալվել էր հուլիսի 18-ին, կրկին ձերբակալվել է հուլիսի 29-ին` այլ քաղաքական ակտիվիստների հետ Երևանի կենտրոնում հանդիպումից հետո: Նրա մոտ կանգ են առել երկու մեքենաներ, և քաղաքացիական հագուստով ութ անձիք բռնել են նրան և նստեցրել մեքենա: Նա պատմեց.
Նրանք ինձ տարան Արաբկիրի ոստիկանության բաժին: Երբ մենք մտանք ոստիկանության բաժնի բակ, մոտ 20 ոստիկաններ հավաքվեցին մեքենայի շուրջ: Սպաներից մեկն ինձ ձեռնաշղթաներ հագցրեց` ձեռքերս պահելով մեջքիս ետևում: Նա բղավեց, որ մյուսները բռնեն ինձ. «Վերև պահեք ձեռքերը, գլուխը ցած հրեք»: Նրանք ինձ տարան բաժնի սենյակներից մեկը, և ես ինչ-որ բան զգացի ջինսիս ետևի գրպանում: Ոստիկանության բակում տեղի ունեցած խառնաշփոթի ընթացքում նրանք դանակ էին տեղադրել ինձ մոտ: Ես ձգվեցի այնքան, որքան հնարավոր էր ձգվել ձեռնաշղթայված ձեռքերով և շոշափեցի բռնակը: Եվ այդպես իմ մատնահետքերը հայտնվեցին դանակի վրա: Նրանք դանակը վերցրեցին իբրև ապացույց:
Նրանք մի փաստաթուղթ պատրաստեցին, բայց հետո մի կողմ դրեցին։ Նրանք ինձ մեղադրանք չառաջադրեցին: Իմ փաստաբանը սպասում էր դրսում` բաժանմունքի բակում, բայց նրան ներս չթողեցին։ Ես սկսեցի վատ զգալ, երբ ես այնտեղ էի: Իմ արյան ճնշումը չափազանց բարձրացավ։ Նրանք ինձ թույլ տվեցին գնալ և ասացին, որ գնամ տուն և շտապօգնություն կանչեմ այնտեղից։ Ես գործի մասին որևէ այլ տեղեկատվություն չեմ ստացել, սակայն անհանգստանում են, որ նրանք կարող են կրկին վեր հանել այն և օգտագործել իմ դեմ: