Skip to main content

Հայաստան

2020թ. միջոցառումները

Տղամարդն անցնում է ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով վնասված խանութի մոտով. Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ. Հոկտեմբերի 31, 2020թ.

© 2020 AP Photo

ՔՈՎԻԴ-19 համաճարակը և վերջերս Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները գերակշռող իրադարձություններն էին Հայաստանում: Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարով նոյեմբերի 10-ին ավարտեցին վեցշաբաթյա մարտերը․ Հայաստանն Ադրբեջանին զիջեց մի քանի շրջանների վերահսկողությունը՝ առանց որոշակիացնելու Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը: Հակամարտության բոլոր կողմերը թույլ են տվել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ: Հայկական ուժերը հարձակումներ են իրականացրել՝ օգտագործելով արգելված կասետային զինամթերք:

Ռազմական պարտությունը Հայաստանում հանգեցրեց սուր քաղաքական ճգնաժամի՝ ընդդիմության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ձևավորելով:

Մարտին կառավարությունը համաճարակին արձագանքեց արտակարգ դրությամբ, որը տևեց գրեթե վեց ամիս՝ ներառելով գաղտնիության իրավունքների և տեղաշարժի ու հավաքների ազատության սահմանափակումներ: Ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությամբ պայմանավորված բռնությունն ու խտրականությունը պահպանվում են:

Ղարաբաղյան հակամարտություն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց ռազմական հարձակում, որի արդյունքում մարտերը սրվեցին Ադրբեջանի ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե–ֆակտո իշխանությունների միջև: Մարտերի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղից տարհանվեցին հիմնականում դեպի Հայաստան: Ռուսաստանը խաղաղապահ ուժեր տեղակայեց՝ իր կողմից բանակցված հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:

Պատերազմող կողմերը թույլ են տվել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ (տե՛ս Ադրբեջան գլուխը՝ ադրբեջանական ուժերի կողմից կատարված խախտումների համար), որոնք ապօրինաբար վնասել են խաղաղ բնակչությանը: Մարտական գործողությունների ընթացքում հայկական ուժերն իրականացրել են անխտրական գրոհենր՝ արձակելով անկառավարելի հրետանային հրթիռներ և կրակելով ծանր հրետանային արկեր և բալիստիկ հրթիռներ դեպի բնակելի կենտրոններ, ներառյալ այն վայրերը, որտեղ ակնհայտ ռազմական թիրախներ չկային՝ խաղաղ բնակչության շրջանում պատճառելով զոհեր և վիրավորներ:

Հայ զինվորականները բնակելի տարածքներում օգտագործել են նաև արգելված կասետային զինամթերք, ինչի արդյունքում զոհվել են տասնյակ քաղաքացիական անձինք: Կասետային զինամթերքն արգելվել է՝ լայն սփռմամբ ոչ խտրական ազդեցության և խաղաղ բնակչության համար տևական վտանգի պատճառով:

Կորոնավիրուս (ՔՈՎԻԴ-19)

Հայաստանում առաջին ՔՈՎԻԴ-19 դեպքը հաստատվեց մարտի 1-ին: Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն և 5 անգամ երկարաձգեց այն, որն ավարտվեց սեպտեմբերի 11-ին: Մարտին խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որով հեռահաղորդակցության ընկերություններից պահանջվում էր իշխանություններին տրամադրել իրենց բոլոր բաժանորդների հեռախոսային տվյալները՝ վիրուսակիր անձնանց տեղորոշումը դյուրինացնելու համար:

Ամիսներ շարունակ իշխանությունները հրաժարվում էին տեղեկություններ հրապարակել տեղորոշման համակարգի պատասխանատու անձանց խմբի մասին՝ մեկնաբանելով, որ այն մշակվել է կամավոր ծրագրավորողների կողմից, անվճար; նրանց անուններն ի վերջո բացահայտվեցին՝ առանց նշելու որևէ տեղեկատվություն նրանց առնչության մասին: Արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո իշխանությունները կասեցրեցին տեղորոշումը:

Սեպտեմբերին կառավարությունն արտակարգ դրությունը փոխարինեց հատուկ ռեժիմով, որն ուժի մեջ է մինչև հունվարի 11-ը, ինչը թույլ է տալիս կառավարությանը կիրառել արգելքներ համապետական կամ տեղական մակարդակում, ինչպես նաև հավաքների ու բողոքների սահմանափակումներ՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու:

Շուրջ 4 հազար երեխա տուժել է դպրոցների փակման արդյունքում: Վորլդ Վիժն Հայաստանի կողմից 3000 ընտանիքների հրատապ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ընտանիքներում դպրոցահասակ երեխաների գրեթե 14 տոկոսը չի մասնակցել առցանց դասերին: Երեխաների գրեթե 80 տոկոսը չեն ունեցել սարքեր և ինտերնետ կապ:

Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, որն արտակարգ դրության ընթացքում հետևել է շուրջ 30 բողոքի ցույցերի և հանրահավաքների, ոստիկանության արձագանքը զգալիորեն տարբերվել է: Որոշ դեպքերում ոստիկանությունը չի միջամտել. այլ դեպքերում, ոստիկանությունը դադարեցրել է հինգ հուգուց պակաս մասնակից ունեցող հավաքները, այդ թվում նաև միանձնյա ցույցերը, նույնիսկ այն ժամանակ, երբ բողոքի ցույցի մասնակիցները կրել են դիմակներ և պահպանել են սոցիալական հեռավորությունը:

Պատասխանատվություն իրավապահ համակարգում չարաշահումների համար

Ապրիլին կառավարությունը հաստատեց 2020-2022 թվականների ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու գործողությունների պլանը: Ծրագիրը ենթադրում է Ներքին գործերի նախարարության վերականգնում և ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ուժեղացում: Բարեփոխումների շրջանակներում նախատեսում է նաև ստեղծել նոր պարեկային ոստիկանություն և ոստիկանությանը վերապահել քննչական լիազորություններ:

Միևնույն ժամանակ, իրավապահների կողմից նախկինում կատարված խախտումների քննությունները մնում են անավարտ: 2016թ․-ին բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանական բռնությունների հետաքննությունները վերսկսվել են 2019թ․-ին, սակայն մեղադրանք չի առաջադրվել:

Հունվարին իշխանությունները մեղադրանք առաջադրեցին 2015թ․-ին բողոքի ցույցերը բռնի ցրելու մեջ ներգրավված մեկ ոստիկանի և կասեցրեցին 2015թ․-ի ցույցերի մնացած միջադեպերի հետաքննությունը: Հուլիսին իշխանությունները դադարեցրել էին 2018թ․-ի ամռան ցույցերի ընթացքում ոստիկանության վարքագծի վերաբերյալ հետաքննությունը: Երկու դեպքում էլ իշխանությունները պնդում էին, որ ի վիճակի չեն բացահայտել ենթադրյալ հանցագործներին:

Շրջակա միջավայր և մարդու իրավունքներ

Չնայած ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված սահմանափակումներին, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը վերսկսելու ծրագրերի դեմ բողոքի ցույցերը շարունակվեցին ամբողջ տարվա ընթացքում: Բողոքի ցույցերի մասնակիցները մտահոգված են հանքի շրջակա միջավայրի և առողջության վրա հնարավոր ազդեցություններով: Բողոքի ցույցերը թեժացան հուլիսի վերջին, երբ հանքարդյունաբերական ընկերության կողմից վարձված մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցները հեռացրին ցուցարարների կողմից տեղադրված ինքնաշեն տնակները և դրանք փոխարինեցին տաղավարներով, որոնք պետք է օգտագործվեին անվտանգության ծառայության կողմից: Սրացումը հանգեցրեց ոստիկանության հետ բախումների: Օգոստոսի 4-ին ոստիկանությունը ձերբակալեց ավելի քան 10 մարդու, այդ թվում՝ ցուցարարներ և անվտանգության աշխատակիցներ: Որոշ ցուցարարներ ոստիկանությանը մեղադրեցին ցուցարարներին բերման ենթարկելու ընթացքում անհամաչափ ուժ գործադրելու մեջ:

Օգոստոսի 6-ին և 10-ին Երևանում բողոքի ցույցի մասնակիցները, պահպանելով սոցիալական հեռավորությունը, կազմակերպեցին միանձնյա պիկետներ՝ ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ցույցերի: Ոստիկանությունը կարճ ժամանակով բերման ենթարկեց նրանց՝ վկայակոչելով ՔՈՎԻԴ-19-ի սահմանափակումները: Ձերբակալվածների շարքում էին իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը, Զարուհի Հովհաննիսյանը և Արա Ղարագյոզյանը: Օգոստոսի 6-ին իշխանություններն արգելեցին նաև հեծանվային հավաք անցկացնել ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ցույցերի՝ բերման ենթարկելով մի քանի հեծանվորդների: Ոստիկանությունն զանցանքների վերաբերյալ մեղադրանքներ առաջադրեց և ժամեր անց ազատ արձակեց բոլոր ձերբակալվածներին: Հաջորդող օրերին իշխանությունները չեն միջամտել Ամուլսարի աջակցության հետագա ցույցերին:

Բռնություն կանանց և երեխաների նկատմամբ

Լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության խմբերը հրապարակել են ընտանեկան բռնության մի քանի դաժան դեպքեր, այդ թվում` մարտին Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին, երբ տղամարդը ծեծելով սպանել էր իր զուգընկերոուհուն։ Նա նաև վնասել էր զուգընկերոուհու 13-ամյա դստերը, ով հարձակումից ապաքինվելու համար ամիսներ անցկացրեց հիվանդանոցում: Տղամարդը սպասում է դատավարությանը՝ մարդասպանության և այլ մեղադրանքներով: Ընտանեկան բռնությունը քրեական օրենսգրքում ո՛չ առանձին հանցագործություն է համարվում, ո՛չ էլ ծանրացնող քրեական հանգամանք:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2020 թվականի առաջին կեսի ընթացքում իշխանությունները հետաքննել են 395 ընտանեկան բռնության քրեական դեպքեր: Նրանք մեղադրանք են առաջադրել 196 մարդու և 62 գործ ուղարկել դատարաններ:

Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներն ավելի են վտանգում ընտանեկան բռնություն վերապրածներին: Հունիսին «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հաղորդել էր, որ իրենց թեժ գծին ուղղված զանգերը 50 տոկոսով ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, նրանք նաև նշում են, որ հնարավոր է, որ բռնության ենթարկված շատ կանայք չեն կարողացել օգնություն հայցել արգելափակման ընթացքում:

Ընտանեկան բռնություն վերապրածների համար Հայաստանն ունի ընդամենը երկու ապաստարան, որոնք ղեկավարվում են «Կանանց իրավունքների կենտրոնի» կողմից, նախատեսված ընդամենը 17-20 հոգու համար: Համաճարակի հետ կապված արգելափակման ընթացքում կառավարությունը նպատակային միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի ապահովի ապաստարանների հասանելիությունը ընտանեկան բռնության զոհերի համար:

Համաճարակի ընթացքում ավանդական գենդերային դերերի ամրապնդումը որոշ դեպքերում վտանգել է նրանց առողջությունն ու կյանքը: Մի դեպքում, 66-ամյա կինը մահացել է ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված բարդություններից այն բանից հետո, երբ ըստ բժիշկների, նրա ամուսինը շարունակաբար հրաժարվել է նրա թեստավորումից և բուժումից:

Հայաստանի օրենսդրությունը արդյունավետորեն չի պաշտպանում ընտանեկան բռնություն վերապրածներին` վտանգելով նրանց կյանքը և բարեկեցությունը: Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) դեռևս չի ուղարկվել խորհրդարան՝ վավերացման: Կառավարությունը կոնվենցիան ստորագրել է 2018թ.։

Հաշմանդամության իրավունքներ

Իշխանությունները հավատարիմ են մնացել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումն ավարտելու հանձնառությանը: Համաճարակի ընթացքում նրանք շարունակեցին երեխաների համար որոշ բնակելի հաստատություններ վերափոխել համայնքային կենտրոնների և աջակցել ընտանեկան խնամքին: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ շարունակում են մնալ առանձնացված մասնագիտացված մանկատներում:

Ապրիլին կառավարությունը հաստատեց «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը» և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրը ներառում է խնամքի այլընտրանքային ծառայությունների ցանց, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ ծառայությունները:

Հայաստանը նախատեսում է երաշխավորել ներառական կրթությունը մինչև 2025 թվականը, երբ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները միասին կսովորեն համայնքային դպրոցներում: Համաճարակի պատճառով մարտ ամսին դպրոցներն անցան հեռավար կրթության, բայց հիմնականում վերաբացվեցին սեպտեմբերին: Ըստ մի հետազոտության, Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների կեսից ավելին միայն մասամբ են մասնակցել հեռավար դասերին: Որոշ երեխաների համար հեռավար կրթությունը բարձրացրել է դասերի մատչելիությունը: Բայց մյուսների համար այն ստեղծել է լրացուցիչ խոչընդոտներ՝ մասամբ հեռավար կրթության միջոցով ներառական կրթություն տրամադրելու ուղեցույցների, ինչպես նաև ներառման համար անհրաժեշտ աջակցության բացակայության պատճառով, օրինակ՝ այսպես կոչված «խելամիտ հարմարությունները», ներառյալ՝ օժանդակ սարքերը, լսողական սարքերը, բրայլյան գրքերը կամ այլ հարմարեցումները:

Արգելափակման խիստ միջոցառումների պատճառով, ամիսներ շարունակ փակվեցին համայնքային աջակցության սպասարկման կենտրոնները՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին կտրելով վերականգնողական և թերապևտիկ ծառայություններից: Ծառայությունները վերականգնվեցին մասամբ, քանի որ իշխանությունները մեղմացրեցին արգելափակման կանոնները: Իշխանությունների խոսքով՝ արգելափակման ընթացքում պետությունը հիմնականում շարունակում էր սոցիալական ծառայություններ և սննդի օգնություն տրամադրել հաշմանդամություն ունեցող երեխաներին և անձանց:

Հոգեբանասոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող մեծահասակները կարող են զրկվել գործունակությունից, որոշումներ կայացնելու իրավունքից, իսկ Հայաստանում բացակայում են որոշումների կայացման աջակցության մեխանիզմները: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրինագիծը, որը փոխարինելու է 1993թ.-ի հնացած օրենքին և պարունակում է էական բարելավումներ, դեռևս չի բերվել խորհրդարան:

Իշխանությունը հաստատեց և խորհրդարան բերեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը Հայաստանում տուժածներին թույլ կտա կոնվենցիայի ենթադրյալ խախտումների համար մուտք գործել անհատական բողոքարկման մեխանիզմ:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն (ՍԿԳԻ)

Լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են ենթարկվել հետապնդումների, խտրականության և բռնության: Քրեական օրենսգիրքը չի սահմանում հոմոֆոբիան և տրանսֆոբիան որպես ծանրացուցիչ հանգամանքներ ատելության հանցագործություններում: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ հասարակական քննարկումները վերածվեցին ատելության և նվաստացնող խոսքի ԼԳԲՏ անձանց դեմ որոշ պետական պաշտոնյաների կողմից, որոնք սխալմանբ ենթադրում էին, որ կոնվենցիան նպատակ ունի խթանել ԼԳԲՏ «քարոզչությունը» և օրինականացնել նույնասեռ ամուսնությունները:

ՓԻՆՔ Արմենիա, ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող խումբը, 2020 թվականի հունվարից մինչև հուլիս ամիսը ընկած ժամանակահատվածում, փաստագրել է սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության վրա հիմնված ֆիզիկական բռնության 12 դեպք, և սպառնալիքների, ֆիզիկական և հոգեբանական բռնության 10 դեպք։ Ոստիկանությունը մերժել է զոհերի կողմից հարձակումների մասին ներկայացված տասներկու հայցերից հինգը` հանցանքի բացակայության հիմնավորմամբ, և կասեցրել երեք գործ` կողմերի հաշտության գալու պատճառով:

Օգոստոսին Վերաքննիչ դատարանը որոշեց, որ պատշաճ հետաքննություն չի իրականացվել 2018 թվականին ԼԳԲՏ մի խումբ ակտիվիստների դեմ բռնի հոմոֆոբիստական հարձակման դեպքի վերաբերյալ, որի արդյունքում տուժել էր առնվազն վեց ակտիվիստ: Դատարանը գործն ուղարկեց լրացուցիչ քննության:

Խտրականության և նրանց սեռական կողմնորոշման հանրային բացահայտման և նվաստացման վախը թույլ չեն տալիս, որ շատ ԼԳԲՏ անձինք հաղորդում ներկայացնեն հանցագործությունների մասին: Բացահայտ նույնասեռական տղամարդիկ վախենում են իրենց ֆիզիկական անվտանգության համար բանակում, իսկ ոմանք էլ ձգտում են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Մի դեպքում, այն բանից հետո, երբ մի երիտասարդ բացահայտել էր իր սեռական կողմնորոշումը, զինվորական ծառայությունից ենթադրյալ խուսափելու պատճառների հետաքննության ընթացքում, տեղեկատվությունը փոխանցվել էր մի տեղական պաշտոնյայի, ով այն փոխանցել էր նրա ընտանիքին՝ եղբորը հորդորելով «զսպել նրան», քանի որ խայտառակում էր ընտանիքը։

Հիմնական միջազգային դերակատարներ

Հայաստանը վավերացրեց Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան («Լանզարոտի կոնվենցիա») որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարից:

Սեպտեմբերին խորհրդարանը վավերացրեց նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը, որը թույլ է տալիս օգտվել անհատական ​​բողոքների մեխանիզմից:

Հունվարին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը անցկացրեց Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկումը: Խորհրդի զեկույցում Հայաստանը բազմաթիվ առաջարկություններ է ստացել, այդ թվում` անհապաղ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ուժեղացնել խտրականության դեմ պայքարի քաղաքականությունը, քրեականացնել խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերը:

2019 թվականի դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հերթական այց իրականացրեց Հայաստանի ոստիկանության և քրեակատարողական հիմնարկների մի շարք հաստատություններ, հոգեբուժական հաստատություններ և հաշմանդամություն ունեցող անձանց հաստատություն: