Skip to main content

Հայաստան. Երևանի բողոքի ցույցերից հետո ուշադրության կենտրոնում են ձերբակալությունները

Հայաստանի իշխանություններն անցած ամսվա սկզբին տեղի ունեցած փողոցային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են մի քանի տասնյակ ակտիվիստների` նրանցից ավելի քան 40-ի նկատմամբ սահմանելով նախնական կալանք, զանգվածային անկարգությունների մեղադրանքով: Նրանց թվում էին բողոքի ակցիայի չորս հայտնի առաջնորդներ` Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Խախտելով միջազգային չափանիշները` դատարանները կալանք սահմանելու համար ապավինել են ընդհանրական և վերացական հիմնավորումներին, չներկայացնելով որևէ կոնկրետ փաստ նշված անձանցից որևէ մեկի կողմից նախաքննությունից խուսափելու կամ գրավի դիմաց ազատման պայմանները խախտելու հավանականության մասին և նրանց երկու ամիս ժամկետով ուղարկել են գտնվող գերբնակեցված բանտեր` վատ պայմաններում իրենց դատավարությանը սպասելու համար:

Նման շռայլությամբ նախնական կալանքի կիրառումը թվում է, թե նպատակ ունի ուղերձ հղել այն մասին, թե որքան հեռուն կարող է կառավարությունը գնալ լռեցնելու համար այն մարդկանց, ովքեր ընդունակ են մոբիլիզացնել ընդդիմությունը:

Բարեբախտաբար, բողոքարկումից հետո դատարանն օգոստոսի կեսերին գրավի դիմաց ազատ է արձակել երեք առաջնորդներին` Խուրշուդյանին, Մարտիրոսյանին և Սանասարյանին:

Այդուհանդերձ, օգոստոսի 28-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման ավագ անդամ Անդրեաս Ղուկասյանին այն բանից հետո, երբ Ղուկասյանը հայտարարել էր, որ ազատ արձակվելու դեպքում պատրաստվում էր շարունակել իր խաղաղ քաղաքական գործունեությունը, ինչպես տեղեկացրեց նրա իրավաբանը: Անշուշտ տպավորություն է ստեղծվում, ասես կալավորման միջոցով փորձ է արվում Ղուկասյանին ետ պահել օրինական քաղաքական գործունեությունից և խախտվում է ազատ խոսքի նրա իրավունքը:

Ղուկասյանի և երեք այլ առաջնորդների նկատմամբ լուրջ քրեական մեղադրանք է առաջադրվել հուլիսյան բողոքի ցույցերի ընթացքում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար, որոնք բռնկվել էին այն բանից հետո, երբ արմատական ​​ընդդիմադիր զինյալների խումբը հուլիսի 17-ին գրավել էր Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը` սպանելով մեկ ոստիկանի և պատանդ վերցնելով մի քանիսին: Մինչ զինյալները կհանձնվեին հուլիսի 31-ին, հանրային աջակցությունը նրանց հանդեպ և դժգոհությունն իշխանություններից վերաճել էր բողոքի մի լայն շարժման:

Բողոքի ցույցերը հիմնականում կրել են խաղաղ բնույթ, մասնակիցների կողմից բռնության առանձին միջադեպերով, որոնք որևէ կերպ չեն նմանվել «զանգվածային անկարգության»: Դրա մասին են վկայում անմիջապես բողոքի ցույցերից հետո իմ և իմ գործընկերների կողմից հարցված մի քանի տասնյակ ականատեսների վկայությունները և լայնորեն հրապարակված տեսանյութերը:

Խուրշուդյանի, Մարտիրոսյանի և Սանասարյանի ազատ արձակումը կարևոր քայլ է: Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների պարտավորություններին լիարժեք հարգանք ցուցաբերելու համար քննիչները պետք է վերանայեն Ղուկասյանին նախնական կալանքի տակ պահելու իրենց միջնորդությունները և մանրամասնորեն ուսումնասիրեն մի քանի տասնյակ նմանատիպ այլ գործեր` մարդկանց կալանքի տակ պահելու պատճառների համար հստակ հիմնավորումներ ներկայացնելու տեսակյունից: Նախնական կալանքը պետք է կիրառվի միայն որպես վերջին հանգրվան, այլ ոչ որպես Հայաստանի իշխանությունների կողմից քննադատողներին ապօրինաբար պատժելու հեշտ միջոց:

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.

Region / Country