Skip to main content

Հայաստան. Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները ստվերում են աղմկահարույց դատավարության ընթացքը

Անհրաժեշտ է արագ, մանրակրկիտ, արդյունավետ քննություն

A police officer in Yerevan’s Erebuni Nubarashen district court prevented Areg Kyureghyan from passing a note to his lawyer then removed him along with two other defendants from the courtroom. According to lawyers for Kyureghyan, Avetisyan, and two other defendants, Arayik Khandoyan, Gagik Yeghiazaryan, police then beat them in the court’s basement.  © 2017 A1plusnews
 

(Երևան) – Լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող զինված ընդդիմադիր խմբի չորս անդամները Հայաստանում հայտարարել են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրանց, ասվում է Human Rights Watch-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ։ Իշխանությունները պարտավոր են արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն անցկացնել ծեծի մասին արված հայտարարության հիմքով և պատասխանատվության ենթարկել ցանկացած վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձանց:

Ամբաստանյալները, ըստ իրենց ներկայացման, 2017 թվականի հունիսի 28-ին տեղի ունեցած ծեծկռտուքների ընթացքում ստացել են տարբեր տիպի քերծվածքներ և կապտուկներ իրենց դեմքերի, գլուխների, որովայնի, մեջքի և ոտքերի մասերում: Նրանք այն 32 մարդկանցից են, ովքեր երկու խմբերով մեղադրվում են 2016թ. հուլիսին Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում, ոստիկանության գնդի շենքի բռնազավթման ընթացքում կատարված հանցագործությունների, այդ թվում ոստիկանների սպանության մեջ:

«Դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքը խստիվ արգելված է բոլոր հանգամանքներում – դա այդ աստիճան միանշանակ է, և ո՛չ հանցագործությունների նկատմամբ բարկության աստիճանը, որոնցում մեղադրվում են այս մարդիկ, ո՛չ էլ դատավարության ընթացքի լարվածությունը, չեն կարող արդարացնել մեղադրյալների հանդեպ ֆիզիկական բռնությունը» - ասում է Գիորգի Գոգիան, Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով տնօրենը: «Իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անմիջապես և մանրակրկիտ քննություն իրականացնելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»:

Հունիսի 28-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության աշխատակիցը կանխել է մեղադրյալներից մեկի` Արեգ Կյուրեղյանի, իր փաստաբանին գրություն փոխանցելու փորձը: Կյուրեղյանը և մյուս ամբաստանյալները բողոքել էին միջամտության դեմ, որից հետո վեճ էր սկսվել ամբաստանյալներն ու ոստիկանները միջև: Այնուհետ, ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին և երկու այլ ամբաստանյալներ` Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Կյուրեղյանի, Ավետիսյանի և մյուս երկու ամբաստանյալներ՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանի նկուղային հարկում ոստիկանները ծեծի են ենթարկել չորս ամբաստանյալներին:

Human Rights Watch-ը խոսել է այդ մարդկանց փաստաբաններից երեքի հետ: Ավետիսյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ վեճի ընթացքում ոստիկանները դատարանի դահլիճում գետին են գցել Ավետիսյանին: Այնուհետ, ոստիկանները Ավետիսյանին և Կյուրեղյանին տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խուց, որտեղ գտնվում էր Խանդոյանը: Ավետիսյանն իր փաստաբանին ասել է, որ նրանց խուց բերելուց հետո, մոտավորապես 10 ոստիկան ներխուժել են խուց և ծեծել երեք ամբաստանյալներին: Ոստիկանները հարվածել են Ավետիսյանի գլխին, մեջքին և արմունկներին: Պետրոսյանն իր պաշտպանյալի վրա կապտուկներ է նկատել է, երբ այցելել է նրան հաջորդ օրը:

Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը Human Rights Watch-ին ասաց, որ ոստիկանները Խանդոյանին ծեծել են նույն խցում: Հունիսի 28-ի դատական նիստին ներկա չէր Խանդոյանը, քանի որ դատարանի որոշմամբ 6 ժամով հեռացված էր դատական նիստերի դահլիճից, որպես պատիժ՝ դատարանում նախորդ դատական նիստին թույլ տված օրինազանցությունների համար: Նա պահվում էր նկուղային հատվածի խցում, հետագայում նիստին վերադարձվելու նպատակով:

Ղարագյոզյանը Խանդոյանին հանդիպել է հունիսի 28-ի երեկոյան և նկատել կապտուկներ նրա ամբողջ մարմնի վրա: Խանդոյանի խոսքերով, նա ուներ ծանր գլխացավեր և գլխապտույտ: Ղարագյոզյանը միջնորդել էր, որ բուժման նպատակով Խանդոյանը տեղափոխվի հիվանդանոց: Հուլիսի 5-ի դրությամբ նա բուժում չէր ստացել: Human Rights Watch-ը չի կարողացել ճշտել, թե արդյոք նա ստացել է բուժում մինչ այժմ:

Եղիազարյանի փաստաբան Լուսինե Հակոբյանն ասում է, որ իր պաշտպանյալը, ով գտնվում էր առանձին խցում, լսել էր տղամարդկանց բղավոցներ՝ ձայներից ճանաչել իր հետ միասին մեղադրվողներին և կոչ արել ոստիկաններին դադարեցնել ծեծը: Ոստիկանները մտել էին իր խուց և ծեծել նրան: Հաջորդ օրը Հակոբյանը այցելել էր Եղիազարյանին և տեսել ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներ՝ կապտուկներ նրա ձեռքերի ու շրթունքների վրա և կտրվածքներ դեմքի վրա: Նա նաև ասաց, որ նա [Եղիազարյանը] կաղում էր աջ ոտքի ցավի պատճառով:

Հունիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ավետիսյանին, Խանդոյանին և Եղիազարյանին կալանքի վայրում և արձանագրել են ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներ: Օմբուդսմենի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել իր եզրակացությունները և հանդես եկել անհապաղ հետաքննություն անցկացնելու կոչով:

Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հունիսի 28-ին լրատվամիջոցներին հայտնել է, որ ոստիկանությունը Ավետիսյանի և Խանդոյանի հետ միասին ծեծի է ենթարկել նաև իր պաշտպանյալին: Ոստիկանները հարվածել են Կյուրեղյանի դեմքին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին և ոտքերին: Human Rights Watch-ը չի կարողացել կապ հաստատել Շուշանյանի հետ հարցազրույցի համար:

Փաստաբանները հայտնել են, որ դատավարության ընթացքում ամբաստանյալների պահման վայր հանդիսացող քրեակատարողական հիմնարկների պաշտոնյաները, դատարանից վերադարձնելու պահին ստուգել են չորս անձանց և արձանագրել վնասվածքներ:

Հունիսի 29-ին Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը, որն Արդարադատության նախարարությանը կից քաղաքացիական խորհրդակցական մարմին է, փորձել է հանդիպել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող վերոհիշյալ անձանցից որոշների հետ, սակայն հիմնարկի պաշտոնյաները մերժել են` նշելով, որ քննիչների հրահանգներով այդ անձանց չի թույլատրվում այցելել:

Այս չորս անձանց դատավարությունը սկսել է հունիսի 8-ից, Հիմնադիր խորհրդարան, արմատական ընդդիմադիր կազմակերպության 10 առաջատար անդամների հետ միասին: Նրանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հանցագործությունների, այդ թվում, ոստիկանության երեք աշխատակիցների սպանության, պատանդ վերցնելու, գույքի ոչնչացման և զենքի հափշտակման համար՝ կապված 2016 թվականի հուլիսին ոստիկանության գնդի վրա հարձակման և հետագա երկշաբաթյա դիմակայության հետ: Զինյալները պահանջում էին իրենց ազատազրկված առաջնորդի ազատ արձակումը և նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հետագայում այս մարդիկ հանձնվեցին:

Մեկ այլ առանձին ընթացող դատավարության շրջանակներում 18 անձանց առաջադրված են նմանատիպ մեղադրանքներ՝ կապված ոստիկանական գնդի գրավման և պատանդների ճգնաժամի հետ: Երկու դատավարություններն էլ ընթանում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  շենքում, որպեսզի հնարավոր լինի տեղավորել մեծ թվով ամբաստանյալներին և այցելուներին:

Հայաստանը հանդիսանում է մարդու իրավունքների բազմաթիվ կոնվենցիաների կողմ, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, որոնք պահանջում են ապահովել արդյունավետ քննություն, համապատասխան դատաքննություն և պատժամիջոցներ մարդու իրավունքների լրջագույն խախտումների, ներառյալ վատ վերաբերմունքի համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ:

Հուլիսի 3-ին, ոստիկանության կողմից իրականացված ծեծի վերաբերյալ հայտարարություններին ի պատասխան, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննության համար պատասխանատու պետական մարմինը, նախաձեռնել է հետաքննություն, պարզելու թե արդյոք պաշտոնատար անձինք գերազանցել են իրենց լիազորությունները: Սակայն, ոստիկանության աշխատակիցները, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել ծեծի մեջ, դեռևս ծառայություն են իրականացնում դատարանի դահլիճում: Human Rights Watch-ը նշում է, որ քննության ընթացքում, քննության մեջ ներգրավված ցանկացած պաշտոնյա չպետք է ստանձնի դատավարությունների և ամբաստանյալների հետ կապված որևէ պարտականություն:

«Դրական է, որ իշխանությունները նախաձեռնել են միջադեպի քննություն», - ասաց Գոգիան: «Սակայն, վստահելի լինելու համար, քննությունը պետք է լինի արդյունավետ, այսինքն՝ լինի մանրակրկիտ, անկողմնակալ և հնարավորություն ունենա բացահայտել չարաշահող պաշտոնյաներին և պատասխանատվության ենթարկել նրանց»:

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.

Region / Country
Topic