Skip to main content

Հայաստան

2018թ. միջոցառումները

«Մարդիկ տոնում են Հայաստանի վարչապետի Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ մի քանի օր տևած բողոքի ակցիաներից հետո: Երևան, Հայաստան, 23-ը ապրիլի 2018թ.  

@ Հայկ Բաղդասարյան / Ֆոտոլուր

Նախկին ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, 2018թ. ապրիլ և մայիս ամիսներին ընդդեմ հեռացող նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթներ տևած համաժողովրդական հանրահավաքներից հետո: Առավելագույն երկու նախագահական ժամկետները սպառելուց հետո, մինչ բողոքի ակցիաների արդյունքում Սարգսյանը հրաժարական կտար, նա փորձեց պահել իր իշխանությունը, ապահովելով իր կուսակցության աջակցությունը, որպեսզի ընտրվի որպես վարչապետ:

Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայից տառապող և մարդու իրավունքների անհամար խնդիրներ ունեցող մի երկիր, ներառյալ իրավապահ մարմինների կողմից չարաշահումների համար պատասխանատվության բացակայությունը, ընտանեկան բռնությունը, լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդերներ (ԼԳԲՏ) անձանց նկատմամբ խտրականությունը և բռնությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ կրթության մատչելիության բացակայությունը և հոգեսոցիալական ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ինստիտուցիոնալացումը: Հոկտեմբերին Փաշինյանը հրաժարական տվեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, որը նշանակվեց 2018թ. դեկտեմբերին:

Երևանի ՏԻՄ ընտրություններ

Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերին համոզիչ հաղթանակ տարավ Երևանի քաղաքապետի ընտրություններում: Հուլիսին նախկին քաղաքապետը հրաժարական տվեց ուժեղ հասարակական ճնշման ներքո: Նախորդ ընտրությունները ստվերվել էին ընտրակաշառքի, հանրային ծառայողների և մասնավոր բնագավառում ներգրավված աշխատողների ահաբեկման դեպքերով, ինչը գարնանը տեղի ունեցած հանրային բողոքների հիմքերից էր: Սեպտեմբերին խորհրդարանն ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթ, որով քրեականացվեց ընտրակաշառք տալը կամ ստանալը, սահմանելով պատիժ՝ ազատազրկում մինչև վեց տարի ժամկետով:

Իրավապահ մարմինների չարաշահումների համար պատասխանատվություն

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ անհամաչափ ուժ են կիրառել հիմնականում խաղաղ բողոքի ակցիաները ցրելու համար՝ որոշ դեպքերում լուրջ վնասվածքներ պատճառելով ցույցերի մասնակիցներին և լրագրողներին: Ապրիլի և մայիսի բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ էին, սակայն ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցան որոշ բախումներ, այդ թվում` ապրիլի 16-ին, երբ ոստիկանները ենթադրաբար օգտագործեցին խլացուցիչ նռնակներ՝ վնասվածքներ հասցնելով 46 մարդու, ներառյալ 6 ոստիկանների: Ոստիկանությունը կամայականորեն ձերբակալել է բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների, այդ թվում` ցույցի առաջնորդ Փաշինյանին` զանգվածային անկարգություններին մասնակցելու կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու մեղադրանքների հիմքով: Նրանք բոլորն ազատ են արձակվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում:

Գովելի է, որ նոր իշխանություններն առաջընթաց են արձանագրել չարաշահումների վերաբերյալ իրականացվող այն գործերի քննության շրջանակում, որոնք տարիներ շարունակ սառեցված են եղել: Հունիսին նրանք մեղադրանք են առաջադրել ոստիկանության աշխատակցին՝ դատարանի նկուղում 2016թ. հուլիսին Երևան քաղաքում ոստիկանության գնդի գրավման դեպքերի շրջանակներում քննվող քրեական գործով մեղադրվող չորս ամբաստանյալների հանդեպ կիրառված ծանր վատ վերաբերմունքի համար:

Իշխանությունները վերսկսեցին հետաքննությունը նաև 2008թ. մարտին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած մահացու բախումների շուրջ, որոնց հետևանքով մահացել էր 10 անձ, այդ թվում` երկու ոստիկան: Նախորդ քննությունը, որի արդյունքում 52 ցուցարար հայտնվել էր բանտում, միակողմանի էր։

Վերսկսված քննությունից հետո իշխանությունները քրեական գործ հարուցեցին երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երկու հրամանատարներ` Միքայել Հարությունյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ` մեղադրելով նրանց սահմանադրական կարգը տապալելու մեջ: Դատարանը սկզբում որոշում կայացրեց կալանավորել Քոչարյանին, ազատ արձակեց բողոքարկման արդյունքում, սակայն կրկին կալանավորեց դեկտեմբերին իշխանության կողմից մեկ այլ բողոքարկման արդյունքում։

Սեպտեմբերին իշխանությունները կասեցրել են ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ 2016թ. հուլիսի բռնությունների հետաքննությունը: Դատարանները նախկինում դատապարտել էին 21 ցուցարարների, մինչդեռ որեւէ պաշտոնյայի քրեական մեղադրանք չէր առաջադրվել: Այնուամենայնիվ, հուլիսին իշխանությունները քրեական գործ հարուցեցին մեկ ոստիկանի նկատմամբ` պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Սույն զեկույցը գրելու դրությամբ քննությունն ընթացքի մեջ է:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ

Կառավարությունը շարունակում է երեխաների համար նախատեսված որոշ հաստատություններ վերափոխել համայնքային կենտրոնների և աջակցել ընտանիքահեն խնամքին, սակայն այս ծրագրերը մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով չեն ներառում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց զրկել գործունակությունից և առկա չեն որոշումների կայացմանն աջակցող համակարգեր։ Արդյունքում հաշմանդամություն ունեցող որոշ անձինք անժամկետ մնում են հաստատություններում։

Հետամուտ լինելով 2017թ. մայիսի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի ամփոփիչ դիտարկումներին, իշխանությունները հանձնաժողովին տեղեկացրել են, որ 2018թ. պետական բյուջեում միջոցներ են հատկացվել 90 խնամատար ընտանիքներում 94 երեխայի խնամքի համար, սակայն չի նշել թե նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն:

Իշխանությունները շարունակում են իրականացնել մինչև 2025թ. ամբողջական ներառական կրթության անցնելու իրենց հանձնառությունը: Ներառական կրթությունը ենթադրում է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համատեղ ուսուցումը համայնքային դպրոցներում: Չնայած որոշ առաջընթացի, հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բախվել առանձնացմանը և խարանի, և միշտ չէ, որ ստանում են խելամիտ հարմարեցումներ դպրոցներում, ինչը նրանց հնարավորություն կտար սովորել այլ երեխաների հետ հավասար հիմունքներով:

Կանանց իրավունքներ

Ընտանեկան բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում: Ոստիկանության տվյալներով, 2018 թվականի առաջին հինգ ամիսներին արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որոնցից 223-ը ընտանեկան բռնության դեպքեր են: Մինչև հուլիս իշխանությունները 31 անձի նկատմամբ հարուցել են քրեական գործեր ընտանեկան բռնության մեղադրանքներով, դատարանները դատապարտել են նրանցից յոթին: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները կարծում են, որ ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում թաքցվում են:

Հունվարին ուժի մեջ մտավ ընտանիքում բռնության մասին նոր օրենքը՝ տալով ընտանեկան բռնության սահմանումը, սակայն այն ներառում է նաև «ավանդական արժեքների ամրապնդում» և «ընտանիքում համերաշխության վերականգնում» հասկացությունները որպես հիմնական սկզբունքներ: Կանանց իրավունքների ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ այդ սկզբունքները կարող են օգտագործվել հնացած և խնդրահարույց գենդերային դերերի և կարծրատիպերի ամրապնդման համար, ինչպես նաև ստիպել կանանց մնալ բռնարար հարաբերությունների մեջ:

Փետրվարին կառավարությունը հավանություն տվեց օրենքի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին, իսկ հունիսին` հիմնեց Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ, որպես ընտանեկան բռնության կանխման քաղաքականության համակարգող մարմին: Իշխանությունները նաև մշակել են համապատասխան որոշումների նախագծեր, որոնք կարգավորում են ապաստարանի աշխատակիցներին ներկայացվող պահանջները և ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգի սահմանումը: Որոշումները մինչ այս պահը ընդունված չեն:

Իշխանությունները դեռևս պետք է ավելացնեն ապաստարանային տարածքների թիվը և ստեղծեն պետական ապաստարաններ, անցկացնեն արշավներ հանրությանը նոր օրենքի մասին կրթելու, ինչպես նաև բողոքների ներկայացման կարգի և ծառայությունների առկայության մասին իրազեկելու նպատակով:

Հունվարին Հայաստանը ստորագրեց, բայց դեռ պետք է վավերացնի Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա):

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

ԼԳԲՏ անձինք ենթարկվում են հետապնդումների, խտրականության և բռնությունների: Ատելության խոսք ու վիրավորական մեկնաբանություններ շրջանառվեցին սոցիալական մեդիայում մայիսին երաժիշտ Էլթոն Ջոնի և նրա ամուսնու Հայաստան կատարած մասնավոր այցի շուրջ:

Օգոստոսին Հայաստանի հարավային գյուղերից մեկում մոտավորապես 30 անձից բաղկացած մի խումբ հարձակվել էր ԼԳԲՏ ինը ակտիվիստների վրա: Հարձակվողները վազել էին Հայկ Հակոբյանի և նրա հետ եղած ակտիվիստների հետևից, երբ նրանք փորձել էին փախչել, հարվածել էին ոտքերով, խփել, քարեր նետել և հայհոյանքներ հնչեցրել՝ վնասվածքներ հասցնելով նրանցից վեցին: Ոստիկանությունը հարցաքննել էր հարձակվողներից մի քանիսին: Մինչ Զեկույցը գրելու պահը որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Ավելի վաղ, ապրիլին, Հակոբյանը մեկ այլ հոմոֆոբ հարձակման զոհ էր դարձել։ Նա հաղորդում էր ներկայացրել դեպքի մասին, սակայն իշխանություններն արդյունավետ քննություն չեն իրականացրել։

ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող ՓԻՆՔ Արմենիա կազմակերպությունը հունվարից օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է սեռական կողմնորոշոմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ֆիզիկական հարձակումների դեպքեր առնվազն 17 անձի նկատմամբ։

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը ստիպված էր չեղարկել նոյեմբերին պլանավորված ԼԳԲՏ-քրիստոնյաների համաժողովը՝ իրադարձության մասին հանրության և պետական պաշտոնյաների բարձրացրած աղմուկի պատճառով:

Խտրականության վախը և սեռական կողմնորոշման հրապարակային բացահայտումը հետ է պահում բազմաթիվ ԼԳԲՏ անձանց հաղորդում ներկայացնել հանցագործությունների մասին: Քրեական օրենսգիրքը չի ճանաչում հոմոֆոբիան որպես ծանրացնող քրեական հանգամանք, և հավասարության մասին կառավարության օրինագիծը չի ներառում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, որպես խտրականությունից պաշտպանվելու հիմք:

Բացահայտ նույնասեռական տղամարդիկ վախենում են զինվորական ծառայության ընթացքում իրենց ֆիզիկական անվտանգության համար, և ոմանք ձգտում են ազատվել բանակում ծառայելու պարտավորությունից: Սակայն, ազատումը պահանջում է բժշկական եզրակացություն, որով նրանք կհամարվեն ոչ պիտանի զինվորական ծառայության համար հոգեկան կամ մտավոր անհամապատասխանության հիմքով: Հայաստանում «հոգեկան կամ մտավոր խանգարման» արձանագրումը կարող է խոչընդոտ հանդիսանալ զբաղվածության հարցում կամ վարորդական վկայական ձեռք բերելու համար:

Հիմնական միջազգային դերակատարներ

Ապրիլին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 2017թ. նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի պայմանական կիրարկումը նախատեսված էր հունիսի 1-ից: Համաձայնագրի նպատակն է ամրապնդել քաղաքական երկխոսությունը, բարձրացնել տնտեսական համագործակցությունը և նպաստել բարեփոխումներին, ներառյալ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում:

Հունիսին ԵՄ-ն հրապարակեց Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան հարաբերությունների գնահատման զեկույցը` ողջունելով որոշակի առաջընթացը՝ մասնավորապես, 2015թ. Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում «մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և փոխզսպումների ու հակակշիռների» մասով: Եվրամիության զեկույցն ընդգծում էր նաև վատ վերաբերմունքը և ոստիկանության չարաշահումները, ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառումը, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմի բացակայություն, անհավասարությունը և գենդերային անհավասարությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների առավել մեծ թիվը խնամքի հաստատություններում:

Իր ապրիլյան զեկույցում ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը նշել է առողջապահական ծառայությունների ոլորտում խտրականության դեմ իրավական պաշտպանություն ապահովելու անհրաժեշտության մասին, անկախ առողջական վիճակից, սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Ի թիվս այլ բաների, նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին, մեծ հաստատությունների փոխարեն, ընտանիքներին աջակցելու նպատակով ներդնել համապարփակ ենթակառուցվածք` հաշմանդամություն ունեցող երեխաների առողջապահությունը կազմակերպելու համար: Նա նաև կոչ է արել իշխանություններին դադարեցնել խոշոր հոգեբուժական հիվանդանոցներում և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված խնամքի հաստատություններում ներդրումներն առաջնահերթ դարձնելու մոտեցումը և ավելացնել ներդրումներն այլընտրանքային հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում:

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Հայաստանի մասին 2017թ. մայիսի իր համակցված զեկույցում ողջունել էր սահմանադրական բարեփոխումները և կոչ արել իշխանություններին շարունակել օրենսդրական փոփոխությունները` համապատասխանեցնելով այն Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիային, ներառյալ` պետական օրենքում ատելության հանցագործության նոր սահմանման ներկայացումը և քվոտային համակարգը վերանայումը, որը խորհրդարանում թույլ կտա ապահովել փոքրամասնությունների ավելի մեծ ներկայացուցչություն:

Սեպտեմբերյան այցի ընթացքում ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ արեց կառավարությանը երաշխավորել գործունակությունը, դադարեցնել հաստատությունների գործունեությունը և ապահովել որակյալ, ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հոկտեմբերին Հայաստանի կողմից հյուրընկալած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց մարդու իրավունքների, օրենքի գերակայության և գենդերային հավասարության պաշտպանության ոլորտում անդամ պետությունների հանձնառությունները: