Skip to main content

Հայաստան

2022թ. միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության հանրահավաքը Հայաստանի մայրաքաղաք Երևանում, 2022թ․ հունիսի 16,

© 2022 Սիփա/AP լուսանկար

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությամբ պայմանավորված քաղաքական լարվածություններն ու աճող անապահովությունը գերիշխող էին՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շարքում:

Իշխանություններն շարունակել են իրականացնել դատական, ոստիկանական և սահմանադրական հավակնոտ բարեփոխումներ: Մարդու իրավունքների խախտումները ներառել են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, հավաքների ազատությանը միջամտելու, ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով բռնության ու խտրականության խնդիրներ:

Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը մի քանի անգամ խախտվել է, երբ Ադրբեջանը ներխուժել է Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Քաղաքական ընդդիմությունը մեղադրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անցկացնում բողոքի ակցիաներ և պահանջում նրա հրաժարականը։

Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ մարտերի ընթացքում, Հայաստանի երեք շրջաններից, որոնք սահմանակից են Ադրբեջանին, ժամանակավորապես տեղահանվել են ավելի քան 7600 խաղաղ բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, և վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր: Ռազմական գործողությունների տարերային միջադեպերը շարունակել են վտանգել Լեռնային Ղարաբաղի գյուղերի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությունն ու կենսունակությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին հաստատված զինադադարը մի քանի անգամ խախտվել է, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։ Ռազմական գործողությունների տարերային միջադեպերը շարունակել են սպառնալ Լեռնային Ղարաբաղի գյուղերի և հարակից մի քանի բնակավայրերի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությանն ու կենսունակությանը:

Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ 2022 թվականի սեպտեմբերի մարտերի ընթացքում զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ և Հայաստանի երեք շրջաններից, որոնք սահմանակից են Ադրբեջանին, ժամանակավորապես տեղահանվել է ավելի քան 7600 խաղաղ բնակիչ, հիմնականում կանայք և երեխաներ, վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի կառույցներ։ Ավելի վաղ հակամարտության հետ կապված միջադեպերի ժամանակ Լեռնային Ղարաբաղում զոհվել էին նաև ազգությամբ հայ երեք խաղաղ բնակիչներ:

Human Rights Watch-ի կողմից վավերացված տեսանյութը ցույց է տալիս առնվազն յոթ հայ զինվորների արտադատական մահապատիժը՝ ըստ երևույթին, ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ։

Ըստ հայ իրավաբանների՝ դեռևս 2020 թվականի ռազմական գործողությունների հետ կապված առնվազն 30 հայ ռազմագերիներ (գերիներ) և երեք խաղաղ բնակիչներ մնում են գերևարված և 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ պահվում են ադրբեջանական բանտերում: Ադրբեջանի իշխանություններն այդ անձանցից ոչ մեկին չեն ճանաչում որպես ռազմագերի (տես. Ադրբեջանին նվիրված գլուխը):

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ օգոստոսի վերջի դրությամբ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո 303 անձինք, խաղաղ քաղաքացիներ և զինվորականներ, համարվում են անհայտ կորած։ Փաստաբաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում պնդում են, որ ոմանց վերջին անգամ ողջ են տեսել ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:

2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 2020 թվականի զինադադարից ի վեր՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի կեսերը, Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում ականների հետևանքով զոհվել է 34 խաղաղ բնակիչ, ևս 80-ը վիրավորվել է։

Ոչ Ադրբեջանը, և ոչ էլ Հայաստանը չեն հանդիսանում հակահետևակային ականներն արգելող միջազգային պայմանագրի կողմ։

Վատ վերաբերմունքը կալանավայրում

Ազատազրկման վայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը շարունակվում են և հաճախ մնում են անպատիժ: Նույնիսկ այն դեպքում, երբ խոշտանգումների մեղադրանքների հիմքով քրեական հետաքննություն է ձեռնարկվել, դրանք հիմնականում կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով կամ կասեցվել են կասկածյալի ինքնությունը չբացահայտելու պատճառով:

Հայաստանում խոշտանգումները հատուկ քրեական հանցագործություն համարվելուց յոթ տարի անց, մարտին, դատարանը կայացրեց իր առաջին վճիռը նման մեղադրանքի հիմքով՝ քրեակատարողական հիմնարկի նախկին պաշտոնյային դատապարտելով ազատազրկման՝ յոթ տարի և վեց ամիս ժամկետով:

Նախկինում ֆիզիկական բռնության համար պատասխանատվության ենթարկված պաշտոնյաներին իրավախախտման համար ներկայացվում էր «պաշտոնեական դիրքի չարաշահում» ընդհանուր մեղադրանքը:

Խոսքի և հավաքների ազատությունները, մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը

Իրավապահ մարմիններն ամբողջ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը: Հայաստանի Հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունը, արձանագրել է ուժի անհամաչափ կիրառում ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ մայիսին և հունիսին:

Օգոստոսին Երևանի ոստիկանությունը առանց բացատրության կարճ ժամանակով բերման է ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր բողոքում էին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեմ։ Սեպտեմբերին ոստիկանությունը արգելել է բողոքի ակցիան Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ կարճ ժամանակով ազատազրկելով երկու ակտիվիստների:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե (ԽԱՊԿ) տեղական խումբը նշել է լրագրողների նկատմամբ բռնությունների աճի մասին: 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում նրանք փաստագրել են 12 միջադեպ, 13 տուժողներով, որոնք կատարվել են ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Ամենաշատ դեպքերը տեղի են ունեցել ընդդիմության տարբեր բողոքի ակցիաների ժամանակ: ԽԱՊԿ-ը նույն ժամանակահատվածում արձանագրել է այլ տեսակի ճնշումների 23 դեպք։

Որպես դրական քայլ՝ Հայաստանը ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը»՝ հանելով հանցագործությունը Քրեական օրենսգրքից։

Հայաստանը բարձրացրել է տուգանքները պաշտոնական տեղեկատվություն չտրամադրելու համար, սակայն ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 69 դեպք:

Իշխանությունները շարունակել են կեղծ քրեական մեղադրանքներ առաջադրել Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ։ Մեղադրանքները հիմնված են Սուլթանյանի հրապարակային հարցազրույցի վրա՝ Հայաստանում եզդի փոքրամասնության նկատմամբ խտրականության մասին պնդմամբ։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները

Հաշմանդամություն ունեցող երեխաները մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տանը՝ չստանալով կրթություն կամ ստանալով սահմանափակ կրթություն:

2022 թվականին հինգ պետական մանկատներում ապրել է հաշմանդամություն ունեցող 475 երեխա. դպրոց հաճախել է ընդամենը 230-ը: Կառավարությունը չի հայտնել հաշմանդամություն ունեցող երեխաներին պետական հաստատություններից կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու վերաբերյալ համապարփակ ծրագրի մասին: Կառավարությունը շարունակել է ներդրումներ կատարել հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մնացած երեք պետական մանկատներում՝ միջազգային պարտավորություններին համապատասխան համայնքային ծառայություններում և աջակցության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն: Անհայտ թվով հաշմանդամություն ունեցող երեխաներ նույնպես շարունակում են ապրել վեց մասնավոր մանկատներում՝ նվազագույն պետական վերահսկողությամբ:

Երեխաները, ովքեր ապրում են մանկատներում, 18 տարեկանը լրանալուն պես իրավունք ունեն դիմելու պետական ֆինանսական աջակցության՝ բնակարան գնելու համար: 2021 թվականի հոկտեմբերին կառավարությունը խտրական որոշում է ընդունել, որը հաստատություններում ապրող «ինքնասպասարկման ապահովման ունակություններ» չունեցող անձանց փաստացի զրկել է այս իրավունքից:

Իշխանությունները դեռ չեն կատարել աջակցությամբ որոշումների կայացման մեխանիզմների համար օրենսդրական կարգավորումներ ներմուծելու իրենց պարտավորությունը: Հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող չափահաս անձինք կարող են զրկվել գործունակությունից, ինչի հետևանքով նրանց նկատմամբ սահմանվում է լիակատար խնամակալություն՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Իշխանությունները չունեն հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայություններ ներդնելու համապարփակ ծրագրեր, փոխարենը շարունակում են ներդրումներ կատարել հաստատություններում և հաստատություններում խնամքի մեջ:

Օգոստոսին կառավարությունն ընդունել է երկու կանոնակարգ՝ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայությունների և խելամիտ հարմարեցումների վերաբերյալ: Այնուամենայնիվ, ըստ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության երկու խմբերի՝ «Ներառական իրավական բարեփոխումների» կոալիցիայի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի, անձնական օգնականի ծառայությունները հասանելի են լինելու միայն սոցիալապես և տնտեսապես մարգինալացված ընտանիքների հաշմանդամություն ունեցող անձանց համար, և նրանց կարծիքը հաշվի չի առնվի, թե երբ և ինչպես են նրանք ստանալու այդ ծառայությունները:

2022 թվականի նոյեմբերին Հայաստանը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ հնարավորություն տալով անհատներին բողոքներ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե, որը վերահսկում է մասնակից պետությունների կողմից կոնվենցիայի կատարումը:

Կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը

Շարունակում է պահպանվել հաղորդումների ցածր ցուցանիշը ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ: 2021 թվականին Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցված կանանց գրեթե 36 տոկոսը, ովքեր երբևէ եղել են հարաբերությունների մեջ, ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության ձևերից առնվազն մեկին՝ ներկայիս կամ նախկին ինտիմ զուգընկերների կողմից, զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվածների միայն 5 տոկոսն է դիմել ոստիկանություն և միայն 4,8 տոկոսն է դիմել առողջապահական հաստատություն:

Իշխանությունները մինչ հունիս ամիսը ներառյալ հետաքննել են ընտանեկան բռնության 391 քրեական բողոք՝ մեղադրանք առաջադրելով 128 անձի: Այդ դեպքերից 85-ում ենթադրյալ հանցագործները եղել են ամուսինները: Իշխանությունները 21 գործ են հարուցել անձանց դեմ՝ պաշտպանական միջոցները չկատարելու կամ չպահպանելու համար:

Օգոստոսի 31-ի դրությամբ ութ կին սպանվել էր զուգընկերների, նախկին զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից։ Մարտին մի տղամարդ սպանել էր իրեն և իր նախկին կնոջը։ Իրենց որդու խոսքով՝ տղամարդը բազմիցս խախտել է ոստիկանների կողմից սահմանված պաշտպանական միջոցները և շարունակ սպառնացել ու հետապնդել նախկին կնոջը։ Ոստիկանությունը տեղյակ է եղել սպառնալիքների մասին, սակայն հետագա քայլեր չի ձեռնարկել:

Իրավապահ մարմինները չունեն բավարար իրազեկվածություն և վերապատրաստում ընտանեկան բռնության կանխարգելման համար օրենքով պահանջվող պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, ինչպիսիք են պաշտպանական հրամանները, և պատշաճ կերպով չեն կիրառում կամ կիրարկում դրանք:

Իշխանությունները Հայաստանի բոլոր մարզերում բացել են աջակցության կենտրոններ, որոնք տրամադրում են հոգեբանական և այլ աջակցություն ընտանեկան բռնություն վերապրած անձանց, սակայն նրանց պետական ֆինանսավորումը, ըստ կանանց իրավունքների պաշտպանության խմբերի, անբավարար է:

Ընտանեկան բռնությունից տուժածների համար կա ընդամենը երկու ապաստարան. երկուսն էլ գտնվում են Երևանում և ղեկավարվում են հասարակական կազմակերպության կողմից:

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացումը կանգ է առել նախորդ տարիների ապատեղեկատվական արշավներից հետո, որոնք պնդում էին, որ կոնվենցիան սպառնում է ավանդական արժեքներին և ընտանիքներին:

Քրեական նոր օրենսգիրքը ընտանեկան բռնությունը բնորոշում է որպես մի շարք հանցագործությունների ծանրացուցիչ հանգամանք, սակայն ընտանեկան բռնությունն առանձին չի սահմանվում որպես քրեական հանցագործություն:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության։ Քրեական օրենսգիրքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով թշնամանքը չի ճանաչում որպես ծանրացնող քրեական հանգամանք ատելության հանցագործությունների դեպքում:

Մարտին քրեական դատարանը կայացրել է առաջին վճիռը, որով անձի նկատմամբ բռնությունը կատարվել էր հոմոֆոբ շարժառիթով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մայիսի վճռում գտել է, որ Հայաստանը խախտել է խոշտանգումների և խտրականության չենթարկվելու իրավունքը Օգանեզովան ընդդեմ Հայաստանի գործով։ Օգանեզովան հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ էր, ում ակումբը հարձակման էր ենթարկվել և հրկիզվել 2012 թվականին: Դատարանը նաև գտավ, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել իրենց դրական պարտավորությունը՝ արդյունավետ հետաքննելու հրկիզման հարձակումը, որը կատարվել է հոմոֆոբ շարժառիթներով:

Իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հրապարակային բացահայտման պատճառով խտրականության և նվաստացման վախը շարունակում է խանգարել շատ ԼԳԲՏ մարդկանց հայտնել իրենց դեմ հանցագործությունների մասին, նույնիսկ երբ նրանք ակնհայտորեն դրդված են հակա-ԼԳԲՏ կանխակալությամբ: Իսկ հաղորդվելու դեպքում՝ նման հանցագործությունների հետաքննությունները հաճախ լինում են անավարտ կամ անարդյունավետ:

Օգոստոսին տղամարդը փողոցում կանգնած տրանս կնոջը մոտենալիս հակատրանս հայհոյանքներ է կիրառել և ուժեղ ապտակել՝ մատին կրող մատանիով պատճառելով վնասվածք։ Հոմոֆոբ և տրանսֆոբ հայացքներ ունեցող տեղական խումբը նրան վկայական է հանձնել «հայրենասիրական գործողություններ կատարելու համար»։ Մինչև գրելու պահը դեռևս արդյունավետ հետաքննություն չի իրականացվել այս դեպքեի վերաբերյալ:

New Generation-ը և PINK-ը, ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության երկու խմբերը, սեպտեմբերի դրությամբ փաստագրել են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ֆիզիկական հարձակումների 27 դեպք: Իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել 12 դեպքով։

Հայաստանը չունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն.

Հիմնական միջազգային դերակատարները

Եվրամիությունը ձգտել է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների կարգավորման ջանքերում: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է եռակողմ հանդիպումների մի քանի փուլ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ քննարկելով սահմանների սահմանազատման, տրանսպորտային ուղիների և խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր, որը նաև կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը։

2022 թվականի հոկտեմբերին Եվրոպական միության խորհուրդը հայտարարեց ԵՄ-ի մինչև 40 դիտորդների տեղակայման մասին՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ «նպաստելու խաղաղության և անվտանգության վերականգնմանը․․․ վստահության կառուցմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը»։

Նաև հոկտեմբերին, Հայաստանի կառավարության հրավերով, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարեց, որ թիմ կուղարկի Հայաստան՝ «որոշ սահմանամերձ տարածքներում իրավիճակը գնահատելու համար»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, 2021 թվականի նոյեմբերի իր ամփոփիչ դիտարկումների մեջ, ի թիվս այլ հարցերի, հորդորեց Հայաստանին փոփոխել օրենսդրությունը՝ ապահովելու հավասարություն և բացառելու խտրականությունը բոլոր հիմքերով՝ ներառյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, և ապահովելու արդյունավետ և համապատասխան պաշտպանության միջոցների հասանելիությունը՝ խտրականությունից տուժածների համար։ Նաև կոչ է արել Հայաստանին քրեականացնել ատելության խոսքը և ատելության հանցագործությունը բոլոր արգելված հիմքերով։ Կոմիտեն նաև առաջարկել է վերանայել ընտանեկան բռնության մասին օրենքը՝ ապահովելու «զոհակենտրոն մոտեցում, որը երաշխավորում է փոխհատուցման և պաշտպանության անմիջական միջոցների հասանելիությունը»:

Կոմիտեն նաև հորդորել է արագ, անկողմնակալ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն անցկացնել խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել հանցագործներին, իսկ զոհերին տրամադրել լիարժեք փոխհատուցում:

Մայիսին կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստում վերահաստատվել է, որ ժողովրդավարությունը, լավ կառավարումը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքները և գենդերային հավասարությունը շարունակում են մնալ Արևելյան գործընկերության քաղաքականության հիմնաքարը: Ապրիլին ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին հետագա առաջընթաց գրանցել ԶԼՄ-ների ավելի մեծ ազատության ուղղությամբ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր հունվարյան բանաձևում կոչ է արել Հայաստանին, ի թիվս այլ հարցերի, ընդունել հակախտրական օրենսդրություն՝ խտրականության արգելված հիմքերին ավելացնելով սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը, գենդերային արտահայտությունը և սեռական հատկանիշները:

Մայիսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը և Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնարկ են տվել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որը ներառում է ծրագրերի քննարկում, այդ թվում՝ աջակցելու մարդու իրավունքներին, մեդիա գրագիտությանը, սոցիալական պաշտպանությանը և արդարադատության ոլորտի բարեփոխումներին: