Skip to main content

Հայաստան

իրադարձությունները 2016 թ.

Ոստիկանությունն ու փշալարերը Երևանի կենտրոնում արգելափակում են ցուցարարների երթը դեպի Բաղրամյան փողոց, 30-ը հուլիսի, 2016 թ.

© 2016թ. Գեորգի Գոգիա / Human Rights Watch

Հայաստանում մարդու իրավունքների վիճակը 2016 թվականին մնացել է անհարթ: Իշխանությունները անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, հարձակվել լրագրողների վրա, անհիմն քրեական գործեր հարուցել բողոքի ցույցի առաջնորդների և մասնակիցների նկատմամբ: Կայուն խնդիր է մնում վատ վերաբերմունքը կալանավայրերում, իսկ հետաքննությունները եղել են անարդյունավետ:

Այլ մտահոգություններ են ընտանեկան բռնությունը, որը հաճախ անպատիժ է մնում, սեռական կողմնորոշմամբ և գենդերայինինքնությամբ պայմանավորված բռնությունը և խտրականությունը, ինչպես նա ևցավազրկող դեղորայքի մատչելիության անհարկի սահմանափակումները՝ կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններ ունեցող անձանց համար:

Ոստիկանական ուժի անհամաչափ կիրառում

Հուլիսին, Հայաստանի իշխանությունները անհամաչափ ուժ են կիրառել կառավարությանն ընդդիմացող արմատական խմբին աջակցություն ցուցաբերող խաղաղ ցուցարարների դեմ, հարձակումներ գործել ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ նրանց առաջադրելով անհիմն քրեական մեղադրանքներ, իսկ նրանցից ոմանց զրկելով կալանավորի հիմնական իրավունքներից:

Բողոքի ցույցերը բռնկվեցին արմատական ընդդիմադիր զինյալների խմբի՝ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից հուլիսի 17-ին Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, որի ընթացքում սպանվել էր մեկ ոստիկան և պատանդ էին վերցվել մի քանիսը: Մինչ զինյալները կհանձնվեին հուլիսի 31-ին, հանրային աջակցությունը նրանց հանդեպ և դժգոհությունն իշխանություններից վերաճել էր մի լայն բողոքի շարժման: Բողոքի ցույցերը հիմնականում կրել են խաղաղ բնույթ՝ մասնակիցների կողմից բռնության առանձին միջադեպերով:

Հուլիսի 29-ին ոստիկանությունը կիրառել է խլացուցիչ նռնակներ ոստիկանության գրավված գնդի հարևանությամբ հավաքված խաղաղ բազմության նկատմամբ՝ ցուցարարներին պատճառելով առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ և բեկորային վնասվածքներ: Ոստիկանությունը չի փորձել կիրառել բազմություն վերահսկման՝ առավել նվազ վտանգավորության միջոցներ և որևէ ողջամիտ ջանք չի գործադրել բազմությանը ցրվելու կոչ անելու կամ ուժ կիրառելու իրենց ծրագրերի մասին նախազգուշացնելու համար:

Ոստիկանությունը և նրանց հետ գործող քաղաքացիական հագուստով անհայտ մարդիկ շարժվել են դեպի ցուցարարները, հարվածներ հասցրել բռունցքներով և ոտքերով, ինչպես նաև ծեծել որոշ ցուցարարների՝ օգտագործելով փայտե մահակներ ու երկաթե ձողեր, նախքան նրանցից շատերին ձերբակալելը։

Ոստիկանությունը, նախքան ուժ կիրառելը, մի քանի լրագրողների զգուշացրել է հեռանալ հիմնական ամբոխից: Թեև լրագրողների մեծ մասը հեռացել են, ոստիկանությունը մի քանի խլացուցիչ նռնակներ է արձակել նրանց ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից առնվազն ութին։ Ոստիկանությունը և անհայտ անձինք ծեծել են նաև որոշ լրագրողների՝ վնասելով և առգրավելով նրանց սարքավորումները:

Իշխանությունները հետաքննություն են սկսել ոստիկանության հուլիսի 29-ի գործողությունների առիթով: Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետը, կասեցվել են չորս սպաների լիազորությունները մինչև քննության ավարտը, 13 ծառայող ստացել է նկատողություն։ Հետաքննությունը դեռևս շարունակվում է:

Կամայական կալանավորումներ և վատ վերաբերմունք

Հուլիսին և օգոստոսին իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցերի հետ կապված տասնյակ անձանց, ծեծի ենթարկել նրանցից շատերին, և ոմանց նկատմամբ հարուցել անհիմն քրեական գործեր:

Ոստիկանությունը որոշ կալանավորվածների պահել է մինչև 12 ժամ առանց կալանավորումը ձևակերպելու և առնվազն երկու դեպքերում մարդկանց խմբերով կամայականորեն պահել է ներքին զորքերի տեղամասի մարզասրահում։

Իշխանությունները հիմնականում հիմնվել են ոստիկանների ցուցմունքների վրա՝ առնվազն 40 մարդու նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, իբր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով, որը ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում: Դատարանները շատերի նկատմամբ ընտրել են կալանքը, որպես խափանման միջոց՝ հիմնվելով ընդհանուր և վերացական բնույթի պատճառաբանությունների վրա: Բողոքարկումների հիման վրա դատարանները կալանքից ազատ են արձակել բողոքի ցույցի որոշ առաջնորդների՝ նրանց սեփական ստորագրությունների հիման վրա:

Իշխանությունները զրկել են ձերբակալվածներից շատերին իրենց տարրական իրավունքներից, այդ թվում իրենց ընտրությամբ անհապաղ փաստաբան հրավիրելու և հարազատներին իրենց կալանավորման և գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հնարավորությունից: Ոստիկանությունը նաև ծեծի է ենթարկել բազմաթիվ կալանավորների, որոշ դեպքերում դաժանորեն, և ոմանց թույլ չի տվել ստանալ անհապաղ բժշկական օգնություն իրենց վնասվածքների համար։ Այս հաշվետվության հրապարակման պահին դեռևս ապօրինի ձերբակալությունների և ոստիկանության կողմից ծեծի ենթարկման դեպքերի առիթով հետաքննություն չէր սկսվել:

Մեկ առանձին դեպքում, հունվարի 1-ին, ոստիկանությունը իբր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար ձերբակալել էր ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից կազմակերպված մի հրապարակային միջոցառման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի ընթացքում: Սարաֆյանը հերքում է, որ հարձակվել է սպայի վրա: Դատարանը հաստատել է Սաֆարյանի նախնական կալանքը, առանց ներկայացնելու որևէ ապացույց առ այն, որ նա կարող էր փախուստի դիմել կամ խոչընդոտել քննության ընթացքին: Տեղական իրավապաշտպան խմբերը նրա նկատմամբ իրականացվող հետապնդման տակ տեսնում են քաղաքական դրդապատճառներ: Սաֆարյանի դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:

Հունիսին իշխանությունները ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և վեց այլ անդամների՝ զինված հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով: Սեֆիլյանը հերքել է այդ մեղադրանքները՝դրանք պայմանավորելով քաղաքական դրդապատճառներով:

Հուլիսին ՊՊԾ գնդի զինված գրավման մեջ ներգրավված զինյալներն ի սկզբանե պահանջում էին Սեֆիլյանի ազատ արձակումը և նախագահի հրաժարականը՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց: Այն բանից հետո, երբ զինյալները հանձնվեցին, իշխանությունները նրանց մեղադրեցին պետական շենքերի գրավման, պատանդ վերցնելու և ապօրինի զենք կրելու մեջ: Իշխանությունները ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի այլ անդամների ևս՝ գրոհայիններին օգնելու և սատարելու կասկածանքով: Նրանց թվում է ԱՄՆ քաղաքացի, ծագումով հայ, Կարո Եղնուկյանը, ով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո մասնակցել էր խաղաղ ցույցերին, և համարում է, որ մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Եղնուկյանը դեռևս նախնական կալանքի տակ է:

Կանանց իրավունքներ

Չնայած այն վկայությունների, որ կանանց հանդեպ բռնությունը տարածված է, և կանանց իրավունքների պաշտպանության խմբերի ու ակտիվիստների հետևողական պայքարի, Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի վավերացրել Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հրապարակել է զեկույց՝ փաստաթղթագրելով զուգընկերոջ և ընտանիքի անդամների կողմից կանանց սպանության 30 դեպք 2010-2015 թվականն ընկած ժամանակահատվածում։ Զեկույցում նշվում է, որ ընտանեկան բռնությունների մասին տեղեկատվությունը չի արտացոլում ամբողջական պատկերը, իսկ բռնությունը հիմնականում կիրառվում է՝ մնալով անպատիժ: Կոալիցիայի անդամներն ընտանեկան բռնության մասին ամեն տարի ստանում են ավելի քան 2000 հեռախոսազանգ:

Պալիատիվ խնամք

Իշխանությունները շարունակում են քննարկել դեղատոմսերի դուրսգրման և գնումների բարդ ու ժամանակատար ընթացակարգերի բարեփոխման հարցը, ինչը անհարկի խոչընդոտներ է ստեղծում առաջին անհրաժեշտության օփիոիդային դեղորայքի մատչելիության համար: Գործող կարգավորումները խոչընդոտում են պալիատիվ խնամքի պատշաճ ապահովումը՝ դատապարտելով անբուժելի հիվանդներին ավելորդ տառապանքների: Հաբերի բացակայությունը, ներարկման համար նախատեսված օփիոիդների նկատմամբ ոստիկանության խիստ վերահսկողությունը և գնումները, դեղատոմսերի դուրս գրումն ու տրամադրումը սահմանափակող քաղաքականությունը չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պալիատիվ խնամքի համար սահմանված մի շարք պայմաններին:

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Ակտիվիստները հաղորդում են, որ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության: Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏԻ անձանց դեմ ատելության խոսքի կամ խտրականությանը վերաբերող հարցերի կարգավորման ուղղությամբ: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը որպես պաշտպանության հիմքեր ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության խոսքը կարգավորող օրենքների մեջ` սահմանափակելով իրավական ճանապարհը ԼԳԲՏԻ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների դեպքերում:

2015թ.-ի հոկտեմբերի Rainbow ֆորումից հետո, որը կազմակերպվել էր հայկական ԼԳԲՏԻ բարեկամական խմբերի կողմից փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը քննարկելու նպատակով, անհայտ անձինք թիրախավորված կերպով ահաբեկել ու սպառնացել էին որոշ մասնակիցների, հիմնականում սոցիալական ցանցերով, այդ թվում` սպառնալով այրել և սպանել նրանց։ Իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել այս սպառնալիքների հիման վրա՝ որպես հիմք բերելով ապացույցների բացակայությունը:

Հունիսին ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՓԻՆՔ Արմենիա կազմակերպությունը հրատարակել է մի հետազոտություն, ըստ որի բնակչության 90%-ը թշնամաբար է տրամադրված ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ և կողմ է նրանց իրավունքների սահմանափակմանը: Հուլիսին ՓԻՆՔ Արմենիան հրապարակել է զեկույց, որը ներկայացնում է ԼԳԲՏԻ անձանց դեմ 2015 թվականին իրագործված բռնության և խտրականության 46 դեպքեր։ Կառավարությունը չի ձեռնարկել ողջամիտ քայլեր պայքարելու կարծրատիպերի և ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ առկա խտրականության դեմ։

Հիմնական միջազգային դերակատարներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ 2015 թվականի դեկտեմբերի՝ նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի փոխակերպման հանրաքվեի անցկացումը «պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ Հայաստանի ժողովրդի կարիքներով»։ ԵԽԽՎ-ն քննադատել է ընտրացուցակների անճշտությունը, ընտրակաշառքի մասին հայտարարությունները, վարչական ռեսուրսների չարաշահումները, անհավասար մեդիա դաշտը և շարժական քվեարկության բացակայության պարագայում՝ հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու հնարավորության փաստացի բացառումը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել հետաքննել հանրաքվեի ընտրատեղամասերում լրագրողների նկատմամբ բանավոր և ֆիզիկական հարձակումների դեպքերը:

Ի պատասխան հուլիսի ցույցերի, Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում ԵՄ անդամ պետությունների առաքելության ղեկավարների հետ միասին, կոչ է արել իշխանություններին խուսափել ավելորդ ուժի կիրառումից, իրականացնել ոստիկանության գործողությունների արդյունավետ հետաքննություն, իսկ ցուցարարներին կոչ է արել պահպանել բողոքի ցույցերի խաղաղ ընթացքը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է արել իրականացնել արագ հետաքննություն և հարգել խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, քննադատել է ուժի կիրառումը լրագրողների դեմ:

Սեպտեմբերին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեինը քննադատել է իշխանություններին իր աշխատակազմին լիարժեք հասանելիություն չապահովելու և կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ լիարժեք համագործակցությանը խոչընդոտելու համար:

Մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր զեկույցում, Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն, արձանագրել է Հայաստանի առաջընթացը մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարում, երեխաների թվի նվազումը խնամքի կենտրոններում, և միջպետական որդեգրումների սահմանափակումները: Սակայն, նա հայտարարել է, որ համապատասխան օրենսդրության ևերեխայակենտրոն բողոքարկման մեխանիզմների բացակայության, ծնողների, մասնագետների և հասարակության շրջանում իրազեկման անբավարար մակարդակի պարագայում՝ երեխաների թրաֆիքինգի ծավալները հստակ չեն: Նա կոչ է արել իշխանություններին ընդունել ընտանեկան բռնության և այլ համապատասխան օրենսդրություն, և երաշխավորել, որ երեխաների պաշտպանության համակարգը հետևողականորեն ծառայում է երեխայի լավագույն շահերին: