Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց:
2015 թվականի դեկտեմբերին, Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն առաջարկվել էր իշխող կուսակցության կողմից` նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու նպատակով: Ըստ որոշ քննադատների, փոփոխությունների նպատակը կուսակցության համար իշխանությունը պահպանելու հնարավորություն ստեղծելն է, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սահմանադրության նախագիծը «համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Հանրաքվեից հետո, որոշ տեղական դիտորդներ մեղադրանքներ հնչեցրեցին լայնածավալ ընտրակաշառքների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների դեպքերի վերաբերյալ:
Հավաքների ազատություն և քաղաքական այլախոհության
2015 թվականի ընթացքում մի քանի անգամ իշխանությունները միջամտել են հավաքների ազատությանը, այդ թվում` ուժի գործադրմամբ: Որոշ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն: Սեպտեմբերին, բողոքի երթից հետո անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել կառավարությանը քննադատող, «Ազատամարտիկների դաշինք», անկախ խմբի անդամ Սմբատ Հակոբյանը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեք կասկածյալների նկատմամբ, հետաքննությունն ընթացքի մեջ է:
Հունիսի 19-ին, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Երևանի կենտրոնում՝ բողոքելու էլեկտրաէներգիայի սակագինը 17 տոկոսով թանկացնելու առաջարկի դեմ` «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած շուրջօրյա ցույցերի միջոցով: Հունիսի 22-ին, ցուցարարները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, և այն բանից հետո, երբ ոստիկանությունը արգելափակեց նրանց շարժը, վերջիններս զբաղեցրեցին կենտրոնական պողոտան` մնալով այնտեղ մինչև հունիսի 23-ի օրվա սկիզբը, երբ ոստիկանությունը նախազգուշացնող հայտարարություն տարածեց, այնուհետև ջրցան մեքենաների օգտագործմամբ ցրեց բողոքի ակցիան: Ոստիկանության պաշտոնյաները լրատվամիջոցներին հայտնել են, որ առնվազն 25 մարդ, այդ թվում 11 ոստիկան, ստացել են մարմնական վնասվածքներ, մի շարք ցուցարարներ դիմել են բժշկական օգնության: Ակտիվիստները և լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են բազմաթիվ լրագրողների, որոշ դեպքերում, կոտրելով կամ բռնագրավելով տեսախցիկներ` վերացնելով իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը:
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարների և պահել նրանց օրվա մեծ մասը` ազատելով առանց մեղադրանք առաջադրելու: Առնվազն երկու դեպքում, ոստիկանությունը սահմանափակել է փաստաբանների մուտքը: Մինչ նույն օրվա երեկոն, հազարավոր մարդիկ էին հավաքվել պողոտայում` բողոքելու ոստիկանության գործողությունների դեմ: Ոստիկանությունը չի միջամտել: Շատերը մնացին մինչև ոստիկանները տարածքը ազատեցին նրանցից հուլիսի 6-ին` առանց միջադեպի: Հուլիսի 23-ի դեպքերով անցկացված ծառայողական քննության արդյունքում, ծառայողներից մեկի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, իսկ ութը ստացել են նկատողություններ` զսպվածություն չցուցաբերելու համար: Ոստիկանության վարքագծի վերաբերյալ անցկացվող քրեական հետաքննությունը ընթացքում է, դեռևս որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Իշխանություններն, ի վերջո, կարճել են ցուցարարների նկատմամբ «խուլիգանության» հիմքերով վարվող քրեական հետաքննությունը:
Ոստիկանությունը բռնի ուժով ցրել է հերթական խաղաղ բողոքի ակցիան ընդդեմ սակագնի բարձրացման սեպտեմբերի 11-ին` ժամանակավորապես ձերբակալելով մոտ 50 ցուցարարների:
Ապրիլի 7-ին, ոստիկանները ձերբակալել են «Հիմնադիր Խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամներին, այդ թվում՝ նախագահ Գարեգին Չուքասզյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ, խումբը ապրիլի 24-ին Երևանում հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել: Իշխանությունները նշված անձանց տների ու գրասենյակի խուզարկության արդյունքում հայտնաբերելով և առգրավելով փայտե ձողեր, խոհանոցային դանակներ, էլեկտրաշոկ և հանրությանը հասանելի բրոշյուրներ, ինչպես նաև նրանց նոթբուքերը և դրոշներ` վերջիններիս նկատմամբ մեղադրանք առաջադրեցին զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ: Ապրիլի 10-ին դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք սահմանեց նշված հինգ անձանց նկատմամբ, սակայն մայիսի 4-ին, գլխավոր դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ և նրանք ազատ են արձակվել. քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
2015 թվականին վերաքննիչ դատարաններն անփոփոխ թողեցին ընդդիմության վիճահարույց առաջնորդ Շանթ Հարությունյանի և իր 13 կողմնակիցների դեմ կայացված վճիռները, ովքեր ձերբակալվել էին 2013-ին` դեպի նախագահական նստավայր երթ իրականացնելու փորձի ընթացքում ոստիկանության հետ բախումների արդյունքում: 2014 թվականին քրեական դատարանը մեղավոր է ճանաչել նրանց իշխանությունների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտել ազատազրկման 1-ից 7 տարի ժամկետով:
Հարությունյանը և ակտիվիստ Վարդանյանը պնդում են, որ կալանավորումից հետո ոստիկանները ծեծի են ենթարկել նրանց. Իշխանությունները հրաժարվել են հետաքննել մեղադրանքները: Հունիսին, քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներն ընդունեցին նրանց միջնորդությունները՝ պատժի մնացած ժամկետը մենախցում անցկացնելու վերաբերյալ` հաշվի առնելով նրանց մտավախությունը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված բանտում հնարավոր բռնությունների վերաբերյալ:
Սեպտեմբերի 15-ին, դատարանը Հայկ Կյուրեղյանին դատապարտեց ինը տարի ազատազրկման Հարությունյանի և համախոհների գործով դատական նիստի օրը, որպես բողոքի ակցիա, օդամղիչ ատրճանակից մի քանի կրակոցներ արձակելու համար: Տեղական ակտիվիստներից շատերը պատիժը համարում են անհամաչափ և պայմանավորում են այն Կյուրեղյանի քաղաքական հայացքներով:
Խոսքի ազատություն
Իշխանությունները շարունակում են լրատվամիջոցների բազմակարծության սահմանափակումները և լրագրողների վրա հարձակումների անպատժելիությունը, այդ թվում՝ ոստիկանության կողմից, դեռևս օրինաչափություն է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդում է, որ եթե հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը մնա անփոփոխ, դրույթներն ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հունվարին` յուրաքանչյուր մարզում թողնելով մեկ հեռուստաընկերություն և առնվազն 10 կայաններ պարտավորված կլինեն փակվել:
Կոմիտեն 2015 թվականին արձանագրել է լրագրողների նկատմամբ բռնությունների 19 դեպք, որոնցից 13-ը հունիսին անցկացված «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ընթացքում, և բացի վերը հիշատակված նկատողություններից, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել հարձակումներից որևէ մեկի համար:
Որպես դրական քայլ, Սահմանադրական դատարանը հոկտեմբերին որոշում կայացրեց, որ լրագրողները պարտավոր չեն բացահայտել գաղտնի աղբյուրներին այն դեպքերում, երբ առկա չեն լուրջ հանցագործություններ: Սույն որոշմամբ վերջ դրվեց Հատուկ քննչական ծառայության կողմից տարիներ շարունակ Ilur.am լրատվական պորտալին և Հրապարակ թերթին իրենց գաղտնի աղբյուրները բացահայտելու ստիպողական փորձերին:
Խոշտանգումներ և վատ վերաբերմունք կալանավայրերում
Չնայած նոր ուղեցույցների տրամադրմանն իրավապահ մարմինների աշխատակիցներին, իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են, որ խոշտանգումները և վատ վերաբերմունքը շարունակում է մնալ լուրջ խնդիր նախնական կալանքի և ազատազրկման վայրերում` հատկապես խոստովանություններ կորզելու նպատակով: Նշված հանգամանքների որոշ զոհեր չեն բողոքարկում` վախենալով, որ հետաքննությունն արդյունավետ չի լինի: Հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ խոշտանգումների անպատժելիությունը:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան հայտնում է, որ ապրիլին և օգոստոսին, վերաքննիչ դատարանները Երևանում ուժի մեջ են թողել Հայկ Աղամալյանի 10 տարվա ազատազրկման դատավճիռը սպանության համար: Իշխանությունները հրաժարվել են հետաքննել այն պնդումները, որ քննիչների խոշտանգել ու վատ վերաբերմունքի են ենթարկել Աղամալյանին, ով 2013 թվականին ձերբակալության պահին եղել է 16 տարեկան, և նրա հարազատներին` խոստովանություն կորզելու նպատակով:
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, իրավապաշտպան մոնիտորինգային խումբ, մայիսին, մի կին Երևանում մերժել է ոստիկանության աշխատակցին, ով սուլել է նրան: Չորս աշխատակիցներ ձեռնաշղթաներով նրան տարել են կայարան, որտեղ վիրավորել և վատ վերաբերմունքի են ենթարկել երեք ժամ շարունակ: Դատաբժշկական քննությունը բացահայտել է կապտուկներ և հոգեբանական սթրես: ՀՀ Հատուկ քննչական ծառայության որոշմանը ներկայացված իր բողոքը հետ վերցնելու նրա հայցը դեռևս գտնվում է դատարանի քննության ներքո: Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ և մեղադրանքի հետ կապված երկու նախնական լսումներն այժմ ընթացքում են:
Իշխանությունները հետաքննություն են սկսել այն պնդումների հիման վրա, որ որոշ վկաներ ճնշումների էին ենթարկվել Կարեն Կունգուրցևի դեմ ցուցմունքներ տալու համար, ում դատավարությունը սպանության գործով այս պահին ընթացքի մեջ է, սակայն հրաժարվել են հետաքննել Կունգուրցևի պնդումներն առ այն, որ 2013 թվականին, ձերբակալությունից հետո, նա ինքն է դաժան վերաբերմունքի ենթարկվել ոստիկանության կողմից:
Զինվորական ծառայություն
Չնայած նրան, որ Հայաստանը զգալի քայլեր էր ձեռնարկել շտկելու զինվորական ծառայության հետ կապված վաղեմի խնդիրները, այդ թվում, ապահովելով խղճի ազատության նկատառումներով պայմանավորված այլընտրանքային ծառայություն, հայկական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ զինծառայողների շրջանում բռնության և ոչ-մարտական մահացության դեպքերի բարձր թիվը դեռևս մտահոգիչ են:
Պալիատիվ խնամք
Հայաստանը շարունակում է քննարկել օփիոիդային դեղորայքի դեղատոմսերի դուրս գրման և գնումների իր բարդ ու ժամանակատար ընթացակարգերի բարեփոխման հարցը: Պալիատիվ խնամքի Ազգային գործողությունների պլանը դեռևս մշակման փուլում է: Գործող կարգավորումները խոչընդոտում են պալիատիվ խնամքի պատշաճ ապահովում՝ դատապարտելով ամենաանբուժելի հիվանդներին ավելորդ տառապանքների: Ներարկման համար նախատեսված օփիոիդների նկատմամբ ոստիկանության խիստ վերահսկողությունը, գնումները, դեղատոմսերի դուրս գրումն ու տրամադրումը սահմանափակող քաղաքականությունը չեն համապատասխանում Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից պալիատիվ խնամքի համար սահմանված մի շարք պայմանների:
Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն
Ակտիվիստները հաղորդում են, որ ԼԳԲՏ մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության: Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏ անձանց դեմ ատելության քարոզի կամ խտրականությանը վերաբերող հարցերին: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության քարոզը կարգավորող օրենքների մեջ` ԼԳԲՏ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների համար սահմանափակելով իրավական ճանապարհը:
Հոկտեմբերի 17-ից 18-ը, ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությունով զբաղվող PINK Armenia կազմակերպությունն անցկացրեց առաջին հայկական ֆորումը` ԼԳԲՏ անձանց խնդիրները քննարկելու նպատակով: Միջոցառման մասին պատմող հոդվածը և մասնակիցների մի լուսանկար որը տեղադրվել էր PINK Armenia-ի կայքում և վերահրապարակվել տարբեր լրատվամիջոցների կողմից, արժանացել է բազում հոմոֆոբիկ մեկնաբանությունների և սպառնալիքների սոցիալական ցանցերում, այդ թվում, ֆորումի մասնակիցներին այրելու և սպանելու կոչեր: PINK Armenia-ն բողոք է ներկայացրել դատախազություն` պահանջելով ուսումնասիրել սպառնալիքները, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել:
PINK Armenia հաղորդել էր, որ օգոստոսին, Երևանի այգիներից մեկում, հինգ տղամարդիկ հարձակվել են սեռական ծառայություններ առաջարկող երկու տրանսգենդերի վրա, պատճառելով լուրջ վնասվածքներ, այդ թվում` գլխուղեղի վնասվածք: Հարձակման զոհերը փորձել են օգնություն խնդրել անվտանգության աշխատակիցներից, սակայն վերջիններս հրաժարվել են օգնել: Գործը գտնվում է հետաքննության ընթացքում:
Ապրիլին, վերաքննիչ դատարանը որոշեց մերժել 16 հայցվորների վերաքննիչ բողոքը, ում դատական հայցն ընդդեմ Իրավունք թերթի դատարանը մերժել էր 2014 թվականի հոկտեմբերին: Իրավունքը հրապարակել էր մի քանի օնլայն հոդվածներ, կոչ անելով հասարակական կյանքից դուրս թողնել ԼԳԲՏ մարդկանց և նրանց պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին, իսկ վերջիններիս ընտանիքներին՝ զգուշանալ նրանցից: Հոդվածներից մեկը ներառում էր նմանատիպ 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց սոցիալական էջերի հղումներով: Թերթը հրաժարվել էր հերքում տպագրել:
Կանանց իրավունքներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը, ապրիլին կատարած իր այցից անմիջապես հետո, կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ուղղությամբ` հղում կատարելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի մարտի զեկույցը: Չնայած այն վկայություններին, որ կանանց դեմ բռնությունը շարունակում է մնալ սովորական երևույթ, Հայաստանը չունի ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք և չի միացել Եվրոպայի Խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային:
Հիմնական միջազգային դերակատարներ
Հունիսի 23-ին, լրագրողների դեմ Երևանում տեղի ունեցած ոստիկանական բռնություններից հետո, ԵԱՀԿ ներկայացուցիչ Միյատովիչը կոչ է արել իշխանություններին հետաքննել միջադեպը և երաշխավորել լրագրողների անվտանգությունը:
Հունիսի 24-ին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը կոչ է արել հայաստանյան իշխանություններին հարգել հավաքների ազատության իրավունքը, և քննության առարկա դարձնել ցուցարարների ձերբակալությունները:
2015 թվականի մայիսին, Հայաստանում էր գտնվում երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը և նշել է առկա բացերը իրազեկման արշավների, ինչպես նաև երեխաների նկատմամբ չարաշահումների և բռնության դեպքերի հայտնաբերման ու հաղորդում տալու մեխանիզմների առումով:
Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի վերաբերյալ առաջընթացի մարտ ամսվա զեկույցում նշվել է, որ «Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել խորը և կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում», և կոչ է արել ընդունել հակախտրականության մասին համապարփակ օրենք, ու ապահովել օրենքի արդյունավետ կիրառումը իրավապաշտպանների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների դեպքերի համար:
ԵԽԽՎ-ն հունվարին հայտարարություն է ընդունել, այն մասին, որ Հայաստանի իշխանություններն չեն դատապարտել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության ու խտրականության խթանումը և կոչ է արել միջոցներ ձեռնարկել խտրականության դեմ պայքարում Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ:
Հունվարին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը երկրորդ անգամ քննության առնվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում` արդյունքում կոչ անելով Հայաստանին ամրապնդել երեխաների իրավունքների պաշտպանությունը, ընդունել համապարփակ հակախտրական օրենսդրություն, և վերջ տալ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների դեմ, ի թիվս այլոց, իրականացվող հարձակումների անպատժելիությանը: