Skip to main content

World Report 2015: Հայաստան

իրադարձությունները 2014 թ.

Keynote

 
Tyranny’s False Comfort

Why Rights Aren’t Wrong in Tough Times

Essays

 
Internet en la encrucijada

Cómo la vigilancia del gobierno amenaza nuestra forma de comunicarnos

 
Deadly Cargo

Explosive Weapons in Populated Areas

 
Placer la barre plus haut

Événements sportifs de grande envergure et droits humains

Հայաստանում մարդու իրավունքների վիճակը 2014 թվականին մնացել է անհարթ: Իշխանությունները շարունակել են միջամտությունը խաղաղ ցույցերին: Ձերբակալության վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս առկա է, իսկ հետաքննություններն` անարդյունավետ, նույնիսկ բաց իրականացվելու պարագայում: Լրագրողների նկատմամբ ճնշումները և բռնությունները շարունակվել են: Չնայած նրան, որ պարտադիր զինվորական ծառայության` այլընտրանքային ծառայության մասով իրականացված փոփոխություններն արժանացան գովասանքի, բանակում շարունակվում են չարաշահումների լուրջ դեպքերը: Տեղական խմբերն արձանագրել են բռնի կերպով հոգեբուժարանում հոսպիտալացման դեպք: Լուրջ խնդիր է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունը և խտրականությունը: Կառավարությունը դեռևս միջոցներ պետք է ձեռնարկ` ուղղված անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիության անհարկի սահմանափակումների վերացմանը:

Հավաքների ազատություն

Իշխանությունները ընթացիկ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը: Ըստ իրավապաշտպան խմբերի, մայրաքաղաք Երևանում, ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 70 ակտիվիստների 2014 թվականի առաջին կիսամյակում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների, բնապահպանական խնդիրների, կոմունալ վարձավճարների և այլ հարցերի շուրջ իրականացվող բողոքի խաղաղ ցույցերի ժամանակ: Ձերբակալված անձանց մեծ մասն ազատ է արձակվել մեկ օրվա ընթացքում, որոշները ենթարկվել են վարչական տույժերի:

Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ հայտարարել են, որ նրանց ազատել են աշխատանքից կենսաթոշակային բարեփախումների դեմ փետրվարին տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցելու հետևանքով: Զեկույցի պատրաստման դրությամբ, վերջիններս փորձում են դատական կարգով վերականգնվել իրենց աշխատատեղերում և ստանալ կորցված աշխատավարձերը: Հունիսին անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ Երևանի ոստիկանությունը ձերբակալել է պատմական հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների պանդոկի ապամոնտաժման դեմ բողոքող ակտիվիստների: Հունիսի 23-ին Երևանի ոստիկանությունը ձերբակալել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող 27 անձանց: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ոստիկանության գործողությունները համարվել են անհամաչափ: Ոստիկանության գործողություններն ուսումնասիրելու նպատակով իշխանությունները նախաձեռնել են հետաքննություն և դադարեցրել այն՝ թողնելով որոշ ոստիկանների հարցաքննությունները անավարտ:

Տեղական իրավապաշտպանները գտնում են, որ քաղաքական ընդդիմության վիճահարույց առաջնորդ Շանթ Հարությունյանի և իր 13 կողմնակիցների նկատմամբ հետապնդումը և դատապարտումն ունեն քաղաքական դրդապատճառներ: Իշխանությունները ձերբակալել են ակտիվիստներին 2013թ. նոյեմբերին Երևանում, ոստիկանության հետ բախումներից հետո, երբ փորձ է արվել երթով շարժվել դեպի նախագահական նստավայր: Հոկտեմբերին, Երևանում, դատարանը վերջիններիս իշխանությունների դեմ բռնություն կիրառելու մեջ մեղադրանքը հաստատված է համարել և դատապարտել ազատազրկման՝ մեկից յոթ տարի ժամկետով: Հարությունյանը և ակտիվիստ Վարդան Վարդանյանը պնդում են, որ ոստիկանությունը նրանց ծեծի է ենթարկել կալանավորումից անմիջապես հետո: Իշխանությունները հրաժարվել են հետաքննություն իրականացնել:

Ապրիլին, իշխանությունները մեղադրեցին Հարությունյանի 15-ամյա որդուն կարգազանց վարքի համար (խուլիգանություն), երբ վերջինս փորձում էր միջամտել հոր ձերբակալությանը, որի համար նա հոկտեմբերին դատապարտվեց պայմանական ազատազրկման՝ չորս տարի ժամկետով:

Հունիսին, ակտիվիստների դատավարության առաջին դատական նիստին, իշխանություններն արգելել են լրագրողների և ընտանիքի անդամների մուտքը դատարանի դահլիճ՝ դատարանի դահլիճի գերբեռնվածության կեղծ հիմնավորմամբ:

Խոշտանգումներ և վատ վերաբերմունք կալանավայրերում

Տեղական իրավապաշտպանները հաղորդում են, որ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ազատազրկման վայրերում շարունակվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերը, այդ թվում, ոստիկանության բաժանմունքներում, նախնական կալանքի վայրերում, ինչպես նաև բանտերում և այլ հիմնարկներում: Բռնությունների որոշ զոհեր բողոքներ են ներկայացնում, շատերը հրաժարվում են՝ վախենալով վրեժխնդրությունից և հետագա դաժան վերաբերմունքից: Իշխանությունները ոչ միշտ են իրականացնում մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն:

Ըստ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի, իշխանությունները հրաժարվել են հետաքննել արժանահավատ մեղադրանքներն առ այն, որ 16-ամյա Հայկ Աղամալյանին Երևանի ոստիկանությունը ծեծի է ենթարկել, մազերից քաշել և սպառնացել է վնաս հասցնել հարազատներին, որպեսզի ստիպեն խոստովանել 2013թ. ապրիլին կատարված սպանությունը: Դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է: Նմանապես, իշխանությունները և Վանաձորի դատարանը հրաժարվել են վարույթ հարուցել Կարեն Կունգորցևի բողոքի հիման վրա այն մասին, որ 2013 թ. հոկտեմբերին սպանության մեղադրանքով վերջինիս կալանավորումից հետո ոստիկանությունը նրա հետ վատ է վերաբերվել: Կունգորցևը հերքում է մեղադրանքները, դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:

Ապրիլի 4-ի այցելությունից հետո, բանտերում հասարակական մոնիտորինգ իրականացնող դիտորդական խումբը հայտարարել էր, որ ըստ Արթիկ քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորների պնդման, Գյումրիի ոստիկանությունը վերջիններիս տարբեր ժամանակահատվածներում ենթարկել էր դաժան վերաբերմունքի, այդ թվում նաև ծեծի, ինչպես նաև սպառնացել բռնաբարությամբ՝ ստիպելով խոստովանական ցուցմունքներ տալ: Հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Հունիսի 12-ին, ոստիկանությունը ձերբակալել և ծեծի է ենթարկել Հայկ Կյուրեղյանին, ով դատական նիստի ընթացքում բողոքի ցույց էր անում երևանյան դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն Հարությունյանի և այլ ակտիվիստների: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Կյուրեղյանի հայտարարությունների լայնածավալ լուսաբանման արդյունքում, իշխանությունները հետաքննություն սկսեցին, որը դեռևս ընթացքի մեջ է:

Խոսքի ազատություն

Մեդիա բազմակարծությունը մնում է սահմանափակ: ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) դատապարտել են օրինագիծը, որը պատասխանատվություն էր նախատեսում լրատվամիջոցների նկատմամբ` հանրային ֆորումներում, այդ թվում նաև սոցիալական ցանցերում, անանուն կամ անհայտ օգտատերերի կողմից արված զրպարտչական կամ վիրավորական մեկնաբանությունների հրապարակման համար:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդում է, որ 2014թ. առաջին կիսամյակում շարունակվում են սպառնալիքներն ու շինծու դատական հայցերը լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, և արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության առնվազն հինգ դեպք:

Օրինակ, փետրվարի 12-ին ընդդիմության ակտիվիստների կալանավորման ժամանակ, ոստիկանությունը Անի և Սարգիս Գևորգյաններից (քույր ու եղբայր), համապատասխանաբար` Չորրորդ իշխանություն թերթի և iLur.am լրատվական կայքի լրագրողներից, խլել է տեսախցիկները, ապա բերման ենթարկել նրանց: Կալանքի տակ գտնվելու ընթացքում, ոստիկանությունը ջնջել է տեսախցիկների մեջ առկա տեսաձայնագրությունները, ապտակ հասցրել Անի Գևորգյանին և խլել նրա հեռախոսը: Գևորգյանի բողոքի հիման վրա իշխանությունները քրեական հետաքննություն սկսեցին, սակայն կարճեցին գործը հունիսին՝ հիմնավորելով այդ քայլը հանցակազմի բացակայությամբ: Գևորգյանը բողոքարկել է դատարանի վճիռը: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մեդիա ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել միջադեպի առթիվ:

Հունիսի 24-ին, լրագրողներ և այլոք սպասում էին Երևանի ոստիկանության բաժիններից մեկի դիմաց, մինչ ազատ կարձակվեին նույն օրն ավելի վաղ բերման ենթարկված ակտիվիստները: Ամբոխը ցրելու ընթացքում ոստիկանությունը հարձակվել է նաև մի քանի լրագրողների վրա: Ոստիկանությունը հարվածել էր Անի Գևորգյանին, CivilNet.TV-ից Արփի Մախսուդյանին և ջարդել ԳԱԼԱ հեռուստաընկերության օպերատոր Փայլակ Ֆահրադյանի նոութբուքը: Ոստիկանությունը ձերբակալել է Սարգիս Գևորգյանին: Անի և Սարգիս Գևորգյանները բողոք են ներկայացրել դատարան: Հետաքննությունը դեռևս շարունակվում է:

Հունիսի 26-ին Երևանի դատարաններից մեկը պարտադրել էր Հրապարակ թերթին և Ilur.am լրատվական կայքին բացահայտել իրենց աղբյուրները մի քրեական հետաքննության շրջանակներում, որտեղ գործով անցնում էր նաև ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյա: ԵԱՀԿ մեդիա ազատության գծով ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել, որ վճիռը կարող է բացասական ազդեցություն ունենալ, և կարևորել էր իրենց աղբյուրները պաշտպանելու լրագրողների իրավունքը, որպես հետաքննական լրագրության և խոսքի ազատության հիմնարար սկզբունք:

Բարեփոխումներ այլընտրանքային զինվորական ծառայությունում և խախտումներ բանակում

Համաձայն Ֆորում 18 կրոնական ազատություններն ուսումնասիրող դիտորդական խմբի, 1993թ.-ից մինչ այժմ առաջին անգամն է, որ չկան կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից խուսափելու համար բանտարկված Եհովայի վկաներ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փաստահավաք առաքելության հունիսի զեկույցը ցույց տվեց, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքում 2013թ. կատարված փոփոխություններն վերացրել են վաղեմի խնդիրները, և որ կրոնական և սոցիալական խմբերի մեծ մասն ընդունում է այլընտրանքային ծառայության պայմանները:

Այդուհանդերձ, դեռևս առկա են բանակի հետ կապված այլ մտահոգություններ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013թ. ձմեռային և 2014թ. ամառային զորահավաքներից հետո ստացել է 42 դիմում-բողոք ոչ համարժեք բժշկական զննության և նորակոչիկների բժշկական խնամքի վերաբերյալ, ինչի արդյունքում զորակոչվել են լուրջ առողջական խնդիրներ ունեցող որոշ զինծառայողներ: Որոշ դեպքերում, առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չեն ուղարկվել լրացուցիչ զննության, կամ լրացուցիչ զննությունը կրել է ձևական բնույթ: Ակտիվիստներին շարունակում է մտահոգել ոչ մարտական գործողությունների հետևանքով տեղի ունեցող կորուստների հետաքննության խորությունը, թափանցիկությունը և անաչառությունը, որոնք պաշտոնապես արձանագրվում են որպես պատահարներ կամ ինքնասպանության դեպքեր, չնայած նրան, որ առկա են լինում բռնության ապացույցներ:

Հաշմանդամության իրավունքներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հինգ պետական նյարդահոգեբուժական հիվանդանոցներում բժշկական անձնակազմի և հիվանդների հետ ավելի քան 300 հարցազրույցների հիման վրա իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փաստացի կամ ենթադրյալ հոգեբանական հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ պահվում են այդ հաստատություններում առանց իրենց գիտակցված համաձայնության: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, դատարանը կարող է անձին «անմեղսունակ» ճանաչել՝ առանց վերջինիս ներկայության: Չկա որևէ անկախ մեխանիզմ, որը կվերահսկեր, թե արդյոք հոգեսոցիալական հիվանդություններով տառապող անձինք կամայականորեն չեն պահվում նյարդահոգեբուժական հաստատություններում:

Օմբուդսմենի տեղակալը նշել է, որ գրասենյակը հաճախ է ստանում բողոքներ հոգեբուժական հիվանդանոցներում հարկադիր հոսպիտալացման և անձնակազմի կողմից բռնության կիրառման, այդ թվում, ծեծի, զսպող և հանգստացնող միջոցների օգտագործման վերաբերյալ:

Պալիատիվ խնամք

Հայաստանը շարունակում է քննարկել օփիոիդային դեղորայքի դեղատոմսերի դուրս գրման և գնումների իր բարդ ու ժամանակատար ընթացակարգերի բարեփոխման հարցը: Այդուհանդերձ, նշված թերությունները շարունակում են խոչընդոտել համապատասխան պալիատիվ խնամքի ապահովմանը՝ դատապարտելով ամենաանբուժելի հիվանդներին ավելորդ տառապանքների: Չնայած նրան, որ մորֆինն անվտանգ, արդյունավետ և էժան միջոց է անբուժելի հիվանդների կյանքը բարելավելու համար, Հայաստանում բացակայում է խմելու համար նախատեսված մորֆին, իսկ ներարկման համար նախատեսված օփիոիդների նկատմամբ ոստիկանության խիստ վերահսկողությունը, գնումները, դեղատոմսերի դուրս գրումն ու տրամադրումը սահմանափակող քաղաքականությունը, խախտում են Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից պալիատիվ խնամքի համար սահմանված մի շարք պայմաններ:

Փոքրամասնությունների իրավունքներ

Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) տեղական ակտիվիստները հաղորդում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց դեմ ատելության քարոզումը, այդ թվում, պետական պաշտոնյաների կողմից, շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը չեն ներառվում հակախտրականության կամ ատելություն արտահայտող խոսքի մասին օրենքներում՝ սահմանափակելով խնդիրների լուծման իրավական ճանապարհը ԼԳԲՏ անձանց դեմ կատարվող մի շարք հանցագործությունների դեպքում:

Իրավունք թերթը հրապարակել է մի քանի օնլայն հոդվածներ, կոչ անելով հասարակական կյանքից դուրս թողնել ԼԳԲՏ մարդկանց և նրանց պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, իսկ վերջիններիս ընտանիքներին՝ զգուշանալ նրանցից: Մայիսի 17-ի հոդվածը ներառում էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց սոցիալական էջերի հիպերհղումներով: Այս ցուցակում տեղ գտած մի քանի անձինք լրատվամիջոցից հերքում են պահանջել, սակայն թերթը հրաժարվել է բավարարել այդ պահանջները: Տասնվեց քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար, սակայն դատարանը մերժել է նրանց պահանջները հոկտեմբեր ամսին:

2013թ. դեկտեմբերին դատարանը վավերացրել է Կրթության և գիտության նախարարության` գաղտնիության հիմնավորմամբ կատարված մերժումն ի պատասխան մի հասարակական կազմակերպությունից ստացված տեղեկատվություն պահանջող դիմումի՝ կրոնական փոքրամասնություններին հարելու պատճառով հանրակրթական դպրոցներից 20 ուսուցիչների աշխատանքից ազատելու վերաբերյալ: Լրատվամիջոցները պաշտոնանկությունների մասին հայտարարել էին 2012թ.-ին՝ հղում կատարելով նախարարության այն պնդմանը, որ ուսուցիչները դպրոցներում զբաղվել են հոգեորսությամբ:

Հիմնական միջազգային դերակատարներ

ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովը, մայիսին քննարկելով Հայաստանի հարցը, ընդգծել է իր մտահոգությունը կոռուպցիայի, դատական համակարգի անկախության պակասի, ինչպես նաև համապարփակ հակախտրական օրենսդրական դաշտի անհրաժեշտության վերաբերյալ:

ԵԽԽՎ փաստահավաք առաքելության զեկույցն արձանագրել է քաղաքական կլիմայի բարելավում և առաջընթաց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամակցության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, բայց նաև ընդգծել է լուրջ թերություններ, ներառյալ՝ դատական համակարգի անկախության պակասը, չարաշահումները բանակում, ընտանեկան բռնությունները և թշնամանքը կրոնական փոքրամասնությունների և ԼԳԲՏ անձանց նկատմամբ:

Եվրոպական միությունը, Հայաստանի վերաբերյալ մարտին հրապարակված «Եվրոպական հարևանության» իր զեկույցում, մտահոգություններ է հայտնել օրենսդրության կիրառման, բանտային վատ պայմանների, ընտանեկան և գենդերային բռնությունների «տագնապալի» տարածվածության վերաբերյալ: Զեկույցում նաև նշվել է, որ խոշտանգման սահմանումը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հուլիսի համատեղ հայտարարության մեջ ողջունվեց Հայաստանի կողմից Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի ընդունումը, որպես ևս մեկ հնարավորություն հաշվետվողականության և մարդու իրավունքների բնագավառում զգալի առաջընթաց արձանագրելու համար: