Skip to main content

Համաշխարհային Զեկույց 2014 - Հայաստան

2013 թվականի իրադարձությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց փետրվար ամսին, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների գերակշռող մասը մայիսին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Թեև երկու ընտրություններն էլ ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, այնուամենայնիվ, երկուսն էլ ստվերվել էին ընտրողների հանդեպ գործադրված ճնշումների, ընտրակաշառքի, գործող թեկնածուների օգտին վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքացիների բողոքների նկատմամբ ոստիկանության արձագանքի բացակայության մասին զեկույցներով:

Ոստիկանությունում պահվող անձանց նկատմամբ շարունակվում են վատ վերաբերմունքի դեպքերը: Կառավարությունը դեռևս չի առաջարկել որևէ իրական քաղաքացիական այլընտրանք այն զինապարտների համար, որոնք, խղճի շարժառիթներով պայմանավորված, հրաժարվում են զինվորական ծառայությունից: Իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել բանակում մտահոգիչ քանակությամբ ոչ մարտական մահացության դեպքերի վերաբերյալ: Քննության չեն առնվել նաև խաղաղ ցուցարարների վրա կազմակերպված անհայտ սադրիչների հարձակումները:

Հեռարձակվող ԶԼՄ-ների շրջանում առկա է բազմակարծության պակաս, և տարվա ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնության և ոտնձգության մի քանի միջադեպեր են պատահել: Լուրջ խնդիր են սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված ճնշումները և խտրականությունը ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական գործիչների կողմից: Բյուրոկրատական սահմանափակումները խոչընդոտում են ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիությունն անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար:

ՆախագահականևՏԻՄընտրություններ

Միջազգային դիտորդները, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավորությամբ, եզրակացրել են, որ փետրվարին կայացած նախագահական ընտրությունները եղել են «ընդհանուր առմամբ լավ կազմակերպված», սակայն նշել են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի չափանիշների այնպիսի «լուրջ խախտումներ», ինչպիսին է, օրինակ, ընտրողների նկատմամբ ճնշումների գործադրումը: ԵԱՀԿ-ն նշել է նաև այլ խախտումներ, այդ թվում` իշխանությունների կողմնակալության դրսևորումը հօգուտ գործող թեկնածուի, վարչական ռեսուրսների չարաշահումը և գործող թեկնածուի վստահված անձանց միջամտության դեպքերը: Տեղական դիտորդները զեկուցել են ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քաղաքական կուսակցությունների և ընտրական հանձնաժողովների անդամների` դիտորդների և լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու բազմաթիվ փորձերի և գործող թեկնածուի օգտին համատարած լցոնման մասին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, վերընտրվել է մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ: Տեղական դիտորդական խմբերն արձանագրել են ընտրակաշառքի, բազմակի քվեարկության և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ահաբեկման միջադեպեր իշխանամետ ակտիվիստների կողմից:

Հավաքներիազատությունևհարձակումներակտիվիստներիվրա

Oգոստոսին, ոստիկանությունը ուժ է կիրառել` ցրելու Երևանի կենտրոնում հավաքված մի խումբ քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների, ովքեր պահանջում էին դադարեցնել բարձրահարկ շենքի կառուցումը քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը կարճ ժամկետներում բերման է երթարկել շուրջ 26 ցուցարարների` նրանցից առնվազն մեկին ծեծի ենթարկելով ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին: Վերջինս անհապաղ հոսպիտալացման կարիք է ունեցել: Հոկտեմբերին, Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը հանգել է այն եզրակացության, որ ոստիկանությունը դիմել է անհամաչափ ուժի գործադրման, սակայն նրանց նկատմամբ սույն զեկույցի հրապարակման պահին որևէ կարգապահական տույժ դեռևս չի կիրառվել:

Սեպտեմբերին, Երևանի խաղաղ ցուցարարների հանդեպ տեղի է ունեցել հարձակումների տարափ, որն ըստ երևույթին, ձեռնարկվել է բնակչությանը հուսալքելու և նրանց մասնակցությունը երկու խաղաղ բողոքի ակցիաներին կանխելու նպատակով: Սեպտեմբերի 5-ին, մոտ վեց անհայտ սադրիչներ հարձակվել են քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստներ` Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի վրա, երբ նրանք վերադառնում էին Հանրապետական կուսակցության շտաբի դիմաց անցկացվող խաղաղ ցույցից, որտեղ վերջիններս բողոքում էին ընդդեմ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության:

Սաղաթելյանն ստացել էր քթի կոտրվածք, նրան անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն և հոսպիտալացում: Արշամյանին ցուցաբերվել է բժշկական օգնություն բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառով: Սեպտեմբերի 4-ին, քաղաքապետարանի շենքի դիմաց անցկացվող քաղաքային տրանսպորտի գնի ժամանակավոր բարձրացման դեմ կազմակերպված նստացույցից հեռանալուց հետո ակտիվիստ Արման Ալեքսանյանը ենթարկվել է հարձակման մոտ 10 անհայտ սադրիչների կողմից: Բազմաթիվ վնասվածքներով և գլխի տրավմայով` նա անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Օգոստոսի 25-ին, մոտ վեց անհայտ անձինք հարձակում են գործել երկու ակտիվիստներ` Բաբկեն Տեր-Գրիգորյանի և Միհրան Մարգարյանի վրա քաղաքապետարանի շենքի մոտ անցկացվող նստացույցից հեռանալուց անմիջապես հետո: Այս պահին հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Մեծացել է Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ ազգայնական խմբերից հնչող սպառնալիքների թիվը, ներառյալ ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները, որտեղ վերջիններս սպառնացել են պայթեցնել կենտրոնը և կտրել ակտիվիստների կոկորդները: Չնայած այն հանգամանքին, որ այս սպառնալիքները փոխանցվել են ոստիկանությանը, սույն զեկույցի հրապարակման պահին իշխանությունները դեռևս հետաքննություն չէին իրականացրել:

Նոյեմբերին, ձերբակալվել են ընդդիմության ղեկավար Շանթ Հարությունյանը, ինչպես նաև 13 ակտիվիստներ, երբ վերջիններս բախվել են ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ` դեպի նախագահական նստավայր երթ կատարելու փորձի ժամանակ: Իշխանությունները պնդում են, որ խումբը մտադիր է եղել բռնի կերպով գրավել շենքը: Զեկույցի հրապարակման պահին բոլոր ձերբակալվածները գտնվում էին նախնական կալանքի տակ և մեղադրվում իշխանությունների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Հարությունյանը հայտարարել է, որ կալանքում գտնվելու ժամանակ ոստիկաններն իրեն ենթարկել են ֆիզիկական խոշտանգումների, սակայն իշխանությունները սույն պնդումները քննության չեն առել: Նոյեմբերի վերջին, երևանյան դատարաններից մեկը պահանջել է Հարությունյանին տեղափոխել հոգեբուժական հաստատություն` հարկադիր փորձաքննության ենթարկելու նպատակով:

Խոշտանգումևվատվերաբերմունք

Ըստ տեղական իրավապաշտպանների` ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ շարունակվում են խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի դեպքերը, և խոշտանգման սահմանումը Հայաստանի օրենքում չի համապատասխանում միջազգային չափանիշներին, քանզի այն չի ներառում պետական պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Իշխանությունները հաճախ հրաժարվում են քննության առնել վատ վերաբերմունքի մասին վկայող հայտարարությունները կամ ստիպում են քաղաքացիներին ետ վերցնել իրենց բողոքները: Ոստիկանությունը խոշտանգումներ է կիրառում` կասկածյալներից և ականատեսներից խոստովանական ցուցմունքներ և մեղադրական հայտարարություններ կորզելու նպատակով:

Օրինակ, Արթուր Կարապետյանը` ձերբակալված 2012թ. հոկտեմբերին, թմրամիջոցների ապօրինի տարածման մեղադրանքով, բողոքել է կալանքում ոստիկանների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին: Ըստ նրա փաստաբանի` Կարապետյանը ցույց է տվել նրան իր ոտքերի վրայի վերքերը, որոնք, իր խոսքերով, ծեծի հետևանք էին: Թեև Կարապետյանին ազատ են արձակել դեկտեմբերին, իսկ 2013թ. ապրիլին` հանել նրա նկատմամբ եղած բոլոր մեղադրանքները, ոստիկանությունը պատշաճ քննության չի ենթարկել վատ վերաբերմունքի մասին նրա պնդումները:

2012թ. նոյեմբերին, Մհեր Անդրեասյանն առաջին ատյանի դատարանում վկայել է, որ դաժան ծեծի է ենթարկվել Երևանի ոստիկանների կողմից կողոպուտի մեղադրանքով ձերբակալվելուց հետո: Անդրեասյանը հայտնել է, որ, այլևս ի վիճակի չլինելով դիմանալ շարունակական տանջանքների` փորձել է ինքնասպան լինել, գլխի օգնությամբ կոտրելով քննիչի գրասենյակի պատուհանը և փորձելով դուրս ցատկել, սակայն ոստիկանները կանխել են նրա փորձը: Թեև մարտին Երևանի դատարանը հանել է փախուստի փորձ կատարելու մեղադրանքն Անդրեասյանից, վերջինիս պնդումներն իր հանդեպ գործադրված բռնության մասին քննության չեն առնվել:

Չարաշահումներըբանակում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զեկուցել է հոկտեմբերի 31-ի դրությամբ բանակում տեղի ունեցած ոչ մարտական մահացության առնվազն 29 դեպքերի, այդ թվում` 7 ինքնասպանությունների մասին: Տեղական իրավապաշտպան խմբերը փաստագրել են, որ Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով չի հետաքննել, չի բացահայտել ոչ մարտական մահվան դեպքերի հանգամանքները և չի պատճառաբանել բռնության փաստերը, որոնք առկա են եղել որպես ինքնասպանություն որակված մահվան դեպքերում:

Հունիսին, Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքում` այլընտրանքային աշխատանքային ծառայությունից զինվորական վերահսկողությունը վերացնելու և ծառայության ժամկետները 42-ից մինչև 36 ամիս նվազեցնելու նպատակով: Տեղական ակտիվիստները բարձրաձայնել են այս փոփոխությունների առթիվ իրենց մտահոգությունները` այդ թվում նշելով որոշումների կայացման մեջ Պաշտպանության նախարարության շարունակվող դերի, ընտրության ոչ հստակ չափանիշների, ինչպես նաև ծառայության ժամկետի վերաբերյալ, որն ամեն դեպքում ավելի երկար է քան պարտադիր զինվորական ծառայությունը: Նոյեմբերի կեսերի դրությամբ, 33 Եհովայի վկաներ, որոնք դատապարտվել էին այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, ազատ են արձակվել և, այնուամենայնիվ, պարտադրված են եղել այլընտրանքային ծառայություն անցնել:

Խոսքիազատություն

Հայաստանում գործում են բազմազան տպագիր և առցանց լրատվամիջոցներ, սակայն հեռարձակվող լրատվամիջոցների շրջանում առկա է բազմակարծության պակաս: Այսպես, օրինակ, Հայաստանի 13 հեռուստաընկերություններից միայն մեկն է իրականացնում քաղաքական թոք-շոուների ուղիղ հեռարձակում: Միջազգային դիտորդները նշել են, որ նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները ԶԼՄ-ների կողմից լուսաբանվել են «խտրական մոտեցման» դրսևորումով և ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական տեսակետների զգալի սահմանափակումներով:

Տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգի խումբ հանդիսացող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների վեց միջադեպերի մասին, որոնք արձանագրվել են 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում: Մի դեպքում, մի քանի երիտասարդներ բռնի կերպով խոչընդոտել են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանին` արձանագրելու Արտաշատում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցող քվեատուփերի լցոնումը: Հունիսի դրությամբ, հանձնաժողովը փաստագրել էր լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ գործադրված ճնշումների 34 միջադեպեր:

Պալիատիվխնամք

Ափիոնային դեղորայքի դեղատոմսերի և գնումների բարդ ու ժամանակատար հայաստանյան ընթացակարգերը խոչընդոտում են պատշաճ պալիատիվ խնամքի մատուցմանը` ավելորդ տանջանքների դատապարտելով մահացու հիվանդություններով տառապող անձանց: Թեև մորֆինը անբուժելի հիվանդ մարդկանց կյանքը բարելավելու անվտանգ, արդյունավետ և էժան միջոց է, Հայաստանում մորֆինի և այլընտրանքային ուժեղ ափիոնային դեղորայքի սպառման ներկայիս մակարդակը բավարար չէ քաղցկեղով հիվանդ բոլոր մարդկանց օգնություն տրամադրելու համար և շատերին թողնում է առանց համապատասխան ցավազրկող դեղորայքի իրենց հիվանդության վերջին փուլերի ընթացքում:

Սեռականկողմնորոշումևգենդերայինինքնություն

Տեղական լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներն իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանում ահազանգող աստիճանի հասնող հոմոֆոբիայի կապակցությամբ: Ըստ Հայաստանի «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (ՓԻՆՔ Արմենիա)` տեղական իրավապաշտպան խմբի, սեքսուալ ծառայությունների ոլորտում զբաղված տրանսգենդեր կանայք հաճախ են ենթարկվում խոշտանգումների, որոնց մասին ոստիկանությանը հայտնելու դեպքում, չեն ստանում որևիցե պաշտպանություն վերջինիս կողմից: ՓԻՆՔ Արմենիան նաև հայտնել է, որ շարունակվում են տրանսգենդեր անձանց նկատմամբ աշխատանքային խտրականությունը, առողջապահական համակարգից նրանց օգտվելու հնարավորության խոչընդոտումը և նրանց հանդեպ ֆիզիկական և հոգեբանական բռնությունները բանակում, ընտանիքներում և հանրության մեջ:

Համաձայն Amnesty International-ի օգոստոսյան զեկույցի` պետական պաշտոնյաները հաճախ արդարացնում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարված բռնարարքները` դրանց բնութագրելով որպես «ավանդական արժեքների» արտահայտություն: Հուլիսին, Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկությամբ, այն է` սահմանել մինչև 4,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք «ոչ ավանդական սեռական հարաբերություններ խրախուսելու համար»: Առաջարկությունը հետագայում հետ է կանչվել:

Հուլիսին, Երևանի դատարանը դատապարտել է երկու անձանց` 2012թ. մայիսին մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Վերջիններս ռումբ էին նետել DIY բարի վրա, ուր հաճախ էին այցելում ԼԳԲՏ և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ: Պատկերված գրաֆիտին վկայում էր, որ հարձակման թիրախում են եղել ԼԳԲՏ մարդիկ: Հարձակվողներից մեկը դատապարտվել է 19 ամսվա ազատազրկման, իսկ մյուսը` երկու տարվա պայմանական ազատազրկման: Նրանք երկուսն էլ համաներում ստացան հոկտեմբերին: Նրանց նկատմամբ չափազանց մեղմ պատիժ սահմանելու կապակցությամբ իրենց վրդովմունքն են արտահայտել տեղական իրավապաշտպան խմբերը: Հայաստանում բացակայում է ատելություն պարունակող խոսքի վերաբերյալ օրենսդրություն:

Հիմնականմիջազգայինդերակատարներ

Հայաստանի միջազգային գործընկերները հայտնել են, որ փետրվարյան նախագահական ընտրությունները անց են կացվել սահուն, սակայն ի լրումն ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլ կազմակերպություններ ևս կարևոր են համարել նշել, որ տեղի են ունեցել ԵԱՀԿ ընտրական չափանիշների խախտումներ, ներառյալ` վարչական ռեսուրսների չարաշահում, հանրային կառավարման անաչառության պակաս և ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր:

2013թ. սեպտեմբերին, ԵՄ պատվիրակությունը Երևանում իր խորը մտահոգությունն է արտահայտել քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ գործադրված հարձակումների և մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի առթիվ:

Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ մարտին լույս տեսած իր զեկույցում, ԵՄ-ն գնահատել է Հայաստանի «լուրջ ջանքերը` գործադրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հաստատման ուղղությամբ», սակայն նաև ընդգծել է հոմոֆոբիայի աճը և լրատվամիջոցների ոչ բավարար անկախությունը:

Մարդու իրավունքների վերաբերյալ ապրիլին լույս տեսած իր զեկույցում, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է Հայաստանում առկա մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում` կյանքից կամայական կամ ապօրինի զրկելը, խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների արգելումը:

Սեպտեմբերին, Հայաստանը ստորագրել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» Միավորված Ազգերի Կոնվենցիան` նրանց ապահովելով անաչառ, մարդասիրական և օրինական պայմաններով:

Թարգմանցվածէանգլերենից