Տասն անհատների մահվան ելքով ոստիկանության և ընդդիմության ցուցարարների միջև տեղի ունեցած փողոցային բախումներից ավելի քան երեք տարի անց դեռևս չի կիրառվել հիմնավոր պատասխանատվություն իրավապահ մարմինների կողմից գործադրված անհամաչափ ուժի համար: Կառավարությունն ապաքրեականացրեց զրպարտությունը, բայց կտրուկ մեծացրեց ֆինանսական տուգանքների չափը զրպարտության գործերով քաղաքացիական դատավարություններում: Իշխանությունները շարունակում են սահմանափակել հավաքների ազատությունը: Շարունակվում են ոստիկանությունում ձերբակալման ժամանակ տեղի ունեցող խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերը և կառավարությունն արդյունավետ կերպով չի քննել ազատազրկման, ինչպես նաև խաղաղ պայմաններում զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած մտահոգիչ քանակությամբ մահացության դեպքերը:
Հայաստանի միջազգային գործընկերները չեն ներդրել իրենց ազդեցության ողջ ներուժը հանուն մարդու իրավունքների վիճակի բարելավման:
Պատասխանատվության բացակայություն անհամաչափ ուժի կիրառման համար
2011թ. ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգեց ջանքեր գործադրել առավել հիմնավոր քննելու անվտանգության ուժերի դերը մայրաքաղաք Երևանում 2008թ. մարտի 1-ին ընդդիմության ցուցարարների հետ տեղի ունեցած բախումներում, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ` ներառյալ երկու ոստիկան: 2009թ. դեկտեմբերին դատապարտվեցին չորս ոստիկաններ, որոնք սակայն անմիջապես համաներում ստացան: 2011թ. մայիսի ընդհանուր համաներման շրջանակներում ազատ արձակվեցին բախումների կապակցությամբ դեռևս կալանքի տակ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք` ներառյալ երկու հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Հավաքների ազատությունը
2011թ. ապրիլին Երևանի իշխանությունները, 2008թ. մարտի բախումներից հետո առաջին անգամ, արտոնեցին ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսին (ՀԱԿ) հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այդուհանդերձ, ընդդիմության ակտիվիստները հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժման հնարավորությունները մասնակցելու ընդդիմության հերթական լայն հանրահավաքներին:
Հոկտեմբերին ոստիկանությունը կառավարության շենքի դիմաց ձերբակալեց Վարդգես Գասպարիին, քանի դեռ նա մասնակցում էր մի քանի տասնյակ զինծառայողների ծնողների և ակտիվիստների խաղաղ ցույցին, որոնք բողոքում էին խաղաղ պայմաններում զինծառայության ընթացքում տեղի ունեցող մեծ թվով մահվան դեպքերի կապակցությամբ: Գասպարիին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար, բայց երկու օր անց ազատ է արձակվել գրավի դիմաց:
2010թ. դեկտեմբերին դատարանը երկամյա պայմանական ազատազրկման դատապարտեց ընդդիմության ակտիվիստներ Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին` մեղադրանք ներկայացնելով խուլիգանության և ոստիկանին վիրավորանք հասցնելու համար, երբ վերջինս փորձել է կանխել ցուցարարների մուտքն Ազատության հրապարակ 2010թ. մարտին:
Խոշտանգում և վատ վերաբերմունք
Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները նշում են ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի մասին: Օգոստոսին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) հրապարակեց հաշվետվություն իր 2010թ. իրականացրած այցի մասին, որը ներառում էր «զգալի թվով ստուգված և ճշտված հայտարարություններ ձերբակալված անձանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների», ինչպես նաև խոշտանգումների մասին` ենթադրաբար խոստովանական ցուցմունքների և այլ տեղեկությունների կորզման նպատակով:
Օգոստոսին ոստիկանության կողմից ծեծի ենթարկվեցին և ձերբակալվեցին ՀԱԿ-ի յոթ ակտիվիստներ այն բանից հետո, երբ երևանյան այգիներից մեկում նրանք միջամտել էին ոստիկանության կողմից մեկ այլ անձի, իրենց համոզմամբ ապօրինի, կանգնեցմանն ու ստուգմանը: Բժշկական ստուգումն ակտիվիստների մոտ արձանագրեց ուղեղի ցնցում: Ոստիկանությունը բոլոր յոթին մեղադրեց խուլիգանության և պաշտոնատար անձին վիրավորելու մեջ: Դատարանը կալանքի որոշում կայացրեց մեկ ակտիվիստի, Տիգրան Առաքելյանի, նկատմամբ` կիրառելով չորս ամսվա նախնական կալանք: Մինչ այս պահը դեռևս քննության չեն ենթարկվել ոստիկանական գործողությունները:
Հունիսին քաղաքացիական հագուստով Երևանի ոստիկանության երկու աշխատակիցներ, գողության մեջ կասկածելով, կրակ արձակեցին և սպանեցին Արման Ենգիբարյանին: Ոստիկանությունը հիմնավորում է ուժի կիրառումը փախուստի պահին Ենգիբարյանի կողմից գազային ատրճանակից կրակ բացելու հանգամանքով: Տեղական իրավապաշտպան խմբերը ոստիկանության գործողությունները համարում են անհամաչափ: Ենգիբարյանի ատրճանակում չեն եղել մարտական փամփուշտներ և նրա գլխի ու որովայնի հրազենային վերքերը հուշում են, որ ոստիկանությունը չի փորձել նվազագույնի հասցնել մահվան ելքի հավանականությունը: Նախաքննությունը եզրահանգել էր, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, սակայն Ենգիբարյանի ընտանիքը բողոքարկում է այդ որոշումն այն հիմնավորմամբ, որ միջազգային իրավունքի տեսանկյունից չի տարվել արդյունավետ քննություն և, մասնավորապես այն պատճառով, որ նրանք, որպես ընտանիքի անդամներ, զրկված են եղել քննությանը մասնակցելու հնարավորությունից:
Չնայած մայիսի համաներման արդյունքում 590 բանտարկյալների ազատ արձակմանը, բանտերը շարունակում են մնալ գերբնակեցված` հանգեցնելով պահման պայմանների և ստանդարտների այնպիսի խախտումների, ինչպիսիք են օրինակ ոչ հիգիենիկ պայմանները, ոչ պատշաճ բուժօգնությունը և վարժանքի պակասը: Գերբնակեցումը հիմնականում պայմանավորված է դատարանների կողմից նախնական կալանքի որոշումների կայացման անհարկի չարաշահմամբ:
Մահացության դեպքեր կալանավայրերում
Կալանավայրերում չբացահայտված հանգամանքներում մահացության դեպքերը նույնպես բացասաբար են ազդում մարդու իրավունքների հայաստանյան ցուցանիշների վրա: 2010թ. հոկտեմբերին Վանաձորում նախնական կալանքից երկու շաբաթ անց մահացավ ոստիկանության սպայի մոր սպանության մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանը: Նրա ընտանիքի պնդմամբ Ոսկանյանը մահացել է փտախտից (գանգրենա), որի պատճառ է դարձել կալանքի ընթացքում ստացված վերքի վարակումը և դրա ոչ պատշաճ բուժումը: Հարուցված քրեական գործը կարճվեց` եզրակացնելով, որ բանտային բժշկի անփութությունը պատճառ չի հանդիսացել Ոսկանյանի մահվան համար: Քննությունը երբեք չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Ոսկանյանը ստացել նշված վերքերը, որոնք հանգեցրել են նրա մահվանը:
2010թ. նոյեմբերին դատարանն ութ տարվա ազատազրկման դատապարտեց Չարենցավանի ոստիկանության քննչական բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանին պաշտոնական դիրքի չարաշահման և Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, ով մահացել էր 2010թ. ապրիլին ոստիկանությունում կալանքի ընթացքում դանակով հասցված վերքերից: Տեղական իրավապաշտպան խմբերը և Խալաֆյանի ընտանիքը համոզված են, որ նա սպանվել է դանակահարությամբ:
2011թ. մայիսին դատարանը չեղյալ համարեց դատախազի 2011թ. մարտի որոշումը 2007թ. Լևոն Գուլյանի մահվան գործի քննությունը դադարեցնելու մասին: Պաշտոնական կողմի ներկայացմամբ Լևոն Գուլյանը ոստիկանության բաժանմունքից փախուստի դիմելով` դուրս է ցատկել երկրորդ հարկից: Գուլյանի հարազատները պնդում են, որ նրան խոշտանգել են:
Խախտումները բանակում
Տեղական իրավապաշտպան խմբերը հայտնում են բանակում վատ վերաբերմունքի, ճնշումների և խաղաղ պայմաններում ահազանգող թվով մահացության դեպքերի մասին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2011թ. հոկտեմբեր ամսին հայտարարել է խաղաղ պայմաններում մահացության առնվազն 17 դեպքերի մասին: Օրինակ` Թորգոմ Սարուխանյանը, 21 տարեկան, զոհվել է փետրվարին, իբր իր կողմից արձակված հրազենային վնասվածքից: Պաշտպանության նախարարության քննիչները ձերբակալել են երեք զինծառայողների` ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Սարուխանյանի ընտանիքը պնդում է, որ նա սպանվել է և որ նրա մարմնի վրա առկա են ծեծի հետքեր:
2010թ. դեկտեմբերին դատարանը պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով մայոր Սասուն Գալստյանին դատապարտեց երեք տարվա ազատազրկման: 2010թ. սեպտեմբերին YouTube-ում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Գալստյանը ծեծում և նվաստացնում էր երկու զինծառայողի:
Մամուլի ազատություն
2010թ. մայիսին Հայաստանն ապաքրեականացրեց զրպարտությունը, սակայն քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններով սահմանվեցին բարձր դրամական տուգանքներ զրպարտության և վիրավորանքի համար` հանգեցնելով դատական գործերի աճի ընդդեմ թերթերի հատկապես պետական պաշտոնյաների կողմից: Որոշ դեպքերում դատարանների կողմից անհամամասնորեն մեծ չափով վնասների հատուցման նշանակումները վտանգում են թերթերի գոյությունը: Լրագրողներն ու խմբագիրները հայտարարում են, որ բարձր տուգանքները սահմանափակում են խոսքի ազատությունը:
2011թ. փետրվարին դատարանը ընդդիմությանը հարող Հայկական Ժամանակ օրաթերթին պարտադրեց կառավարության հետ կապված երեք գործարար մարդկանց վճարել մոտավորապես 16 500 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում և հերքել պնդումները, որ նրանք ներգրավված են քրեական գործունեության մեջ (միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմում է 90 ԱՄՆ դոլար): Թերթը նվիրատվություններ հայթայթեց իր ընթերցողներից որպեսզի վճարի տուգանքը և շարունակի հրապարակվել:
Հունիսին դատարանը ընդդիմադիր Ժամանակ օրաթերթին պարտադրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վճարել մոտավորապես 8 250 ԱՄՆ դոլար վերջինիս իր նախագահության ընթացքում և դրանից հետո կոռուպցիոն բիզնես գործարքներում մեղադրող նյութեր տպագրելու համար` Ժամանակ օրաթերթին դնելով լուրջ ֆինանսական ճնշման տակ: Քոչարյանի կողմից ներկայացված զրպարտության մեկ այլ դատական հայցով դատարանը սառեցրեց Հրապարակ օրաթերթի բանկային հաշիվները մինչ դատավճռի կայացումը:
Մեկ առանձին գործով երևանյան դատարաններից մեկը, դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ներկայացված հայցի հիման վրա, սեպտեմբերին սառեցրեց Հրապարակ-ի մոտ 8 000 ԱՄՆ դոլարի ակտիվները և արգելեց նյութեր հրապարակել իր դեմ հարուցված զրպարտության գործի մասին:
Փետրվարին դատարանը ձևական դատավարությամբ պարտավորեցրեց Երկիր օրաթերթին վճարել 800 ԱՄՆ դոլար իշխանամետ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, որին թերթն իր հոդվածներից մեկում անվանել էր «դենդի»:
Բազմակարծության պակասը մամուլում դեռևս մնում է որպես խնդիր: 2010թ. դեկտեմբերին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը պատասխնատու է հաճախականությունների արտոնագրերի համար, 13-րդ անգամ մերժեց Ա1+ անկախ հեռուստաընկերության արտոնագիր ստանալու հայտը, չնայած 2008թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի, ըստ որի Հայաստանը խախտել էր խոսքի ազատությունը` բազմիցս և կամայականորեն մերժելով հեռուստաընկերության արտոնագիր ստանալու հայտերը:
Իշխանությունները նաև մերժել են ԱԼՄ հեռուստաընկերության թվային հեռարձակման արտոնագիր ստանալու հայտը, որի սեփականատերը հայտարարել էր իր քաղաքական հավակնությունների մասին, ինչպես նաև Գյումրիում հիմնված ԳԱԼԱ հեռուստաընկերության հայտը, չնայած նրան, որ ԳԱԼԱ-ն իր գործող արտոնագրով կարող է հեռարձակվել անալոգային հաճախականություններով մինչեւ 2015թ.: Սկսած 2007թ.-ից ԳԱԼԱ-ի նկատմամբ հարուցվել են ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեցող դատական գործեր և պետական ատյանների կողմից ենթարկվել է ոտնձգությունների, ինչը փաստորեն կապված է եղել ընդդիմադիր կուսակցության գործունեության լուսաբանման հետ:
Մարդու իրավունքների պաշտպաններ
Օգոստոսին դատարանը զրպարտության գործով լսեց Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Արթուր Սաքունցի, այն բանից հետո, երբ Սաքունցը թերթին տված հարցազրույցում մեղադրել էր Եղիազարյանին յուրացումների և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ ու քննադատել իշխանություններին, որ չեն ցանկանում քննության առնել հայտարարությունները: Դատավարությունը շարունակվում է:
Հիմնական միջազգային դերակատարներ
Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ սահմանափակեցին կառավարությանն ուղղված իրենց քննադատությունը կապված մարդու իրավունքների վիճակի հետ:
Եվրոպական հարևանության քաղաքականության մայիսի զեկույցում Եվրոմիությունը նշել էր, Հայաստանի դատական իշխանության անկախության պակասը, ԶԼՄ-ներում բազմակարծության սահմանափակումը, վատ բանտային պայմանները և վատ վերաբերմունքի դեպքերի ոչ պատշաճ քննությունը, սակայն թերացել էր հստակ ընդգծել մարդու իրավունքների գծով այն կոնկրետ բարեփոխումներիմասին, որոնք պարտադիր են Հայաստանի կառավարության հետ իրենց ունեցած գործակցության շրջանակներում:
Որպես Եվրոխորհրդի անդամ պետություն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին 2011թ. հոկտեմբերին ընդունված բանաձևում, կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը անհարկի գովեստի էր արժանացրել Հայաստանին` նշելով. - «ի վերջո փակված կարելի է համարել 2008թ. մարտյան իրադարձությունների էջը»: Բանաձևն, այդուհանդերձ, վերահաստատել էր մտահոգությունները բախումների ընթացքում 10 մահվան դեպքերի համար պատասխանատվության բացակայության մասին:
Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի, Թոմաս Համմարբերգի, մայիսի զեկույցը կենտրոնացել էր խոսքի, հավաքների ու միավորումների ազատության, ինչպես նաև բանակում խախտումների վրա: Նա կոչ արեց իշխանություններին պատասխանատվության ենթարկել անհամաչափ ուժի գործադրման պատասխանատուներին և 2008թ. մարտյան բախումների մեղավորներին:
Ապրիլին իր եզրափակիչ դիտարկումներում, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը կոչ է արել իշխանություններին, ի թիվս այլ բաների, ավելի շատ պայքարել ընդդեմ անհատների և խմբերի դեմ խտրականության դրսեւորումների: