Skip to main content

Հայաստան՝ Երեխաները մեկուսացված, անհարկի բաժանված են ընտանիքներից

Փակել մանկատները. Ապահովել մատչելի ծառայություններ. Կրթություն բոլորի համար

(Երևան) – Հայաստանում hազարավոր երեխաներ անհարկի առանձնացվում են իրենց ծնողներից և տեղակայվում հաստատություններում՝ հաշմանդամության կամ աղքատության պատճառով, Human Rights Watch-ը նշել է այսօր հրապարակված հաշվետվության մեջ: Կառավարությունն անհապաղ պետք է ապահովի համայնքահեն ծառայություններ և որակյալ ներառական կրթություն, որպեսզի բոլոր երեխաները, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաները, կարողանան մեծանալ ընտանիքում:         

«Ե՞րբ ես կկարողանամ տուն գնալ։ Չարաշահումներ և խտրականություն հաստատություններում գտնվող երեխաների նկատմամբ և որակյալ ներառական կրթության մատչելիության պակասը Հայաստանում» 102 էջից բաղկացած զեկույցն արձանագրում է, թե ինչպես են Հայաստանում հազարավոր երեխաներ ապրում մանկատներում, հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցներում և այլ հաստատություններում: Նրանք հաճախ տարիներ շարունակ ապրում են այնտեղ՝ առանձնացված իրենց ընտանիքներից: Հայաստանում խնամքի հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող։ Human Rights Watch-ը պարզել է նաև, որ Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում բոլոր երեխաների համար որակյալ ներառական կրթություն ապահովելու ուղղությամբ: Ներառական կրթությունը ենթադրում է հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումը իրենց համայնքի դպրոցներում` կրթական և այլ ձեռքբերումների համար ողջամիտ աջակցությամբ:

- Հայաստանի կառավարությունը որոշ համարձակ պարտավորություններ է ստաձնել երեխաների թիվը հաստատություններում նվազեցնել համար, բայց պետք է ապահովի, որ այդ խոստումները հենված լինեն լուրջ, հետևողական գործողությունների վրա, - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն և սույն զեկույցի հեղինակ Ջեյն Բյուքանանը: «Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում մեծանալու իրավունք, և կառավարության ու դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին և երեխաներին, այլ ոչ խոշոր հաստատություններին»:

Երեխաներն իրենց ծնողներից առանց անհրաժեշտության չբաժանվելու իրավունք ունեն: Ոչ աղքատությունը և ոչ հաշմանդամությունը չեն կարող արդարացում կամ հիմք լինել երեխային հաստատությունում տեղակայելու համար:

Խնամքի հաստատությունները հաճախ ծառայում են որպես սոցիալական ծառայությունների հիմնական տրամադրող կյանքի դժվարին այնպիսի իրավիճակներում հայտնված ընտանիքների համար, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, անբավարար բնակարանային պայմանները, առողջապահական խնդիրները կամ հաշմանդամությունը: Ծառայությունները և մասնագետները հաճախ կենտրոնացված են հաստատություններում` համայնքներում հասանելի և մատչելի լինելու փոխանակ, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման և կրթության համար: Այս հանգամանքը շատ ընտանիքների դրդում է խնամքի հաստատություններ ուղարկել իրենց երեխաներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք կնախընտրեին երեխաներին մեծացնել տանը:

Կառավարությունը նպատակ ունի առնվազն 22 խնամքի հաստատություններից դուրս բերել երեխաներին մինչև 2020 թվականը և այս շինությունները վերածել համայնքահեն ծառայություններ տրամադրող կենտրոնների։ Որոշներն արդեն փոխակերպվել են։ Սակայն, այն երեք մանկատները, որոնք բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների են ընդունում, կշարունակեն գործել: - Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այլ երեխաների հետ հավասար հիմունքներով ընտանիքակենտրոն խնամք չապահովելը խտրականության դրսևորում է և պետք է անհապաղ դադարեցվի, -ասում է Human Rights Watch-ը:

Կառավարությունը նաև սառեցրել է ընտանեկան օրենսգրքում առանցքային փոփոխությունների իրականացումը, որոնք կդյուրացնեին խնամատարությունն ու որդեգրումը` կարևոր տարբերակներ այնպիսի դեպքերում, երբ երեխաները չեն կարող ապահով կերպով վերադառնալ իրենց կենսաբանական ընտանիքներ: Կառավարության ներկայիս բյուջեն աջակցություն է հատկացնում ընդամենը 25 խնամատար ընտանիքների համար ողջ երկրում:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի հաստատություններում գտնվող երեխաներին ուղղվող ֆինանսական աջակցությունը կազմում է մեկ երեխայի համար տարեկան 3000-ից 5000 ԱՄՆ դոլար: Այդ միջոցները կարող էին օգտագործվել համայնքահեն ծառայությունների և ընտանիքների համար ուղղակի աջակցության նպատակով, որն, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ավելի քիչ ծախսատար է երկարաժամկետ առումով:

Նույնիսկ ռեսուրսներով առավել հագեցած մանկատները հաճախ գերբնակեցված են, իսկ երեխաները բաժանվում են խոշոր խմբերի՝ քիչ թվով խնամակալների հետ։ Նույնիսկ առավել նվիրված աշխատակազմը կարող է ի վիճակի չլինել տրամադրել անհատական ​​այն ուշադրությունն ու խնամքը, որը երեխաներին անհրաժեշտ է զարգանալու համար:

Երբ Մերին ծնվեց Դաունի համախտանիշով 2009 թվականին, մի բժիշկ նրա ծնողներին խրախուսեց Մերիին հիվանդանոցում թողնել ՝ պնդելով, որ նա իր հաշմանդամության պատճառով երկար չի ապրի։ Հինգ տարի անց տեղի ունեցած ընտանեկան ճգնաժամից հետո նրա ծնողները որոշեցին, որ ցանկանում են իմանալ, թե ինչ է պատահել իրենց դստերը, և ի վերջո գտան նրան հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մանկատանը: Նրա հայրը՝ Արթուրը, նկարագրեց նրա աճն ու առաջընթացը մանկատնից վերադառնալուց հետո. «Նա բոլորովին չէր քայլում: Նա սկսեց քայլել միայն այն ժամանակ, երբ տուն եկավ: ... Նա ավելի շատ է հասկանում։ Նա գիտի իր անունը: Նա կարող է արձագանքել: ... Մերին օրհնություն է: Եթե ​​մենք չվստահեինք մեր ընտանեկան բժշկին, մենք երբեք չէինք լքի նրան»։

Կրթության առումով, կառավարությունը պարտավորվել է ողջ դպրոցական համակարգը ներառական դարձնել մինչև 2022 թվականը։ Սակայն, ներկայումս, կրթական առաջադիմությանը անհատական ​​մոտեցման բացակայության, ինչպես նաև դպրոցներում և համայնքներում ֆիզիկական խոչընդոտների պատճառով Հայաստանում հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ընդհանրապես կրթություն չեն ստանում։ Մյուսները, ովքեր ընդգրկված են համայնքային «ներառական» դպրոցներում, երբեմն կարող են շաբաթվա մեջ միայն մի քանի օր կամ օրական ընդամենը մի քանի ժամով դպրոց հաճախել:

Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ դասերին չեն հաճախում մյուս երեխաների հետ միասին, կամ դասարանում գտնվելու դեպքում չեն ստանում այն ծառայությունները, որոնք նրանց անհրաժեշտ են կրթական ծրագրին մասնակցելու համար: Դրա փոխարեն նրանց կարող են հանձնարարել նկարել, կար ու ձև անել կամ այլ առաջադրանքներ կատարել` նրանց զբաղեցնելու համար։ Հաշմանդամություն ունեցող շատ երեխաների համար կրթությունը գլխավորապես կամ բացառապես բաղկացած է մեկ ժամ կամ ավելի կարճ տևողությամբ անհատական դասերից` շաբաթական մեկ կամ մի քանի անգամ:

Համայնքային դպրոցները հաճախ չունեն բավարար կադրեր, մասնավորապես օգնականներ, ովքեր կարող են անմիջական աջակցություն ապահովել մեկ կամ ավելի երեխաների համար: Որոշ դեպքերում ծնողներից մեկը, որպես կանոն երեխայի մայրը, երեխայի հետ մնում են դասարանում՝ նրան աջակցություն տրամադրելու նպատակով: Հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ստանում են չափանիշներին չհամապատասխանող տնային ուսուցում՝ միայն տարրական գրագիտություն և թվաբանություն ուսուցանելու համար երեխային տանը այցելող ուսուցիչների միջոցով:

Միջազգային չափանիշները սահմանում են, որ դպրոցները պետք է լիովին մատչելի լինեն և ողջամիտ հարմարեցումներ ապահովեն աշակերտներին աջակցելու համար՝ անկախ նրանց հաշմանդամությունից։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող աջակցության միջոցները պետք է լինեն անհատականացված` հիմնված յուրաքանչյուր երեխայի ուսուցման կոնկրետ կարիքների վրա և պետք է ամրապնդեն դասարանում լիարժեք մասնակցելու հնարավորությունները հաշմանդամություն ունեցող աշակերտների համար:

Հաշմանդամություն ունեցող երեխաները, ում տարիքը լրանում է մանկատներում կամ հատուկ դպրոցներում բնակվելու համար, երբեմն հաստատություններում են մնում անորոշ ժամկետով: Սա կարող է պայմանավորված լինել մատչելի կացարանների, տրանսպորտի և զբաղվածության բացակայությամբ: Այլ դեպքերում, սակայն, նրանք մնում են հաստատություններում գործունակությունից զրկված լինելու և իրենց համար որոշումներ կայացնելու իրավունքի մերժման պատճառով։ Նրանք կարող են զրկված լինել այնպիսի հնարավորություններից, որոնք մարդկանց մեծամասնության համար ինքնըստինքյան ենթադրելի են, ինչպես օրինակ՝ բնակության վայրի ընտրությունը, աշխատանք ունենալը, իրենց ընտրությամբ ընկերական շրջապատի և նախասիրությունների ձևավորումը, կյանքի ընկեր կամ ամուսին գտնելը կամ երեխաներ մեծացնելը:

«Էդմոնդը» (անունը փոխված է), հաստատությունում ապրող` մեղմ մտավոր հաշմանդամություն ունեցող չափահաս երիտասարդը, Human Rights Watch-ին ասել է. «Ես չեմ կարող պատասխանել, թե ով է որոշում, որ ես այստեղ մնամ: Ես այստեղ եմ եղել 8 տարեկանից ի վեր և ես կմնամ այստեղ: ... Իմ երազանքներից մեկն է կարողանալ ապրել ինքնուրույն և իմ սեփական կյանքով: Երկար ժամանակ ես մտածում էի ինքնուրույն ապրել կարողանալու մասին, բայց ես կորցրել եմ հույսս»:

- Հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդ չափահասները կրթության և հնարավորությունների նույն իրավունքներն ունեն, ինչ իրենց հասակակիցները, - ասել է Բյուքանանը: «Ապահովելը, որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարողանան դպրոց գնալ իրենց համայնքներում, լավ է որպես առաջին քայլ, բայց դա դատարկ ժեստ է, եթե երեխաները չեն ստանում որակյալ կրթություն, որը նրանց հնարավորություն կտար կրթական ձեռքբերումների հասնել, իրացնել իրենց ներուժը և ներդրում ունենալ բազմազան հասարակության մեջ։»

«Ե՞րբ ես կկարողանամ տուն գնալ։ Չարաշահումներ և խտրականություն հաստատություններում գտնվող երեխաների նկատմամբ և որակյալ ներառական կրթության մատչելիության պակասը Հայաստանում» զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.

Region / Country