Հայաստան՝ Երեխաները մեկուսացված, անհարկի բաժանված են ընտանիքներից

(Երևան, 22-ը փետրվարի, 2017թ.) – Հայաստանում hազարավոր երեխաներ անհարկի առանձնացվում են իրենց ծնողներից և տեղակայվում հաստատություններում՝ հաշմանդամության կամ աղքատության պատճառով, Human Rights Watch-ը նշել է այսօր հրապարակված հաշվետվության մեջ: Կառավարությունն անհապաղ պետք է ապահովի համայնքահեն ծառայություններ և որակյալ ներառական կրթություն, որպեսզի բոլոր երեխաները, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաները, կարողանան մեծանալ ընտանիքում:
«Ե՞րբ ես կկարողանամ տուն գնալ։ Չարաշահումներ և խտրականություն հաստատություններում գտնվող երեխաների նկատմամբ և որակյալ ներառական կրթության մատչելիության պակասը Հայաստանում» 102 էջից բաղկացած զեկույցն արձանագրում է, թե ինչպես են Հայաստանում հազարավոր երեխաներ ապրում մանկատներում, հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցներում և այլ հաստատություններում: Նրանք հաճախ տարիներ շարունակ ապրում են այնտեղ՝ առանձնացված իրենց ընտանիքներից: Հայաստանում խնամքի հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող։ Human Rights Watch-ը պարզել է նաև, որ Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում բոլոր երեխաների համար որակյալ ներառական կրթություն ապահովելու ուղղությամբ: Ներառական կրթությունը ենթադրում է հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումը իրենց համայնքի դպրոցներում` կրթական և այլ ձեռքբերումների համար ողջամիտ աջակցությամբ:

Region / Country