Skip to main content

Հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության բարելավումը Հայաստանում

Դատավճիռը օրենքի առաջ ավելի մեծ հավասարության հույս է առաջացնում

Արթուր Հակոբյանը հարցազրույց է տալիս RFE/RL Հայաստանյան գործակալությանը։ Ազատություն ռադիոկայան:  Սքրինշոթ ©RFE/RL/Radio Azatutyun

Հայաստանի բարձրագույն դատարանի վերջին որոշումը խոստանում է բարելավել օրենքի առաջ հավասարության իրավունքը հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանում:

2015թ.-ին, 18-ամյա զինծառայող Արթուր Հակոբյանը հայտարարել էր, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հրամանատարի կողմից մի քանի անգամ ենթարկվել է ֆիզիկական բռնությունների: Հակոբյանը պնդում է, որ մի անգամ հրամանատարը քաշել է նրա ականջից և հարվածել նրա պարանոցին, երբ նա հրաժարվել է ջրել զորամասի ծառերը: Սակայն հրամանատարի և այլ զինվորների վկայությունները լսելուց հետո, քննիչն արագորեն դադարեցրել է քննությունը:

Հիմնվելով քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթի վրա, որն արգելում է ցուցմունք վերցնել անձանցից, ովքեր «ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու հանգամանքները», քննիչներն ու դատախազները մերժեցին Հակոբյանի վկայությունը՝ նրա հոգեսոցիալական հաշմանդամության (մտավոր առողջական վիճակի) պատճառով, ինչը նրա մոտ բնութագրվել էր բժիշկների եզրակացությամբ: Նույն հիմքերով մերժվել էին նաև նրա միջնորդությունները ավելի ստորին ատյանի դատարաններում:

Սակայն այժմ Հայաստանի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ քննիչներն ու դատարանները պետք է լսեն և հաշվի առնեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վկայությունը և նրանք չեն կարող անտեսել վկայությունը՝ հիմնվելով մարդու հոգեկան առողջության վերաբերյալ բացառապես բժշկական զննումների վրա:

2017թ. մայիսին ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն ուսումնասիրեց հաշմանդամություն ունեցող անձանց մասով Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և կոչ արեց կառավարությանը ապահովել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան մասնակցելու իրավական գործընթացներին մյուսների հետ հավասար հիմունքներով: Ներառյալ այնպիսի հարմարություններ, որոնք հնարավորություն կտան հեշտացնել նրանց ներգրավվածությունը, օրինակ՝ տեղեկատվությունը դարձնելով ավելի դյուրընթեռնելի և այլ մատչելի ձևաչափերով, ֆիզիկական մատչելիություն և իրավաբանական օգնություն՝ ըստ անհրաժեշտության:

Հայաստանի սահմանադրությունը և օրենքները ճանաչում են օրենքի առաջ հավասարության սկզբունքը: Բայց ինչպես ցույց է տալիս Հակոբյանի գործը, գործնականում հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միշտ են ունենում նման փորձ: Հայաստանի օրենքը նաև թույլ է տալիս մտավոր կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց զրկել իրենց գործունակությունից, այսինքն, խնամակալն է որոշումներ կայացնում նրանց փոխարեն և ներկայացնում նրանց դատարանում: Չկա օրենսդրություն, որն իշխանություններից կպահանջեր խելամիտ հարմարեցումներ ապահովել դատական գործընթացներում:

Մտավոր և հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարանը և կարծրատիպերը կարող են խանգարել արդարադատության հասանելիությանը: Հայաստանը դեռ պետք է ընդունի խտրականությունն արգելող համապարփակ օրենք, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Այս դատարանի որոշումը պետք է ազդարարի, որ այս ամենը պետք է այնպես փոխվի, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ստանալ արդարացի վերաբերմունք և հասնել հավասար արդարադատության, որին բոլորն են արժանի:

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.

Region / Country