Skip to main content

Հայաստան. Սահմանափակ պաշտպանություն և օգնություն ընտանեկան բռնություն վերապրածների համար

Նոր օրենքը պետք է ամրապնդի անվտանգությունը, բարելավի ծառայությունները և արդարադատությունը

Թագուհին ցույց է տալիս իր սպիները պարանոցի և ուսի վրա: 2016 թվականին նրա նախկին ամուսինը կացնով հարձակվել էր նրա և նրա մոր վրա՝ սպանելով մորը:  Նազիկ Արմենակյան (Daphne.am) © 2016
(Երևան) - Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների կյանքը և բարեկեցությունը վտանգված է, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել նրանց պաշտպանությունը. այսօր հայտարարել է Human Rights Watch-ը: Հայաստանի խորհրդարանը 2017թ. դեկտեմբերին ընդունել է ընտանիքում բռնության մասին օրենք, սակայն կանայք և երեխաները կշարունակեն մնալ վտանգի տակ այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը արմատապես չի փոխի բռնության վերաբերյալ բողոքներին ոստիկանության արձագանքման և բռնության ենթարկվածներին մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցման մոտեցումները:

Human Rights Watch-ը Հայաստանում զրուցել է ընտանեկան դաժան բռնություն վերապրած 12 կանանց հետ: Կանայք ասում են, որ իրենց ամուսինները կամ տղամարդ զուգընկերները հարվածել են նրանց բռունցքներով և ոտքերով, բռնաբարել, հարվածել կահույքի տարրերով և այլ առարկաներով, փակել են նրանց տներում, ճնշել նրանց և սպառնացել կամ փորձել են սպանել դանակներով կամ այլ սուր առարկաներով: Կանանցից հինգը հայտնել են, որ իրենց նկատմամբ հարձակումները շարունակվել են հղիության ընթացքում. երեքը նշել են, որ իրենք վիժել են՝ ամուսինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

«Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել կանանց և այլոց ընտանեկան բռնություններից՝ վտանգելով կանանց և երեխաների առողջությունն ու կյանքը», - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենանը: «Նոր օրենքը մեկ կարևոր քայլ է, բայց վտանգն առկա է քանի դեռ իշխանությունները լուրջ չեն ընդունում ընտանեկան բռնության մասին հաղորդումները և չեն ապահովում անհրաժեշտ իրավական, բժշկական և սոցիալական օգնություն կանանց և երեխաների համար»:

Հարցվածները նշել են, որ երբ բռնության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը կամ այլ պատկան մարմինների, իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել հետագա բռնությունները կանխելու, գործերը քննելու կամ հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Որոշ դեպքերում իշխանությունները հորդորում էին կանանց հրաժարվել իրենց բողոքներից և հաշտվել իրենց բռնության ենթարկողների հետ: Իշխանությունները կանանց չեն ուղղորդել օգտվելու ծառայություններից կամ օգնության հնարավորություններից:

Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների դաշինքը՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, տեղեկացնում է, որ առնվազն չորս կանայք են սպանվել իրենց զուգընկերների կամ ընտանիքի այլ անդամների կողմից 2017 թվականի առաջին կեսին, և առնվազն 50-ը սպանվել են 2010-ից 2017 թվականն ընկած ժամանակահատվածում։ Կոալիցիան ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 2017 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ստացել է 5299 ահազանգ:

Human Rights Watch-ի կողմից արձանագրված դեպքերից մեկում, 45-ամյա Գայանեն (անունը փոխված է) ասել է, որ նրա նախկին ամուսինը, ամուսնության ութ տարիների ընթացքում, բազմիցս ծեծել է նրան, հետապնդել ամուսնալուծվելուց հետո, և հաճախ ներխուժել է նրա տուն՝ կողոպտելու ու նրա վրա հարձակվելու նպատակով, ամենավերջին անգամը՝ նոյեմբերին էր: «Նա բռնեց իմ մազերից ու նետեց ինձ բազմոցին», - ասաց Գայանեն: «Նա ցատկեց ինձ վրա և արմունկները դրեց կոկորդիս` փորձելով խեղդել ինձ: Ես խփեցի նրա թևին, նա բաց թողեց, բայց հետո ինձ քաշեց բազմոցից, գցեց հատակին և սկսեց ոտքերով հարվածել ամենուր, գոռալով՝ «Մեռի՛ր»:

Երբ Գայանեն գիշերանոցով ոստիկանություն վազեց, նրանք ասացին. «Օհ, փաստորեն դու եկել ես և ուզում ես քո ամուսնու հետ կապված ինչ-որ բա՞ն անել: Նա ծեծե՞լ է քեզ: Եվ այսպես։ Ինչո՞ւ ներս թողեցիր նրան»: Հիվանդանոցում դաստակի ձգված մկանների և բազմաթիվ կապտուկների համար բժշկական օգնություն ստանալուց հետո, Գայանեն տուն է վերադառնում և հայտնաբերում իր նախկին ամուսնուն իր տանը քնած, իր երկու որդիների հետ: Ոստիկանությունը հրաժարվել էր միջամտել:

Երեխաներն ականատես են եղել իրենց մայրերի նկատմամբ բռնություններին, հաճախ՝ տարիներ շարունակ, մի քանի կին նշել է, որ իրենց ամուսինները բռնություն են գործադրել նաև իրենց երեխաների նկատմամբ: Human Rights Watch-ն արձանագրել է կանանց դեմ բռնություններ նաև ընտանիքի այլ անդամների կողմից, մասնավորապես՝ ամուսնու ազգականների կողմից:

Նոր օրենքը պահանջում է, որ ոստիկանությունն անհապաղ միջամտի «երբ առկա է ողջամիտ ենթադրություն ընտանիքում բռնության կրկնության ուղղակի սպառնալիքի կամ բռնության շարունակման մասին»: Հրատապ միջոցառումները ներառում են ոստիկանության կողմից ենթադրյալ հարձակվողին տանից հեռացնելը և նրանց արգելելը մոտենալ կամ շփվել զոհի հետ: Դատարանը կարող է պաշտպանական որոշում կայացնել վեցամսյա ժամկետով՝ երկու անգամ երեք ամսով երկարաձգման հնարավորությամբ:

Բազմաթիվ կանայք նշել են, որ տարիներ շարունակ ապրել են իրենց բռնության ենթարկողների հետ, քանի որ իրավիճակից դուրս գալու միջոցներ չեն ունեցել: Երկիրն ունի ընդամենը երկու ապաստարան ընտանեկան բռնության զոհերի համար, երկուսն էլ մայրաքաղաք Երևանում, երկուսն էլ գործում են ոչ պետական կազմակերպությունների ենթակայության տակ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ընդունել առավելագույնը հինգ կին և նրանց երեխաներին: Եվրոպայի խորհրդի ստանդարտներով պահանջվում է առնվազն մեկ մասնագիտացված ապաստարան յուրաքանչյուր տարածաշրջանում և մեկ ապաստարան յուրաքանչյուր 10000 մարդու համար: Մոտավորապես 2,9 միլիոն բնակչության պարագայում, Հայաստանը պետք է ունենա մոտ 290 ապաստարանային տարածք: Նոր օրենքը թույլ է տալիս ստեղծել կառավարության ենթակայության ապաստարաններ, սակայն չի սահմանում ինչպես ապաստարանների թիվը, այնպես էլ դրանց կարողությունները:

Օրենքը սահմանում է ընտանեկան բռնությունը որպես «ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության ակտ» ընտանիքի անդամների միջև, ներառյալ չգրանցված ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսինները: Պարզ չէ, թե արդյոք օրենքը վերաբերում է զույգերին, որոնք չեն գտնվում գրանցված կամ չգրանցված ամուսնական հարաբերությունների մեջ:

Նախքան նոյեմբերի կեսին օրենքը խորհրդարան բերելը, կառավարությունը վերանայեց այն՝ ներառելով «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը» որպես հիմնական սկզբունք: Իշխանությունները նաև փոխեցին վերնագիրը՝ նպատակ ունենալով ավելացնել «ընտանիքում համերաշխությունը վերականգնելու» հասկացությունը:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մտահոգություն հայտնեց, որ նոր օրենքի «ավանդական արժեքների» սկզբունքը կարող է օգտագործվել պարտադրելու հնացած և խնդրահարույց գենդերային դերերը և կարծրատիպերը: Ակտիվիստները նաև մտավախություն ունեն, որ «համերաշխության վերականգնման» շեշտադրումը կարող է օգտագործվել կանանց ճնշելու նպատակով, որպեսզի նրանք շարունակեն ապրել բռնարար հարաբերություններում:

Դեկտեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Human Rights Watch-ին ասաց, որ «ընտանիքում համերաշխությունը վերականգնելու» հասկացությունը ճանաչում է կառավարության պարտավորությունը ոչ միայն տուժածներին պաշտպանելու, այլ նաև ծառայություններ մատուցել ենթադրյալ բռնություն գործադրողներին, օրինակ՝ բժշկական օգնության տրամադրում ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունեցողներին։ Նա նշել է, որ այս նախաձեռնությունները չեն գերադասվի պաշտպանությանը:

Նոր օրենքը պահանջում է իշխանություններին հետաքննել ընտանիքում ենթադրյալ հանցագործությունները, նույնիսկ եթե զոհը հրաժարվում է ոստիկանություն ներկայացված հայցից: Այն նաև նախատեսում է վերապատրաստման դասընթացներ ոստիկանության, դատախազների, դատավորների և քրեական արդարադատության համակարգի այլ անձանց համար` բողոքներին արձագանքելու, հետաքննելու և գործեր հարուցելու մասին:

Եվրամիությունը պնդել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունի ընտանեկան բռնության օրենքը որպես որոշակի բյուջետային աջակցության պայման: Եվրոպական հանձնաժողովը նաև կոչ է արել Հայաստանին վավերացնել Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը հայտնի է նաև որպես Ստամբուլի կոնվենցիա: Դեկտեմբերի վերջին կառավարությունը հավանություն տվեց կոնվենցիայի ստորագրման հնարավորությանը, բայց դա դեռեւս չի արեվել:

«Հայաստանում կանանց անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը ողջամիտ պաշտպանություն ապահովի բռնություն գործադրող ամուսիններից և զուգընկերներից, ոչ թե պարտադրի տղամարդու գերիշխող դիրքի կամ ընտանեկան դերերի մասին գենդերային կարծրատիպերը, որոնք առաջինը կարող են նպաստել բռնությանը», - ասել է Բյուքենանը:

Ընտանեկան բռնություն վերապրածների վկայությունները

Human Rights Watch-ը խորքային հարցազրույցներ է անցկացրել Հայաստանում ընտանեկան բռնություն վերապրած 12 կանանց հետ` 11-ի հետ 2017 թվականի դեկտեմբերին, իսկ մեկի հետ` 2016 թվականի մայիսին: Human Rights Watch-ը նաև հարցազրույցներ է վարել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների և ընտանեկան բռնության զոհերին ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր նկարագրել են բռնության նմանատիպ դեպքեր, իշխանությունների արձագանքը ընտանեկան բռնությանը և վերապրածների համար ծառայություններից օգտվելու խոչընդոտները: Հարցված յուրաքանչյուր ոք տեղեկացված էր հարցազրույցի նպատակի, նրա կամավոր բնույթի և տեղեկատվության օգտագործման ուղիների մասին: Բոլորը բանավոր կերպով տվել են տեղեկացված համաձայնություն: Հարցազրույցները վեր էին հանում վերապրածների փորձը և իրավական ու այլ պաշտպանական բացերը, որոնց կառավարությունը պետք է անդրադառնա, այդ թվում՝ ընտանեկան բռնության մասին նոր օրենքի միջոցով: Ըստ անհրաժեշտության, հարցվողների ինքնությունը պաշտպանելու նպատակով, օգտագործվել են կեղծանուններ:


«Արմինե»

19 տարեկան հասակում, 2004 թվականին, իր ամուսնության առաջին շաբաթներից սկսած, Արմինեի ամուսինը բռնության է ենթարկել նրան՝

Ամուսնությունից ընդամենը մեկ-երկու շաբաթ անց նա հարվածեց իմ դեմքին: Նա ուշ էր վերադարձել, երբ ես հարցրեցի, թե որտեղ էր նա, դա ծեծը սկսելու պատճառ հանդիսացավ: Երբ ես ութ ամսվա հղի էի մեր առաջին երեխայով, նա ծեծեց ինձ՝ այդ թվում հարվածելով նաև իմ որովայնին: Բժշկի խոսքերով, դա վնասել էր երեխային և նա ծնվել է ողնաշարի խնդրով:

Այնուհետև ամուսինս սկսեց խմել, և այնպիսի տպավորություն էր, որ ես սխալը սխալի ետևից եմ  գործում: Նա նվաստացնում էր ինձ: Նա մահճակալից հանում էր բոլոր սավանները և վերմակները և ստիպում էր, որ ես նորից հավաքեմ դրանք: Նա հրաժարվում էր ուտել այն, ինչ ես էի պատրաստում և պահանջում էր դուրս գալ և այլ բան բերել: Ես նույնիսկ չեմ կարող արտաբերել այն բառերը, որոնք նա ինձ էր ասում վիրավորելու նպատակով: Նրանք ամենավատ բառերն էին:

Հետագայում նա սկսեց սուր առարկաներ օգտագործել: Երբեմն նա գիշերը ուշ էր տուն գալիս, և ես քնած էի լինում իմ անկողնում, իսկ իմ կողքին՝ իմ որդիները: Նա ցատկում էր ինձ վրա և դանակը դնում իմ պարանոցին ու ասում. «կսպանե՛մ քեզ»:

Արմինեն ասում է, որ ամուսինը կոտրել է իր կողոսկրը մի ծեծի ժամանակ և կոտրել իր ձեռքը՝ մյուսի ժամանակ.

Ես նստած էի սեղանի մոտ, նրա դիմաց՝ գրկիս իմ կրտսեր որդին: Ամուսինս զայրացավ և վերցրեց ու շրջեց սեղանը: Ես փորձում էի պահել սեղանը, որպեսզի ինձ վրա չընկնի, բայց արդյունքում կոտրվեց իմ աջ ձեռքը: Ես գնացի հիվանդանոց, որտեղ գիպսային վիրակապ դրվեց: Երբ հիվանդանոցում հարցրեցին թե ինչ է պատահել, ես ստեցի և ասացի, որ ընկել եմ:

Արմինեն նաև ասաց, որ եթե փորձեր իրեն պաշտպանել, ամուսինը կջարդեր կահույքը, կշպրտեր տան իրերը և կկոտրեր պատուհանները: Մի անգամ հարևանները շտապ օգնություն են կանչել՝ հուսալով, որ բժիշկները կարող են հեռացնել Արմինեի ամուսնուն: Բժիշկները հրաժարվել են միջամտել՝ ասելով. «Նա մեր հիվանդը չէ, նրան տարեք հոգեբուժարան»: Նրանք հեռացել են առանց ոստիկանություն զանգելու կամ Արմինեին բացատրելու, թե ինչպես կարող է օգնություն ստանալ:

2014 թվականին, մի գիշեր, երբ ամուսինը սպառնացել էր դանակով սպանել նրան և հարվածել էր կրտսեր որդուն, Արմինեն փախել էր տանից իր երկու զավակների հետ: Նրա նախկին ամուսինն անդադար հետապնդում էր նրան երկու տարի շարունակ.

Նա գալիս էր իմ մորաքրոջ տուն: Նա հայտնվում էր փողոցում, երբ երեխաներին դպրոց էի տանում: Նա ինձ հայհոյում էր, պահանջում էր, որ կրկին միանանք: Այլ դեպքերում կարող էր կանգնել մայթին իմ դիմաց և թույլ չտալ ինձ անցնել: Կամ կարող էր բռնել իմ ձեռքից կամ պայուսակից՝ փորձելով ստիպել ինձ իր հետ գնալ:

2015 թվականին Արմինեն կորցրեց իր աշխատանքը բժշկական կենտրոնում, երբ նրա այն ժամանակ նախկին ամուսինը երկու անգամ այցելել էր իր աշխատավայր:

Ես աշխատում էի 24 ժամ տևողությամբ հերթափոխով: Մի գիշեր նա եկավ և հարբած էր: Նա ասաց. «Ես եկել էի տեսնեմ, թե արդյոք դու իրականում աշխատում ես, թե ինչ-որ բան ես անում ինչ-որ սիրեկանի հետ: Ես թույլ չեմ տա, որ դու որևէ տեղ աշխատես: Ես կկտրեմ քո կոկորդը»: Դրանից հետո տնօրենը եկավ ու ասաց, որ այլևս չպետք է գամ աշխատանքի: Նա ասաց. «Նորմալ չէ, երբ Ձեր ամուսինը գալիս է այստեղ և փորձում պարզել ընտանեկան խնդիրները»:

Բժշկական կենտրոնի տնօրենն Արմինեին որևէ օգնություն չի առաջարկել։

Նա ասաց, որ ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել իրեն.

Ամուսնալուծվելուց հետո ես չորս կամ հինգ անգամ ոստիկանություն եմ կանչել, երբ իմ [նախկին] ամուսինը հայտնվում էր իմ մորաքրոջ տանը: Նրանք գալիս էին, տանում նրան, հետո, հինգ րոպե անց, ազատ էին արձակում: Մի անգամ ես գրավոր բողոք ներկայացրեցի ոստիկանություն: Ծառայողն ասաց. «Մենք ոչինչ չենք կարող անել: Մենք չենք կարող ձերբակալել նրան: Չկա օրենք»: Քննիչը, որն ընդունել էր բողոքը, ասաց, որ միակ հնարավորությունը դատական գործընթացն է, որի արդյունքում նրան դրամական տուգանք է սպասվում: Ես որոշեցի, որ դա անիմաստ է: Նա տուգանք վճարելու գումար չունի:

Արմինեն նկարագրում էր իր շարունակական անհանգստություններն ու վախերը ավելի քան տասը տարվա բռնություններից հետո: Նա ասաց. «Ես նրա մասին տեղեկություն չունեմ, և կարծում եմ, որ նա այլևս Հայաստանում չի ապրում, բայց ես դեռ վախենում եմ: Ես առավոտյան վաղ եմ աշխատանքի գնում, երբ դեռ մութ է: Ես չափազանց անհանգիստ եմ տանից մինչև աշխատավայր հասնելու ճանապարհին: Երբ հետևից ոտնաձայներ եմ լսում, վախենում եմ, որ դա նա է»:


Թագուհի
 

38-ամյա Թագուհին և ամուսինը ամուսնացել են 2014 թվականի փետրվարին: Նա նկարագրում էր ավելի քան երկու տարի շարունակվող հաճախակի ծեծի դեպքեր, այդ թվում` 2014 թվականի հղիության ընթացքում: Մեկ այլ միջադեպի ընթացքում ամուսինը հարվածել էր նրան և սպառնացել դանակով, երբ նրա գրկին էր իրենց նորածին որդին: Թագուհին հաճախ էր ապաստան գտնում ընկերուհու տանը կամ ծնողների մոտ, որի ժամանակ ամուսինը սպառնում էր, հետապնդում և հարձակվում նրա վրա: Թագուհու ամուսինը հարձակվել էր նաև նրա հոր վրա և կոտրել հոր ավտոմեքենայի պատուհանը 2015 թվականին: Չնայած նրան, որ հայրը բողոքել էր ոստիկանություն, նրանք գործը փակել էին` նշելով, որ հանցագործության մասին ապացույցներ չկան:

Թագուհին ծեծի բազմաթիվ դեպքերից հետո բողոքներ էր ներկայացրել ոստիկանություն, չնայած այն հանգամանքին, որ մի շարք գործեր փակվեցին ապացույցների բացակայության պատճառով: Սակայն 2016 թվականի հունվարին դատարանը դատապարտեց նրա ամուսնուն ծեծի և խոշտանգումների համար` հիմնվելով Թագուհու կողմից 2015 թվականի փետրվարից մինչև ապրիլ ներկայացված ծեծի ենթարկելու մասին մի շարք բողոքների վրա: Դատարանը նրան դատապարտեց վեց ամսվա ազատազրկման, սակայն անմիջապես ազատ արձակեց՝ սահմանելով պայմանական պատիժ: Նա այդպես էլ ազատազրկման ձեւով պատիժ չկրեց:

Չնայած իր դատապարտմանը, նա շարունակում էր հետապնդել նրան, հատկապես նրա ծնողների բնակարանում՝ ներխուժելով տուն կամ հարձակվելով շենքի մուտքի մոտ: 2016 թվականի փետրվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Թագուհին առնվազն ութ բողոք էր ներկայացրել ոստիկանություն: Իր ծնողների բնակարանի մոտակայքում 2016 թվականի հուլիսին հարձակման ենթարկվելուց հետո Թագուհին փախել էր ոստիկանություն իր մոր հետ միասին: Ոստիկանությունն ընդունել էր նրա գրավոր բողոքը և ապա մեքենայով կանանց վերադարձրել իրենց շենքի մոտ, սակայն հրաժարվել էր նրանց ուղեկցել մինչև դռան մոտ, թեև Թագուհին նրանց ասել էր, որ վախենում է, որ իր նախկին ամուսինը կարող է սպասելիս լինել նրանց:

Երբ նա և մայրը մոտեցել էին բնակարանի դռանը, Թագուհու նախկին ամուսինը, որը թաքնված էր մոտակայքում, կացնով հարձակվել էր երկու կանանց վրա՝ սպանելով Թագուհու մորը: Թագուհին վեց շաբաթով տեղափոխվեց հիվանդանոց, բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում` գրեթե կտրված ուսով, մասնակի կտրված ականջով և կացնահարման վերքերով ծնկների, ձեռքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և մեջքի շրջանում: Նրա հայրը, ով դուրս էր եկել բնակարանից և փորձել միջամտել, կորցրել էր ձախ ձեռքի երկու մատը: Նրա որդին, ով տանն էր պապիկի հետ, հետևում էր հարձակմանը դռան շեմից: Թագուհու ամուսինը գտնվում է նախնական կալանքի տակ, սպանության և սպանության փորձի մեղադրանքներով:

Սակայն Թագուհուն ևս դատավարություն է սպասվում, նույնպես ծեծի մեղադրանքով՝ իր նախկին ամուսնու ձեռքերն ու պարանոցը հունիսին և 2016 թվականի հուլիսի սկզբին եղունգներով ճանկռելու համար: Նա ասաց, որ գործել է ինքնապաշտպանության շրջանակներում և նրա արհեստական եղունգները չէին կարող ծեծի հետ համատեղելի վնասվածքներ պատճառել:

«Զարուհի»

«Հենց ամուսնացա, 18 տարեկան էի, մղձավանջներն սկսվեցին», - ասաց, այժմ արդեն 30 տարեկան, Զարուհին: «Նա շատ էր խմում, ինչպես և իր ծնողները: Նրանք բոլորն էին ինձ երբեմն հարվածում»: Զարուհու ամուսինը վերահսկում էր նրան, սպառնում էր սպանել նրան: Նա արգելում էր ինձ տանից դուրս գալ կամ նույնիսկ սուրճ խմել և շփվել հարևանների հետ: «Ինձ սպառնաց, որ եթե որևէ մեկին ասեմ ծեծի մասին, ապա նա կսպանի ինձ, կամ եթե փորձեմ հեռանալ նրանից, նա ինձ կգտնի և կսպանի: Ես հասկացա, որ մնալուց բացի այլընտրանք չունեմ»:

Նրա ամուսինը նաև բռնաբարել էր նրան և վերահսկում նաև սեռական իմաստով: «Մի գիշեր նա հարբած տուն եկավ և ուզում էր սեռական հարաբերություն ունենալ: Ես ասացի. «ես չեմ ուզում, մի կպիր ինձ»: Նա շատ բարկացավ ու սկսեց բղավել. «Երբ ես ուզում եմ, դու պետք է քնես ինձ հետ: Նույնիսկ եթե չես ուզում, ինձ համար միևնույնն է: Եթե ես ուզում եմ, ուրեմն դու պետք է տրվես ինձ»: Զարուհին ասաց, որ նա բռունցքով հարվածել է իր գլխին, գցել է գետնին, շրջել որովայնի վրա և բռնաբարել նրան: «Դրանից հետո, նույնիսկ եթե ես չէի ուզում նրա հետ լինել, ես համաձայնում էի: Ես հանգիստ էի մնում, այնպես որ նա ինձ չծեծի», - ասաց նա:

Զարուհին ասաց, որ մի օր, 2009 թվականին, իր ամուսինն իրեն ծեծել էր, երբ նա հինգ ամսվա հղի էր իրենց երրորդ երեխայով: Նրա մոտ սկսվել էր հեշտոցային արյունահոսություն, գնացել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան ասել էին, որ պտուղը մահացել է արգանդում:

Չնայած պարբերական բռնություններին, Զարուհին վախենում էր դիմել ոստիկանություն` ամուսնուց և իր սկեսուրից հնչող մահվան սպառնալիքի պատճառով, ովքեր ասում էին. «Եթե երբևէ մտածել ես ոստիկանության դիմել, իմացիր, որ մենք ոստիկանությունում ընկերներ ունենք և դա քեզ ոչինչ չի տա»:

2017 թվականի օգոստոսի ծանր ծեծից հետո Զարուհին ամուսնալուծվեց և տեղափոխվեց իր ծնողների մոտ: Նա բազմիցս գալիս էր նրանց տուն, ծեծում նրան և սպառնում վերցնել իրենց չորս երեխաներին: Զարուհին, ի վերջո, տեղափոխվեց և թաքնվեց: «Ես պարզապես ուզում եմ, որ նա ինձ մենակ թողնի», - ասաց նա: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական կազմակերպությունների աջակցությամբ Զարուհին ոստիկանություն դիմեց: Նա բողոք է ներկայացրել ծեծի կապակցությամբ, որը հանգեցրել է իր երեխայի մահվան և դիմել է դատարան՝ ալիմենտի և երեխայի աջակցության համար: Հետաքննությունն ընթացքում է:


«Աստղիկ»

 
Աստղիկ, 38 տարեկան, ունի երեք երեխա: Ամուսինը նրան բռնության է ենթարկել 2010 թվականին նրանց ամուսնությունից շատ կարճ ժամանակ անց: Նա ասաց.

Նա բռնում է ինձ և ցնցում: Թքում է իմ վրա: Ամեն օր վիրավորում է իմ հոգին: Նա սպառնում է ինձ, հաճախ դանակով, և իմ երեխաներին ասում է. «Ես կսպանեմ ձեր մորը, և դուք կհայտնվեք մանկատանը»: Նա ինձ ստիպում է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ես չեմ ուզում: Ես դա անում եմ զզվանքով: Ես դա անում եմ որպեսզի ևս մեկ վիճաբանություն չլինի:

Մի անգամ, այս տարվա սկզբին, նա ինձ վրա խոհանոցային դանակ շպրտեց՝ սպառնալով սպանել ինձ: Ես ոստիկանություն կանչեցի, բայց երբ եկան, ասացին. «Քանի դեռ նա ձեզ փաստացի չի վնասել, մենք չենք կարող որևէ բան անել»:

Հասարակական կազմակերպության մի իրավաբանի օգնությամբ նա պաշտոնական հայցադիմում է ներկայացրել մահվան սպառնալիքների վերաբերյալ: Հետաքննությունը շարունակվում է: Թեև նրանք պաշտոնապես ամուսնալուծված են, և Աստղիկն իրավունք ունի դատական կարգով ստանալ երեխայի աջակցություն, նա շարունակում է ապրել իր բռնարար նախկին ամուսնու հետ, քանի որ նա չի վճարում և պարտադրված չէ վճարել աջակցության գումարը, առանց որի Աստղիկը եկամուտներ չունի և չի կարողանում ապահովել իրեն և երեխաներին:


Հասմիկ

Հասմիկն ասում է, որ առաջին անգամ իր ամուսինն իրեն հարվածել է 2004 թվականին իրենց ամուսնությունից կարճ ժամանակ հետո, և շարունակել պարբերաբար նույն կերպ վարվել իրենց ամուսնության ինը տարիների ընթացքում, այդ թվում` 2006 և 2007 թվականների հղիությունների ընթացքում: Նա հարվածում էր գլխին, երբ Հասմիկը երեք ամսվա հղի էր իրենց առաջին երեխայով, որը ծնվել է լսողական հաշմանդամությամբ: Հասմիկը կարծում է, որ իր հղիությունը վնասվել է իր նկատմամբ գործադրված բռնությունների հետևանքով:

Մի օր, 2013 թվականին, Հասմիկի ամուսինը հարվածել էր նրա դեմքին, նրա գլխին կոտրել էր ջրով մի բաժակ, և ծեծել նրան աթոռով: «Նա այնպիսի դաժանությամբ էր ինձ ծեծում, որ ես կորցրեցի գիտակցությունս», - ասաց Հասմիկը: «Ես չէի կարողանում բացել աչքերս, և երբ բացեցի, ես ամենուր և պատերին արյուն տեսա»:

Նրա ամուսնու ընտանիքը հրաժարվեց օգնել նրան տեղափոխել հիվանդանոց: Հասմիկը մի քանի շաբաթ գամված էր մահճակալին: Վերականգնվելուց քիչ անց ամուսինը վերսկսեց ծեծել նրան:

2013 թվականի վերջին մի հերթական ծեծից հետո, որը ծանր վնասվածք էր պատճառել նրա գլխի մի կողմում, Հասմիկը փախել էր և վախից գիշերն անցկացրել դրսում: Նա երկու ամսվա հղի էր: Նա գնացել էր իր ծնողների տուն և շուտով որոշել դադարեցնել հղիությունը, չցանկանալով ունենալ ևս մեկ երեխա իր բարդ ընտանիքում: Տանը վերականգնվելու ընթացքում նա ուշագնաց էր եղել, նրա ընտանիքը շտապ օգնություն էր կանչել: Երբ բժիշկները տեսել էին նրա գլխի վնասվածքները, պնդել էին, որպեսզի նա տեղեկացնի ոստիկանությանը:

Ոստիկանությունը ժամանեց այն քաղաքից, որտեղ Հասմիկը և իր ամուսինն էին ապրում, բայց նրան օգնելու փոխարեն նրանք հորդորել էին վերադառնալ իր ամուսնու մոտ: Հասմիկը հրաժարվեց, և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի խմբի աջակցությամբ տեղափոխվեց ապաստարան, հայցադիմում ներկայացրեց ընդդեմ իր ամուսնու՝ բռնությունների համար և միջնորդեց իր երեխաների խնամակալության համար: Հասմիկի նախկին ամուսինը սպառնում էր նրան՝ ասելով, որ երբեք թույլ չի տա, որ նա նորից տեսնի իր երեխաներին, քանի դեռ նա չի հրաժարվել ոստիկանություն ներկայացված հայցից:

Ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքել կամ կանխել հետագա սպառնալիքներն ու բռնությունները հետաքննության ընթացքում: Վկաների առերեսման ընթացքում, քրեական հետաքննության ընթացակարգային քայլ, երբ երկու կողմերը պետք է հանդիպեն քննիչի հետ, Հասմիկի ամուսինը բղավեց նրան վրա՝ ասելով. «էս սեղանը կջարդեմ գլխիդ»: Տեսնելով, որ քննիչը չի պատասխանում՝ Հասմիկը փախավ, և հաղորդում ներկայացրեց: Հաջորդ հարցաքննության ժամանակ քննիչը նրան ծիծաղելով ասաց. «Նա իրականում քեզ չի հարվածել սեղանով: Ինչո՞ւ դուրս վազեցիր այստեղից»:

Նրա նախկին ամուսինը հետագայում մեղադրվեց խոշտանգումների մեջ, այդ թվում՝ ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելու համար, իրենից ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ (Քրեական օրենսգրքի 119-րդ հոդված): 2014 թվականի դեկտեմբերին դատարանը նրան դատապարտեց 18 ամսվա ազատազրկման, սակայն նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից` որոշակի հանցագործությունների համար համազգային համաներման շրջանակներում, և այդպես էլ բանտային պատիժ չկրեց: Նա Հասմիկին այլևս վնաս չի պատճառել, սակայն 2015 թվականին հարձակվել էր նրա ծնողների և ժամանած ոստիկանների վրա: Ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատավարությունն ընթացքում է:

Թեև դատարանի վճռով 2013 թվականին Հասմիկի 6-ամյա որդին հանձնվել էր մոր խնամքին, նրա ամուսնու ընտանիքը հրաժարվում էր երեխային տալ նրան, իսկ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման տարածքային ծառայությունը չէր կատարում դատավճիռը: Նրա որդին վերջապես իր մոտ տեղափոխվեց 2016 թվականի նոյեմբերին՝ պետական ատյանների միջամտությունից հետո: Հասմիկի դուստրն իր հետ էր ապրում սկսած 2013 թվականի վերջից, քանի որ, հաշմանդամության պատճառով, ամուսինը չէր ցանկանում խնամել երեխային:


«Կարինե»

Կարինեն, 44 տարեկան, հաղորդում էր ներկայացրել իր ամուսնու դեմ 2016 թվականին, ով տարիներ շարունակ ծեծել և բռնաբարել էր նրան, սակայն իշխանությունների արձագանքը նրան ստիպեց հրաժարվել գործընթացից: Նա ասաց.

Ես ստիպված էի ներել ամուսնուս և վերադառնալ նրա մոտ: Ոստիկանությունը և քաղաքապետարանի աշխատակիցներն էին հորդորում, որ ես այդպես վարվեմ, նաև հրաժարվեմ իմ բողոքից: Նրանք ասում էին, որ դա ընտանեկան հարց է, որ իմ ամուսինը [հոգեբանորեն] հիվանդ էր, և իմ պարտքն էր օգնել նրան: Ոստիկանությունն ինձ ասաց, որ եթե անգամ շարունակեի բողոքել, դա ոչինչ չէր տա, պարզապես կտուգանեին նրան:

Առաջարկություններ

Հայաստանի կառավարությունը պետք է՝

·       Ապահովի ընտանեկան բռնության բոլոր դեպքերի արագ, մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննությունը՝ օգտագործելով մեթոդներ, որոնք մեղմում են ռիսկերը վերապրածների համար, և պատասխանատվության ենթարկում ու պատժում հարձակվողներին;

·       Պարբերաբար իրականացնի վերապատրաստման դասընթացներ ոստիկանների, դատավորների և այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների համար ընտանեկան բռնության դեպքերին արձագանքելու, ներառյալ` միջազգային ստանդարտներին համապատասխան բողոքների ներկայացման և քննության վերաբերյալ;

·       Անմիջական պաշտպանություն ապահովի ընտանեկան բռնություններ վերապրածներին՝ մատչելի ապաստարանային տարածքների առկայության, այդ թվում նաև գյուղական վայրերում, ինչպես նաև դատարանի կարճաժամկետ և երկարաժամկետ պաշտպանական որոշումների միջոցով;

·       Ապահովի, որ վերապրածների և նրանց երեխաների համար հասանելի լինի որակյալ, համապարփակ և ներառական բժշկական, հոգեբանական, իրավական և այլ ծառայություններ;

·       Իրականացնել իրազեկման քարոզարշավներ՝ հանրությանը նոր օրենքին ծանոթացնելու նպատակով, տեղեկացնելու բողոքներ ներկայացնելու ձևերի և ծառայությունների առկայության մասին;

·       Ապահովել, որ օրենքի կիրառումը ներառի նաև այն զոհերին, որոնք գտնվում են ոչ ամուսնական ինտիմ հարաբերություններում;

·       Անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ Քրեական օրենսգրքում, որպեսզի սահմանվեն պատշաճ պատժամիջոցներ, որոնք համադրելի են բռնության ծանրության աստիճանի հետ;

·       Վերանայել քրեական օրենսգիրքը, որպեսզի ընտանիքում կամ ընտանեկան միջավայրում, նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև կատարված հանցագործությունները ընդգրկվեն ծանրացուցիչ հանգամանքների ներքո, անկախ նրանից թե բռնություն գործադրողը զոհի հետ կիսում է կամ կիսել է նույն կացարանը, թե ոչ՝ համաձայն Ստամբուլի կոնվենցիայի։ Այս մոտեցումը թույլ է տալիս կիրառել քրեական օրենքի ընդհանուր դրույթները` հնարավորություն տալով ավելի խիստ պատիժ սահմանել ընտանեկան բռնության գործերի դեպքում;

·       Քննարկել ընտանեկան բռնությունը որպես հատուկ քրեական հանցագործություն դիտարկելու հնարավորությունը: Սա կարող է ապահովել օպտիմալ արձագանք մասնավորապես կրկնվող բռնությունների այն վարքագծի դեպքերում, երբ բռնության առանձին դեպքերը չեն բավարարում քրեական հանցանքի որակման շեմը, և

·       Անհապաղ վավերացնել Ստամբուլի կոնվենցիան։

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.

Region / Country