Անցյալ ամիս Հայաստանն անցկացրեց ջրբաժան հանդիսացող իր խորհրդարանական ընտրությունները՝ նախաձեռնելով երկրում խորհրդարանական կառավարման անցումը։ Այս գործընթացը կավարտվի հաջորդ տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահի պաշտոնը կդառնա հիմնականում ծիսական, իսկ խորհրդարանը կձևավորի կառավարություն, որը կստանձնի ամբողջական գործադիր լիազորություններ:

Ընդդիմադիր կուսակցություններից մեկն առանց հաջողության հասնելու Սահմանադրական դատարանում վիճարկեց ընտրությունների օրինականությունը։ Նորընտիր խորհրդարանը պատրաստվում է իր առաջին նիստը գումարել մայիսի 18-ին։ Այսպիսով, չնայած նրան, որ դեռևս ամբողջությամբ չեն մարել հետընտրական կրքերը, ճիշտ ժամանակն է ամփոփել բուն ընտրությունների արդյունքները: Քվեարկությունը լավ էր կազմակերպված, սակայն դա չօգնեց լրացնել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ու հավատի բացը: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ներքո գործող միջազգային դիտորդները նշել են, որ ընտրական գործընթացում ընդհանուր առմամբ հարգվել են հիմնարար ազատությունները: Սակայն, նրանք նաև հայտարարել են, որ ընտրությունները. «ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով:»:

ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ

տեղեկություններով:»:

Ընտրությունների շրջանում քաղաքացիական ծառայողների նկատմամբ ճնշումը կառավարության կողմից մշտապես խնդիր է եղել է Հայաստանում՝ իշխող կուսակցության համար ստեղծելով անարդար առավելություններ։ ԵԱՀԿ-ն 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր գնահատականների մեջ, մտահոգություն էր հայտնել իշխող կուսակցության կողմից ուսուցիչներին և աշակերտներին քարոզչական միջոցառումներին, այդ թվում դպրոցական ժամերի ընթացքում օգտագործելու, բազմաթիվ դեպքերի առնչությամբ. «Քաղաքական մրցակիցների համար ստեղծելով խաղի անհավասար պայմաններ»:

Հանրակրթական դպրոցների աշխատակիցների քարոզչության և իշխող կուսակցության համար աջակիցների հավաքագրման մեջ ներգրավվածությունը բացահայտող հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ջանքերի պատմությունը պատկերավոր կերպով ուրվագծում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ճնշում կոչեցյալը, և այն հակահարվածը, որին մարդիկ արժանանում են, երբ փորձում են դա բացահայտել:

Ապրիլի 2-ի քվեարկությունից տասը օր առաջ, Իրազեկ քաղաքացիների միավորումը մի տեղեկատվություն հրապարակեց իր աշխատակազմի կողմից իրականացված մի ոչ ավանդական գիտափորձի վերաբերյալ։ Իրազեկ քաղաքացիների միավորումը 2013թ. ստեղծված մի տեղական հասարակական կազմակերպություն է, որը բարձրացնում է բնակչության իրազեկվածությունը քաղաքական հարցերի վերաբերյալ և նպաստում տեղեկացված որոշումների կայացմանը։ Կազմակերպության դոնորների շարքում են Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը, և ուրիշներ։ Գիտափորձի շրջանակներում կազմակերպության ակտիվիստները զանգահարել են Հայաստանի ողջ տարածքի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների և ներկայանալով որպես իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ՝ հետաքրքրվել քվեարկության նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքից: Կազմակերպությունը նշել է, որ 114 տնօրեններ ընդունել են, որ հավաքել են ուսուցիչների, մանկապարտեզների աշխատակիցների և աշակերտների ծնողների ցուցակներ, ովքեր խոստացել են ընտրությունների ընթացքում աջակցել Հանրապետական ​​կուսակցությանը: Այս ցուցակները, ըստ ոչինչ չկասկածող հարցվողների, փոխանցվել են տեղական համայնքապետարաններ և իշխող կուսակցության նախընտրական գրասենյակներ: Իրազեկ քաղաքացիների միավորումը նաև հրապարակել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։

Չնայած նրան, որ իշխող կուսակցությունն ընդունել է, որ դպրոցի պաշտոնյաները իսկապես ցուցակներ են հավաքել, նրանք պնդում են, որ դա օրինական քարոզչության մաս է կազմել, քանի որ այն տեղի չի ունեցել աշխատանքային ժամերին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտպանել է պաշտոնեական դիրքորոշումը՝ պնդելով, որ բավարար ապացույցներ չկան առ այն, որ այդ ցուցակները կազմելու գործընթացում վարչական ռեսուրսներ են օգտագործվել: Այնպիսի տպավորություն էր, որ բոլորը ցուցադրաբար անտեսում էին ակնհայտը. որ խնդիրը կայանում է հենց նրանում, որ կուսակցությանը հասանելի են դարձել այնպիսի ցուցակներ, որոնք ուսուցիչներն ու տնօրեններն ունեն ի շնորհիվ իրենց պաշտոնների: Դրան գումարած, իհարկե, այն անխոս ճնշումը, որն իշխանությունները կիրառում են դպրոցի աշխատակազմի հանդեպ, ովքեր ցանկանում են պահպանել իրենց աշխատատեղերը:

Այն բանից հետո, երբ իշխանություններն արագ հերքեցին այս մեղադրանքները, շուտով համաձայնեցված արշավ սկսվեց Իրազեկ քաղաքացիների միավորումը և նրա առաջնորդ Դանիել Իոաննիսյանին վարկաբեկելու ուղղությամբ:

Բացահայտումների հրապարակումից մեկ օր անց, առցանց լրատվամիջոցներից մեկը մի հոդված հրապարակեց՝ բացահայտելով Իոաննիսյանի ընտանիքի մասնավոր կյանքին առնչվող որոշ մանրամասներ, որը, ըստ Իոաննիսյանի, կարող էր միայն հայտնի դառնալ ոստիկանության նյութերից։ Մի քանի շաբաթ անց, իշխանությունները հետաքննություն սկսեցին Իոաննիսյանի անձնական կյանքի գաղտնիության հնարավոր խախտման դեպքի առթիվ, բայց դեռևս գործով չեն հայտնաբերել որևէ կասկածյալ:

Բացի այդ, ապրիլի 10-ին, հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դատի տվեցին Իրազեկ քաղաքացիների միավորմանը և անձամբ Իոանիսյանին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և վճարել ընդհանուր 60 մլն ՀՀ դրամ (ավելի քան $120,000 ԱՄՆ դոլար) որպես իրենց պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում։

Չնայած նրան, որ կարելի էր վիճարկել այն հարցը, թե ինչպես է Իրազեկ քաղաքացիների միավորումը դպրոցներից ձեռքբերել այդ տեղեկությունները, պարզ է նաև, որ այն, ինչ իրենք բացահայտել էին, բարձր հանրային հետաքրքրություն էր ներկայացնում։ Միջազգային իրավունքի նորմերը լրացուցիչ պաշտպանություն են տրամադրում այն մարդկանց համար, ովքեր բացահայտում են բռնությունների որոշ տեսակներ, երբ այդ տեղեկատվությունը գտնվում է հանրության հետաքրքրության կենտրոնում։ Պաշտպանության այս մեխանիզմներն ահազանգողների նկատմամբ ներողամտություն են դրսևորում այլ օրենքների խախտման պարագայում, ինչպիսիք են անձնական կյանքի գաղտնիությունը, կամ նույնիսկ ազգային անվտանգությունը:

Ցավոք, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, զրպարտությանն առնչվող օրենքները չեն ներառում հանրային շահի պաշտպանության փաստարկները՝ իրավական պաշտպանության համար չնախատեսելով կարգավորումներ, որ պետք է գոյություն ունենան, որպեսզի պաշտպանեն հանրային շահերից բխող հարցերի վերաբերյալ խոսքի ազատության կարևորությունը։ Իշխանությունները պատասխանատու են Իրազեկ քաղաքացիների միավորման նման կազմակերպությունների պաշտպանության համար, երբ իրացնում են հանրային շահերին առնչվող տեղեկատվություն տարածելու իրենց իրավունքը։

Եթե զրպարտության հայցերով պահանջները հաջողության հասնեն, դրանք անկասկած կզսպեն արմատացած, թաքնված չարաշահումները բացահայտելու ակտիվիստների հետագա ջանքերը: Հայաստանին անհրաժեշտ է ավելի շատ թափանցիկություն, և ավելի լավ պաշտպանություն այն մարդկանց համար, ովքեր բացահայտում են հնարավոր քաղաքական հանցանքներ կամ հանրային ռեսուրսների չարաշահումներ։ Եվ Իրազեկ քաղաքացիների միավորման նման ավելի շատ ակտիվիստներ:

Գիորգի Գոգիա, Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն